Այսօր, յունիսի 8-ին Երեւանի «Արմենիա Մարիոթ» հիւրանոցում մեկնարկել է «Դատական իշխանութիւնը՝ որպէս ժողովրդավարութեան երաշխաւոր» խորագիրը կրող երկօրեայ խորհրդաժողովը, որին մասնակցում են նաեւ միջազգային կառոյցների ներկայացուցիչներ։ Միջոոցառմանը հրաւիրւած չէ ընդդիմութիւնը, այն փակ է նաեւ լրագրողների համար։
«alikonline.ir» - Այսօր, յունիսի 8-ին Երեւանի «Արմենիա Մարիոթ» հիւրանոցում մեկնարկել է «Դատական իշխանութիւնը՝ որպէս ժողովրդավարութեան երաշխաւոր» խորագիրը կրող երկօրեայ խորհրդաժողովը, որին մասնակցում են նաեւ միջազգային կառոյցների ներկայացուցիչներ։ Միջոոցառմանը հրաւիրւած չէ ընդդիմութիւնը, այն փակ է նաեւ լրագրողների համար։
Այդ կապակցութեամբ «Հայաստան» եւ «Պատիւ ունեմ» խմբակցութեան պատգամաւորները բողոքի ակցիա իրականացրեցին «Արմենիա Մարիոթ» հիւրանոցի դիմաց։
«Ընդդիմադիր պատգամաւորների մասնակցութիւնն այս միջոցառմանը արգելւած է, մուտքը միայն հրաւիրատոմսերով է, որովհետեւ ժողովրդավարութեան այն փուչիկը, որը ամէն օր տարբեր տեղերում փորձում է փչել Փաշինեանը եւ իր խունտան, յանկարծ կարող է պայթել: Այն վաղ թէ ուշ պայթելու է: Իսկ թէ ինչ իրավիճակում է դատական իշխանութիւնը, ինչպէս են գործեր կարւում, սա նոյնիսկ զանգով արդարադատութիւն չի, կնոպկայով արդարադատութիւն է»,- Հանրապետութեան հրապարակում բողոքի ակցիայի ժամանակ ասաց ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան պատգամաւոր Հայկ Մամիջանեանը:
«Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արամ Վարդեւանեանը զարմանք յայտնեց, որ այս քննարկումը փակ է անցկացւում, այդ թւում ընդդիմադիր պատգամաւորների համար:
«Մի քանի ոստիկան գուցէ որոշէին ներկայցնել ոստիկանների կողմից քաղաքացիներին ծեծելու նոր մարտավարութիւնը: Դա ժողովրդավարական մարտավարութիւն է, որը Հայաստանում իրացւում է եւ կարող է արտահանւել»,- հեգնանքով ասաց նա։
«Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Քրիստինէ Վարդանեանը լրագրողների հետ զրոյցում ասաց․ Այս իշխանութեան ամենամեծ ունեցւածքը իշխանութիւնն է, որը ատամներով, ամէն գնով, նոյնիսկ հայրենիքը տալու գնով պահում են եւ վախենում են դրա կորստից։
«Այս մարդիկ սեփականաշնորհել են շատ կարեւոր հասկացութիւններ՝ ժողովրդավարութիւն, մարդու իրաւունքների պաշտպանութիւն, իրենց դիրքաւորել են իբրեւ այդ արժէքների կրողներ, մինչդեռ իրենք այդ արժէքների ամենամեծ դաւաճաններն են։ Ժողովրդավար լինելու համար պէտք է պահպանել մարդկանց իրաւունքները, մարդու ամենամեծ իրաւունքը կեանքի իրաւունք է, պէտք է այդ իրաւունքը պաշտպանել։ Չկայ ժողովրդավարութիւն, երբ դու չունես պետականութիւն, չկան մարդու իրաւունքներ, եթէ չկայ պետութիւնը, որը կարողանայ պաշտպանել այդ իրաւունքները։ Այս մարդիկ ոչ միայն կապ չունեն ժողովրդավարութեան եւ մարդու իրաւունքների հետ այլ ամենամեծ վտանգն են այս երկու հասկացութիւնների համար ընդհանրապէս»,- ասաց նա։