Հա

Քաղաքական

04/06/2022 - 15:10

«Իրավիճակը երէկւանից յետոյ. լուծումներ». «Այլընտրանքային նախագծեր» խումբ

«Այլընտրանքային նախագծեր» խումբը յօդւած է տարածել հետեւեալ վերտառութեամբ՝ «Իրավիճակը երէկւանից յետոյ. լուծումներ», որում գրւած է․

«alikonline.ir» - «Այլընտրանքային նախագծեր» խումբը յօդւած է տարածել հետեւեալ վերտառութեամբ՝ «Իրավիճակը երէկւանից յետոյ. լուծումներ», որում գրւած է․

«Երէկ կառավարական ամառանոցների մօտ տեղի ունեցաւ առաջին լուրջ բախումը իրաւապահների հետ։ Մեծ հաշւով, սա անխուսափելի էր, եւ չկայ որեւէ երաշխիք, որ չի կրկնւելու. երբ ստեղծւած քաղաքական ճգնաժամը չի ստանում քաղաքական լուծում, եւ պետութեան փլուզման գործընթացը չի կանգնում, ապա ուժային բախումների հաւանականութիւնը էապէս մեծանում է։ Միւս կողմից, ցանկացած բախումից յետոյ ձեւաւորում է նոր իրականութիւն, որը պէտք է ճիշտ հասկանալ՝ ճիշտ լուծումներ գտնելու համար։

1. Երկրի վարչապետն իրեն շրջապատել է ահռելի քանակի զօրքով, կտրել է հանրութեան հետ հաղորդակցութեան բոլոր խողովակները։ Նա բիւջէտային անսպառ միջոցներ է յատկացնում իրեն շրջապատած զօրքերին։ Սեփական անվտանգութիւնը նրա միակ գերխնդիրն է, պետական համակարգի՝ սուպերիդեան։ Հայաստանի ներքին կեանքի միակ փիլիսոփայութիւնը դարձել է Նիկոլի անվտանգութիւնը. պետութեան ոչ մի ինստիտուտ չի աշխատում, ոչ մի գործ չի արւում՝ ոչ մի ծրագիր, ոչ մի բարեփոխում։

2. Այս պահին շատ դժւար է հասկանալ, թէ ուժային տարբեր համակարգերն ի´նչ ենթակայութեան տակ են։ Կայ վարկած, որ առաւել ագրեսիւ, «Եաշմա»-ատիպ միաւորներն այլ ենթակայութեան են։ Եթէ վարկածը ճիշտ է, ապա սա չափազանց վտանգաւոր բան է, եւ այստեղ լուրջ անելիք ունեն ուժայինների գործող ղեկավարները։

3. Ամենայն հաւանականութեամբ՝ տարբեր-բերետաւորների այլանդակ պահւածքն ունի ոչ այնքան զուտ ուժային բացատրութիւն, որքան՝ աւելի խորքային. Նիկոլը գնում է երկրում նոր բարիկադաւորման։ Սեւուսպիտակն արդէն առաջւայ պէս չի գործում, եւ ներքին նոր թշնամանքը, նոր բաժանումները Նիկոլի համար կենսական նշանակութիւն ունեն։ Իր զինանոցում նա ունի մի քանի տարբերակ, եւ այս պահին ընտրել է հասարակութիւն-ոստիկանութիւն սուր թշնամանքը։

4. Մինչ Երեւանի փողոցներում ընթանում էր լուրջ բախում, եւ կառավարական ամառանոցների մօտ իրավիճակը գերլարւած էր, հիւանդանոց էին տեղափոխւում բազմաթիւ տուժածներ, 1-2 փողոց այն կողմ՝ Սարեան փողոցում, գինու փառատօն էր՝ ուրախ, անհոգ, ու մարդաշատ։

5. Էապէս մեծանում է չարութիւնը իշխանութեան եւ Նիկոլի հանդէպ։

6. Շարժումը չի ստանում միջազգային հանրութեան նկատելի աջակցութիւնը, «դրսից» աչք են փակում ներսի բոլոր այլանդակութիւնների վրայ։

Սա իրականութեան մի քանի բնութագրիչներն են, որոնք կարող են դուր չգալ։ Բայց իրողութիւնները պէտք է սառը ընդունել, ստեղծւած ռիսկերը՝ գիտակցել, որպէսզի դրանք հնարաւորինս կառավարելի լինեն։ Ըստ այդմ.

- պէտք է լուծում գտնել Նիկոլի անվտանգութեան սուպերիդեային։ Ժամանակին եղել են առաջարկներ, բայց չեղաւ պատշաճ լուրջ մօտեցում։ Որպէս առաջին քայլ՝ կարելի է հրաժարւել կառավարական ամառանոցների մօտ բազմահազարանոց հանրահաւաքների գաղափարից. կենսական անհրաժեշտութիւն չէ հէնց այնտեղ հաւաքւելը՝ վայր, որտեղ ապրում է ընտանիքը, երեխաները։ Սա ընկալւում է որպէս կեանքին ուղղւած սպառնալիք եւ առաջ է բերում ամենեւին ոչ քաղաքական պատասխաններ։

- Եթէ մենք ընդունում ենք, որ Նիկոլը միտումնաւոր է կառուցում հասարակութիւն-ոստիկանութիւն բարիկադներ, թշնամանքի նոր հարթութիւն, ապա շարժման հարթակը պէտք է լինի շատ աւելի գրագէտ ու սառը՝ այդ ծրագիրը վիժեցնելու համար։ Հասկանալով, որ էմոցիոնալ վիճակ է եւ դժւար է կառավարել զգացմունքները, այնուհանդերձ ցանկացած պրոցեսի կառավարում պահանջում է սառնասրտութիւն։

- Պայմանական ասած «Սարեան» փողոցի իրավիճակն իրականութիւն է, եւ մենք պէտք է ընդունենք, որ առ այս պահը մեր հասարակութեան մի մեծ հատւած անտարբեր է տեղի ունեցողի հանդէպ, չի ընկալում ռիսկերը, չի հասկանում, թէ խօսքն ինչի մասին է, եւ որն է պայքարի իրական բովանդակութիւնը։ Իշխանութիւնը, օգտւելով շարժման հրապարակախօսական որոշ թոյլ կէտերից՝ հեշտութեամբ ուղղորդում է հանրային կարծիքը՝ փորձելով մարգինալացնել շարժման մասնակիցներին։ Հետեւաբար՝ պէտք է վերանայել, վերափոխել բանաձեւերը, ուրեմն՝ հարթակը անհրաժեշտ ճիշտ շեշտադրումներով եւ ճիշտ ձեւակերպումներով չի խօսում լայն հասարակութեան հետ։

Եւ վերջապէս պէտք է ընդունենք, որ ունենք հանրութեան մի շերտ, որի համար Արցախը, Սիւնիքը, Եռաբլուրը, անկլաւները պայմանական հասկացութիւններ են։ Մարդկայնօրէն գուցէ բարդ է հասկանալ 20-30 տարեկանների անտարբերութիւնը, երբ Սարեանից 10 րոպէ հեռաւորութեան վրայ իրենց հասակակիցների թարմ Եռաբլուրն է, որն ամէն պահի համալրման սպառնալիքի տակ է։ Սա դժւար է հասկանալ, բայց սա պէտք է ընդունել որպէս փաստ։ Սա, ի դէպ, չի ձեւաւորւել վերջին 4 տարում, սա աւելի հին ու բարդ թեմա է։

- Շարժումը չի ստանում միջազգային որեւէ աջակցութիւն։ Հաշւի առնելով աշխարհում առկայ՝ Ռուսաստան-Արեւմուտք սուր առճակատումը, թւում էր՝ կողմերից գոնէ մէկը պէտք է աջակցէր։ Բայց սրանից սարքել ողբերգութիւն պէտք չէ, սրանից պէտք է անել հետեւութիւն. հարթակը պէտք է գտնի բանաձեւեր, որոնք հասկանալի կը լինեն միջազգային հանրութեանը եւ հարեւաններին։ Կը լինեն ձեւակերպումներ, որոնք համահունչ են տարածաշրջանի մասին խոշոր խաղացողների որոշակի պատկերացումներին։ Մենք մեր «Լաօ»-ով առայժմ հակադրւում ենք նմանատիպ բոլոր պատկերացումներին։ Ինչպէ՞ս ենք պատկերացնում բացառապէս հակաթուրքական բովանդակութեամբ աջակցութիւն ստանալ Ռուսաստանից, որի համար Թուրքիան այսօր առանցքային գործընկեր է, եւ ինչպէ՞ս ենք պատկերացնում ստանալ աջակցութիւն Արեւմուտքից, որը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի միջոցով լուծում է կարեւոր հարցեր։ Երկրի մոդեռնիզացիան, յետպատերազմեան վերականգնումը եւ կովկասի նոր ճարտարապետութեան գաղափարները մենք փոքրացրել-վերածել ենք դրսի աշխարհի համար անհասկանալի, պարզունակ հակաթուրքականութեան բանաձեւի։ Բանաձեւերի վերանայումը կարող է ստեղծել նոր իրավիճակ։

- Ներքին լարւածութիւնն ունի աճի միտում։ Այս պահին, ցաւօք, չի երեւում լուծումը։ Ձեւաւորւել է ակնյայտ քաղաքական ճգնաժամ, ամենայն հաւանականութեամբ առաջանալու է խորհրդարանական ճգնաժամ, իսկ Ալիեւի ու բանակցային գործընթացի շնորհիւ՝ պետականութեան ճգնաժամ։

Մենք միակ երկիրը չենք, որը յայտնւում է նման վիճակում, եւ լուծումների տարբերակներն էլ շատ չեն։ Ամենաընդունելին միջնորդի կամ միջնորդների ինստիտուտի ակտիւացումն է, որը կօգնի Հայաստանին դուրս գալ այս վիճակից։ Այս վիճակը պահանջում է քաղաքական լուծում, ոչ մի գոյնի բերետ դա չի լուծելու։ Միջնորդի ինստիտուտը կարեւոր է հէնց այդ նպատակով՝ արձանագրել քաղաքական լուծման բացառիկ անհրաժեշտութիւնը եւ գտնել սահուն, հնարաւորինս անցնցում ճանապարհները»։

 

Յարակից լուրեր

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։