Հա

Քաղաքական

23/05/2022 - 13:30

Տարբեր ուղղութիւններով աւտոերթ Երեւանում եւ բողոքի ակցիա Երեւանի մետրոպոլիտէնում

Նիկոլ Փաշինեանի հրաժարականի պահանջով «Դիմադրութիւն» շարժման խաղաղ անհնազանդութեան ակցիաները շարունակւում են։

«alikonline.ir» - Նիկոլ Փաշինեանի հրաժարականի պահանջով «Դիմադրութիւն» շարժման խաղաղ անհնազանդութեան ակցիաները շարունակւում են։

Այսօր, վաղ առաւօտից Երեւանի փողոցներում տարբեր ուղղութիւններով իրազեկման անհնազանդութեան աւտոերթ է իրականացւել. մի շարք փողոցներում երթեւեկութիւնը կաթւածահար է եղել։

Արտաշատից եկող ճանապարհին աւտոերթի մասնակիցներին կանգնեցրել են պարեկային ծառայութեան աշխատակիցները ու անակնկալ որոշել ստուգել նրանց փաստաթղթերը՝ ստեղծելով վթարային իրավիճակ։

ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Թադէոս Աւետիսեանը պարեկների այս գործողութիւնը որակել է սադրանք։

«Ոստիկաններն իրենց գործողութիւններով փաստացի սադրեցին խաղաղ բողոքի ակցիայի մասնակիցներին։ Որոշեցինք դուրս գալ աւտոմեքենաներից եւ փակել ճանապարհը։ Սա բացառապէս ոստիկանական ոչ համաչափ գործողութիւնների հետեւանք է»,- յայտարարեց նա։

Թադէոս Աւետիսեանի գնահատմամբ՝ երթեւեկելի մասում մեքենաներ կանգնեցնելը եւ վթարային իրավիճակ ստեղծելը, թէ իբր փաստաթուղթ են ստուգում՝ անհասկանալի է եւ անընդունելի։

«Դիմադրութիւն» շարժման մասնակիցները անհնազանդութեան ակցիա են իրականացրել մետրոյի կայարաններում: Երիտասարդները նստել են մետրոյի վագոնների դռների միջեւ, թոյլ չտալով, որ գանցքը շարժւի: Արցախի դրօշներով նրանք շրջել են մետրոյի կայարաններում վանկարկելով՝ «Արցախ», «Արցախ», «Առանց թուրքի Հայաստան», «Նիկոլ դաւաճան»:

Որոշ ժամանակ անց կարմիր բերետաւորները բերման են ենթարկել երիտասարդներից մի քանիսին։ Ակցիայի մասնակիցները նշել են, որ բերման են ենթարկել նաեւ անչափահաս երեխայի։

Ակցիա իրականացնելու ժամանակ մետրոյի գնացքի վագոնի վրայ փակցւել է Արցախի փոքրիկ դրօշի պատկերով ստիկերը, որը սակայն մետրոպոլիտէնի աշխատակիցները պոկել են։

«Մի պոկէք Արցախի դրօշը, մի նմանւէք թուրքի». ասել են ակցիայի մասնակիցները։

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելեանն ամփոփել է շաբաթը՝ գնահատելով, որ արդիւնքները ակնյայտ են․ «Նոյն ոգով, աւելի վճռական սկսում ենք շաբաթը. ազգի յաղթանակը անխուսափելի է»։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։