Հա

Քաղաքական

21/05/2022 - 13:50

«Հայաստանում պէտք է ձեւաւորւի ազգային իշխանութիւն»․ Արթուր Խաչատրեան

«Ազատութեան» տաղաւարում է ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը:

«alikonline.ir» - «Ազատութեան» տաղաւարում է ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը:

 

- Քսան օր է հանրահաւաքներ, երթեր, անհնազանդութեան ակցիաներ են տեղի ունենում, մօտեցե՞լ էք Փաշինեանի հեռացմանը։

- Այս պահի դրութեամբ մօտեցել ենք նրան, որ եթէ չի կասեցւել, ցաւօք սրտի չի կասեցւել, բայց դանդաղել է Հայաստանի կապիտուլեացիոն երկրորդ ակտի ստորագրումը։ Որովհետեւ եթէ այս ցոյցերը չլինէին, վստահաբար Հայաստանը գլխիկոր կը համաձայնէր Ադրբեջանի ներկայացրած հինգ կէտերին, որոնց մասին այս իշխանութիւնը դեռ մի ամիս առաջ էր խօսում, որ սկզբունքային որեւէ տարաձայնութիւն չունեն։

 

- Բայց հիմա էլ են ասում, բայց Ադրբեջանը համաձայն չէ։

- Հիմա ինչ-որ ծիծաղելի վեց կէտ են ներկայացրել, որտեղ, ի պատասխան Ադրբեջանի յստակ ձեւակերպւած, մեզ համար անընդունելի հինգ կէտերին վեց հեղհեղուկ ինչ-որ կէտեր են ներկայացրել, որոնք, ցաւօք սրտի, էլի Ադրբեջանի համար ծաղրի առարկայ են դարձել։ Ասում են՝ նամակը ստացանք, առաջարկութիւնները ստացանք, եւ այդ վեց կէտերի մէջ որեւէ սկզբունքային դիրքորոշում չենք տեսնում, էլի ինչ-որ ճղճիմ ձեւակերպումներ են՝ Արցախի կարգավիճակ, իրաւունքներ։

 

- Դուք կարծում էք, որ կասեցրել էք ինչ-որ գործընթաց։

- Ես կարծում եմ, որ գոնէ դանդաղեցրել ենք, եւ այս իշխանութիւնները տեսնում են, որ հալած իւղի նման մեր հանրութիւնը, մեր ազգը չի ընդունի այդ կապիտուլեացիան։ Մենք տեսնում ենք, որ մենք գեներացրել ենք դժգոհութիւնը, մարդիկ փողոցում են, եւ տեսնում ենք, որ իշխանութիւնների քաղաքականութիւնից եւ գործողութիւններից դժգոհ եւ գործողութեան պատրաստ քաղաքացիների թիւը աճում է։ Եւ իշխանութիւնները ոստիկանական սադիստական բռնութիւններով չեն կարողանում մարդկանց յետ պահել բողոքի ակցիաներից։

 

- Դուք որտեղի՞ց գիտէք, որ աճում է։

- Մեր դիտարկումներն են։ Հաստատ Դանիէլ Իոաննիսեանի թւերին չենք վստահում։ Ինձ այդ թւերը յիշեցնում են 1988 թւականի Սովետական Միութեան կոմունիստական կուսակցութեան խօսափող «Վրեմեա» հաղորդման թւերը, որ ամբողջ ժողովուրդը փողոցում էր, ասում էին՝ ծայրայեղականների մի խումբ (кучка экстремистов)։ Ես չեմ ասում, թէ հիմա ամբողջ ժողովուրդը փողոցում է։ Ես ասում եմ, որ հազարաւոր, տասնեակ հազարաւոր քաղաքացիներ են փողոցում, եւ ոչ թէ էն ծիծաղելի թւերը, որոնք հնչեցնում է կառավարութեան ջերմեռանդ պաշտպանը, որը երբեմն անկախ լինելու համար փոքրիկ քննադատութիւններ է իրեն թոյլ տալիս։

 

- Այնուամենայնիւ, դա յեղափոխութիւն չէ։ Դուք կարծես չէք անհանգստացնում իշխանութեանը առաւօտեան մի քանի փողոց փակելով։

- Ես կարծում եմ, որ եթէ իշխանութեանը մենք չանհանգստացնէինք, իրենց այդ սադիստական բռնութիւններին չէին գնայ։

 

- Անհնազանդութեան իմաստը այն է, որ իշխանութիւնը չկարողանայ պրոցեսը կառավարել։ Հիմա շատ լաւ կառավարելի է, րոպէների ընթացքում ձեր ակցիաները կասեցւում են։

- Չէ, այդպէս չի։ Եթէ մի ակցիա կարողանում են բիրտ ուժ կիրառելով ցրել, ուրիշ ակցիաները չեն կարողանում։ Դա ակնյայտ է։

 

- Բայց յաջողութեան համար մարդկանց աչքի առաջ 2018-ի փորձն է, եւ համեմատութեան եզրեր առայժմ չկան։

- Ես ձեզ ուրիշ բան ասեմ։ 2018 թւին մարդիկ փողոց իջան, երբ Սերժ Սարգսեանը յայտարարեց հրաժարականի մասին։ Չմոռանանք, որ մինչեւ այդ մարդկանց քանակը փողոցում համեստ էր։ Մենք շարժւում ենք առաջ, մենք չենք ասի, որ յեղափոխութիւնը նշանակւած է մայիսի 21-ին, երեկոյեան ժամը 7-ին…

 

- Խորհրդարան վերադառնալ մտադի՞ր էք։

- Վերադառնալ իհարկէ մտադիր ենք։ Բայց իհարկէ ո’չ վաղը, ո’չ էլ միւս օրը։ Վստահեցնում եմ, որ տեղեակ կը լինէք դրա մասին։

 

- Ինչքա՞ն էք պատրաստւում մնալ փողոցում։

- Մինչեւ Հայաստանում չձեւաւորւի ազգային իշխանութիւն։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։