Հա

Քաղաքական

25/05/2022 - 12:40

«Այս թրքաբարոյ իշխանութիւններին պէտք է տուն ուղարկել, այլապէս կորցնելու ենք Արցախն ու Հայաստանը». Արթուր Մոսիեան

ArmDaily.am-ի զրուցակիցն է Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի «Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն» խմբակցութեան ղեկավար Արթուր Մոսիեանը։

«alikonline.ir» - ArmDaily.am-ի զրուցակիցն է Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի «Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն» խմբակցութեան ղեկավար Արթուր Մոսիեանը։

 - Բրիւսէլում օրերս կայացաւ Փաշինեան-Միշէլ-Ալիեւ հանդիպումը։ Հանդիպումից յետոյ Եւրոպական խորհրդի նախագահը յայտարարութիւն տարածեց, որում առկայ կէտերը խոր մտահոգութիւն են առաջացրել քաղաքական եւ հասարակական շրջանակներում։



- Ձեզ համար որո՞նք են վերջին հանդիպումից յետոյ հնչած յայտարարութեան ամենամտահոգիչ կէտերը։

- Բոլոր կէտերն էլ մտահոգող էին։ Մենք, որ ասում ենք Նիկոլ Փաշինեանը եւ իր խմբակը եկել են իշխանութեան՝ Հայաստանը մաս-մաս վաճառելու, Արցախի դատից հրաժարւելու, մարդիկ ասում էին՝ էդ ի՞նչ էք ասում։ Հիմա նոյնը Շառլ Միշէլը կրկնեց՝ Լեռնային Ղարաբաղ էլ չի օգտագործում։ Ալիեւն ասում է Լեռնային Ղարաբաղ չկայ՝ կայ Ղարաբաղի ռեգիոն, Շառլ Միշէլը խօսում է Ղարաբաղի ռեգիոնի հայ բնակչութեան անվտանգութեան մասին։ Այսինքն՝ այս մարդիկ հրաժարւել են կարգավիճակից։ Նիկոլը Փաշինեանը եւ իր վարչախումբը հրաժարւում են Արցախի քաղաքական կարգավիճակի մասին հարցը բարձրացնելուց։ Դրանից բացի, նոյնը վերաբերում է Սիւնիքի մեր ճանապարհներին, այսինքն՝ Շառլ Միշէլը փաստօրէն աւելի դիւանագիտական ձեւով ձեւակերպում է Ալիեւի ասածները։ Եւ Հայաստանի թրքաբարոյ իշխանութիւնները՝ ի դէմ Նիկոլ Փաշինեանի եւ իր խմբակի, սպասարկում են Ալիեւի եւ Թուրքիայի, Ադրբեջանի շահերը։ Մարդիկ պէտք է իլիւզիաներից կտրւեն՝ կատարւում է այն, ինչի համար իրենց բերել են իշխանութեան։

 

- Այս դէպքում հնարաւո՞ր է ազդել այս գործընթացների վրայ, միջազգային կոնսենսուս կա՞յ այդ հարցում։

- Չկայ միջազգային կոնսենսուս այս հարցի վերաբերեալ։ Կայ միջազգային կոնսենսուս` Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու հարցում։ Ե՛ւ եւրոպացիների, ե՛ւ ամերիկացիների համար միեւնոյն է՝ դա կը լինի Հայաստանի ոչնչացման կամ Հայաստանի տարածքների հաշւին, իրենց համար դա երկրորդական է։ Աշխարհաքաղաքական մեծ խաղ է կատարւում, Նիկոլ Փաշինեանն ու իր խմբակը Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերը սպասարկելով՝ հետապնդում են նաեւ այդ նպատակը։

 

- Ինչպէ՞ս էք գնահատում խորհրդարանական ընդդիմութեան գործողութիւնները։ Արդեօք խաղաղ հաւաքների օրակարգը համապատասխանո՞ւմ է տեղի ունեցող գործընթացներին։

- Խաղաղ անհնազանդութեան ակցիաները համապատասխանում են առայժմ այս օրակարգին, պարզապէս պէտք է աւելի շատ մարդ հաւաքւի եւ այս թրքաբարոյ իշխանութիւններին ուղարկեն տուն։ Այլապէս մենք կորցնելու ենք ե՛ւ Արցախը, ե՛ւ Հայաստանը։

 

- Իսկ մինչեւ անհրաժեշտ քանակի մարդ հաւաքւելը վտանգ չկա՞յ, որ ամէն ինչ արդէն աւարտին կը հասցւի։

- Նիկոլ Փաշինեանը ինչպէս Հայաստանում իշխանութիւն չունի, այնպէս էլ ժողովրդի մանդատը չունի։ Նիկոլ Փաշինեանը անգամ ընտրութիւնների ժամանակ, երբ ասում է, որ ստացել է ժողովրդի մանդատը՝ խաբել է այդ նոյն ժողովրդին, իր նախընտրական ծրագրում ինքը մանդատ չունէր Արցախը յանձնելու, ինքը խօսել էր Արցախի քաղաքական կարգավիճակի մասին։ Հիմա ինչպէս իր բոլոր խոստումները, հերթական անգամ խաբում է ժողովրդին, մանիպուլացնում է եւ դա նոյն տեմպով շարունակում է։

 

- Այս պարագայում Արցախի բնակչութիւնը կամ Արցախի իշխանութիւններն ի՞նչ կարող են անել։

- Այստեղ, դժբախտաբար իհարկէ, արցախցին անելու բան ունի։ Ե՛ւ արցախցին, ե՛ւ Արցախի իշխանութիւնները իրենց կեցւածքն արդէն ասել են՝ յայտնի յայտարարութիւնը բոլոր քաղաքական ուժերի, որոնք Նիկոլ Փաշինեանի քաղաքականութիւնը բանակցային գործընթացում հռչակել էին որպէս աղէտալի։ Եւ այս հարցում, որ Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի մաս, թէ՛ Արցախի իշխանութիւնների, թէ՛ Արցախի ժողովրդի միջեւ մեծ կոնսենսուս գոյութիւն ունի, նրանք միակարծիք են։ Եւ այդ իմաստով մենք մեր խօսքն ասել ենք ու յուսամ՝ շարունակելու ենք ասել։ Բայց, հաշւի առնելով, որ Արցախը միջազգային իրաւունքի սուբիեկտ չէ, իսկ Նիկոլ Փաշինեանը չի կատարում 1992 թւականի յունիսի Հայաստանի Գերագոյն խորհրդի որոշումը՝ գործող որոշումը, որը բացառում է, որ Հայաստանը ստորագրի փաստաթղթերի տակ, որը կենթադրի Արցախի՝ որեւէ ձեւով Ադրբեջանի կազմում յայտնւելը, այստեղ ե՛ւ օրէնքն է խախտում Նիկոլ Փաշինեանը, ե՛ւ Գերագոյն խորհրդի որոշումն է խախտում, ե՛ւ արցախահայութեան պահանջն է անտեսում։ Նոյնը վերաբերում է նաեւ Սիւնիքին, Գեղարքունիքին եւ այլն, եւ այլն։ Այսինքն՝ այս մարդը ազգակործան պատուհաս է եւ բերւել է իշխանութեան՝ այս դաւադիր պլանը իրագործելու համար, բայց դա իրեն չի յաջողւի, ո՛չ Հայաստանի, ո՛չ Արցախի եւ ո՛չ էլ Սփիւռքի ժողովուրդը դա իրեն թոյլ չի տայ։

 

- Այսինքն՝ Դուք հաւատո՞ւմ էք, որ իշխանափոխութիւն լինելու է։

- Իշխանափոխութիւն լինելու է. իշխանափոխութեան չլինելը նշանակում է Հայաստանի եւ Արցախի կործանում։

 

Հայկա Ալոյեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։