Արցախի ժողովրդի եւ իշխանութիւնների հաւաքական դիրքորոշումը ներկայացւել է ս.թ. ապրիլի 14-ի Ազգային ժողովի յայտարարութեամբ` վերահաստատելով, որ միջազգային հարթակներում ընթացող քննարկումների ու բանակցութիւնների օրակարգերը մեզ համար ընդունելի են միայն վերոնշեալ յայտարարութեամբ ազդարարւած դրոյթների հետ համադրելիութեան դէպքում:
Արցախի ժողովրդի եւ իշխանութիւնների հաւաքական դիրքորոշումը ներկայացւել է ս.թ. ապրիլի 14-ի Ազգային ժողովի յայտարարութեամբ` վերահաստատելով, որ միջազգային հարթակներում ընթացող քննարկումների ու բանակցութիւնների օրակարգերը մեզ համար ընդունելի են միայն վերոնշեալ յայտարարութեամբ ազդարարւած դրոյթների հետ համադրելիութեան դէպքում:
Բրիւսէլում վերջերս կայացած եռակողմ հանդիպման արդիւնքները ներկայացնող Շառլ Միշէլի յայտարարութիւնը տարակուսանքի տեղիք է տալիս ղարաբաղեան հիմնախնդրի կարգաւորման էութիւնը նենգափոխելու եւ 30-ամեայ բանակցային գործընթացում կուտակած ժառանգութիւնը խեղաթիւրելու տեսանկիւնից: Առաջին անգամ բանակցային խօսոյթում փորձ է արւում հրաժարւելու «Լեռնային Ղարաբաղ» քաղաքական եւ աշխարհագրական հասկացութիւնից, եւ շրջանառութեան մէջ է դրւում «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչութիւն» բառակապակցութիւնը: Այս ամէնը լիովին համահունչ է Բրիւսէլի հանդիպումից առաջ եւ, ընդհանրապէս, վերջին շրջանում Ադրբեջանի վարչախմբի կողմից տարածւող թէզերին ու վկայում է Հայաստանի գործող իշխանութիւնների արտաքին քաղաքական ուղեգծի նահանջի մասին:
Եւրոպայի խորհրդի նախագահ դերակատարութիւնը արագացւած տեմպերով Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ «խաղաղութեան դարաշրջան» բացելու գործում կարելի էր հասկանալ, եթէ նոյնպիսի հետեւողականութեամբ արձագանքւէր 2020թ. սեպտեմբերին Արցախի Հանրապետութեան ժողովրդի դէմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային: Անվտանգութեան ու իրաւունքների պաշտպանութեան մասին շեշտադրումը 44–օրեայ պատերազմի ընթացքում ինչ-որ չափով ընկալելի կարող էր լինել իր ինքնիշխանութիւնը պաշտպանող Արցախի ժողովրդի համար:
Ստեղծւած պայմաններում Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւնները պարտաւոր են առաջնորդւել բացառապէս Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքը միջազգային ատեաններում առաջ տանելու եւ պաշտպանելու դիրքորոշմամբ՝ հիմք ընդունելով 1992թ. յուլիսի 8-ի ՀՀ Գերագոյն խորհրդի որոշումը՝ համաձայն որի «Հայաստանի համար անընդունելի է համարւում միջազգային կամ ներպետական ամէն փաստաթուղթ, որտեղ ԼՂՀ-ն նշւած կը լինի Ադրբեջանի կազմում»:
Ե´ւ Արցախում, ե՛ւ Հայաստանում գործող իշխանութիւնների համար առաջնահերթ պէտք է լինեն հայկական երկու հանրապետութիւնների կազմաւորման մասին հռչակագրերը, 1991թ. սեպտեմբերի 2-ի որոշմամբ ու 1991թ. դեկտեմբերի 10-ի անկախութեան հանրաքւէով ամրագրւած արժէքները: Որեւէ պաշտօնեայ, որեւէ քաղաքական ուժ լիազօրւած չէ առանձնաբար որոշել հայրենիքի ապագան, որի կերտման համար մեր ժողովրդի հազարաւոր զաւակներ չեն խնայել իրենց կեանքը:
Մենք գտնւում ենք պատմական որոշումներ կայացնելու հրամայականի առջեւ, եւ ոչ ոք չի կարող խուսափել սերունդների առաջ պատասխանատւութիւն կրելուց:
ք. Ստեփանակերտ
24 մայիսի, 2022թ. «Ազատ Հայրենիք –ՔՄԴ»
«Արդարութիւն»
«Հայ յեղափոխական դաշնակցութիւն»
«Արցախի ժողովրդավարական կուսակցութիւն»