Հա

Քաղաքական

21/05/2022 - 13:20

«Նիկոլ Փաշինեանն Էրդողանի հետ տարածաշրջանում աւարտին է հասցնում պանթուրքական ալիքը եւ իրագործում Բոլթոնի ծրագիրը». Վահէ Դաւթեան

168.am-ի՝ «Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սէյրանեանի հիւրը քաղաքական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր, անվտանգութեան հարցերով փորձագէտ, Էներգետիկ անվտանգութեան ինստիտուտի տնօրէն Վահէ Դաւթեանն է:

«alikonline.ir» - 168.am-ի՝ «Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սէյրանեանի հիւրը քաղաքական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր, անվտանգութեան հարցերով փորձագէտ, Էներգետիկ անվտանգութեան ինստիտուտի տնօրէն Վահէ Դաւթեանն է:

- Սառը պատերազմի տարիներից ժողովրդավարութիւնը վերածւեց աշխարհաքաղաքական գործիքի, յատկապէս՝ յետխորհրդային, ինչպէս նաեւ՝ Մերձաւոր Արեւելքի մի շարք երկրներում պետականութեան հիմքերը խարխլելու, իշխանափոխութիւն իրականացնելու համար: Հիմա եկել է Հայաստանի Հանրապետութեան  հերթը:

- Հայաստանում 2018-ին սկիզբ առած պրոցեսը մօտենում է իր հանգրւանին. Փաշինեանը պէտք է աւարտի այս տարածքում նախատեսած ծրագիրը: Սա նրա վերջին խաղաթուղթն է:

- Նիկոլ Փաշինեանն Էրդողանի հետ աւարտին է հասցնում մեր տարածաշրջանում պանթուրքական ալիքը, որը Թուրքիան սկսեց Վրաստանից:

- Ինչո՞ւ պէտք է քաղաքացին գնայ Ֆրանսիայի հրապարակ՝ չգնալու, չպայքարելու դէպքում այլընտրանքն օդանաւակայանն է, արտագաղթը:

- Հայաստանն ընկնելու է մեծ ալիքի տակ. խնդիրը պէտք է դիտարկւի մեր տարածաշրջանում տեղի ունեցող ակտիւ զարգացումների ֆոնի վրայ. Թուրքիան խորացնում է յարաբերութիւններն Իսրայէլի հետ: Իսրայէլը լարւած յարաբերութիւններ ունի Ռուսաստանի հետ, Իրանի Իսլամական Հանրապետութեան հետ:

- Հայաստանում եւ տարածաշրջանում արագացւած տեմպերով իրականացւում է, այսպէս կոչւած, Բոլթոնի առաջարկած ծրագիրը:

- Հարաւային Կովկասում աշխարհաքաղաքական տրանսֆորմացիաները կարող են սպառնալիք դառնալ Ռուսաստանի ազգային անվտանգութեանը:

- Կովկասեան տարածաշրջանում 2 տարբեր վեկտոր է ձեւաւորւում՝ Թուրքիա- Իսրայէլ, երկրորդ վեկտորը՝ Ռուսաստան-Իրան, այս բլոկների միջեւ բախումն անխուսափելի է: Հայաստանը ո՞ր բլոկում է լինելու, երբ տրանսֆորմացիան վերջնականապէս իրականացւի: Երեւանն այսօր փորձում է Թել Աւիւի հետ յարաբերութիւններ ձեւաւորել, դա, իհարկէ, կը հակասի Իրանի եւ Ռուսաստանի շահերին, եւ սա, իհարկէ, ռիսկային է

- Հայաստանը վերածւում է գործիքի, տրանզիտային գօտու, որը շատ մեծ հաւանականութեամբ կօգտագործւի թուրք-ադրբեջանական ռազմական փոխադրումների համար՝ նաեւ Իսրայէլի օգնութեամբ:

- Ռուսաստանի տեսակարար կշռի նւազեցումն անխուսափելիօրէն յանգեցնելու է Հայաստանի համար նոր ռիսկերի ձեւաւորման, աղէտն ակնյայտ է. տարածաշրջանում ձեւաւորւելու է ռազմական վակուում, որը լրացնելու է Թուրքիան:

- Անկարայից արւող յայտարարութիւնները վկայում են, որ Հայաստանը տարածաշրջանային գործօն չէ այլեւս:

- Ժողովրդավարացման պրոցեսն աշխարհաքաղաքական, առայժմ զուսպ, բայց լուրջ բախման առիթ կը դառնայ:

- Փաշինեանը փորձում է սատելիտ կուսակցութիւններին օգտագործել՝ որպէս սեփական անվտանգութեան բարձիկ:

- Ադրբեջանին Հայաստանի առաջարկած 6 կէտերը տեղեկատւական փուչիկ են՝ ուղղւած առաւելապէս ներքին լսարանին. Որեւէ աղերս չունեն Հայաստանի իրական շահի հետ. անատամ, անբովանդակ սկզբունք կոչւածի շարք էր դա:

- Միջազգային հանրութիւնը հիմնւում է Ադրբեջանի առաջարկած 5 սկզբունքներ պարունակող փաստաթղթի վրայ, ոչ թէ Հայաստանի 6 կէտերի:

- Եթէ ներքաղաքական դժգոհութեան մեծ ալիքը զսպեն՝ կեանքի կը կոչեն մշակւած սցենարը. երկարաժամկէտ առումով անվտանգային ռիսկերն առաւել քան յստակ են:

- Կարճաժամկէտ առումով, այսինքն՝ սկզբնական փուլում, առաջիկայ 5 տարւայ ընթացքում 21-րդ դարի Թուրքիան ֆինանսական դիւիդենտներ կը տրամադրի, կրթական, մշակութային ծրագրեր իրականացնելու նպատակով գրանտային միջոցներ կը յատկացնի, որը հետագայում քաղաքական լուրջ կապիտալի կը վերածւի, այնպէս, ինչպէս արել է Վրաստանում, Բուլղարիայում, այնպէս որ, այդ երկրներում անգամ իրենց քաղաքական հարցերն առանց Թուրքիայի հետ համաձայնեցնելու չի լինում:

- Ֆորմալ առումով Հայաստանում կը պահպանւի պետականութիւնը, բայց կը դառնայ քւազի պետութիւն, որն առեւտրային կէտ կարող է դառնալ Թուրքիայի համար:

- Եթէ ունենայինք ռազմավարական մտածողութիւն ունեցող իշխանութիւն՝ մենք գոնէ այս փուլում առնւազն մէկ տարի դադար կը վերցնէինք, կը սպասէինք յաջորդ տարւան. 2023-ին Թուրքիային բարդ ընտրական ցիկլ է սպասւում՝ նախագահական եւ խորհրդարանական ընտրութիւններ: Էրդողանի վարկանիշն իջել է, Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը աշխատելու են Թուրքիայի ընդդիմութեան  հետ, մենք չգիտենք, թէ այդ երկրում ինչ է լինելու, հետեւաբար՝ պէտք է դադար վերցնէինք:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։