Հա

Քաղաքական

22/05/2022 - 10:30

Սփիւռքն արթուն է եւ ողջամիտ՝ Հայոց ազգային հզօր պետականութեան կենսագործման ճանապարհին

ՀՀ վարչապետի աշխատակազմի Սփիւռքի գլխաւոր յանձնակատար Զարեհ Սինանեանը վերջին օրերին Միջին Արեւելքի համայնքներ այցելութիւնից յետոյ, արժանանալով հայ համայնքների համապատասխան վերաբերմունքին, հարցազրոյց է տւել Հայաստանի ոչ-պետական, բայց եւ իշխանամէտ, իր գործունէութեամբ եւ քաղաքական կողմնորոշումներով թունաւոր քարոզչութիւն սփռող, օտարածին աղբիւրներից սնւող լրատւական կայքերից մէկին, որտեղ անտեսելով իր պաշտօնական կոչումը, «դաւաճանութիւն» անւանեց Սփիւռքեան համայնքների արդար բողոքն ու ցասումը՝ Հայաստանի իշխանութիւնների ազգավնաս, թուրքահաճոյ, Արցախը եւ Հայաստանի պետականութիւնը կործանման տանող քաղաքականութեան դէմ։

Ձախող յանձնակատարների Սփիւռքեան ձախողած ծրագրերը

 

ՍՈՆԻԿ ԲԱՂՈՒՄԵԱՆ

 

ՀՀ վարչապետի աշխատակազմի Սփիւռքի գլխաւոր յանձնակատար Զարեհ Սինանեանը վերջին օրերին Միջին Արեւելքի համայնքներ այցելութիւնից յետոյ, արժանանալով հայ համայնքների համապատասխան վերաբերմունքին, հարցազրոյց է տւել Հայաստանի ոչ-պետական, բայց եւ իշխանամէտ, իր գործունէութեամբ եւ քաղաքական կողմնորոշումներով թունաւոր քարոզչութիւն սփռող, օտարածին աղբիւրներից սնւող լրատւական կայքերից մէկին, որտեղ անտեսելով իր պաշտօնական կոչումը, «դաւաճանութիւն» անւանեց Սփիւռքեան համայնքների արդար բողոքն ու ցասումը՝ Հայաստանի իշխանութիւնների ազգավնաս, թուրքահաճոյ, Արցախը եւ Հայաստանի պետականութիւնը կործանման տանող քաղաքականութեան դէմ։ Յանձնակատարն, անցնելով պատշաճութեան եւ դիւանագիտական բարեվարքութեան բոլոր սահմանները, ինչպէս եւ սպասելի էր նման իշխանութիւնների քաղաքական մօտեցումները եւ վարքագիծը աներկբայ եւ լիարժէք ընդունող իւրաքանչիւր յանձնակատարից, ոտնահարելով այդ իշխանութիւնների կողմից այնքան յորջորջւող ու շահարկւող «ժողովրդավարական» արժէքները, Հայաստանի իշխանութիւնների հարիւր հազարաւոր ընդդիմախօսներին Հայաստանում եւ Սփիւռքում անւանեց հայութեան հետ կապ չունեցող անհատներ՝ վերստին մեկնելով նոյն իշխանութիւնների կողմից հայութեանը սեւերի եւ սպիտակների բաժանող եւ պառակտող գործելակերպից, իսկ բոլշեւիկեան քարոզչութիւնը յիշեցնող հնաբոյր տեսութիւններով, Հայ Յեղափոխական Դաշնակցութեան որդեգրած դիրքորոշումների համար նրան մեղադրեց «պետական դաւաճանութեան» մէջ։

Գլխաւոր յանձնակատար Սինանեանը, ով իր պաշտօնավարման երեք տարիների ընթացքում բացի մէկ-երկու ցուցական գործողութիւններից, որեւէ յիշատակելի աշխատանք չի իրականացրել Սփիւռքի առնչութեամբ, նոյնացնելով Հայոց պետականութեան մեծագոյն խորհուրդը Հայաստանի իշխանութիւնների հետ, որն ի դէպ Սփիւռքում ներկայացւում է ցաւօք նաեւ իր նման յանձնակատարներով, մոռանում, աւելի ճիշտ հետեւողականօրէն անտեսում է, որ հայութեան համար գերագոյն արժէք եւ խարիսխ հանդիսացող հայոց պետականութեան՝ նրա նորագոյն պատմութեան ակունքներում է գտնւում Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը, 132 տարիների փառահեղ գործունէութեամբ եւ հազարաւոր երդւեալ նւիրեալների զոհաբերութեամբ, որ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան յարատեւութիւնը միշտ եւ ամենուր հիմնւած է եղել հայ ժողովրդի եւ Հայոց Հայրենիքի համար նրա անսակարկելի նւիրումով, ազնւութեամբ եւ անշահախնդրութեամբ, որ պատմութեան ընթացքում եւ մինչեւ այսօր Դաշնակցութեանը ամենաշատը հալածել ու խորապէս ատել են թուրքական պետական համակարգը եւ նրա սայլին նստած քաղաքական հետեւորդներն ու կամակատարները։

Յանձնակատար Սինանեանը, ով 2018-ին անձամբ է մասնակից եղել Ամերիկայի Միացեալ Նահանգներում Հայաստանի օրւայ իշխանութիւնների դէմ տեղի ունեցող ցոյցերին եւ այսպէս կոչւող թաւշեայ յեղափոխութեանը, հիմա հանդէս գալով իշխանական դիրքերից յորդորում է Սփիւռքի հայութեանը՝ հեռու մնալ Հայաստանի մէջ եւ շուրջն ընթացող իրադարձութիւններից։ Իրադարձութիւններ, որոնք ճակատագրական են, վեր են կուսակցական ու նեղ խմբակային շահերից ու նկրտումներից, եւ որոնցից է կախւած մեր Հայրենիքի հետագայ գոյութիւնն ու անվտանգութիւնը։ Նա կրելով հանդերձ Սփիւռքի յանձնակատարի կոչումը, կրկին մոռանում է, որ հայոց պետականութիւնը կայացել է համահայկական՝ հայութեան բոլոր շերտերի մասնակցութեամբ, ինչպէս անցեալին, նոյնպէս եւ այսօր, ինչպէս հայրենի նոյնպէս եւ Սփիւռքի ջանքերով՝ յատկապէս Հայաստանի վերանկախացումից յետոյ ե́ւ յարատեւ աշխատանքով ե́ւ պատմական կարեւորագոյն իրադարձութիւնների ժամանակ։

Հայաստանի պետութիւնը ներկայացնելու մեծ յաւակնութիւններ ունեցող Սփիւռքի յանձնակատար պաշտօնեան, ինչպէ՞ս է կարող յորդորել սփիւռքահայերին անտեսելով իրողութիւնները լինել իշխանութիւնների սնանկ ու ձախող քաղաքականութիւնները ծափահարողներ ու հովանաւորողներ, կամ լաւագոյն դէպքում մնալ ձեռնպահ եւ լինել պարզապէս հանդիսատես՝ հայութեան համար կենաց-մահու նշանակութիւն ունեցող, թշնամական պետութիւնների կողմից Հայաստանին ու Արցախին նետւած ծանրագոյն մարտահրաւէրների այս զգայուն ժամանակահատւածում։ Լաւատեսական միակ բացատրութիւնը՝ պետական ղեկավարման համակարգում սեփական անկարողութիւնը պարտկելու միտումը կարող է լինել, իսկ ցաւօք աւելի իրատեսականը եւ վտանգաւորը՝ օտար ու թշնամական պետութիւնների հետ պայմանաւորւած նենգ ծրագրերի իրագործման խոչընդոտները վերացնելն է՝ իմա հարւածի տակ առնել ազգային գերխնդիրների նկատմամբ հայութեան զգօնութիւնը, յանձնառութիւնը եւ միասնականութիւնը։ Այս առումով խիստ հետաքրքրական են ադրբեջանական ու թուրքական պետական պաշտօնատարների եւ Հայաստանի իշխանաւորների միմեանց նմանւող եւ համահունչ յայտարարութիւններն ու վերագրումները՝ Հայաստանի քաղաքական ներքին իրադարձութիւնների, բողոքի զանգւածային գործողութիւնների եւ Սփիւռքի դիրքորոշումների մասին։

Յանձնակատար Սինանեանը երեք տարի այս հանգամանքում պաշտօնավարելուց յետոյ միայն, առաջին անգամ որոշում է շնորհ անել եւ այցելութիւն կատարել Միջին Արեւելքի համայնքներին, չկարողանալով սակայն թաքցնել իր բուն նպատակը, որի համար ստացել է Փաշինեանի յստակ ցուցումները եւ յանձնարարութիւնները հայ-թուրքական բարեկամութեան՝ աւելի ճիշտ թուրքերին մեծ զիջումներ կատարելու ուղղութեամբ Սփիւռքում եւս հող նախապատրաստելու եւ զանազան հնարքներով Սփիւռքի ազգային ոգին ջլատելու համար։ Հայոց Ցեղասպանութեան տարելիցին Ծիծեռնակաբերդում Սինանեանը նսեմացնելով հայրենի ժողովրդի եւ սփիւռքահայութեան տասնամեակների աշխատանքը՝ Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման եւ Թուրքիային դատապարտելու ուղղութեամբ, ապերախտութեամբ յայտարարում է՝ «Ի՞նչ ենք շահել մենք Ցեղասպանութեան միջազգային ճանաչումից։ Երբ նայում ենք 2020 թ.-ի 44-օրեայ պատերազմին, Ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ի՞նչ յաւելեալ արժէք տւեց Հայաստանին, որը չէր լինի, եթէ ճանաչումը չլինէր, ես չտեսայ»։ Նա ի հարկէ չի ցանկանո́ւմ տեսնել եւ խոստովանել այն իրողութիւնը, որ Հայաստանի իշխանութիւնները չորս տարւայ ընթացքում առհասարակ են մսխել ու ոչնչացրել հայութեան տասնամեակների բոլոր միջոցները, ձեռքբերումներն ու յաղթանակներն՝ իրենց ապաշնորհ եւ ազգավնաս քաղաքականութեամբ ու դիւանագիտութեամբ, ինչի ականատեսն ենք եղել յատկապէս իր վկայակոչած 44-օրեայ պատերազմի ընթացքում եւ հետագային՝ աշխարհով մէկ հարւածելով մեր ազգի հեղինակութիւնն ու արժանապատւութիւնը։ Մի այլ առիթով նա յայտարարում է Սփիւռքի համայնքներ իր այցելութեան բուն «առաքելութեան» մասին, նշելով որ «ի պաշտօնէ ես հետաքրքրւած եմ հայ-թուրքական բանակցութիւնների ընթացքից եւ համապատասխանօրէն փորձում եմ Սփիւռքի մեր հայրենակիցներին ծանօթացնել դրանց մասին»։

Պարզորոշ է, որ Հայաստանի իշխանութիւնները հայ ժողովրդի դարաւոր թշնամի Թուրքիայի եւ նրա կրտսեր եղբայր Ադրբեջանի հանրապետութեան հետ օր առաջ եւ անբացատրելի շտապողականութեամբ «եղբայրութիւն» հաստատելու եւ մեծապետական մի շարք ուժերին հաճոյանալու մղումով, պատրաստ են զոհել մեր ազգի համար ամենաթանկագին արժէքներն ու ձեռքբերումները։ Իրենց իշխանական աթոռներն ամէն գնով պահելու հիւանդագին մոլուցքով այս իշխանութիւններն Արցախի մեծ մասի կորստից, նրա ինքնիշխանութեան եւ ինքնորոշման իրաւունքի, Հայաստանի հողային ամբողջականութեան ու ազգային անվտանգութեան ուղղութեամբ արմատական զիջումներից եւ Հայ Դատի պահանջատիրութիւնից հրաժարւելուց յետոյ (որի մասին յայտարարել է անձամբ Փաշինեանը եւ իշխանական միւս պաշտօնատարներ ու պատգամաւորներ), հիմա էլ անցել են հայ ժողովրդի եռամիասնութեան միւս հատւածը հարւածի տակ առնելու գործողութիւնների՝ Սփիւռքի կուռ ու կազմակերպւած համայնքները պառակտելու ի սկզբանէ ձախողած ծրագրին։

Ձախողւած է այս ծրագիրն ու ամուլ, նոյնիսկ եթէ սահմանափակ ու տխրահռչակ մի շարք շրջանակների մօտ ժամանակաւորապէս որոշակի «աշխուժութիւն» է առաջացրել. շրջանակներ, որոնք իրենց ապազգային մօտեցումներով ու պատեհապաշտ նկարագրով, փոփոխական իշխանութիւնների հետ մի օր ստալինիստ-բոլշեւիկ են, մի օր արեւմտամէտ, մի օր ազգային գաղափարախօսութիւնը կեղծ կատեգորիա եւ սփիւռքահայերին նարինջ ուտող համարող ՀՀՇ-ական ու լեւոնական, ու մի օր էլ աշխարհաքաղաքացի-գլոբալիստ նիկոլական։ Ցաւօք նրանց յիշողութիւնը կարճ է՝ ինչպէս իրենց քաղաքական կենսագրութիւնն է կարճ եղել։ Պատմութիւնը վկայ, ընդորում ոչ վաղ անցեալի պատմութիւնը, որ հայ ժողովուրդն ի վիճակի է ժամանակին ոտքի կանգնել ու դէպի հզօր եւ իրաւ ազգային պետութիւն առաջնորդող ուղին մաքրագործել ներքին ու արտաքին բոլոր խոչընդոտներից՝ ինչպէս միշտ համահայկական հսկայական ներուժով ու ազգային միասնականութեամբ։

 

Յարակից լուրեր

  • «Զարեհ Սինանեանին ԱՄՆ-ում ասել են, որ ներդրում կը լինի միայն «ապազգային իշխանութեան հեռանալու պարագայում»»․ «Փաստ»
    «Զարեհ Սինանեանին ԱՄՆ-ում ասել են, որ ներդրում կը լինի միայն «ապազգային իշխանութեան հեռանալու պարագայում»»․ «Փաստ»

    «Փաստ» օրաթերթը գրում է. «Այս օրերին ԱՄՆ-ում է գտնւում Սփիւռքի գործերով Փաշինեանի յանձնակատար Զարեհ Սինանեանը։ Համացանցում տեսանիւթեր են հրապարակւել, թէ ինչպէս է Գլենդէլում նրա հանդիպումը հայ համայնքի ներկայացուցիչների հետ տապալւել, քանի որ դեռ հանդիպումը չսկսած՝ նրանք պաստառներ են պարզել, Արցախի դրօշներ ու վանկարկել՝ «Նիկոլ դաւաճան», «Զարեհ դաւաճան»։

  • «Սփիւռքում բողոքի ալիքները կասեցնելու իշխանութիւնների ջանքերն ապարդիւն են անցնում». «Փաստ»
    «Սփիւռքում բողոքի ալիքները կասեցնելու իշխանութիւնների ջանքերն ապարդիւն են անցնում». «Փաստ»

    Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանեան ընդդիմութեան ակցիաներին պարբերաբար իրենց աջակցութիւնն ու սատարումն են յայտնում Սփիւռքի տարբեր գործիչներ, ինչպէս նաեւ հայաշատ քաղաքների հայ համայնքները։

  • Հայաստանեան թուրքապաշտները թիրախաւորում են Սփիւռքը՝ օգնութեան ձեռք մեկնելով իրենց տէրերին՝ Թուրքիային ու Ադրբեջանին
    Հայաստանեան թուրքապաշտները թիրախաւորում են Սփիւռքը՝ օգնութեան ձեռք մեկնելով իրենց տէրերին՝ Թուրքիային ու Ադրբեջանին

    Վերջին մէկ ամսում Հայաստանում, ինչպէս նաեւ Սփիւռքում սկսւել է Նիկոլ Փաշինեանի, նրա թուրքամէտ իշխանութեան եւ թուրքապաշտ «արբանեակների» դէմ համազգային «Դիմադրութիւն» շարժումը, որի նպատակը ՀՀ ներկայիս դաւաճան վարչախմբի հեռացումը, Հայաստանի թուրքացումը կասեցնելն ու նոր զիջումները կանխելն է։

  • Յանձնակատարին սինն ու զարհուրելին
    Յանձնակատարին սինն ու զարհուրելին

    Զարհուրելի Զարեհ...Սին՝ Սինանեան։

    Ճիշդ չի նկատուիր անձ մը կամ անհատ մը քննադատելը, երբ ան կը ներկայացնէ երկիր մը, պետութիւն մը եւ պետական պաշտօն մը։ Սակայն, երբ խնդրոյ առարկայ անձը «Ես»-ն ու սեղմ շրջանակը կը դասէ ազգային շահերէն վեր եւ, աւելին, կը կոխկռտէ «կարմիր գիծ»-ը, հարցը կը դառնայ լուրջ եւ ահազանգային: Հետեւաբար, նման արարք գործողին դէմ անխուսափելի կը դառնայ ծանր ածականներու գործածութիւնը, որովհետեւ խնդրոյ առարկայ անձը ի՛նք եղած է առաջին սայթաքողը եւ անոր արարքներն ու խօսքերը մղում կ’առնեն անձնական մութ հաշիւներէ, կ’արհամարհեն ազգային շահերը։

  • ՀՀ իշխանութիւնները պառակտում են նաեւ սփիւռքը
    ՀՀ իշխանութիւնները պառակտում են նաեւ սփիւռքը

    Մայիսի 17-ին «Հրապարակ TV»-ի «Հանդիպում» հաղորդաշարի հիւրն էր Իրանի «Ալիք» օրաթերթի կայքի գլխաւոր խմբագիր Արամ Շահնազարեանը: Հաղորդման շրջանակներում քննարկւել է Հայաստանում այս օրերին տեղի ունեցող բուռն իրադարձութիւններն ու սփիւռքահայ մամուլում դրանց արտացոլումը, որը մեր ազգակիցներին հնարաւորութիւն է տալիս իրական պատկերացում կազմելու մայր հայրենիքում ծաւալւող քաղաքական եւ հասարակական գործընթացների մասին:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։