Հա

Քաղաքական

24/05/2022 - 11:50

«Եթէ Արցախի կարգավիճակի մասին չի խօսում հայկական կողմը, ինչո՞ւ ենք զարմանում, որ այդ մասին չի խօսում նաեւ Եվրոպան». Մետաքսէ Յակոբեան

168.am-ի հետ զրոյցում Արցախի Հանրապետութեան ԱԺ «Արդարութիւն» խմբակցութեան պատգամաւոր Մետաքսէ Յակոբեանն անդրադառնալով Շ. Միշէլի յայտարարութեանը, մասնաւորապէս այն կէտին, թէ «անհրաժեշտ է ապահովել Ղարաբաղի էթնիկ հայ բնակչութեան իրաւունքներն ու անվտանգութիւնը», նկատեց՝ այս ամէնը նշանակում է, որ հայկական կողմից բանակցող չկայ, իսկ Նիկոլ Փաշինեանը գնում է Բրիւսէլ եւ անում է այն, ինչ իրեն ասում են, այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող։

«alikonline.ir» - Մայիսի 23-ին Բրիւսէլում տեղի է ունեցել Եւոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Նիկոլ Փաշինեանի եւ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումը, որից յետոյ Շառլ Միշէլը հանդէս է եկել յայտարարութեամբ։

«Այսօր ընդունեցի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանին եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին։ Սա այս ձեւաչափով մեր երրորդ հանդիպումն էր։ Մենք կենտրոնացանք Հարաւային Կովկասի իրավիճակի եւ երկու երկրների, ինչպէս նաեւ աւելի լայն տարածաշրջանի հետ ԵՄ-ի յարաբերութիւնները զարգացնելու վրայ։ Քննարկումն անկեղծ եւ արդիւնաւէտ էր։ Մենք դիտարկեցինք հարցերի ողջ փաթեթը։ Մանրամասն քննարկել ենք հումանիտար հարցերը, այդ թւում՝ ականազերծման, պահւող անձանց ազատ արձակելու եւ անհետ կորած անձանց ճակատագիրը պարզելուն ուղղւած ջանքերը»,- ասւած է Միշէլի յայտարարութեան մէջ։

Նա նաեւ ներկայացրել է արդիւնքները, որոնց հասել են քննարկումների ժամանակ՝ ընդգծելով սահմանային հարցերը, հաղորդակցութիւնների բացման ոլորտները, ինչպէս նաեւ խաղաղութեան պայմանագիրը, որտեղ ասել է, որ երկու ղեկավարներին ասել է, որ «անհրաժեշտ է ապահովել Ղարաբաղի էթնիկ հայ բնակչութեան իրաւունքներն ու անվտանգութիւնը»:

168.am-ի հետ զրոյցում Արցախի Հանրապետութեան ԱԺ «Արդարութիւն» խմբակցութեան պատգամաւոր Մետաքսէ Յակոբեանն անդրադառնալով Շ. Միշէլի յայտարարութեանը, մասնաւորապէս այն կէտին, թէ «անհրաժեշտ է ապահովել Ղարաբաղի էթնիկ հայ բնակչութեան իրաւունքներն ու անվտանգութիւնը», նկատեց՝ այս ամէնը նշանակում է, որ հայկական կողմից բանակցող չկայ, իսկ Նիկոլ Փաշինեանը գնում է Բրիւսէլ եւ անում է այն, ինչ իրեն ասում են, այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող։

«Իբր մեր շահերից բխող 6 կէտերը, որտեղ իրականում մեր շահերից բխող որեւէ բան չեմ տեսել, այդպէս էլ Ադրբեջանը չընդունեց, եւ բանակցութիւնները մնաց Բաքւի առաջարկած 5 կէտերի վրայ։ Եթէ Արցախի կարգավիճակի մասին չի խօսում հայկական կողմը, ինչո՞ւ ենք զարմանում, որ այդ մասին չի խօսում նաեւ Եւրոպան։

Յիշեցնեմ, որ ապրիլի 13-ին Նիկոլ Փաշինեանն ԱԺ դահլիճում յայտարարեց, որ եթէ նախկինում կարգավիճակից էր բխում անվտանգութիւնը, ապա այժմ անվտանգութիւնից պէտք է բխի կարգավիճակը։ Սա հեշտ կարելի է վերծանել եւ ասել, որ դա նշանակում է՝ պայմանաւորւում են, որ այս մարդկանց չեն կոտորում, տալիս են լեզւի ու գրականութեան իրաւունք, ապրելու, եկեղեցի ունենալու իրաւունք, այսինքն՝ ամէն ինչ տանում են դրան։ Հայկական կողմն էլ ոգեւորութեամբ խօսում է, որ դա շատ լաւ բան է, հետեւաբար՝ մենք ինչու ենք զարմանում»,- նշեց Մետաքսէ Յակոբեանը։

Ըստ պատգամաւորի, եթէ նման բան տեղի ունենայ, ապա Արցախում կը լինի այն իրավիճակը, ինչ եղել է նախորդ դարի սկզբին՝ ընդհուպ մինչեւ 1991 թւականը, երբ Արցախը բռնակցւած էր Ադրբեջանին։ Այդ ժամանակ էլ Արցախում հայերն ապրելու իրաւունք ունէին, բայց ինքնավար մարզի կարգավիճակում։

«Հիմա ինքնավար մարզի կարգավիճակ էլ չեն տայ, ուղղակի Ադրբեջանի կազմում հայերը կարող են ապրել, որը, բնականաբար, տրամաբանութիւնից դուրս է, ֆանտաստիկա է ու անհնարին, որովհետեւ այդ դէպքում որեւէ արցախցի ուղղակի չի ապրի Արցախում։ Սա հաշւի առնելով, պէտք է ընդդիմութեան շարժումն աւելի մեծանայ, եւ ձեռնարկւեն այլ քայլեր՝ այս ամէնը կանխելու համար։

Ի դէպ, նման նախադէպ այլ երկրներում եղել է, երբ գերտէրութիւնները կարողացել են հասնել այն նպատակներին, ինչին ձգտել են։ Եթէ չեմ սխալւում, նման նախադէպ եղել է Պաղեստինում, երբ երկիրն ուղղակի զրկւում է բանակ ունենալու իրաւունքից եւ այլ իրաւունքներից։

Այն գործընթացը, որը հիմա մեծ թափով առաջ են տանում, մաքսիմում, եթէ մենք յաջողութեան չհասնենք, ապա իրենք 2-3 ամսում կը հասնեն յաջողութեան»,- ընդգծեց Մետաքսէ Յակոբեանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ Եւրոպայի խորհրդի նախագահի դիրքորոշումներում որեւէ հայանպաստ բան չի տեսնում, եւ Եւրոպայի խորհրդի նախագահի ակտիւութիւնը պայմանաւորւած է Ռուսաստանին «պատժելու» հետ։ Նրա խօսքով՝ նրանք օգտագործում են այս առիթը՝ Ռուսաստանին խաղից հանելու համար, ինչին նպաստում է նաեւ Հայաստանի ղեկավարութիւնը։

Ինչ վերաբերում է ստեղծւած իրավիճակում հայութեան անելիքներին, Մետաքսէ Յակոբեանը շեշտեց, որ Հայաստանում առողջ ուժերը եւ Արցախում գրեթէ բոլոր քաղաքական ուժերն արդէն իրենց դիրքորոշումն արտայայտել են։

«Այն, ինչ Նիկոլ Փաշինեանն ասել էր ապրիլի 13-ին ԱԺ-ում, նա նոյն բանը կրկնեց նաեւ Բրիւսէլում։ Պարզապէս ժամկէտների առումով մենք հասկացանք, որ մեզ աւելի քիչ ժամանակ է մնացել։ Մնացած բոլոր առումներով հիմա գործողութիւնները ժողովրդինն են, ժողովուրդը պէտք է ոտքի կանգնի, այստեղ այլեւս չկայ Հայաստան ու Արցախ, սա իւրաքանչիւրիս խնդիրն է։ Եթէ մենք միասնական չգործենք, ապա այս մարդը, որն ատում է հայութեանը, յաջողութեան է հասնելու»,- եզրափակեց Մետաքսէ Յակոբեանը։

 

Զւարթ Խաչատրեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։