Հա

Քաղաքական

06/06/2022 - 14:25

Պետութեան վախճանը՝ գինու օրգիաներում

Հայաստանում վերջին տարիներին կատարւած ու այսօր շարունակւող գործընթացներն ունեն խորքային, անտեսանելի շերտեր, որոնք անտեսանելի լինելով՝ ընդհանրութեան մէջ՝ ամէն օր, հատւածաբար երեւակւում են ընթացիկ իրադարձութիւններում։

ՅԱՐՈՒԹԻՒՆ ԱՒԵՏԻՍԵԱՆ

 

Հայաստանում վերջին տարիներին կատարւած ու այսօր շարունակւող գործընթացներն ունեն խորքային, անտեսանելի շերտեր, որոնք անտեսանելի լինելով՝ ընդհանրութեան մէջ՝ ամէն օր, հատւածաբար երեւակւում են ընթացիկ իրադարձութիւններում։

Ընդհանուր բնորոշմամբ՝ այդ ստորջրեայ գործընթացներն ունեն մէկ գլխաւոր նպատակ՝ հայ հասարակութեանը զրկել ինքնութիւնից։ Դրա նպատակն էլ իր հերթին՝ վերջնարդիւնքում պետութիւնից զրկելն է՝ բառի եթէ ոչ ուղիղ, ապա առնւազն բովանդակային իմաստով։

Ամէն գնով խաղաղութիւն հաստատելու մոլուցքն իրականում անինքնութեան շքահանդէս է, որը հանգում է անկախ ամէն ինչից լաւ ապրելու մտակաղապարին։

Իշխանութեան անուղղակի ուղերձն այն է, որ կարեւոր չէ՝ ում կը պատկանի Արցախը կամ Սիւնիքը, ինչ համազգեստ կունենան Հայաստանի տարածքով անցնող ճանապարհներին կանգնած մաքսաւորները, ինչ ծագում կունենան ռազմավարական ոլորտներում ներդրում կատարողները․․․ կարեւորը, որ դրա արդիւնքում կը լինի լաւ կեանք։ Ինքնութիւնը, այսպիսով, փոխարկւում է ժամանակաւոր լաւ կեանքով, կամ որ նոյնն է՝ փողով։

Սպառողականութեամբ աշխարհից յետ չմնացող, իսկ գուցէ առաջ անցած հայ հասարակութեան պատկառելի հատւածի համար այս գործարքը շահաւէտ է թւում․ հրաժարում ինքնութիւնից՝ յանուն լաւ կեանքի։ Իշխանութիւնն այս գործարքի հիմնական շահառուն է ու նաեւ իրագործողը, որովհետեւ ամէն ինչից զատ՝ դա նաեւ իշխանութիւնը պահպանելու միջոց է, եւ բացի այդ, դրանում կայ փող, գուցէ շատ փող։ Ահա այս չերեւացող առանցքի շուրջ են պտտւում բոլոր գործընթացները Հայաստանում, ուղղակիօրէն իրար հետ չկապւած բազմաթիւ իրադարձութիւններ խորքային հարթութիւնում սպասարկում են հէնց ինքնութիւնից հրաժարումին։ Ոտքով գետնին ընկած քաղաքացուն հարւածող ոստիկանն ահա այդ անինքնութեան համազգեստաւոր դրսեւորումն է։ Իր հազարաւոր համազգեստաւոր գործընկերների նման, ովքեր, կրելով թշնամու հանդէպ կուչ եկած պետութեան ուսադիրները, իրենց վայրենու նման են պահում սեփական հայրենակիցների հանդէպ։

Վայրագութեան այդ ցուցքը, ըստ ամենայնի, ոչ պատահաբար տեղի է ունենում յատկապէս այն օրը ու այն ժամին, երբ զուգահեռ փողոցում կայանում է անինքնութեան աւելի մասշտաբային էքզիբիցիա՝ գինու փառատօն։ Դրա կազմակերպիչներին, իսկ որ աւելի հաւանական է՝ կազմակերպիչների կազմակերպիչներին յատկապէս անհրաժեշտ է ցուցադրել հայ հասարակութեան այն «առաջադէմ հատւածին», որոնք էքստազի մէջ զուգահեռ փողոցում պարում են ոստիկանական հարւածներին ուղիղ համեմատական ռիթմերով։

Ինքնութիւնն այդպիսով յորդում է գինու գաւաթներում՝ այն նոյն պահին, երբ հարեւան փողոցում յորդում է սեփական հայրենակիցների արիւնը։ Իրականութիւնների այս զուգահեռութիւնը սահմռկեցուցիչ է, բայց հէնց դա է անհրաժեշտ ինքնութեան դէմ պայքարի ստւերային շահառուներին։ Ինչպէս որ անհրաժեշտ է անտարբերների հսկայական քանակութիւն եւ «սոցցանցային ակտիւիստների» մի զանգւած, որը՝ շւեդական հանդուրժողականութիւն ցուցաբերելով ադրբեջանցիների ու թուրքերի նկատմամբ, փողոցային բառապաշարով անւանարկում է իշխանութեան դէմ հանդէս եկող ազգակիցներին։

Առանց ինքնութեան մարդկանց համար պետութիւնն ունի երկրորդային նշանակութիւն, կամ չունի նշանակութիւն ընդհանրապէս։ Անինքնութիւնն ազգային ու տարածական պատկանելութիւն չունի, համեղ ու արբեցնող կարող է լինել նաեւ ադրբեջանական գինին, իսկ մարմնաշարժութիւնը հնարաւոր է կազմակերպել նաեւ թուրքական մուղամի ներքոյ։

Շատ քիչ է մնացել, որ Հայաստանը հասնի պետութեան բովանդակային վախճանին։ Ինքնութեան հետ կապւած ամենայնի դէմ պայքարը զգալի յաջողութիւն է արձանագրել։ «Ինքնութիւն՝ յանուն լաւ կեանքի» գործարքը թեւակոխելու է եզրափակիչ արար՝ վերափոխւելով «պետութիւն՝ յանուն լաւ կեանքի» վերջնավաճառքի։ Պահպանելով իշխանութիւնը՝ Նիկոլ Փաշինեանը կատարում է գուցէ իր վերջին առաքելութիւնը՝ երաշխաւորում է հէնց այդ գործարքի կայացումը։ Ի՞նչ միջնորդավճարի դիմաց, արդէն անգամ հետաքրքիր չէ։

 

168.am

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։