Հա

Քաղաքական

22/05/2022 - 12:20

Սա է իմ մայրաքաղաքը, սա է իմ երկիրը եւ որեւէ մէկը չի կարող ինձ պարտադրել թուրքանալ կամ արտագաղթել

Սոցիոլոգ, իրանագէտ Սարգիս Մկրտչեանի ելոյթը Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրութիւն» շարժման հանրահաւաքի ժամանակ.

«alikonline.ir» - Սոցիոլոգ, իրանագէտ Սարգիս Մկրտչեանի ելոյթը Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրութիւն» շարժման հանրահաւաքի ժամանակ.

Յարգելի՛ հայրենակիցներ,

Սիրելի՛ եղբայրներ եւ քոյրեր,

Ես՝ Մկրտչեան Սարգիսն եմ։ Ծնւել եմ Իրանում։ 2001 թւականին կնոջս հետ մնայուն բնակութիւն եմ հաստատել Հայաստանում։ Ունեմ մէկ տղայ, ով ծնւել ու մեծացել է Հայաստանում։ Անցնող 21 տարիների ընթացքում ապրելով Հայաստանում կիսել ու կիսում եմ իմ ազգի իւրաքանչիւր օրը՝ լաւը, վատը, ուրախութիւնը, տխրութիւնը։

Ես, այսօր, ներկայացնում եմ զուտ իմ անձնական տեսակէտները։ Չեմ խօսում սփիւռքահայերի կամ Հայաստանում հաստատւած իրանահայերի անունից։ Խօսում եմ իմ, իմ ընտանիքի եւ ինձ նման մտածող մարդկանց անունից։

Մենք եւ մեզ նման բազմաթիւ իրանահայեր՝ Հայաստան տեղափոխւելով, իրականում, դէմ ենք գնացել սրանից 400 տարի առաջ հայ ազգի մէկ հատւածի դէմ գործադրւած բռնագաղթին։ Մեր նախնիները իրենց սրտում եւ մտքում վառ են պահել հայրենիքի գաղափարը եւ փոխանցել են սերնդից սերունդ, որն ի վերջոյ հասել է մեր սերնդին եւ մեզ բախտ է վիճակւել տեսնել Հայաստանի վերանկախացումը եւ հնարաւորութիւն ունենալ հաստատւել հայրենիքում։ Մենք, փաստօրէն, վերադարձել ենք մեր արմատներին։ Մենք ամբողջ 400 տարի օտարութեան մէջ պայքարել ենք հայ մնալու համար։

Սակայն ի՞նչ է կատարւում այսօր։ Ստացւում է, որ 400 տարի հայ ենք մնացել, որ վերադառնանք հայրենիք եւ Հայաստանում փորձեն մեզ պարտադրել թուրքանալ։ Ես չեմ եկել Հայաստան, որ տղաս թուրքի հետ ամուսնանայ։ Դրա համար ես Անկարա կը գնայի։ Մենք մեր ամբողջ էութեամբ կը պայքարենք այդ քաղաքականութեան իրականացման դէմ։ Այս իշխանութիւնը մեր պայքարի կամքին ամենամօտ ծանօթութիւնը չունի անգամ։

Պիտի խոստովանեմ, որ անցնող չորս տարւայ ընթացքում մղձաւանջի մէջ եմ։ Յատկապէս 44-օրեայ պատերազմից յետոյ, անընդհատ այն զգացումն ունեմ, որ երազ եմ տեսնում, որ քիչ յետոյ կարթնանամ ու կը տեսնեմ, որ այն ինչ եղել է՝ պարզապէս երազ է, որ մեր 5000 տղաները ողջ ու առողջ են, որ Արցախը ազատագրւած է…. Բայց գիտեմ, որ դժբախտաբար, այդպէս չէ։

Այդպէս չէ, որովհետեւ երբ 2018 թւականին մի խումբ մարդիկ օգտագործելով ամբոխներին խաբելու վերջին հմտութիւնները սկսեցին քայլել եւ ժողովրդին փողոց դուրս բերել՝ իբր ընկերային-տնտեսական հողի վրայ յեղափոխութիւն անելու նպատակով, ինձ եւ իմ նման շատերի համար յստակ էր, պարզից էլ պարզ, որ դա ընդամէնը քող է՝ յետին նպատակների համար, որ խնդիրը խորքային է, խնդիրը գաղափարական է եւ հայրենիքի եւ ազգի լինելիութեան հարցն է դրւած զոհասեղանին։

Անցնող չորս տարիները եկան ապացուցելու, որ մենք ճիշտ էինք։ Ժողովրդի ընկերային-տնտեսական կեանքը չբարելաւեց, հասարակութեան լայն զանգւածների կեանքի պայմանները աւելի վատացան, իսկ այդ խումբը, իր արբանեակներով հանդերձ, օգտագործելով պետական ամբողջ հնարաւորութիւնները, սկսեց վայելել իր չտեսած օրերը՝ քանի հարիւր հազար դոլարանոց մեքենաներ, արտասահմանեան ճամբորդութիւններ, արտերկրում առանձնատներ, բիզնեսներ եւ այլն։

Խնդիրը, սակայն, եթէ միայն գումարը լինէր, եթէ միայն լաւ ու վատ ապրելու մէջ լինէր, հարց չէր։ Խնդիրը գաղափարական էր, որովհետեւ մարտի դուրս եկան հայի պարտւող, յարմարւող, պատեհապաշտ, վախկոտ, քծնող, օտարի առաջ ծալւող, թուրքի անունը լսելիս սարսռող, ապազգային, ստորակայութեան բարդոյթ ունեցող տեսակը, հայի միւս տեսակի՝ քաջի, խիզախի, մարտունակի, յամարձակի, օտարի առաջ չծալւողի, ազգային տեսակի դէմ։

Հայերի այս երկու տեսակների պայքարը նոր չէ։ Դա արմատ ունի մեր պատմութեան մէջ։ Յիշենք, 1900-ական թւականներին ֆեդային կռւում էր հայերի իրաւունքների համար եւ անգամներ է պատահել, որ երբ ֆեդայիները այս կամ այն գիւղ են մտել՝ գիւղացիները բահերով նրանց գիւղից վանել են, ասելով, որ իրենք թուրքերի հետ հարց չունեն, բան չկայ, որ մէկի կովն են գողացել, միւսի տունն են թալանել, երրորդի աղջկան են տարել։

Վարանդեանն ասում է, ստրկութիւնը հայի մարմնից անցել էր հայի հոգու վրայ։

Այսօր մենք դրա ականատեսն ենք մեր երկրում։ Ստրկամիտ հայեր։ Թուրքի անունը լսող ու վախից դողացող հայեր։ Նայէք Արարատ Միրզոյեանի եւ Չաւուշօղլուի հանդիպման տեսանիւթը։ Հարազատ հօրը տեսնէր այդքան չէր ուրախանայ, բերանը մինչեւ ականջները չէր բացի եւ դա էլ այն Չաւուշօղլիի, որ Գորշ գայլերի նշանն է ցոյց տալիս հայերին։ Սա է այս վախկոտների տեսակը։

Քանի անգամ է Բաքւի արհեստածին պետութեան բռնապետը թքել ու մրել, արհամարհել Հայաստանի վարչապետ կոչւածին։ Ոչ մի պատասխան։ Ինչո՞ւ։ Որովհետեւ ստորակայութեան բարդոյթ ունի, որովհետեւ տեսակով պարտւող է եւ ամենավատը՝ հակահայ է, ատում է հայերին։

Ես մասնագիտութեամբ սոցիոլոգ եմ։ Յաճախ եմ մտածել այս մարդու հոգեկերտւածքի մասին։ Ինչքան բարդոյթ պիտի ունենայ մէկը, ինչքան վախեր պիտի ունենայ, ինչքան իր հօր տանը մի փոր կուշտ հաց պիտի կերած չլինի, որ այս աստիճանի ստորութիւնների գնայ, այսքան ատի իր ազգին։

Միայն ամենավերջին օրինակը։ Մարդը, չեմ խօսում միայն հայերի մասին, մարդը առհասարակ ինչքան բարոյապէս սնանկացած պիտի լինի, որ յղի կնոջը քցի մեքենայի տակ, սպանի եւ փախնի։ Աներեւակայելի է։ Ինչքան մարդկային յատկանիշներից զուրկ պիտի լինի մարդը, որ այդպէս անի։ Չէ, որ ինքն էլ կին ունի, ինքն էլ երեխաներ ունի։ Բայց այս մարդը որտեղ, բարոյականութիւնը որտեղ։

Խօսում ենք Մարտի 1-ի մասին, կիզակէտում Նիկոլ Փաշինեանն է, խօսում ենք Արցախեան 44-օրեայ պատերազմի, 5000 զոհերի, Արցախի 75 տոկոսի կորստի մասին, կիզակէտում Նիկոլ Փաշինեանն է, խօսում ենք յղի կնոջը սպանելու եւ փախնելու մասին, կիզակէտում Նիկոլ Փաշինեանն է։ Փսատօրէն, որտեղ մահ ու արիւն՝ այդտեղ Նիկոլ Փաշինեան։

Եւ նա ոչ թէ այս խօսքերից վատ է զգում, ընկնում է մտքերի մէջ, ամաչում է, ոչ, ճիշտ հակառակը՝ հոգին փառաւորւում է։

Մեր պայքարը գաղափարական պայքար է։ Մարտի են դուրս եկել հայ քաղաքական մտքի երկու հակադիր ուղղութիւնները։ Ազգայինն ու ապազգայինը։ Ազգայինն ու հհշիզմը, որի մետաստազներից է նիկոլիզմը։ Եւ ազգային մտածողութիւն ունեցող ուղղութեան յաղթանակը անխուսափելի է։ Այլ տարբերակ չկայ, որովհետեւ հակառակը՝ Հայաստանի եւ հայութեան վերացումն է։

Ես, որպէս Հայաստանում հաստատւած սփիւռքահայ, ցանկանում եմ կատարել մի քանի հաստատում։

Երբէք Հայաստանի եւ Սփիւռքի միջեւ այսպիսի խզում չի եղել։ Երբէք Սփիւռքը այսքան օտարւած չի եղել Հայաստանից։ Դժգոհութիւններ եղել են, քննադատութիւններ եղել են։ Անձամբ ես 2010 թւականի հոկտեմբերին յօդւած եմ գրել Սփիւռքի ժամանակի նախարար Տկն. Հրանուշ Յակոբեանի դէմ եւ քննադատել եմ իր գործունէութիւնը։ Սակայն այս աստիճանի օտարում՝ երբէք չի եղել։ Եւ սա, ի դէպ, նաեւ այն սփիւռքահայերի շրջանում, ովքեր 2018 թւականին մի պահ ընկան մոլորութեան մէջ եւ հիացան այս ամբոխավարների խոստումներով։

Սփիւռքահայերից որոշները իշխանափոխութիւնից յետոյ վաճառեցին իրենց տները եւ վերադարձան Սփիւռք։ Ես խօսում եմ որոշակի, յստակ մարդկանց մասին, որոնց ճանաչում եմ։ Դա յուսահատութեան արդիւնք էր։ Որոշները, որ մտադիր էին Հայաստան տեղափոխւել, այսօր նոյնիսկ պատրաստ չեն բնակարան գնել Երեւանում, էլ չեմ խօսում ընտանիքով Հայաստանում հաստատուելու եւ աշխատանք հիմնելու մասին։

Այդ խզումը առաջացնելը կատարւել է եւ շարունակւում է կատարւել յստակ նպատակով եւ քաղաքականութեամբ, որի մշակողներից ու գործադրողներից մէկը Սփիւռքի հարցերի գլխաւոր կամակատարն է։

Նախ իշխանութեան հասնելուց յետոյ անմիջապէս վերացրեցին Սփիւռքի նախարարութիւնը։ Յետոյ կամակատարի միջոցով առաջ մղեցին Սփիւռքը պառակտելու քաղաքականութիւնը, որը բարեբախտաբար արդիւնք չի տւել։ Դրա վկայութիւնն է Սինանեանի զայրոյթը, երբ վերջերս այցելել է Սիրիա եւ Լիբանան, որտեղ իրեն ցոյց են տւել իր իսկական տեղը։ Այսօր էլ տեղեկացանք, որ այդ այցելութիւնների հետեւանքով չեղարկւել է նրա այցը Իրան։ Յաջորդ անգամ, եթէ լինի այդպիսին, վստահեցնում եմ, պորտը էլ աւելի յստակ իր տեղը կը դնեն։

Այս ամբիոնից կոչ եմ ուղղում սփիւռքահայերին, յատկապէս նրանց, ովքեր մտահոգ են հայրենիքի եւ ազգի ճակատագրով։

Սփիւռքում ձեր գոյութիւնը ինքնանպատակ չէ։ Լաւ օրից չէ, որ դուք յայտնւել էք օտարութեան մէջ։ Ձեզ հետ, թէ առանց ձեզ, մենք այս պայքարն առաջ ենք տանելու եւ հասնելու ենք յաջողութեան։ Սակայն, շատ աւելի լաւ կը լինի, որ յանուն հայրենիքի, յանուն ազգի գոյատեւման եւ հէնց յանուն ձեզ՝ դուք անմասն չմնաք այս պայքարից։

Անընդհատ մի հարցրէք՝ ի՞նչ անենք։ Դուք մտածէք ինչ անել։ Մարդիկ, Հայաստանում, հրապարակ են դուրս եկել։

Խորհուրդ եմ տալիս չհաւատալ Հայաստանի դեսպաններին։ Նրանք նիկոլիզմի կամակատարներն են։ Երբ ձեր ականջին փսփսում են, որ մենք ձեզ հետ ենք, մենք էլ ենք կրակն ընկել այս գժի ձեռքից, բայց ճիշտ հասկացէք՝ պետական շահի հարց կայ, սուտ են ասում։ Խաբում են ձեզ։ Եթէ ճիշտ են ասում, թող հրաժարական տան, թող այն ինչ ձեր ականջին են փսփսում՝ հրապարակային կերպով ասեն։ Չեն անի, որովհետեւ կիսում են այդ քաղաքականութիւնը եւ կամ պաշտպանում են իրենց գրպանները։ Նայէք Նիդերլանդներում Հայաստանի դեսպանի եւ հայ ցուցարարների միջեւ տեղի ունեցած միջադէպի տեսանիւթը։ Դեսպանը կաշւից դուրս է գալիս պաշտպանելու նիկոլիզմը եւ ցուցարարներին հայրենիքը ծախող է անւանում։ Հոլանդահայերը հայրենիք ծախո՞ղ են։ Սրանք պաշպանում են իրենց պաշտօնները։

Պատահականութի՞ան է, որ սրանք յայտարարում են՝ Սփիւռքը թող գնայ իր համար մայրաքաղաք ճշտի եւ առաջ տանի Հայոց Ցեղասպանութեան հարցը, եւ Չաւուշօղլուն յայտարարում է՝ Սփիւռքն է ճնշում Հայաստանի իշխանութիւններին։

Այնպէս, ինչպէս այսօր այս շարժումը Հայաստանում հասել է նրան, որ Փաշինեանը իր տան մէջ խոհանոցից ննջարան գնալու համար վախից էլ կարմիր, էլ սեւ, էլ երկնագոյն գլխարկներով ոստիկաններ է շարում, հէնց այնպէս էլ Սփիւռքը պիտի պարտադրի Հայաստանի դեսպաններին կեցւածք ճշտել։ Թող ոչ մէկը, ոստիկան լինի թէ դեսպան, չթաքնւի պետական պաշտօնեայ լինելու եւ պետական շահը պաշտպանելու քողի տակ։ Այստեղ հաւաքւածներից եւ ոչ մէկը հակապետական չէ։
Խօսքս աւարտում եմ Քրիստափոր Միքայէլեանից մէջբերում կատարելով.

«Պատռել է հարկաւոր քարտէզների վրայ այս կամ այն աւազակապետի կամքով գծւած սահմանները, ջնջել է հարկաւոր այն աշխարհագրական ներկերը, որոնք մեզ բաժանում են իրարից եւ որոնք առհասարակ մշտական չեն, իսկ երբեմն շատ կարճատեւ են լինում»:

Մենք դաստիարակւել ենք այդ գաղափարներով։ Այս հրապարակում հաւաքւածները պատռելու են այս կամ այն աւազակապետի ձեռքով գծւած եւ մեզ պարտադրւող քարտէզները։ Այո, Հայաստանն այսօր թուլացել է, բայց չի մեռել։

Սա է իմ մայրաքաղաքը, սա է իմ երկիրը եւ որեւէ մէկը չի կարող ինձ պարտադրել թուրքանալ կամ արտագաղթել։

Կեցցէ Հայաստանը

Կեցցէ Հայ ազգը

 

Յարակից լուրեր

  • ««Դիմադրութեան» շարժումը մօտենում է կարեւոր հանգրւանի»․ Իշխան Սաղաթելեան
    ««Դիմադրութեան» շարժումը մօտենում է կարեւոր հանգրւանի»․ Իշխան Սաղաթելեան

    Վաղը՝ ժամը 16։00-ին խորհրդարանում նշանակւած է արտահերթ նիստ, մենք գնալու ենք խորհրդարան։ Մինչեւ այդ ժամը բոլորի համար կայ հնարաւորութիւն արտայայտելու իրենց դիրքորոշումը։

  • «Ուրւագծւող ճգնաժամ. ԱԺ». «Այլընտրանքային նախագծեր» խումբ
    «Ուրւագծւող ճգնաժամ. ԱԺ». «Այլընտրանքային նախագծեր» խումբ

    Փողոցում առկայ լարւածութեան ֆոնին եւ կառավարման առկայ մոդելի պատճառով, երկրում ձեւաւորւում է նոր խոր ճգնաժամ։ Խօսքն Ազգային Ժողովի մասին է։ Այս մասին յայտարարութիւն է տարածել «Այլընտրանքային նախագծեր» խումբը:

  • Քայլերթ Ֆրանսիայի հրապարակից կանանց եւ երեխաների մասնակցութեամբ
    Քայլերթ Ֆրանսիայի հրապարակից կանանց եւ երեխաների մասնակցութեամբ

    «Դիմադրութիւն» շարժումը երեխաների իրաւունքների պաշտպանութեան միջազգային օրւայ կապակցութեամբ երէկ, յունիսի 1-ին Ֆրանսիայի հրապարակից կանանց եւ երեխաների քայլերթ էր կազմակերպել:

  • Իշխանութիւնները անէանում են
    Իշխանութիւնները անէանում են

    Թերեւս քիչ չեն այն հայերը, որոնք չեն ընկալել, թէ ինչ ուղղութեամբ են ընթանում Հայաստանի գործող իշխանութիւնները, սակայն, Հայաստանում եւ Սփիւռքում օրէցօր աւելացող, իրավիճակի օրահասականութիւնը համաչափ գնահատող քաղաքացիների պայքարը կարող է վերածւել իրական եւ խորքային փոփոխութիւնների տանող գործընթացի:

  • «Դիմադրութիւն» շարժմանն աջակցող մտաւորականների թիւը հասել է 265-ի
    «Դիմադրութիւն» շարժմանն աջակցող մտաւորականների թիւը հասել է 265-ի

    ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանն իր ֆէյսբուքեան էջում ներկայացրել է հայրենի մտաւորականների կոչը եւ թարմացւած ցուցակը, որում ընդգրկւած են տարբեր ոլորտներ ներկայացնող մասնագէտներ` նկարիչներ, երաժիշտներ, գրողներ, բժիշկներ, իրաւաբաններ, տնտեսագէտներ, ճարտարապետներ, պատմաբաններ, բանասէրներ...

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։