Ուշագրաւ է Փաշինեանի՝ Արցախի մասին երբեւէ արած իրարամերժ յայտարարութիւնների համադրումը։ Նախ ասում էր, թէ ինքը չի կարող բանակցել Արցախի փոխարէն, քանի որ Արցախն ունի ընտրւած, լեգիտիմ իշխանութիւն, իսկ դա ոչ այլ ինչ է, քան ինքնորոշման իրաւունքով դէ ֆակտօ կայացած Արցախի Հանրապետութիւնը ճանաչելը։
«alikonline.ir» - Ուշագրաւ է Փաշինեանի՝ Արցախի մասին երբեւէ արած իրարամերժ յայտարարութիւնների համադրումը։ Նախ ասում էր, թէ ինքը չի կարող բանակցել Արցախի փոխարէն, քանի որ Արցախն ունի ընտրւած, լեգիտիմ իշխանութիւն, իսկ դա ոչ այլ ինչ է, քան ինքնորոշման իրաւունքով դէ ֆակտօ կայացած Արցախի Հանրապետութիւնը ճանաչելը։ Ապա յայտարարում էր, թէ Արցախը Հայաստան է, եւ վերջ, ինչը նշանակում է՝ ընդունել, որ Արցախն ու Հայաստանը մէկ պետութիւն են, նրանք միաւորւած են։ Ի վերջոյ, Փաշինեանը պնդում էր, թէ խնդրի կարգաւորումը պէտք է բաւարարի Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի ժողովուրդներին, դա նշանակում է՝ ջնջել ինքնորոշումն ու միացումը։ Դա էլ բաւական չէ, միջնորդներից պարզաբանումներ էր ակնկալում, թէ ի՞նչ են հասկանում տարածքային ամբողջականութեան կամ ազգերի ինքնորոշման իրաւունքի սկզբունքների ներքոյ։ Դրա համար ընդամէնը պէտք է կարդալ ՄԱԿ-ի կանոնադրութիւնը կամ այլ միջազգային փաստաթղթեր։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք յայտնեց ՀՀ ԱԳ նախարարի նախկին տեղակալ Շաւարշ Քոչարեանը։
«Դու ի՞նչ է, գնում ես սովորելո՞ւ, որ քեզ բացատրե՞ն՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրութեան՝ տարածքային ամբողջականութիւնը չի կարող հակադրւել ինքնորոշման իրաւունքին։ Նման իրարամերժ յայտարարութիւններով Փաշինեանը տապալեց բանակցային գործընթացը։ Մենք պէտք է խորքային կերպով ուսումնասիրենք արտաքին քաղաքականութեան վեկտորը։ Անկախացած Հայաստանի առջեւ կար երկու ուղղութիւն։ Առաջինը բացայայտ ռուսամէտն էր, որի արտայայտութիւնը, օրինակ, Ռուսաստան-Բելառուս միութենական պայմանագրին միանալն էր։ Ժամանակին Հայաստանում կային դրա կողմնակիցներ, նոյնիսկ ստորագրահաւաք արեցին, բայց Հայաստանը չգնաց այդ ճանապարհով։ Միւս ուղղութիւնն արեւմտամէտն էր, որի համար սկզբնական փուլում կար երկու նախադրեալ։ Առաջինն այն էր, որ Ռուսաստանն ինքը ձգտում էր դէպի Եւրոպա, անգամ չէր բացառում ՆԱՏՕ-ին անդամակցութիւնը, եւ ապա՝ Թուրքիան բացայայտ ձգտում էր դէպի եւրաինտեգրում, բարեփոխումներ էր անում, ուզում էր դառնալ ԵՄ անդամ։ Այն ժամանակ դա կարող էր հիմնաւորւած համարւել, բայց ոչ հիմա»,- ասաց քաղաքական գործիչը։
«Ի՞նչ է ենթադրում արեւմտամէտ ուղղութիւնը։ Արեւմուտքից, ՆԱՏՕ-ից մշտապէս յստակօրէն ասել են, որ մեզ չեն կարող անվտանգութեան երաշխիքներ տրամադրել, եւ այդ տեսանկիւնից ըմբռնումով էին մօտենում մեր եւ ՌԴ-ի միջեւ ռազմական համագործակցութեանը։ Պատահական չէ, որ Թուրքիայի հետ մեր սահմանին կանգնած են ռուս սահմանապահները, այնտեղ ՌԴ դրօշն է, կայ ռուսական ռազմաբազա։ Ակնյայտ էր, որ անվտանգութեան հարցում Հայաստանում Արեւմուտքից որեւէ սպասելիք չի կարող լինել։
Դա հիմա առաւել եւս ակնյայտ է, երբ վերյիշում ենք Վրաստանի դէպքերը, դա այսօր երեւում է նաեւ Ուկրայինայում։ Արեւմտամէտ ուղղութիւնն այդ տեսակէտից լուրջ խնդիր է պարունակում, յատկապէս որ, մեր տարածաշրջանում Արեւմուտքը ներկայացւած է դեռեւս ՆԱՏՕ-ի անդամ մնացած Թուրքիայով, եւ միայն Թուրքիայով։ Վրաստանում, որն ակնյայտօրէն ձգտում է դէպի ՆԱՏՕ եւ ԵՄ, որեւէ լուրջ արեւմտեան ընկերութիւն, կազմակերպութիւն, ձեռնարկութիւն չկայ, բոլորը թուրքական են։ Նոյնիսկ Վրաստանում Արեւմուտքն իր ընկալմամբ Թուրքիան է։ Երբ ՌԴ-ԵՄ յարաբերութիւնները սառեցին, Պրիմակովը սկսեց բազմավեկտոր աշխարհի գիծը, որտեղ Մոսկւան ունէր իր դերակատարումը՝ Արեւմուտքին հակադրւելը, եւ դէպի Արեւմուտք գնալը դարձաւ բեռից ազատում»,- նշեց Քոչարեանը։
Ընդդիմադիր գործչի կարծիքով՝ նախկին խորհրդային հանրապետութիւնների համար այդ բեռը հակամարտութիւններն են, օրինակ՝ Վրաստանի համար դէպի Արեւմուտք գնալու գինն Աբխազիայից եւ Օսիայից ազատւելն է․ «Ինչպէ՞ս լուծել այդ խնդիրը՝ պատերազմ, պարտութիւն, որի արդիւնքում ժողովուրդն այլեւս չի պահանջում այն յետ բերել եւ դուրս գալ Ռուսաստանի դէմ, դրանով հարցը փակւում է։ Երբ Սահակաշւիլին նախաձեռնում էր Ցխինւալի ռմբակոծումը, գնում էր գիտակցւած սադրանքի, նա միամիտ չէր, որ մտածեր՝ ՆԱՏՕ-ն, ԱՄՆ-ը կռւելու են ՌԴ-ի դէմ, բայց ռազմական մարտահրաւէր էր նետում հէնց Ռուսաստանին, արդիւնքը տեսանք՝ բեռից ազատւեց։ Նոյն վիճակն էր 2014-ին Ուկրայինայում՝ ի դէմս Ղրիմի։ 2018-ին Հայաստանում ի յայտ եկած իշխանութիւնը եւս արեւմտամէտ կուրսի կողմնակից էր եւ որոշեց ազատւել հակամարտութիւնից»:
«Փաշինեանի իշխանութիւնը հրահրեց պատերազմ՝ նախապէս իմանալով, որ պարտւելու է՝ ազատւելու Արցախի բեռից։ Մնում է երկրորդ հանգամանքը՝ ռուսական ռազմաբազան։ Վրաստանը նախ ազատւեց ռազմաբազայից, յետոյ գնաց պատերազմի։ Այս իշխանութիւնը համարում է, որ գրեթէ լուծել է Արցախի խնդիրը, առջեւում ռազմաբազայի հարցն է։ Միգուցէ կան մարդիկ, որոնք համարում են, որ ռուսական ռազմաբազան պէտք է հանւի, բայց Հայաստանի համար դա կործանարար է։ Աբխազիայում աբխազներ են բնակւում, Օսիայում՝ օսեր, իսկ Արցախը մեր պատմական հողն է, այնտեղ հայեր են ապրում, եւ մենք չենք կարող համեմատւել։ Ի վերջոյ՝ այս ամենի արդիւնքը Հայաստանում Թուրքիայի յայտնւելն ու նրա գերիշխանութիւնն է»,- ամփոփեց Շաւարշ Քոչարեանը:
Դաւիթ Սարգսեան