Հա

Քաղաքական

02/06/2022 - 12:20

«Փաշինեանի իշխանութիւնն ուժեղ ճնշման տակ է Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից. կը գնայ համագործակցութեան». Արման Մելիքեան

168 TV-ի «Ռեւիւ» հաղորդաշարի եթերում տարածաշրջանային զարգացումների համատեքստում խօսելով Հայաստանի եւ Արցախի շուրջ ընթացող զարգացումների մասին, նման պնդում արեց ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան, Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքեանը:

«alikonline.ir» - Այսօր Արցախի ապագան կախւած է նրանից, թէ աշխարհաքաղաքական իրադարձութիւնների համատեքստում Հայաստանի իշխանութիւնն իրեն ինչպէ՞ս կը պահի, ուստի, հիմա խնդրայարոյց է այն, որ ընդամէնը իր իշխանութեան պահպանման մասին մտածող Փաշինեանի իշխանութիւնը Հայաստանի եւ Արցախի անվտանգութեան համար շատ կարճ ժամանակահատւածի կտրւածքով է կարողանում ինչ-որ բան անել, մինչդեռ, մենք կարիքն ունենք երկարաժամկէտ ռազմավարութիւնների։

168 TV-ի «Ռեւիւ» հաղորդաշարի եթերում տարածաշրջանային զարգացումների համատեքստում խօսելով Հայաստանի եւ Արցախի շուրջ ընթացող զարգացումների մասին, նման պնդում արեց ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան, Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքեանը:

«Հայաստանը դադարել է լինել Արցախի անվտանգութեան երաշխաւորը՝ ուժային առումով, ուստի հիմա շարունակում է իր միջազգային գործընկերների հետ բարձրացնել ընդամէնն Արցախի հետ փոխկապակցւած խնդիրներ։

Սա սպասելի էր, որովհետեւ Փաշինեանի կառավարութիւնն իր ծրագրում չէր էլ նախատեսում Արցախի տարածքային ամբողջականութեան անվերապահ պաշտպանութիւն, հետեւապէս, ի սկզբանէ Փաշինեանի Կառավարութիւնն այդ ծրագրով է եկել, եւ դա է պատճառը, որ Արցախի տարածքի պաշտպանութեան համար որեւէ քայլ չի կատարել, եւ տեսանելի էլ չէ, որ հիմա գոնէ մշակւած ծրագիր ունեն այս իրավիճակից դուրս գալու համար։

Աւելին, հիմա Փաշինեանի իշխանութիւնն ուժեղ արտաքին ճնշման տակ է Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից. չունի նաեւ ձեւակերպւած շահեր, ուստի կարող է, թերեւս, միայն ժամանակ շահել սահմանագծման եւ սահմանազատման անւան տակ»,- ասաց Արման Մելիքեանը՝ ընդգծելով, որ ժամանակն օգտագործելու եւ ռազմավարութիւն մշակելու փոխարէն, ՀՀ իշխանութիւնը խօսում է ընդամէնը Արցախին տրւող սոցիալական աջակցութեան ծրագրերի մասին:

«Ինչ ունեն, դրա մասին էլ խօսում են. չունեցած ռազմավարական ծրագրերի մասին ինչպէ՞ս կարող են խօսել։ Յատկապէս դատելով Բրիւսէլում եռակողմ հանդիպումից յետոյ Շառլ Միշէլի կողմից «Ղարաբաղի էթնիկ բնակչութեան իրաւունքների» մասին ասւածից, կարելի է ենթադրել՝ հիմա խօսքը գնում է Արցախի ինքնորոշման եւ ինքնիշխանութեան խնդիրը քաղաքական օրակարգից հանելու մասին։ Ուշագրաւ է, որ այս հարցի վերաբերեալ Եւրոպայի համար բացարձակ մէկ է, թէ Արցախն ի՞նչ կարգավիճակ կունենայ, Եւրոպան միայն շահագրգռւած է, որ ադրբեջանական նաւթն ու գազը Թուրքիայի տարածքով հասնեն իրենց, ու կարեւոր էլ չէ՝ Արցախը ո՞ր պետութեան կազմում կը լինի»,- ասաց Արցախի նախկին արտգործնախարարը։

Նրա փոխանցմամբ՝ Հայաստանն ու Արցախն այսօր յայտնւել են 92 թւականի վիճակից էլ վատ վիճակում՝ պատերազմի աղէտալի հետեւանքներով ու նաեւ նրանով, որ այժմ Հայաստանի իշխանութիւնները չեն էլ կարողանում Հայաստանի շահը ձեւակերպել ու առաջնորդւել դրանով։

«Այս իշխանութիւններն ունակ չեն Հայաստանի շահերը ոչ միայն ձեւակերպել, այլ նաեւ հետամուտ լինել դրանց. այս իշխանութիւնները կոլաբորացիոնիստներ են, որովհետեւ պարտւած են, ուստի հիմա պէտք է գնան համագործակցութեան՝ նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, եթէ, իհարկէ, դրա պահանջը լինի Մոսկւայի եւ Բրիւսէլի կողմից»,- ասաց Մելիքեանը՝ յաւելելով՝ Հայաստանն ինքնիշխանութիւնը կորցրած պետութիւն է, իսկ դա վերագտնելու համար ոչ ստանդարտ մօտեցումներ են պէտք, որը ո՛չ իշխանութիւնը, ո՛չ փողոցում հանրահաւաքներ իրականացնող ընդդիմադիր ուժերը չեն ցուցաբերում։

«Մինչդեռ ինքնիշխան լինելը բացառապէս մեր ազգային խնդիրն է, եւ որեւէ մէկը մեր փոխարէն դա չի անելու»,- ասաց Արցախի նախկին արտգործնախարարը։

 

Աղաւնի Սուքիասեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։