«Դիմադրութիւն» շարժման շրջափակած՝ Արտգործնախարարութեան շէնք մտած ԱԺ ընդդիմադիր պատգամաւորներ Արթուր Խաչատրեանին, Աշոտ Սիմոնեանին, Քրիստինէ Վարդանեանին, Արամ Վարդեւանեանին, Աննա Գրիգորեանին, Թադէոս Աւետիսեանին եւ այլոց ընդունեց արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարեանը, ով ընդգրկւած է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգութեան հարցերով յանձնաժողովի կազմում:
«alikonline.ir» - «Դիմադրութիւն» շարժման շրջափակած՝ Արտգործնախարարութեան շէնք մտած ԱԺ ընդդիմադիր պատգամաւորներ Արթուր Խաչատրեանին, Աշոտ Սիմոնեանին, Քրիստինէ Վարդանեանին, Արամ Վարդեւանեանին, Աննա Գրիգորեանին, Թադէոս Աւետիսեանին եւ այլոց ընդունեց արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարեանը, ով ընդգրկւած է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգութեան հարցերով յանձնաժողովի կազմում՝ յայտնում է Yerkir.am-ը։
«Այդ թղթի կտորը, որով ինքը համաձայնել է՝ դաւաճանութիւն է ազգի նկատմամբ. ինքը պիտի կորի գնայ, որպէսզի այս երկիրը չընկնի այն փոսը, որն ինքը փորել է»,-փոխարտգործնախարարին ասաց Արթուր Խաչատրեանը։
Թադէոս Աւետիսեանը նրան առաջարկեց Արցախի փոքրիկ դրօշը, ինչը Մնացական Սաֆարեանը փակցրեց հագուստին՝ ասելով, որ, կա՞յ ԱԳՆ-ում մի աշխատակից, ով կարող է յայտարարել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։
«Դուք այս ճգնաժամը մէկ նախադասութեամբ կարող էք յաղթահարել, պէտք է միայն ասէք այդ պարզ նախադասութիւնը՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»,- ասաց պատգամաւոր, ՀՅԴ անդամ Քրիստինէ Վարդանեանը։
Արամ Վարդեւանեանը յաւելեց, որ Քրիստինէի բառերը 1992 թ. Գերագոյն խորհրդի որոշմամբ իրաւական ուժ ունեցող բառացի մէջբերում են, ոչ թէ կարծիք, եւ դրան հետեւելը ՀՀ ԱԳՆ-ի ուղղակի պատականութիւնն է։
Փոխարտգործնախարարին նաեւ հարցրին՝ Ալիեւն ու Էրդողանն իրար հետ զրուցելով ասել են, որ Սիւնիքի միջանցքը լինելու է․ լինելո՞ւ է, թէ՞ չի լինելու։
«Դուք լսել էք ԱԳՆ յայտարարութիւնները, ես լսեցի ձեր մեսիջները եւ կարծիքները»,- պատասխանեց Մնացական Սաֆարեանը։
ԱԺ պատգամաւորները դուրս եկան Սաֆարեանի աշխատասենեակից եւ յայտարարեցին, որ նախարարի տեղակալը այդպէս էլ չարտասանեց «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» արտայայտութիւնը։
Մինչ այդ ԱԳՆ շէնքի պատուհաններից ընդդիմադիր պատգամաւորները ողջունեցին նախարարութեան շէնքը ժամեր շարունակ շրջափակած քաղաքացիներին, որոնք էլ արձագանգեցին․ «Պայքար, պայքար, պայքար»։