Ամբոխավար Նիկոլ Փաշինեանին ժողովրդավար են հռչակում, քանզի նա կարող է օգտագործւել Ռուսաստանի դէմ: Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է պատգամաւոր Անդրանիկ Թեւանեանը:
«alikonline.ir» - Ամբոխավար Նիկոլ Փաշինեանին ժողովրդավար են հռչակում, քանզի նա կարող է օգտագործւել Ռուսաստանի դէմ: Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է պատգամաւոր Անդրանիկ Թեւանեանը:
«Սեփական «շան որդու» սինդրոմը. ինչու է Արեւմուտքն աչք փակում Նիկոլ Փաշինեանի ապօրինութիւնների վրայ, ինչը չէր անի Սերժ Սարգսեանի եւ առաւել եւս՝ Ռոբերտ Քոչարեանի նախագահութեան տարիներին
Ժողովրդավարութիւնը եւ իրաւապաշտպանութիւնն աւարտւում են այնտեղ, որտեղ սկսում է այդ արժէքները տարածողների աշխարհաքաղաքական շահը։
Հայաստանում դա սրութեամբ է զգացւում։
Ամբոխավար Նիկոլ Փաշինեանին ժողովրդավար են հռչակում, քանզի նա կարող է օգտագործւել Ռուսաստանի դէմ։ Այնպէս չէ, որ Փաշինեանը սկզբունքային հակառուսական գծի մէջ է։ Նա յանուն աթոռի կարող է նաեւ Պուտինի նկարով դաջւածք անել իր մարմնի վրայ։ Բայց ամէն դէպքում կարող է նաեւ յանուն աթոռի Էրդողանի ու Բայդէնի նկարներն էլ անել նոյն տեղում։
Արեւմուտքում հաշւում են, որ ինչ-ինչ հանգամանքների դէպքում Նիկոլը կարող է ցանկալի յաճախորդ դառնալ՝ օգտագործւելով հակառուսական նախագծերում։ Փաշինեանի գլխաւոր ընդդիմախօսների պարագայում դա բացառւում է, հետեւաբար՝ Արեւմուտքի, տւեալ դէպքում նաեւ՝ Թուրքիայի ու Ադրբեջանի համար Նիկոլը դառնում է նախընտրելի։
Յատուկ ընդգծեմ, որ Արեւմուտքը Հայաստանի դէմ բան չունի։ Արեւմուտքի թիրախը մեր տարածաշրջանում Ռուսաստանն է, իսկ դաշնակիցը՝ Թուրքիան։ Ահա այստեղ է, որ Հայաստանը կարող է մանրադրամ դառնալ Արեւմուտքի աշխարհաքաղաքական խաղերում։
Հակառուսականութիւնը մեր դէպքում աւտոմատ դառնում է թուրքամէտութիւն՝ այդտեղից բխող բոլոր հետեւանքներով։ Ահա այս հանգամանքներից ելնելով էլ Արեւմուտքն իր վերաբերմունք է ցոյց տալիս Հայաստանում տիրող ներքաղաքական զարգացումներին. ոչ մի անձնական բան, միայն աշխարհաքաղաքականութիւն։
Եթէ, օրինակ, Նիկոլ Փաշինեանը յայտարարի, որ ինքը կողմ է Ռուսաստանի ռազմաբազան Գիւմրիից հանելուն, կողմ է ՀԱՊԿ-ից դուրս գալուն, մի խօսքով՝ յայտարարի, որ մտնում է ՆԱՏՕ-ի, մեր դէպքում՝ Թուրքիայի հովանու տակ, ապա Արեւմուտքը, տնաբոյծ դրամաշնորհային իրաւապաշտպանները կարող են չնկատելու տալ, աւելի ճիշտ՝ ծափահարել Նիկոլ Փաշինեանին այն դէպքում, երբ նա ցուցարարների դէմ ոչ միայն ոստիկանական բիրտ ուժ կիրառի, այլ նաեւ ՍՈՒ-30 կործանիչներով հարւածի Երեւանի Ֆրանսիայի հրապարակում հաւաքւածներին (այս դէպքում, ի տարբերութիւն պատերազմի օրերի, հրթիռներ հաստատ նա կը գտնի)։
Եթէ Նիկոլը յայտարարի, որ դուրս է գալիս ԵԱՏՄ-ից եւ գնայ ՀՀ-ում Ուկրայինայի դեսպանատուն՝ իր աջակցութիւնը յայտնելու «ժողովրդավար» Զելենսկուն, ապա դրանից յետոյ եթէ նոյնիսկ հրանօթներով հարւածի ցուցարարներին, ապա Արեւմուտքը եւ իրաւապաշտպանների անւան տակ թաքնւած տնաբոյծ թուրքական 5-րդ շարասիւնը կողջունեն դա ու կը համարեն գերժողովրդավար մօտեցում։
Փաշինեանը նման բաներ դեռ չի ասել կամ արել, բայց մի օր կարող է ասել կամ անել։ Ամէն ինչ կախւած է հանգամանքներից ու աթոռային շահից։
Փաշինեանը 2018-ից մտաւ Բոլթոնի պլանի մէջ, մի պահ յետ քաշւեց, յետոյ էլի գնաց այդ ուղղութեամբ։ Հիմա նոյն պինգ-պոնգն է խաղում՝ Հայաստանի ու Արցախի հաշւին։
Նա Բրիւսէլում ամբողջութեամբ մտել է արեւմտեան, կամ որ նոյնն է՝ թուրք-ադրբեջանական օրակարգի մէջ։ Ճիշտ է, Նիկոլը զուգահեռաբար նաեւ մոսկովեան հարթակին է «այո» ասում, բայց մի ոտքը Բրիւսէլում է, ինչը շանս է թողնում Արեւմուտքին՝ հակառուսական գիծ տանելու համար։ Հէնց այդ շանսից ելնելով էլ հայաստանեան «քաղաքացիականներին», «իրաւապաշտպաններին» հայաստանեան քաղաքական զարգացումների պահով դրսից տւել են ոչ թէ «ֆա՛ս», այլ՝ «ֆո՛ւ» հրահանգը։ Այսինքն՝ չնկատելու տալ ոստիկանութեան առանձին ներկայացուցիչների յանցագործութիւնները ցուցարարների նկատմամբ։
Մինչդեռ եթէ նման բան լինէր Սերժ Սարգսեանի ու առաւել եւս՝ Ռոբերտ Քոչարեանի նախագահութեան ժամանակ, ապա «իրաւապաշտպան» աշխատողները, արեւմտեան յայտնի երկրների դեսպանատները, միջազգային յայտնի կառոյցներն ու այն կռացած տիկինը տիեզերական մասշտաբի այնպիսի ոռնոց կը բարձրացնէին, որ հնարաւոր չէ նկարագրել։
Հիմա սրանք լռում են, քանզի իրենց «շան որդու» ոստիկանն է քացով խփում գետնին ընկած ցուցարարի դէմքին, իրենց «շան որդու» ոստիկանն է յետեւից խփում բերման ենթարկւող ցուցարարին, իրենց «շան որդու» ոստիկանն է կնոջը հարւածում։
Կրկնեմ՝ ժողովրդավարութեան, մարդու իրաւունքների պաշտպանութեան, ազատականութեան ռահվիրաները տւեալ դէպքում առաջնորդւում են «շան որդի է, բայց մե՛ր շան որդին է» սկզբունքով։
Նեղսրտել պէտք չէ։ Պէտք է այս ամէնն ընդունել ի գիտութիւն եւ շարժւել առաջ՝ միշտ յիշելով սեփական երկրի շահերի մասին եւ այն մասին, որ պետութիւնը դաշնակիցներ է ունենում, երբ իրենից բան է ներկայացնում։ Թէ չէ նւնւալն անիմաստ զբաղմունք է։ Նեղանալ ամերիկացիներից կամ ռուսներից, որ իրենց շահն են առաջ տանում, պարզապէս անմեղսունակութիւն է։
Զարմանալ ու զայրանալ, որ թուրքերն ու ադրբեջանցիները Նիկոլ Փաշինեանին են պաշտպանում եւ փորձում նրա միջոցով կուլ տալ մեր երկիրը, նոյնպէս անմեղսունակութիւն է։ Բա թշնամի երկրներից ուրիշ ի՞նչ էիք սպասում։ Դու քոնն արա, դաշնակիցներ էլ կունենաս, բարեկամներ էլ կունենաս, թշնամիներիդ էլ կը զսպէս ու կը ստիպէս յարգել քեզ։
Իշխանափոխութիւնից յետոյ պէտք է ամէն ինչ անել, որ Ռուսաստանի հետ ռազմավարական յարաբերութիւնները խորանան ու նոր օրակարգով զարգանան, ինչպէս նաեւ Արեւմուտքի հետ գործընկերութիւնը չվերածւի աշխարհաքաղաքական ընտրութեան հարցի ու դառնայ իրապէս գործընկերային, բարեկամական։ Դէ իսկ խաղաղութեան օրակարգը միայն արժանապատիւ, պրոֆեսիոնալ մարդիկ կարող են ապահովել, այլ ոչ թէ դաւաճանի պիտակով անգրագէտները կամ անգրագէտի պիտակով դաւաճանները»,- գրել է նա։