Հա

Քաղաքական

02/06/2022 - 12:25

«Ուրւագծւող ճգնաժամ. ԱԺ». «Այլընտրանքային նախագծեր» խումբ

Փողոցում առկայ լարւածութեան ֆոնին եւ կառավարման առկայ մոդելի պատճառով, երկրում ձեւաւորւում է նոր խոր ճգնաժամ։ Խօսքն Ազգային Ժողովի մասին է։ Այս մասին յայտարարութիւն է տարածել «Այլընտրանքային նախագծեր» խումբը:

«alikonline.ir» - Փողոցում առկայ լարւածութեան ֆոնին եւ կառավարման առկայ մոդելի պատճառով, երկրում ձեւաւորւում է նոր խոր ճգնաժամ։ Խօսքն Ազգային Ժողովի մասին է։ Այս մասին յայտարարութիւն է տարածել «Այլընտրանքային նախագծեր» խումբը:

Յայտարարութեան մէջ ասւում է.

«Ինչպէս փողոցի լարւածութիւնն այս պահին լուծում չունի, այնպէս էլ՝ ԱԺ-ի ճգնաժամը, եւ այնպէս էլ՝ նրանք, որ առաջիկայում անխուսափելիօրէն ի յայտ են գալու։ Հետեւաբար՝ էական փոփոխութիւնները երկրում գնալով դառնում են անայլընտրանք։ Ի՞նչ զարգացումներ են հնարաւոր ԱԺ-ում։

Ընդդիմադիրներին զրկել մանդատից

Իշխանութիւնը չի թաքցնում, որ քննարկում է մի մեծ խումբ ընդդիմադիր պատգամաւորների մանդատից զրկելու գաղափարը։ Սա, իհարկէ, կը լինի հակասահմանադրական, կը զրոյացնի գործող ԱԺ-ի լեգիտիմութիւնը, բայց դա չէ ամենաէականը. դա ուղղակի սրընթաց կարագացնի նոր ընտրութիւնների եւ նոր իշխանութեան ձեւաւորման պրոցեսը։ Կարծում եմ՝ իշխանութեան մէջ կան մարդիկ, որ սա հասկանում են, այդ պատճառով էլ դեռ որոշում չունեն։ Այնուամենայնիւ, եթէ իշխանութեան նեարդերը տեղի տւեցին, եւ նա գնաց նման քայլի, գոնէ մի քանի հոգու մանդատից զրկեց, ապա դրան անմիջապէս պէտք է հետեւի 2 ընդդիմադիր խմբակցութիւնների՝ այլեւս ԱԺ ոտք չդնելու որոշումը։ Սա բերելու է միակուսակցական ԱԺ-ի, որը մի քանի ամիս կարող է իներցիայով գոյութիւն ունենալ, բայց ամբողջական իշխանութեան ներքին եւ արտաքին ոչ լեգիտիմութիւնը դառնալու է այնքան ակնյայտ, որ առաջանալու է ներքին եւ արտաքին միասնական պահանջ՝ նոր իշխանութեան։

Ընդդիմադիրներին զրկել անձեռնմխելիութիւնից

Իշխանութիւնը կարող է գնալ նման քայլի՝ համարելով, որ սա նախորդ սցենարի աւելի ընդունելի տարբերակն է եւ պրոցեսները ճնշելու էֆեկտիւ ճանապարհ։ Կարող է մէկ կամ մի քանի հոգու զրկել անձեռնմխելիութիւնից եւ քրէական հետապնդում իրականացնել։

Ակնկալել, որ քաղաքական մեծամասնութիւնը կառարկի՝ մարդկային եւ անհատական գործօններով պայմանաւորւած, այս պահին անիմաստ է։ ՔՊ-ական մեծամասնութիւնը մէկ անգամ առանց վարանելու քւէարկել է Գ. Ծառուկեանի հարցով։ Երբ բոլորին պարզ էր, որ դա արհեստական, ծիծաղելի մեղադրանք էր, ուղղակի Ծառուկեանի յայտնի ելոյթին «արագ արձագանգ», միեւնոյն է, ոչինչ չխանգարեց գլխաւոր դատախազ Ա. Դաւթեանին՝ ոտնահարել սեփական մասնագիտական արժանապատւութիւնը եւ կատարել քաղաքական պատւէրը։ Իմքայլական խմբակցութիւնը գլուխը կախ քւէարկեց, ներառեալ՝ մարդիկ, որոնք Ծառուկեանին մարդկայնօրէն պարտական էին՝ կրթութեան, բուժման, աշխատանքի, կարիերային աճի, բնակարան ստանալու եւ այլ հարցերում։ Այնպէս որ հիմա ՔՊ-ական թիմից մարդկային կամ քաղաքացիական դիրքորոշում ակնկալելն անիմաստ է։ Կանեն՝ առանց աչք թարթելու։ Եթէ իշխանութիւնը գնայ նման քայլի, ապա ընդդիմութեան արձագանգը պէտք է լինի նախորդ տարբերակի պէս՝ անմիջապէս պէտք է հետեւի 2 ընդդիմադիր խմբակցութիւնների՝ այլեւս ԱԺ ոտք չդնելու որոշումը։ Սրան հետեւելու է իշխանութեան տոտալ ապալեգիտիմացումը, կառավարման ճգնաժամը, որն աւարտւելու է նոր իշխանութեան ձեւաւորմամբ։ Որեւէ պարագայում ընդդիմութիւնը չպէտք է հանդուրժի իր շարքերից մէկ կամ մի քանիսի հանդէպ հետապնդումները, «վճարի նրանցով», իսկ ինքը շարունակի «պայքարելով-աշխատել»։ Այստեղ կոմպրոմիսի տեղ չկայ. կա´մ բոլորով պինդ են, կա´մ բոլորով փլուզւում են։

Ընդդիմադիր խմբակցութիւնների քայլերը

Չի բացառւում, որ իշխանութիւնն աւելի գրագէտ որոշումներ կը կայացնի եւ ոչինչ էլ չանի՝ քայլ անելու, հետեւաբար՝ սխալւելու իրաւունքը թողնելով ընդդիմութեանը։ Այս պայմաններում ընդդիմութիւնը պէտք է անի շատ պարզ բան՝ տուրք չտայ մանդատները վայր դնելու էմոցիոնալ կոչերին։ Հիմա դրա ժամանակը չէ։ Բայց ընդդիմութիւնը չպէտք է նաեւ քննարկի ԱԺ-ում հանգիստ աշխատանքը վերականգնելու տարբերակը՝ այդպիսով զարգացնելով նախորդ սցենարների մոդիֆիկացւած տարբերակը։ Խորհրդարանական ընդդիմութիւնը պէտք է կենտրոնանայ փողոցի վրայ եւ հանրութեան հետ աշխատանքի, եւ նպաստի շարժման բովանդակային եւ կազմակերպչական վերափոխումներին։ Այստեղ կայ ահռելի չարւած գործ։ Եթէ գնաց այդպէս, ապա պրոցեսը յանգեցնելու է նոյն տրամաբանական աւարտին՝ նոր իշխանութեան ձեւաւորմանը։

Ընդդիմութեան համար կան սխալւելու հնարաւորութիւններ, թակարդներ, որոնցից ամէն կերպ պէտք է խուսափել։

Այս պահին շատ աւելի մեծ է իշխանութեան՝ սխալւելու հաւանականութիւնը։ Ամէն դէպքում, նոյնիսկ առանց ակնյայտ սխալների, իրավիճակը զարգանալու է լարւածութեան մեծացման ուղղութեամբ։ Երբ կայ օբիեկտիւ հիմքերով քաղաքական եւ պետական ճգնաժամ, որը որեւէ տրամաբանական, ընդունելի լուծում չի ստանում, ստեղծւում է կենսական անոմալիայի փուլ, որի պարագայում պարբերաբար, կողմերի կամքից անկախ, առաջանում են աւտոնոմ ճգնաժամեր, եւ դրանց ուժգնութիւնից ու որակից է կախւած պետական ցնցումների աստիճանը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։