Print this page
31/05/2022 - 15:10

Հայկական արբանեա՞կ թէ քարոզչական դոպինգ

Մայիս 26-ի կառավարութեան նիստում վարչապետը յայտարարեց, որ «Հայաստանը տիեզերք է արձակել իր առաջին արբանեակը»: Սոյն յայտարարութիւնը ցանկացած հայի համար ուրախութեան եւ հպարտութեան առիթ է հանդիսանում առաջին պահին, սակայն նկատի ունենալով «Փաշինեանական» գործօնի առկայութիւնը կամաց-կամաց խանդավառութեանը սկսեց փոխարինւել մի այլ յուսախաբութեան:

ԶԱՐԵՀ ԱՃԵՄԵԱՆ

 

Մայիս 26-ի կառավարութեան նիստում վարչապետը յայտարարեց, որ «Հայաստանը տիեզերք է արձակել իր առաջին արբանեակը»: Սոյն յայտարարութիւնը ցանկացած հայի համար ուրախութեան եւ հպարտութեան առիթ է հանդիսանում առաջին պահին, սակայն նկատի ունենալով «Փաշինեանական» գործօնի առկայութիւնը կամաց-կամաց խանդավառութեանը սկսեց փոխարինւել մի այլ յուսախաբութեան:

Իրողութիւնն այն է, որ բացի «Ազատութիւն», «Սիվիլնէթ» գործակալութիւնները եւ նրանց հետեւող լրատւամիջոցները, ոչ ոք լուրջի չառաւ վարչապետի յայտարարութիւնը:

Ընդդիմութեան լրատւամիջոցների կողմից լռութիւնը ընկալւեց իբրեւ քաղաքական հաշւարկներով երկրի յաջողութիւնները անտեսելու փորձ: Մի քանի օրւայ ընթացքում սակայն, ցանկացած կենսացիրն լուրի պէս սկսում են պարզւել հարցի իրական կողմերը:

Ահա թէ ինչ են փաստացի իրողութիւնները՝

1. Վարչապետի յայտարարութիւնը մնաց միմիայն կառավարութեան նիստի յայտարարութիւնների սահմաններում եւ վարչապետի կայքում: ՀՀ կառավարութիւնը իր կայքում ոչ միայն իբրեւ լուր չի անդրադարձել վարչապետի «այսքան կարեւոր» յայտարարութեանը, այլ նաեւ իր պաշտօնական յայտարարութիւնների բաժնում ոչ մի յայտարարութիւն չի կատարուել այդ կապակցութեամբ:

2. ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդիւնաբերութեան նախարարութեան պաշտօնական կայքում անգամ ոչ մի տեղեկատւութիւն չկայ արբանեակի մասին, մինչ վարչապետի համաձայն նախարարը ներկայ է եղել հրթիռի արձակման վայրում:

3. Նոյնն է պարագան ՀՀ ԱՄՆ դեսպանութեան կայքէջի վրայ, ուր ոչ մի յիշատակում չկայ Մակունցի հրթիռի արձակման վայրում ներկայ գտնւելու մասին, որի կապակցութեամբ նաեւ յայտարարեց վարչապետը կառավարութեան նիստում:

4. Իսկ Գիտութեան եւ… նախարարութեան կայքէջը մայիս 26-ի թւականով 17 լուրեր է հաղորդել, որոնցից ոչ մէկը չի վերաբերում Հայաստանի գիտատեխնոլոգիական բարձրագոյն նւաճումին, որն է սեփական արբանեակ ունենալը:

5. Համաձայն «Գուգըլ»-ի որոնման համակարգին երբ փնտրում ես Հայաստան եւ Արբանեակ բառերը անգլերէնով պարզւում է որ ոչ մի հեղինակութիւն ունեցող լրատւամիջոց մինչեւ անգամ փոքր կամ հեղինակութիւն չունեցող լրատւամիջոց որեւէ լրատւութիւն կամ ակնարկ չի կատարել «Հայկական արբանեակ»-ի մասին:

6. «Գուգըլ»-ի որոնման համակարգով նոյն անգլերէն բառերը որոնողների համար պարզւում է, որ հիմնականում միայն հետեւեալ լրատւամիջոցներն են, որոնք վարչապետի յայտարարութիւնը տարածել են իբրեւ լուր՝ «Ազատութիւն», «Սիվիլնէթ», «Ռադիօ ֆարդա» (Ազատութեան պարսկերէն ծրագիր), «Ասպարէզ» օրաթերթ, Հայաստանի Հանրային ռադիոյի կայքը, «Արմէնպրէս» եւ մի քանի այլ հայկական կայքեր, որոնք հիմնականում արտատպել են վերիններին:

7. «SpaceX»-ի կայքում ընկերութիւնը յայտարարել է, որ «Ֆալկոն-9» հրթիռը տիեզերք է հանել 59 ապարատներ, առանց նշելու Հայաստանի անունը:

8. Համաձայն Hetq.am կայքի ուսումնասիրութեան «այդ ապարատների թւում կան փոքր արբանեակներ, միկրոարբանեակներ, ուղեգծային տրանսպորտային միջոցներ եւ այլ օգտակար բեռ։ Spacenews.com-ն էլ գրել է, որ նշւած 59-ի մէջ իրենց ապարատներն ունեն տարբեր յայտնի ընկերութիւններ ու կազմակերպութիւններ՝ ամերիկեան ՆԱՍԱ-ն եւ «GeoOptics»-ը, որոնց համար փոքր արբանեակներ է արձակել նոյնպէս ամերիկեան «Terran Orbital»-ը, ինչպէս նաեւ ֆիննական «ICEEYE»-ը, արգենտինական «Satellogic»-ը եւ ամերիկեան «Spire»-ը, որոնց արբանեակներն ուղարկել է գերմանական «Exolaunch»-ը (59-ից 21-ը հէնց «Exolaunch»-ն է ուղարկել), արբանեակ է արձակել նաեւ ամերիկեան «HawkEye 360»-ը»։

9. «Հետք» կայքի ուսումնասիրութիւնից պարզւում է, որ Փաշինեանի յայտարարած Իսպանական «Satlantis» ընկերութեան յայտարարութեան մէջ եւս ոչ մի տեղեկատւութիւն չկայ Հայաստանի մասին: «Իսպանական ընկերութիւնն անդրադարձել է իր կողմից «Falcon 9»-ով արձակւած «Urdaneta» փոքր արբանեակին (CubeSat), որը Երկրի շուրջ պտտւելու է 530 կմ բարձրութեան վրայ։ Ըստ «Satlantis»-ի՝ «Urdaneta»-ն առաջին բասկեան արբանեակն է, որն ունակ է բարձր որակի (resolution: <2m) մուլտիսպեկտրալ լուսանկարներ ստանալ։ Հայաստանի արբանեակի մասին «Satlantis»-ը ոչինչ չի հաղորդել»։

10. Իսկ ո՞վ է վարչապետի նշած «Գեոկոսմոս» ՓԲԸ-ն, որ վարչապետի յայտարարութեան համաձայն իրականացրել է իսպանական ընկերութեան հետ համագործակցութիւնը: «Գեոկոսմոս» ՓԲԸ-ն ստեղծուել է 2017-ին։ Կարէն Կարապետեանի կառավարութիւնը որոշել էր նման ընկերութիւն հիմնել եւ բաժնետոմսերի կառավարումը վերապահել ՊՆ-ին։

11. Արբանեակի լուրը անմիջապէս կասկածի տակ դնողներից՝ փորձագէտ, լրագրող Նայիրի Յոխիկեանի կարծիքով՝ «չի բացառում, որ շաբաթներ անց կը պարզւի, որ տիեզերք թռածը ոչ թէ հայկական արբանեակ է, այլ որեւէ արբանեակի մէջ Հայաստանի համար նախատեսւած ծառայութիւն»։

12. Բիւրականի աստղադիտարանի տնօրէն Արեգ Միքայէլեանի կարծիքով արբանեակը հայկական կոչելու համար ամբողջ կառավարումը եւ տւեալների հասանելիութիւնը միմիայն Հայաստանը պէտք է ունենայ, որի մասին կասկածում է մասնագէտը-«Մեծ հաւանականութեամբ՝ ոչ: Այսինքն՝ դա շտապ յայտարարութիւն է… Հաւանաբար, ես, իհարկէ, դեռ չպնդեմ, եկէք առաջ չընկնենք, բայց չի կարող այդպէս յանկարծ, մէկ էլ միանգամից պարզւի՝ Հայաստանը արբանեակ ունի»,- յայտարարել է Միքայէլեանը:

Նկատի ունենալով վարչապետի կողմից անցնող տարիներին բազմիցս հնչած սուտերը եւ դրանց բացայայտւելը, լուրջ կասկածներ է առաջանում վարչապետի ամենավերջին աղմկալի յայտարարութեան հաւաստիութեան շուրջ: «Հայկական արբանեակ»-ն էլ թւում է լինել ընդամէնը հերթական մի այլ բեմադրութիւն խեղդւող վարչապետի հաշւած օրերը քարոզչական դոպինգով մի քանի օր երկարաձգելու համար:


Oragark.com

 

Յարակից լուրեր