Հա

Քաղաքական

01/06/2022 - 14:40

Իշխանութիւնները անէանում են

Թերեւս քիչ չեն այն հայերը, որոնք չեն ընկալել, թէ ինչ ուղղութեամբ են ընթանում Հայաստանի գործող իշխանութիւնները, սակայն, Հայաստանում եւ Սփիւռքում օրէցօր աւելացող, իրավիճակի օրահասականութիւնը համաչափ գնահատող քաղաքացիների պայքարը կարող է վերածւել իրական եւ խորքային փոփոխութիւնների տանող գործընթացի:

ՍԻՒՆԷ ՖԱՐՄԱՆԵԱՆ

 

Թերեւս քիչ չեն այն հայերը, որոնք չեն ընկալել, թէ ինչ ուղղութեամբ են ընթանում Հայաստանի գործող իշխանութիւնները, սակայն, Հայաստանում եւ Սփիւռքում օրէցօր աւելացող, իրավիճակի օրահասականութիւնը համաչափ գնահատող քաղաքացիների պայքարը կարող է վերածւել իրական եւ խորքային փոփոխութիւնների տանող գործընթացի:

Բազում հայեր միանալով, ինչպէս «Դիմադրութեան» շարժմանն, այնպէս էլ նմանօրինակ այլ նախաձեռնութիւններին, փորձում են կանգնեցնել եւ փոխել իշխանութիւնների համար ամենօրեայի վերածւած զիջումների ընթացքը. բացայայտող բնոյթի այդ վերջին նախաձեռնութիւններից «կողմ եմ»-ն էր, որն համայն հայութեանը կոչ էր անում՝ մէկ առ մէկ, դիրքորոշում արտայայտել հայութեան համար ճակատագրային թեմաների առնչութեամբ:

Այն, իրօ՛ք՝ կարեւոր գործընթացի տրամաբանական շարունակականութիւնը ապահովող որոշիչ օղակն է, որն իւրաքանչիւր հայի համար յանձնառութիւն է նախատեսում եւ որոնք անհրաժեշտ է վերահաստատեն Արցախի ժողովրդի իրաւունքների անսակարկելիութեան, Արցախն Ադրբեջանի կազմում յայտնւելու անհնարինութեան եւ հայութեան համար ճակատագրային կարեւոր թեմաների մասին, որոնց կիզակէտում պատասխանատւութեան ստանձման եւ դիրքորոշում արտայայտելու, լռութիւնը կոտրելու հարկադրանքն է:

Եւ, պատահականութիւն չէ, որ Հայաստանում ու ամենուր ընթացող ակցիաների ժամանակ յամառ դիմադրողներն այցելելով ՀՀ տարբեր գերատեսչութիւններ, հարցեր են ուղղում իշխանաւորներին այն մասին, թէ պատրաստ են արտաբերել զուտ հետեւեալ նախադասութիւնը՝ «Արցախը Ադրբեջանի կազմում չի լինելու»: Սա մասնաւորապէս՝ իշխանաւորներին ստիպում է առերեսւել սեփական սնանկ ԵՍ-ի հետ եւ՝ մերկանալ: Փողոցներ, համալսարաններ եւ ամենուր փնտրտուք է գնում: Մերկացման շքերթը մեկնարկած է: Կա՞ն արդեօք շնչաւոր ինչ-որ էակներ, որոնք կը խիզախեն արտաբերել՝ «Արցախը Ադրբեջանի կազմում չի լինելո՞ւ»-ն: Հնարաւո՞ր կը լինի գտնել նրանց, թէ՞ այդ շարքերում առհասարակ արդէն Արցախը մերժողներն են՝ «թրենդայինները», «հպարտները», ժամանակակից՝ «դուխովները»: Պատասխանը պարզ է ու կանխատեսելի:

Թերեւս, փաստացի չկան այդպիսիք եւ իշխանաւորները շարունակ խորշում են այդ բանաձեւից, իսկ անկեղծութիւն պահանջող գործընթացը ինքնախոստովանանքի առիթ լինելուց բացի, հայութեան համար ամբողջական իմաստով՝ լուսաւորչական բնոյթ է կրում իրական եւ խորքային փոփոխութիւնների տանելու առումով, որովհետեւ այն նախեւառաջ պահանջատիրութեան, հաշւետւողականութեան եւ արժեհամակարգի պայքար է, սեփական երկրին տէր կանգնելու, մասնաւորապէս՝ երիտասարդութեան համար, որոնք պահանջատէր մտածողութեան կրող են, որոնց համար Արցախը արժէք է, եւ որի կորստի ցաւն անցել է նրանց միջով, եւ որով նրանք ապրել, ինչու չէ նաեւ իմաստաւորել են սեփական ճանապարհը եւ որոնք դուրս են եկել անժամկէտ ու յարատեւ գործի եւ համակարգային պայքարի յանուն նախեւառաջ սեփական հայրենիքում փլուզւած արժեհամակարգի վերականգման:

Թէ ինչո՞ւ «Դիմադրութեան» շարժման փնտրտուքների արդիւնքով իշխանական պալատների շնչաւոր գոյացութիւնները կենդանութեան նշաններ չդրսեւորեցին եւ հրաժարւեցին նոյնիսկ լինել զուտ յուսադրող, ապա պարզ է եւ կրկնակի փաստում է նրանց անէացման միտման մասին, որովհետեւ յոյսը վերջինն է մեռնում: Իսկ նրանց մօտ այն փաստացի արդէն մեռել է:

Հետեւաբար, տրամագծօրէն կարելի է համարել, որ ՀՀ գործող իշխանութիւնների աւարտը հասել է: Եւ նրանց ջրի երես հանող խօսուն լռութիւնը վերածւել է հասարակութեան լոյս աշխարհ դուրս բերելու իրական գործընթացի մեկնարկի եւ աստիճանական վերականգման քայլերի, որոնք թէեւ հեշտ չեն, սակայն, իրագործելի: Քաղաքացիները մէկ առ մէկ սկսում են զարթնել, պատասխանատւութեան դրսեւորման նշոյլներ են ի յայտ գալիս, որոնք վերահաստատում են վերականգման պատրաստակամութիւնը:

Սակայն, վերջիվերջոյ, Արցախի ժողովուրդն ու արցախցու ինքնորոշման արդար իրաւունքը, սեփական ճակատագրին տէր կանգնելը, զուտ՝ հային պայքարակից դառնալը, թերեւս ոչ բոլորին ու ցանկացածին ընկալելի արժէք է. եթէ ոչ՝ վայելք:

Սա է առանցքը, որովհետեւ «Դիմադրութեան» շարժումն ու քաղաքացիների անկանոն եւ կանոնաւոր բողոքի ալիքները նաեւ քայքայւած էթիկական նորմերի վերադիրքաւորող, ուղղորդիչ շարժման դրսեւորումներ են: Սեփական ԵՍ-ի սահմանն ընդլայնելու յանուն հաւաքականութեան առաջ գնալու հաւաքական շահի համար ցանկալիից հրաժարւելու մասին:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։