Print this page
25/05/2022 - 13:30

«Խորհրդարան վերադառնալու ենք բացառապէս մեր օրակարգով». Իշխան Սաղաթելեան

Երբ ինքը եւ իր պէս մի քանիսը պիտակավարումներ են անում, թող իմանան, որ ոստիկանական եւ անվտանգութեան ուժերի թիկունքում երկար թաքնւած մնալ չեն կարող. ոստիկանութիւնը շատ երկար չի կարող ապահովել իրենց տեղաշարժն ու մնացածը. այսօր, մայիսի 25-ին Բաղրամեան պողոտայում լրագրողների հետ զրոյցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթելեանը՝ անդրադառնալով նրան, որ ՔՊ-ական պատգամաւոր Վահագն Ալեքսանեանը իրենց կողմից ԱԳՆ շէնք մուտք գործելը եւ շէնքը շրջափակելը անւանել էր խուլիգանութիւն:

«alikonline.ir» - Երբ ինքը եւ իր պէս մի քանիսը պիտակավարումներ են անում, թող իմանան, որ ոստիկանական եւ անվտանգութեան ուժերի թիկունքում երկար թաքնւած մնալ չեն կարող. ոստիկանութիւնը շատ երկար չի կարող ապահովել իրենց տեղաշարժն ու մնացածը. այսօր, մայիսի 25-ին Բաղրամեան պողոտայում լրագրողների հետ զրոյցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթելեանը՝ անդրադառնալով նրան, որ ՔՊ-ական պատգամաւոր Վահագն Ալեքսանեանը իրենց կողմից ԱԳՆ շէնք մուտք գործելը եւ շէնքը շրջափակելը անւանել էր խուլիգանութիւն:

«Երբ յայտարարութիւններ են անում, պէտք է հասկանան, որ իշխանութիւնը յաւերժ չի եւ իւրաքանչիւրը իր արած յայտարարութիւնների, գործողութիւնների համար ուշ թէ շուտ պատասխան է տալու: Խուլիգանն իրենք են, որ երկիրը հետեւողականօրէն տանում են կործանման»,- ասաց նա:

Հարցին, թէ ինչ են անելու, եթէ չհասնեն Նիկոլ Փաշինեանի հրաժարականին, վերադառնալո՞ւ են խորհրդարան, Իշխան Սաղաթելեանը պատասխանեց. «Խորհրդարան վերադառնալու ենք բացառապէս մեր օրակարգով»:

Անդրադառնալով «Դիմադրութիւն» շարժման ունեցած ձեռքբերումներին, նա ասաց. «Եթէ այս շարժումը չլինէր, արդէն ամէն ինչ վերջացած կը լինէր: Երկրորդ, եթէ այս շարժումը չլինէր, վստահեցնում եմ ձեզ, առնւազն ժողովուրդը կարողացել է խախտել այն ժամանակացոյցը, որով օրւայ իշխանութիւնը պատրաստւում էր յանձնել երկիրը: Վերջին բրիւսէլեան հանդիպումը դրա վառ ապացոյցն է: Ես վստահ եմ, որ բանաւոր խոստումներում, ինչը նաեւ յայտարարւեց, դրան զուգահեռ Նիկոլը պարզապէս ժամանակ է խնդրել Ալիեւից եւ իր միւս գործընկերներից, որ հաշւի առնելով ՀՀ-ում իրավիճակը, յոյս ունենալով, որ մթնոլորտն ինչ-որ ձեւ կը թուլանայ կամ կը կարողանան կասեցնել: Այս իմաստով ժողովրդի արձանագրած ձեռքբերումն ակնյայտ են»:

Ըստ Սաղաթելեանի, ակնյայտ է, որ թուրք-ադրբեջանական դաշինքը շտապում է, որպէսզի պատերազմում ձեռք բերւած առաւելութիւնները դարձնի վերջնական ու դէ իւրէ. «Հասկանում են, երբ կորցնեն Հայաստանում Նիկոլ Փաշինեանին, այլեւս իրենց ծրագրերը չի իրականանայ»,- նշեց ընդդիմադիր գործիչը։

Ի. Սաղաթելեանը յայտարարեց, որ պէտք է աւելացնեն ճնշումները, բազմապատկեն ակցիաների ծաւալն ու այս իշխանութիւնը այլեւս չի կարողանայ դիմակայել. «Ակնյայտ է, որ ժողովուրդը ոտքի է կանգնել, գոյութիւն ունի դաւաճանական իշխանութեան հեռացման հանրային պահանջ։ Խնդիրն այն է, որ աջակիցներին դարձնենք մասնակից եւ ամէն առաւօտ այս փողոցային պայքարին նոր թափ տանք»,- ասաց նա։

«Նախագահականն ու ԱԽՔ-ն իրենց աշխատանքով նպաստում են այն կորուստներին, որը տեղի է ունենում»,- ասաց Իշխան Սաղաթելեանը։

«ՀՀ նախագահը որեւէ կերպ չի արձագանգում ազգադաւ ծրագրերին, որովհետեւ ինքն այս շէնքում յայտնւել է հէնց այդ նախապայմանով։ Յիշում էք, երբ կառավարութեան նիստում Նիկոլը յայտարարեց, որ մեզ պէտք է նախագահ, որը նաեւ կը կիսի մեր թիմի քաղաքական պատասխանատւութիւնը, որը նաեւ ասում էր Արարատ Միրզոյեանի պարագայում, ինքն իրեն շրջապատել է այն մարդկանցով, ովքեր պատրաստ են նպաստել այս հայրենադաւ ծրագրերին»,- յայտարարեց Սաղաթելեանը։

Անվտանգութեան խորհրդի քարտուղարը այն հիմնական պաշտօնեաներից է, նշեց նա, ով ամէն օր եւ ամէն կերպ հիմնաւորում է այն բոլոր զիջումները, որն իրենք պատրաստւում են իրականացնել։

«Մեր գործողութիւնների տրամաբանութիւնը շատ յստակ է՝ շրջափակել այս հաստատութիւնների շէնքերը եւ թոյլ չտալ իրենց աշխատանքը, որովհետեւ իրենք իրենց աշխատանքով նպաստում են այն կորուստներին, որը տեղի է ունենում»,- ասաց Իշխան Սաղաթելեանը։

 

Յարակից լուրեր