Հա

Քաղաքական

23/05/2022 - 21:00

«Դիմադրութիւն» շարժման յայտարարութիւնը․ Փաշինեանը սեփական աթոռի համար Հայաստանն ու Արցախը հանել է աշխարհաքաղաքական աճուրդի

Եւրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշէլի միջնորդութեամբ Բրիւսէլում տեղի ունեցած Փաշինեան-Ալիեւ հանդիպման արդիւնքները եւս մէկ անգամ հաստատեցին այն պնդումները, որ հայ-ադրբեջանական բանակցութիւններն ամբողջութեամբ ընթանում են ադրբեջանական օրակարգով:

Յարգելի՛ հայրենակիցներ,

Եւրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշէլի միջնորդութեամբ Բրիւսէլում տեղի ունեցած Փաշինեան-Ալիեւ հանդիպման արդիւնքները եւս մէկ անգամ հաստատեցին այն պնդումները, որ հայ-ադրբեջանական բանակցութիւններն ամբողջութեամբ ընթանում են ադրբեջանական օրակարգով:

Նիկոլ Փաշինեանը, յանուն սեփական աթոռի պաշտպանութեան, Հայաստանն ու Արցախը հանել է աշխարհաքաղաքական աճուրդի:

Հայաստանը մօտեցել է մի եզրագծի, որից այն կողմ հարցականի տակ է դրւում ոչ միայն Արցախի ապագան, այլեւ Հայաստանի Հանրապետութեան նւազագոյն ինքնիշխանութիւնն ու սուբիեկտայնութիւնը Այսրկովկասում։

Շառլ Միշէլի տարածած յայտարարութեան մէջ որեւէ խօսք չկայ պարտադիր իրաւական ուժ ունեցող Հայաստան-ԵՄ ՀԸԳ համաձայնագրով ամրագրւած՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի, ինչպէս նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մանդատի մասին: Չի խօսւում անգամ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման անհրաժեշտութեան մասին, ինչը հակասում է 2020 թւականի նոյեմբերի 19-ին Եւրոպական Միութեան անունից արւած յայտարարութեանը։

Կողմերը խուսափել են անգամ «Լեռնային Ղարաբաղ» եւ «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ» եզրոյթներից: Փոխարէնն օգտագործւել է «Ղարաբաղի էթնիկ հայկական բնակչութիւն» ձեւակերպումը եւ խօսւել է Ղարաբաղի հայերի անվտանգութեան եւ իրաւունքների մասին, որոնք պէտք է ապահովի Ադրբեջանը:

Սա նշանակում է, որ Ղարաբաղի հայերը, ըստ Փաշինեան-Ալիեւ համաձայնութեան, դիտարկւում են որպէս ազգային փոքրամասնութիւն Ադրբեջանի կազմում: Նոյնիսկ օգտագործւել է «Հայաստանի տարբեր շրջանների միջեւ Ադրբեջանի տարածքով տարանցման» եզրոյթը, ինչը եւս ծայրայեղ վտանգաւոր հետեւանքներ է առաջացնում, ընդհուպ Հայաստանի ինքնիշխանութեան, տարածքների նկատմամբ ադրբեջանական հերթական ապօրինի պահանջների հնարաւորութիւն:

Արձանագրելով, որ Նիկոլ Փաշինեանի վարած քաղաքականութիւնը դէմ է Հայաստանի ու Արցախի շահերին, սպառնում է մեր պետութեան գոյութեանն ու յանգեցնելու է Հայաստանի թրքացմանը, նպաստում է Արցախի հայաթափմանը՝

վերահաստատում ենք.

Նիկոլ Փաշինեանը լեգիտիմ չէ, չունի ՀՀ քաղաքացիների ու հայ ժողովրդի մանդատը՝ մեր երկիրը նոր զիջումների տանելու, թուրք-ադրբեջանական օրակարգը սպասարկելու համար: Իր հետ ձեռք բերւած պայմանաւորւածութիւնները չեն արտայայտում հայ ժողովրդի կարծիքը եւ առոչինչ են։

Արցախը որեւէ կարգավիճակով չի՛ կարող լինել Ադրբեջանի կազմում, Հայաստանի տարածքները չպէ՛տք է նւիրւեն Ադրբեջանին: Հայաստանի ու Ադրբեջանի յարաբերութիւնները չպէ՛տք է կարգաւորւեն ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքների ներքոյ: Ստեղծւած իրավիճակում լուծումը մէկն է՝ իշխանութիւնից հեռացնել պարտութեան խորհրդանիշ Նիկոլ Փաշինեանին եւ ձեւաւորել Ազգային համաձայնութեան նոր իշխանութիւն։

 

«Դիմադրութիւն» շարժում

Ֆրանսիայի հրապարակ

23.05.2022

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։