Ուղիղ մէկ ամիս է՝ Հայաստանում տեղի են ունենում բողոքի, անհնազանդութեան գործողութիւններ։ Անւանապէս խորհրդարանական ընդդիմութիւնը, բայց աւելի լայն իմաստով՝ հասարակութեան ամենատարբեր շերտերի ներկայացուցիչներ իրենց անհամաձայնութիւնն են յայտնում Նիկոլ Փաշինեանի որդեգրած քաղաքականութեան, «խաղաղութեան դարաշրջանի» նկատմամբ։ Իշխանութիւնը բողոքի գործողութիւններին պատասխանում է ամենաբիրտ ուժով, ամէն օր բերման են ենթարկւում մի քանի հարիւր քաղաքացիներ։
ՅԱՐՈՒԹԻՒՆ ԱՒԵՏԻՍԵԱՆ
Ուղիղ մէկ ամիս է՝ Հայաստանում տեղի են ունենում բողոքի, անհնազանդութեան գործողութիւններ։ Անւանապէս խորհրդարանական ընդդիմութիւնը, բայց աւելի լայն իմաստով՝ հասարակութեան ամենատարբեր շերտերի ներկայացուցիչներ իրենց անհամաձայնութիւնն են յայտնում Նիկոլ Փաշինեանի որդեգրած քաղաքականութեան, «խաղաղութեան դարաշրջանի» նկատմամբ։ Իշխանութիւնը բողոքի գործողութիւններին պատասխանում է ամենաբիրտ ուժով, ամէն օր բերման են ենթարկւում մի քանի հարիւր քաղաքացիներ։
Իշխանութիւնները ոստիկանութեան միջոցով բիրտ ուժ կիրառելուն զուգահեռ՝ զբաղւած են նաեւ բութ թէզեր տարածելով, որոնց հիմքում ընկած է բողոքի ակցիաների մասնակիցների սակաւամարդութիւնը։ Բայց ոչ ոստիկանական մահակներից, ոչ էլ ՔՊ-ական ցնդաբանութիւններից երկրում առկայ անհամաձայնութեան մթնոլորտը չի վերանում։
Կայ խնդիր, որին լուծումներ գտնելու փոխարէն՝ իշխանութիւնը նախընտրում է միայն ոստիկանական ուժը։ Բայց դա երեւոյթի սոսկ մակերեսային դրսեւորումն է։ Իրականում հանրութեան դժգոհութիւնը չի նւազում ոչ ուժայինների բիրտ գործողութիւններից, ոչ էլ անգամ ընդդիմութեան այս կամ այն, երբեմն՝ ոչ համարժէք վարքագծից։ Հայաստանում չկայ ներհասարակական, հանրային ներդաշնակութիւն ու խաղաղութիւն, երկիրն ապրում է ականապատւած ռեժիմում, որն ամէն պահի կարող է պայթել։
Իրավիճակի հակասականութիւնն ու անհեթեթութիւնն այն է, որ նման՝ անխաղաղ հանրային մթնոլորտում ապրող երկրի իշխանութիւնը ցանկանում է «խաղաղութեան դարաշրջան» բացել թշնամական պետութիւնների հետ ու այդ հարցում կանգ չի առնում ոչնչի առաջ, եթէ պէտք է՝ քծնում է, կարիքի դէպքում՝ նւաստանում է, պահանջում են՝ մոռանում է արժանապատւութեան մասին։ Ահա այդպիսի որակներով իշխանութիւնն արտաքին աշխարհում դիրքաւորւելով որպէս գերխաղաղասիրական՝ ամենօրեայ ռեժիմով բռնութիւն է գործադրում սեփական քաղաքացիների նկատմամբ։ Դա ամէն օրւայ հետ աւելացնում է ներհանրային ատելութիւնն ու թշնամանքը, որն իշխանութեանը չի յուզում․ Նիկոլ Փաշինեանը պատրաստ է թշնամացնել իր հայրենակիցներին՝ արտաքին իրական թշնամիների հետ ամէն գնով «խաղաղութիւն» հաստատելու նպատակով։
Այս հարցում Նիկոլ Փաշինեանն ունի ազդեցիկ դաշնակիցներ՝ ի դէմս Ադրբեջանի ու Թուրքիայի եւ «միջազգային հանրութեան», որոնք լեթարգիական լռութիւն են պահպանում Երեւանի փողոցներում ամէն օր արձանագրւող ոստիկանական բռնութեան դէպքերի առթիւ, եւ էքստազային ոգեւորութիւն են ապրում փաշինեանական խաղաղասիրութեան դրսեւորումների կապակցութեամբ։
Խօսքը, ընդ որում, այն նոյն Նիկոլ Փաշինեանի մասին է, որը ժամանակին մեծ ոգեւորութեամբ ուղերձներ էր յղում Ադրբեջանի հասարակութեանը, փորձում էր երկխօսել ադրեբեջանական ժողովրդի հետ։ Հիմա՝ իր իսկ երկրի մայրաքաղաքում, հայ հասարակութեան ամենատարբեր շերտերի ներկայացուցիչները մէկ ամիս շարունակ բողոքի ակցիաներ են իրականացնում, բայց նա հարկ չի համարում խօսել այդ քաղաքացիների հետ։
Երեւի այն պատճառով, որ, ինչպէս նախկինում, այնպէս էլ հիմա նրա միտքը զբաղւած է Ադրբեջանի հասարակութեամբ․ այն ժամանակ դիմում էր այդ հասարակութեանը, հիմա երկխօսութիւնը շարունակում է Ալիեւի հետ։ Միջնորդաւորւած եւ ուղիղ կապերի միջոցով։ Փաստօրէն, արտաքին խաղաղասէրը ներսում խաւարասէր է։ Բառի՝ Նիկոլ Փաշինեանի աշխարհայեացքին համապատասխան իմաստով։
168.am