«Դիմադրութիւն» շարժումն երէկ, մայիսի 20-ի առաւօտեան Ֆրանսիայի հրապարակից երթ մեկնարկեց նախագահական նստավայր, որտեղ տեղի էր ունենալու ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրեանի եւ Հայաստան պաշտօնական այցով ժամանած Լիտւայի նախագահ Գիտանաս Նաուսեդանի հանդիպումը։
«alikonline.ir» - «Դիմադրութիւն» շարժումն երէկ, մայիսի 20-ի առաւօտեան Ֆրանսիայի հրապարակից երթ մեկնարկեց նախագահական նստավայր, որտեղ տեղի էր ունենալու ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրեանի եւ Հայաստան պաշտօնական այցով ժամանած Լիտւայի նախագահ Գիտանաս Նաուսեդանի հանդիպումը։
ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանը յայտարարեց, որ Բաղրամեան 26 է ժամանելու Հայաստանում գտնւող Լիտւայի նախագահը, եւ այնտեղ արտայայտելու են իրենց քաղաքական պահանջները, բացայայտելու այս իշխանութեան ստերը․ «Մեր նպատակն է ցոյց տալ, որ Նիկոլը չունի որեւէ մանդատ՝ բանակցելու Հայաստանի եւ Արցախի հարցում, եւ եւրոպական երկրները աչքերը փակ են պահում այս բռնատիրական դրսեւորումների դէմ, որ կայ Հայաստանում»։
Երթի մասնակիցների ձեռքին կային հայերէն եւ անգլերէն գրութիւններով պաստառներ, քաղբանտարկեալների նկարներ։
«Նիկոլ դաւաճան», «Առանց Նիկոլ Հայաստան», «Ամօթ, ամօթ» վանկարկումների ներքոյ Լիտւայի նախագահի շարասիւնը մտաւ Բաղրամեան 26՝ նախագահական նստավայր, որտեղ հաւաքւած էին մեծ թւով ոստիկաններ։ Ակցիայի մասնակիցների առջեւ նրանք մի քանի շարք պատ կազմեցին։
Նախագահական նստավայրից երթը շարժւեց Հանրապետութեան հրապարակ՝ «Մարիոթ» հիւրանոց, որտեղ տեղի էր ունենալու քննարկում՝ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրէյսիի ու Նիկոլ Փաշինեանի մասնակցութեամբ։
Հիւրանոցի մօտ ՀՅԴ անդամ Սեւակ Նազարեանը յայտարարեց․ «Եկել ենք յստակ ուղերձով՝ այն մարդը, որն աջակցում է Նիկոլ Փաշինեանին, անելիք չունի Հայաստանում։ Եկել ենք Նիկոլ Փաշինեանին ասելու, որ դու Հայաստանում իշխանութիւն չունես»։
«Առանց Նիկոլ Հայաստան», «Առանց թուրքի Հայաստան», «Նիկոլ դիկտատոր», «Առանց Թրէյսի Հայաստան», «Հեռացի՛ր, Թրէյսի»․ վանկարկում էին հիւրանոցի դիմաց հաւաքւած քաղաքացիները։
Քիչ անց մեկնարկեց «Իրազեկ քաղաքացիների միաւորում» ՀԿ-ի եւ Freedom House կազմակերպութեան նախաձեռնութեամբ «Ժողովրդավարութեան հայկական ֆորում» միջոցառումը:
Ոստիկանները շղթայ կազմեցին հիւրանոցի դիմաց: ժամանեց Նիկոլ Փաշինեանը։ Ոստիկանական բազմաթիւ ուժերով ու թիկնապահներով շրջապատւած, «Նիկո՛լ, դաւաճան», «Առանց Նիկոլ Հայաստան», «Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում» վանկարկումների ներքոյ նա մուտք գործեց «Մարիոթ» հիւրանոց։
Մի քանի ընդդիմադիր պատգամաւորներ մտան հիւրանոց, փորձեցին մուտք գործել միջոցառման անցկացման սրահ։ ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Թադէոս Աւետիսեանը դիմեց ՊՊԾ աշխատակիցներին․ «Ձեզ խնդրում եմ, ինձ թոյլ տալ իմ մեսիջը ներկայացնել ե՛ւ միջազգային ներկայացուցիչներին, ե՛ւ տեղի իշխանութիւններին, իմ ընկեր քաղբանտարկեալ Գոռ Սարգսեանի նկարը փոխանցել նրանց»։ Սակայն անվտանգութեան աշխատակիցները թոյլ չտւեցին՝ պատճառաբանելով, որ նրանց անունները բացակայում են ցուցակներից։
Պատգամաւորների եւ անվտանգութեան աշխատակիցների միջեւ լարւածութիւն առաջացաւ։
ԱԺ պատգամաւորները չեն բանակցում որեւէ տեղ մտնել-չմտնելու համար, ԱԺ պատգամաւորները կարող են մտնել եւ յայտնել ժողովրդի մանդատով տրւած իրենց մօտեցումները։ Այսուհետ Նիկոլ Փաշինեանը եւ իր խմբաւորումը փակ դռների հետեւում է շարունակելու իր խղճուկ պաշտօնավարումը, մինչեւ որ վերջանականապէս ժողովրդի յաղթանակը արձանագրւի․ ասաց «Պատիւ ունեմ» խմբակցութեան պատգամաւոր Հայկ Մամիջանեանը Մարիոթ հիւրանոցից դուրս գալուց յետոյ։
Նշենք, որ Նիկոլ Փաշինեանի հրաժարականի պահանաջով բողոքի ակցիան լուսաբանող լրագրողներին եւս թոյլ չեն տւել ներս մտնել եւ մասնակցել Freedom House միջազգային կազմակերպութեան կողմից կազմակերպւած «Հայկական ժողովրդավարութիւնը» թեմայով ֆորումին։
«Մարիոթ» հիւրանոցի մօտ ակցիան աւարտւեց․ «Դիմադրութեան» շարժման մասնակիցները երթով շարժւեցին դէպի Մաշտոցի պողոտա եւ փակեցին Ամիրեան-Մաշտոց փողոցների խաչմերուկը:
Երթի մասնակիցները նստեցին փողոցում, երգեցին հայրենասիրական երգեր:
Ոստիկանութեան ներկայացուցիչը կոչ արեց ողջամիտ ժամկէտում ազատել խաչմերուկը:
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը յայտարարեց․ երբ ցանկանանք, այդ ժամանակ էլ կազատենք փողոցը:
Չնայած անձերեւին «Դիմադրութիւն» շարժման մասնակիցները ժամը 16։30 Ֆրանսիայի հրապարակից երթով շարժւեցին դէպի Մատենադարան, ուր այցելել էր Հայաստանում գտնւող Լիտւայի նախագահը։
Նրանց ձեռքին պաստառներ կային՝ քաղբանտարկեալների, բռնություններ կիրառած ոստիկանների ու ԱԺ ՔՊ-ական մի շարք պատգամաւորների նկարներով։
Ոստիկանները Մատենադարանից ներքեւ պատ էին կազմել, թոյլ չէին տալիս, որպէսզի երթի մասնակիցներն առաջանան, բարձրաձայնելու իրենց բողոքի ձայնը։
«Նիկոլն այստեղ չունի իշխանութիւն։ Փորձում է օգտագործել բոլոր օտարերկեայ ներկայացուցիչներին, Հայաստան այցելող երկրների ղեկավարներին ըստ իր նպատակայարմարութեան, այնպէս, ինչպէս իրեն է յարմար։ Այն, ինչ կատարւում է մեր երկրում, ժողովրդավարութեան հետ բացարձակ աղերս չունի»,- յայտարարեցին ակցիայի մասնակիցները։
Նշենք, որ Նիկոլ Փաշինեանի աւտոշարասիւնը Մատենադարան է այցելել «Նիկոլ մարդասպան», «թուրք» վանկարկումների ներքոյ:
Անբարենպաստ եղանակի պատճառով «Դիմադրութիւն» շարժման երէկւայ ժամը 19։00 հանրահաւաքը չկայացաւ, այդ մասին տեղեկացրել էր ՀՅԴ ԳՄ ներկայցուցիչ Իշխան Սաղաթելեանը։
Հանրահաւաքը տեղի է ունենալու Ֆրանսիայի հրապարակում այսօր՝ մայիսի 21-ին ժամը 18։00-ին։