Հա

Քաղաքական

23/05/2022 - 13:45

«Հայ ժողովուրդը մէկ տարբերակ ունի բրիւսէլեան դաւադրութիւնը վիժեցնելու՝ պայքարել». Անդրանիկ Թեւանեան

«Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Անդրանիկ Թեւանեանն իր ֆէյսբուքեան էջում գրել է.

«alikonline.ir» - «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Անդրանիկ Թեւանեանն իր ֆէյսբուքեան էջում գրել է.

«Բրիսէլեան դաւադրութիւն

Բրիւսէլում տեղի ունեցած Փաշինեան-Ալիեւ-Միշէլ եռակողմ հանդիպման արդիւնքները հետեւեալն են․

1․ Բանակցութիւններն ընթացել են Ադրբեջանի ներկայացրած 5 սկզբունքների եւ թուրք-ադրբեջանական թելադրած օրակարգի շրջանակներում։ Պաշտօնական Երեւանի ներկայացրած 6-կէտանոց պատասխանը նոյնիսկ քննարկման առարկայ չի դարձել, քանզի որեւէ խօսք չկայ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան եւ կարգավիճակի մասին։

2․ Բանակցային բառապաշարից դուրս են մնացել «Լեռնային Ղարաբաղ» եւ «Ղարաբաղեան հակամարտութիւն» եզրերը։

Շարլ Միշէլի տարածած յայտարարութեան մէջ օգտագործւել է «Ղարաբաղի էթնիկ հայկական բնակչութիւն» (the ethnic Armenian population in Karabakh) ձեւակերպումը։ Դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինեանը համաձայնել է Արցախը ներառել Ադրբեջանի կազմի մէջ եւ հիմա ընդամէնը խօսւում է արցախահայերի՝ որպէս Ադրբեջանի էթնիկ փոքրամասնութեան իրաւունքների մասին։ Սա իհարկէ նորութիւն չէր, քանզի Ադրբեջանին ներկայացրած 6-կէտանոց նամակում պաշտօնական Երեւանը նոյնպէս խօսում է Ադրբեջանի կազմում արցախահայութեան իրաւունքների եւ անվտանգութեան մասին։

3․ Բաւական խուճուճ, քողարկւած ձեւակերպում է ստացել անկլաւների հարցը եւ յստակեցւել միջանցքի հարցը։

«Նրանք համաձայնութեան են եկել Արեւմտեան Ադրբեջանի եւ Նախիջեւանի եւ Հայաստանի տարբեր շրջանների միջեւ Ադրբեջանի տարածքով տարանցման, ինչպէս նաեւ երկու երկրների հաղորդակցութեան ենթակառուցւածքների միջոցով միջազգային տրանսպորտի սկզբունքների շուրջ»,- նշւած է Միշէլի յայտարարութեան մէջ (They agreed on the principles governing transit between western Azerbaijan and Nakhichevan, and between different parts of Armenia via Azerbaijan, as well as international transport through communications infrastructure of both countries)։

Ի՞նչ է նշանակում «Հայաստանի տարբեր շրջանների միջեւ Ադրբեջանի տարածքով տարանցում», եթէ ոչ այնպիսի իրավիճակ, ինչպիսին ունեցանք Գորիս-Կապան 21-կիլոմետրանոց հատւածում։ Ինչպէս յայտի է, այդ կտորը յանձնւեց Ադրբեջանին՝ Փաշինեան-Ալիեւ բանաւոր փոխհամաձայնութեան արդիւնքում։ Հիմա պայմանաւորւել են նոյնն անել Տաւուշի եւ Արարատի մարզերում, բայց արդէն ԵՄ-ի հովանու ներքոյ եւ խուճուճ ձեւակերպումների օգնութեամբ։

4․ Միշէլի յայտարարութեան աշխարհաքաղաքական մեխն այն էր, որ Արեւմուտքն ուզում է դուրս մղել Ռուսաստանին Հայաստան-Ադրբեջան յարաբերութիւնների կարգաւորման, սահմանազատման ու սահմանագծման գործընթացից եւ ի վերջոյ՝ Արցախից։ Չկայ որեւէ խօսք ռուսական խաղաղապահների մանդատի մասին։ Աւելին՝ արցախահայութիւնը դիտարկւում է Ադրբեջանի կազմում բնակւող ազգային փոքրամասնութիւն, որի իրաւունքներն ու անվտանգութիւնը պէտք է ապահովի Բաքուն։

5․ Արեւմուտքը, Թուրքիան ու Ադրբեջանը շտապում են Նիկոլ Փաշինեանից ստանալ բոլոր զիջումները, քանի դեռ Հայաստանի ներքաղաքական կեանքը չի յանգեցրել փոփոխութիւնների։ Պատահական չէ, որ յստակեցւել են Բրիւսէլի հովանու ներքոյ սպասւող հանդիպումների ու քայլերի ժամանակացոյցերը։ Ամէն ինչ պլանաւորւել է արագացւած տեմպերով։

6․ Բրիւսէլը պատրաստակամութիւն է յայտնել աջակցել կողմերին՝ իրենց ժողովուրդներին խաղաղութեան նախապատրաստելու հարցում։ Սա «թարգմանաբար» նշանակում է, որ Հայաստանում է՛լ աւելի է ինտենսիւացւելու «Հողերը տանք, խաղաղ ապրենք», «Ղարաբաղը յանձնենք, խաղաղ ապրենք», «Թուրքը մեր հարեւանն է, ռուսներն են միշտ մեզ խանգարել», «Ադրբեջանի սահմանը բացենք լաւ ապրենք» եւ նմանատիպ այլ քարոզչակոդերի տարածումը։

․ ․ ․

Հայ ժողովուրդը մէկ տարբերակ ունի բրիւսէլեան դաւադրութիւնը, Հայաստանի ու Արցախի դէմ ուղղւած քայլերը վիժեցնելու՝ պայքարել։ Վիժեցնելու թիւ մէկ նախապայմանն իշխանափոխութիւնն է։

Նիկոլ Փաշինեանի հեռացումը եւ ազգային իշխանութեան ձեւաւորումը հնարաւորութիւն կը տայ խուսափել կատաստրոֆայից։ Մեր պետութիւնն ու ժողովուրդը դեռեւս ժամանակ ունեն խուսափելու վատագոյնից։ Առայժմ հարցերը կարող են լուծւել Երեւանում։ ՀՀ քաղաքացուց եւ քաղաքական էլիտայից է կախւած գործի յաջողութիւնը»։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։