Հա

Քաղաքական

24/05/2022 - 12:35

«Փաշինեանը որեւէ կարմիր գիծ չունի եւ որեւէ խնդիր չունի հաւատարմութեան երդում տալ մրցակից բեւեռներին, ստորագրել ամենատարբեր պայմանագրեր». Ալէն Ղեւոնդեան

Բրիւսէլեան հանդիպման արդիւնքների ու հետեւանքների մասին 168.am-ը զրուցել է քաղաքագէտ Ալէն Ղեւոնդեանի հետ:

«alikonline.ir» - Մայիսի 22-ին Բրիւսէլում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեանի, Եւրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշէլի եւ Ադրբեջանի Հանրապետութեան նախագահ Իլհամ Ալիեւի երրորդ եռակողմ հանդիպումը։

Հանդիպման արդիւնքների վերաբերեալ Եւրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշէլը հանդէս է եկել յայտարարութեամբ, ըստ որի՝ առաջիկայ օրերին Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տեղի կունենայ երկու երկրների սահմանային յանձնաժողովների առաջին համատեղ նիստը:

Յայտարարութեան մէջ չի յիշատակւում Արցախ կամ Լեռնային Ղարաբաղ եզրոյթը, ինքնորոշման իրաւունքը փոխարինւել է «էթնիկ հայ բնակչութեան իրաւունքներ ու անվտանգութիւն» տերմինով: Դրանք Շառլ Միշէլը կոչ է արել յարգել երկու կողմերին էլ: Պայմանաւորւածութիւններ են ձեռք բերւել Ադրբեջանի արեւմտեան մասը Նախիջեւանին կապող ճանապարհի սկզբունքների մասին: Յայտարարութեան մէջ չի յիշատակւում Ռուսաստանը եւ նրա միջնորդութեամբ արդէն իսկ ձեռք բերւած յայտարարութիւններն ու պայմանաւորւածութիւնները: Չի յիշատակւում նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագութեան մասին:

Բրիւսէլեան հանդիպման արդիւնքների ու հետեւանքների մասին 168.am-ը զրուցել է քաղաքագէտ Ալէն Ղեւոնդեանի հետ:

 

- Պարոն Ղեւոնդեան, Բրիւսէլում կայացած եռակողմ հանդիպումից յետոյ ի՞նչ ձեռքբերումներ կամ կորուստներ ենք արձանագրում Հայաստանի ու Արցախի համար:

- Ունենք մի իրավիճակ, որ այն, ինչ յայտարարւել էր Արցախի կարգավիճակի վերաբերեալ նշաձողի իջեցման մասին, յստակ արտացոլւեց բրիւսէլեան հանդիպումից յետոյ տարածած յայտարարութեան մէջ:

Խօսքն Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան շրջանակներում Ղարաբաղում ապրող հայերի անվտանգութեան եւ իրաւունքների ապահովման օրակարգի քննարկման մասին է, եւ յայտարարութեան մէջ խօսք չկար անկախութեան, ինքնորոշման իրաւունքի, կարգավիճակի յստակեցման մասին: Յայտարարութեան մէջ վտանգաւոր այլ կէտեր եւս կան:

Կոմունիկացիաների բացում հասկացութեան տակ մտցւեց Զանգեզուրի միջանցքի տրամադրման թէզը: Ներառւեցին Ադրբեջանի կողմից վերահսկւող տարածքներով հայերի տեղափոխման ձեւի, կարգի, մաքսատուրքերի վերաբեեալ դրոյթներ, որն այլ կերպ ասած՝ Հայաստանի տարածքում, այսպէս կոչւած, ադրբեջանական անկլաւների՝ Տիգրանաշէնի եւ Տաւուշի որոշ տարածքների մասին է:

Փաստացի կարող ենք արձանագրել, որ հայկական կողմը համաձայնել է եւ յանձնելու է դրանք, որոնք գտնւում են Հայաստանի ռազմավարական ուղիների վրայ, իսկ Ադրբեջանն այնտեղ վստահաբար դնելու է անցակէտեր եւ սահմանելու է մաքսատուրքեր: Ադրբեջանը հասել է նրան, որ Զանգեզուրի միջանցքի եւ Հայաստանի ներսում Հայաստանի քաղաքացիների տեղափոխման ժամանակ գանձւող մաքսատուրքերի եւ հաւանաբար նաեւ կարգավիճակի մասով ունեն համահաւասարեցւած կարգավիճակ:

Մենք տեսնում ենք մի իրավիճակ, որին հայկական կողմը, ի դէմս գործող վարչապետի, դէմ չէ, դեռ աւելին, կարողանում է ակտիւացնել Ադրբեջանի շահերի սպասարկման տիրոյթը: Փաստացի Բրիւսէլում քննարկել եւ համաձայնութեան են եկել «Զանգեզուրի միջանցք» կոչւած հակահայկական թէզի շուրջ: Հայաստանն այս համաձայնագրի արդիւնքում յայտնւելու է պատանդ-պետութեան կարգավիճակում, Արցախը, առհասարակ, Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան մաս է դառնալու, իսկ Արցախի հայ բնակչութեան մշակութային ինքնավարութիւնը ոչ այլ ինչ է, եթէ ոչ՝ հետագայում հնարաւոր ցեղասպանութիւն, էթնիկ բնաջնջում ապահովելու իրաւական անհրաժեշտ թէզ:

Եթէ պայմանաւորւածութիւնները կեանքի կոչւեն, յաջորդ օրն իսկ կունենանք Արցախի հայաթափում եւ Հայաստանի պատանդառութիւն Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից: Այսօր Հայաստանի գործող վարչապետը վաճաքի սեղանին է դրել Հայաստանի քաղաքական եւ ինքնիշխան ապագան եւ Արցախի ու արցախահայերի գոյութեան իրաւունքը: Այնպէս որ, երկրում օրախնդիր է գլխաւոր բանակցողից ազատւելը:

 

- Շառլ Միշէլը կոչ է արել երկու կողմերին յարգել էթնիկ հայերի անվտանգութիւնն ու իրաւունքները: Ինչո՞ւ այս հարցը չի քննարկւել, այլ միայն կոչի մակարդակով է եղել, եւ ինչո՞ւ է կոչն արւել նաեւ Հայաստանին:

- Առհասարակ այդ կոչերը դիւանագիտական տիրոյթում ընդունւած ձեւ են եւ, բնականաբար, ինչ-որ մէկն այդ կոչին չի հետեւելու: Դրանք ուղղակի հրապարակային վերաբերմունքի արտայայտման լեգիտիմ ձեւեր են, որ հետագայում յանկարծ մեղադրանքներ չհնչեն, թէ որեւէ մօտեցում չի ցուցաբերւել: Իսկ ինչո՞ւ նաեւ հայկական կողմին, որովհետեւ ինչո՞ւ մենք չենք մտածում, որ Ադրբեջանը պատրաստւում է մի շարք, այսպէս կոչւած, տեղահանւած ադրբեջանցիների վերադարձնել էն տարածքները կամ «անկլաւները», որոնք իրենք համարում են իրենցը: Սա պէտք է դիտարկել նաեւ այդ կոնտեքստում, որ վաղն ադրբեջանական «խաղաղ բնակչութիւն» կարող է վերադառնալ Հայաստան: Այնպէս որ, հետագայ պրոցեսների ընթացքին կարելի է հասկանալ, թէ այդ կոչն առաւել շատ որ կողմին էր ուղղւած, եւ ով էր հասցէատէրը:

 

- Պարոն Ղեւոնդեան, երբ նշւում է, որ սահմանային յանձնաժողովների առաջին համատեղ նիստը կայանալու է միջպետական սահմանին, եւ ոչ թէ որեւէ միջնորդ երկրում, ապա կարելի է հասկանալ, որ սահմանազատման ու սահմանագծման գործընթացից դուրս են մնում Ռուսաստանի ձեռքի տակ եղած քարտէզները:

- Նախ պէտք է արձանագրել, որ Եւրոմիութիւնն ու ԱՄՆ-ը կամ հաւաքական արեւմուտքը վաղուց ակտիւ մրցակցութեան մէջ են այս գործընթացում, այնպէս որ՝ Եւրոպական խորհրդի նախագահի յայտարարութիւնը պէտք է դիտարկել նախաձեռնութիւնը Ռուսաստանից վերցնելու եւ սեփական միջոցներով խնդիրները լուծելու եւ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու համատեքստում: Այո, փորձում են խնդիրը ձեւակերպել, իբրեւ հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ իրենց աշխարհագրական տարածքում տեղի ունեցող գործընթաց է, եւ երրորդ կողմը՝ այս դէպքում Ռուսաստանը, չպէտք է խոչընդոտի: Ռուսաստանը, գոնէ այս պահին, շահագրգիռ չէ գործընթացի ակտիւացմամբ, եւ մենք նոյնպէս չպէտք է շտապենք, որովհետեւ այն, ինչ տեղի է ունենալու սահմանագծման եւ սահմանազատման գործընթացում, որեւէ կերպ Հայաստանի շահերից չի բխում: Ինչ վերաբերում է քարտէզներին, ապա պարզ չէ, թէ այդ սահմանազատումն ու սահմանագծումն ինչ սկզբունքներով են արւելու, որովհետեւ մինչ օրս հայկական կողմի համար կարծես թէ լիովին լեգիտիմ հիմք են եղել ադրբեջանի ներկայացրած GPS-ներով քարտէզները:

 

- Պարոն Ղեւոնդեան, կարծում էք՝ Նիկոլ Փաշինեանն ակամայի՞ց է ընկել այս ծուղակը, երբ Բրիւսէլում համաձայնում է Արեւմուտքի առաջ քաշած պայմաններին, իսկ Մոսկւայում՝ Ռուսաստանի:

- Չեմ կարծում, որ դա ծուղակ է, դա աւելի շուտ գործելաձեւ է, որի հիմնական նպատակը մէկն է՝ կարողանալ որոշակի երաշխիքներ ստանալ Հայաստանում իշխանութիւնը պահելու համար: Նիկոլ Փաշինեանը որեւէ կարմիր գիծ չունի եւ որեւէ խնդիր չունի հաւատարմութեան երդում տալ մրցակից բեւեռներին, ստորագրել ամենատարբեր պայմանագրեր, հետագայում դրանցից հրաժարւել: Նա կարող է խոստումներ տալ Եւրոմիութեանը, յետոյ նոյնը խոստանալ Ռուսաստանին, Թուրքիային, ԱՄՆ-ին, անգամ Սոմալիին: Վերջին տարիներին նրա յայտարարութիւններն ու արտաքին քաղաքականութիւնը դրա վառ ապացոյցն են: Այո, Նիկոլ Փաշինեանը երկիրը դրել է զոհասեղանին, միայն թէ կարողանայ արտաքին խաղացողների մօտ ապահովել որոշակի կոնսենսուս, որ իրեն փոխարինելը նպատակայարմար չէ: Այս համատեքստում էլ կարելի է դիտարկել Հայաստանում ԱՄՆ դեսպանի վերջին յայտարարութիւնը, ըստ որի՝ Հայաստանի գործող իշխանութիւնն իրենց համար ընկալելի եւ ընդունելի է, հետեւաբար՝ իրենք կողմ են, որ Հայաստանը գնայ լիարժէք եւ համապարփակ զիջումների:

 

- Ռուսաստանը կը հաշտւի՞ իրավիճակի հետ, սպասե՞լ որոշակի ուղերձների Ռուսաստանի կողմից, մինչեւ Փաշինեան-Ալիեւ-Միշէլ եռակողմ չորրորդ հանդիպումը, որը նախատեսւած է յուլիս-օգոստոս ամիսներին:

- Բոլորին թւում է, թէ, ռուս-ուկրայինական ճգնաժամով պայմանաւորւած, Ռուսաստանը չունի անհրաժեշտ դիմադրութեան ներուժ եւ ներգրաււածութեան հնարաւորութիւն: Նման տեսակէտ ունի նաեւ Ադրբեջանի ղեկավարը, որը սովորաբար աւելի զուսպ ու հաշւենկատ է իրեն պահում, քան Հայաստանի ղեկավարը: Բայց Ռուսաստանը մրցակցութեան այս դաշտում դիրքերը չի զիջելու: Թէ ինչ ճանապարհով կը հակադարձի կամ նոր նախաձեռնութիւններով ու ճնշումներով կը կարողանայ շարունակել իր սկսած գործընթացը, կը տեսնենք առաջիկայում: Ռուսաստանը, ի վերջոյ, պայքարում է ոչ թէ Ուկրայինայի դէմ, այլ հաւաքական արեւմուտքի ռազմատեխնիկական ներուժի եւ տնտեսական պատժամիջոցների դէմ: Այնպէս որ, քաղաքական առաջիկայ զարգացումները կուրւագծեն, թէ Ռուսաստանն ինչ չափով է ներգրաււած այս մրցակցութեան մէջ, որովհետեւ շատ լաւ հասկանում է, որ անդառնալիութեան շեմից յետոյ, իսկ դա Արցախի կորուստն է, չի լինի նաեւ Սիւնիքը: Հետագայում Ռուսաստանի առաջ կը դրւի նաեւ Հայաստանից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցը, որը բաւականին իրատեսական է, եթէ հայ-թուրքական յարաբերութիւնները զարգանան արեւմտեան սցենարով, իսկ Հայաստանը կարծես այդ սցենարի տակ իր ստորագրութիւնն արդէն դրել է:

 

Աննա Դեմիրճեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։