Նիկոլ Փաշինեանի հրաժարականը պահանջող եւ Հայաստանի ու Արցախի անվտանգութեամբ մտահոգ քաղաքացիները նախագահական նստավայրի մուտքերը բացելուց յետոյ երթով շարժւեցին Պռօշեան փողոցով։ Հասնելով Եւրոպական միութեան գրասենեակի մօտ ցուցարարներն սկսեցին վանկարկել՝ «ամօթ, ամօթ»։
«alikonline.ir» - Նիկոլ Փաշինեանի հրաժարականը պահանջող եւ Հայաստանի ու Արցախի անվտանգութեամբ մտահոգ քաղաքացիները նախագահական նստավայրի մուտքերը բացելուց յետոյ երթով շարժւեցին Պռօշեան փողոցով։ Հասնելով Եւրոպական միութեան գրասենեակի մօտ ցուցարարներն սկսեցին վանկարկել՝ «ամօթ, ամօթ»։ Գրում է News.am-ը:
«Դեսպանատունն այս ընթացքում, երբ մեր նկատմամբ բազմաթիւ ապօրինութիւններ են գործւել, մեր ընկերներից շատերն ապօրինի կալանաւորւած են, ոստիկանութեան աշխատակիցներն օրէնքն ամենակոպիտ ձեւով խախտել են, իրենք լուռ են։ Արդեօ՞ք սա է ժողովրդավարութիւնը։ Արդեօ՞ք ժողովրդավարութիւնն այն է, որ երկրի թիւ մէկ պաշտօնեան միայն ոստիկանական պատնէշներով է շրջում։ Սա՞ է իրենց պատկերացրած ժողովորդավարութիւնը»,- դեսպանատան դիմաց յայտարարեց «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արամ Վարդեւանեանը:
Նա նշեց, որ իրենք իրենց հաւաքների ընթացքում ժողովրդավարութեան ամենակարեւոր սկզբունքն են արձանագրել՝ սեւեր ու սպիտակներ չեն լինելու, միասնականութիւն է լինելու, լինելու է իրական օրէնք, իրաւունք, ոստիկանապետութիւն չի լինելու։
«Մենք համոզւեցինք, որ եւրոպական, ամերիկեան այդ բոլոր արժէքները դա երկակի ստանդարտն է. կարող են անել ժողովրդավարութեան քննարկում ու ընդդիմադիր պատգամաւորներին ներս չթողնել։ Միակ ելքը վճռական գործողութիւնն է, չնահանջելը, չյոգնելն է ու պայքարը»,- ասաց Վարդեւանեանը։
Այնուհետեւ երթի ընթացքում քաղաքացիները նստեցին փողոցի մէջտեղում՝ կաթւածահար անելով երթեւկութիւնը։ Ոստիկանութիւնը խնդրում է քաղաքացիներին դուրս գալ երթեւեկելի հատւածից, կատարել ոստիկանութեան օրինական պահանջը։
Յիշեցնենք, որ վաղ առաւօտեան «Դիմադրութիւն» շարժման մասնակիցները Ֆրանսիայի հրապարակից երթով շարժւել են Բաղրամեան պողոտայ, որտեղ շրջափակել են նախագահական նստավայրը։
Նախօրէին «Դիմադրութեան» շարժման երթը շրջափակել էր ԱԳՆ բոլոր մուտքերը եւ դրանք փակ պահել մի քանի ժամ, իսկ երեկոյեան հանրահաւաք էր տեղի ունեցել Սասունցի Դաւթի արձանի մօտ: