Հա

Քաղաքական

21/05/2022 - 10:10

ՀՀ եւ ԱՀ իշխանութիւնները հարկ է, որ չձեռնարկեն հայոց անկախ պետականութիւնը եւ Արցախի ապագան վտանգող քայլեր․ Մայր աթոռի Գերագոյն հոգեւոր խորհուրդ

Մայր աթոռի Գերագոյն հոգեւոր խորհուրդը, նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի, անդրադառնալով 44-օրեայ աղէտալի պատերազմից յետոյ Հայաստանի եւ Արցախի առջեւ ծառացած արտաքին ու ներքին մարտահրաւէրներին, աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային զարգացումներին յայտարարութիւն է տարածել։

«alikonline.ir» - Մայր աթոռի Գերագոյն հոգեւոր խորհուրդը, նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի, անդրադառնալով 44-օրեայ աղէտալի պատերազմից յետոյ Հայաստանի եւ Արցախի առջեւ ծառացած արտաքին ու ներքին մարտահրաւէրներին, աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային զարգացումներին յայտարարութիւն է տարածել։

Յայտարարութիւնը՝ ստորեւ․

- Ադրբեջանական իշխանութիւնները շարունակում են իրենց դատապարտելի թշնամական վերաբերմունքը Հայաստանի, Արցախի եւ հայ ժողովրդի հանդէպ: Եռակողմ յայտարարութեան ստորագրումից յետոյ Ադրբեջանը պարբերաբար սադրանքներ է հրահրում Հայաստանի եւ Արցախի սահմաններին, թիրախաւորում նաեւ խաղաղ բնակչութեանը, շարունակում է պահել ռազմագերիներին, իր վերահսկողութեան տակ յայտնւած տարածքներում ոչնչացնում եւ իւրացնում հայկական հոգեւոր ու մշակութային ժառանգութիւնը,

- Աշխարհաքաղաքական իրադարձութիւնների համատեքստում ՀՀ իշխանութիւններին եւ համազգային կառոյցներին հարկ է զգօնութիւն դրսեւորել, որպէսզի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքը սակարկման առարկայ չդառնայ,

- Խաղաղութիւնը չի կարող հաստատւել ազգային արժանապատւութեան նւաստացման հաշւին, հայրենի պետութեան տարածքային ամբողջականութեան հանդէպ չդադարող ոտնձգութիւնների, ռազմագերիների առկայութեան, Ադրբեջանի շարունակական սպառնալիքների եւ հայատեացութեան քարոզչութեան պայմաններում։ Խաղաղութիւնը պէտք է հիմնւի արդարութեան, արժանապատւութեան եւ իրաւունքների յարգման սկզբունքների վրայ, 

- Անկախ առկայ ճնշումներից եւ արտաքին սպառնալիքներից, առաւել եւս ներհասարակական բեւեռացւածութեան պայմաններում՝ ՀՀ եւ ԱՀ իշխանութիւնները հարկ է, որ չձեռնարկեն հայոց անկախ պետականութիւնը եւ Արցախի ապագան վտանգող քայլեր, չդրսեւորւի զիջողականութիւն ազգի հիմնարար իրաւունքների եւ պատմական արդարութեան հետապնդման յանձնառութեան մէջ։

Գերագոյն հոգեւոր խորհուրդը, խիստ մտահոգւած ստեղծւած բարդագոյն իրավիճակով, հայրենիքում տեղ գտնող ներքաղաքական զարգացումներով եւ ապաւինելով Բարձրեալ Տիրոջ ողորմութեանը եւ մեր ժողովրդի իմաստութեանը, յորդորում է՝

- Առաջնային նկատել ազգային եւ պետական շահը, գործել խղճի մտոք եւ պատասխանատւութեամբ, խնդիրների արժանապատիւ լուծումները փնտրել բացառապէս մեր համընդհանուր կամարտայայտման ու համախոհութեան մէջ,

- Հայրենիքում, թէ սփիւռքում ամենայն ջանք ի գործ դնել զօրացնելու մեր ազգային միաբանութիւնը՝ վերացնելով պառակտող հատւածականութիւնը, լծւելու հայրենիքի հզօրացմանը, միջազգային հարթակներում եւ ամենուր հետեւողականօրէն բարձրաձայնելու մեր ժողովրդի իրաւունքների ոտնահարման մասին, հետամուտ լինելու Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչմանը եւ յատուցմանը, պայքարելու յանուն մեր ինքնութեան ու հոգեւոր-ազգային արժէքների պահպանութեան,

- Ներքաղաքական գործընթացներում, խաղաղ հաւաքներին, անկախ քաղաքական հայացքներից կամ պաշտօնական գործառոյթներից, դրսեւորել հանդուրժողականութիւն, օրինապահութիւն, յարգանք միմեանց իրաւունքների նկատմամբ՝ բացառելով որեւէ տեսակի բռնութիւն, անհամաչափ ուժի կիրառում, սադրանք եւ օրինախախտութիւն։ Ատելութեան խօսքը, վիրաւորանքը եւ թշնամանքի հրահրումը երբեք բարիք չեն կարող լինել։

Գերագոյն հոգեւոր խորհուրդը կոչ է անում հաւատաւոր մեր աշխարհասփիւռ ժողովրդին շարունակել աջակից ու սատար լինել Արցախի մեր քոյրերին եւ եղբայրներին եւ պատրաստակամ յանձնառութիւններով նպաստ ու ներդրում բերել Արցախի Հանրապետութեան զօրացմանը, խաղաղ ու ապահով կեանքին։

Աղօթում ենք մեր երկրի խաղաղութեան ու առաջընթացի համար եւ հայցում Բարձրեալն Աստուծոյ օրհնութիւնն ու զօրակցութիւնը մեր ժողովրդին։

Թող հայրենիքի համար աղօթքը մշտահունչ լինի մեր ազգի զաւակների շուրթերին։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։