Հա

Քաղաքական

09/06/2022 - 10:15

«Հայաստան» եւ «Պատիւ ունեմ» խմբակցութիւնների յայտարարութիւնը

Ընդդիմադիր խորհրդարանական երկու խմբակցութիւններն արձանագրում են․

Ընդդիմադիր խորհրդարանական երկու խմբակցութիւններն արձանագրում են․

- Ս. թ. յունիսի 3-ին Պռօշեան-Դեմիրճեան փողոցների հատման հատւածում խաղաղ հաւաքի մասնակիցների նկատմամբ ոստիկանական ուժերի կողմից կիրառւել է ապօրինի եւ անհամաչափ ուժ (վահաններ եւ մահակներ) եւ յատուկ միջոցներ, այն է՝ ԱԶՍ-40 «Սւիրել» լուսաձայնային նռնակներ, թէեւ հաւաքը կրում էր բացառապէս խաղաղ բնոյթ, եւ այդ պարագայում ոստիկանական ուժերը պէտք է ոչ թէ խոչընդոտէին, այլ ընդհակառակը՝ պարտաւոր էին աջակցել խաղաղ հաւաքի անցկացմանը։ Ընդ որում, լուսաձայնային նռնակների կիրառումն իրականցւել է առանց նախնական զգուշացման։ Անհամաչափ ուժի եւ յատուկ միջոցների կիրառման արդիւնքում խաղաղ հաւաքի մասնակից հարիւրաւոր քաղաքացիների շրջանում, նրանց թւում՝ նաեւ կանայք եւ տարեցներ, առկայ են տարբեր աստիճանի ծանրութեան վնասւածքներ։ Մարմնական տարատեսակ վնասւածքներ են ստացել (կողերի կոտրւածք, սալջարդեր եւ այլն) նաեւ ընդդիմադիր խմբակցութիւնների պատգամաւորներից մի քանիսը, ինչպէս նաեւ «Դիմադրութիւն» շարժման մասնակից քաղաքական կուսակցութիւնների ներկայացուցիչներ։ Ընդ որում, վնասւածք ստացածների մի հատւածն է միայն դիմել բժշկական օգնութեան, զգալի հատւածը նախընտրել է բուժում ստանալ տնային պայմաններում, ինչը եւ հիմք է տւել իշխանութեան ներկայացուցիչներին լրատւական դաշտ նետել թէզ, որ իբր բախումների արդիւնքում ոստիկանների շրջանում վնասւածք ստացածների թիւը շատ աւելին է, քան ցուցարարներինը։ Հարկ է նշել, որ ոստիկանութեան ներկայացուցիչների մեծ մասը տուժել է յատուկ միջոցների սխալ կիրառման արդիւնքում, իսկ որոշ ԶԼՄ-ներում տեղ գտած տեղեկատւութեան համաձայն՝ կիրառւած լուսաձայնային նռնակները նաեւ եղել են ժամկէտանց։

- Պռօշեան-Դեմիրճեան փողոցների հատման հատւածում բախումների ժամանակ քաղաքացիները բազմից նկատել են քաղաքացիական հագուստով կամ առանց տարբերանշանների ոստիկանութեան աշխատակիցների, որոնք աչքի են ընկել հաւաքի մասնակիցների նկատմամբ առաւել դաժան եւ ագրեսիւ պահելաձեւով։ Յիշեցնում ենք, որ համազգեստի եւ համազգեստի վրայ անհատականացնող տւեալների առկայութիւնը օրէնքի պահանջ է։ Այսպէս, «Ոստիկանութեան մասին» օրէնքի 12-րդ յօդւածը կարգաւորում է ոստիկանութեան պարտականութիւնները հասարակական կարգը պահպանելու ժամանակ։ Ըստ այդ յօդւածի 2-րդ մասի՝ «Հասարակական կարգի պահպանութիւնն ապահովելիս ոստիկանութեան ծառայողները պարտաւոր են կրել սահմանւած ձեւի համազգեստ, որի վրայ տեսանելի մասում փակցւում են ոստիկանութեան ծառայողին անձնապէս նոյնականացնելու հնարաւորութիւն տւող տարբերանշաններ»։ Օրէնքի նման կարգաւորմամբ քաղաքացին կարող է ճանաչել կամ նոյնականացնել իրեն մօտեցած կամ իրեն բերման ենթարկող ոստիկանութեան ծառայողին: Սա ազատութիւնից հնարաւոր անօրինական զրկելը կամ հնարաւոր անօրինական հետապնդումը, ոչ համաչափ ուժի կիրառումը, վատ վերաբերմունքը կանխելուն ուղղւած միջազգային կանոն է:

Անհատականացնող տւեալների պարտադիր լինելը եւ դրանց տեսանելիութիւնը յստակօրէն սահմանւած են նաեւ ԵԱՀԿ-ԺՄԻԳ Խաղաղ հաւաքների ազատութեան վերաբերեալ ուղեցոյցի 159-րդ կէտում. «Իրաւապահ անձնակազմը հաւաքների ժամանակ պէտք է տեսանելիօրէն կրի կամ ցուցադրի նոյնականացման որեւէ ձեւ (օրինակ՝ անւանական պիտակը կամ համարը) իր համազգեստի եւ/կամ գլխարկի վրայ: Այն դէպքում, երբ հաւաքի ժամանակ ներկայ իրաւապահ մարմինների աշխատակիցներն այս կերպ չեն կարող նոյնականացւել, նրանք պարտաւոր են հարցնելու դէպքում ներկայանալ իրենց ազգանունով եւ կրծքանշանի համարով»: Հարկ է նշել նաեւ, որ ս. թ. ապրիլ-յունիսեան հաւաքների ընթացքում միայն հատուկենտ դէպքերում են ոստիկանութեան ծառայողները իրենց համազգեստի վրայ կրում անհատականացնող տւեալներ: Այս փաստը դեռեւս մէկ ամիս առաջ արձանագրւել է նաեւ գործող ՄԻՊ կողմից. «Քաղաքացին պէտք է կարողանայ ճանաչել կամ նոյնականացնել իրեն մօտեցած կամ իրեն բերման ենթարկող ոստիկանութեան ծառայողին: Այսօր եւս մշտադիտարկումների եւ անձանց հետ զրոյցների արդիւնքում արձանագրւել են քաղաքացիական հագուստով ոստիկանների մասնակցութեան դէպքեր։ Ընդ որում, ըստ քաղաքացիների պնդումների՝ այդ ոստիկանները գործում են աւելի ագրեսիւ եւ անկաշկանդ»։

Ոստիկանական ուժերի շրջանում առանց համազգեստի կամ առանց տարբերանշանների համազգեստով անձանց առկայութիւնը եւս մէկ անգամ փաստում է, որ գործող իշխանութիւնները օրէնքի կոպիտ խախտմամբ ոստիկանական համակարգ են ներդրել ոստիկանութեան հետ որեւէ առնչութիւն չունեցող անձանց՝ ենթադրաբար՝ այս կամ այն իշխանամերձ գործարարի թիկնազօրի անդամների, խաղաղ հաւաքի ներկայացուցիչների նկատմամբ անհամեմատ դաժան վերաբերմունք ցուցաբերելու նպատակով։ Խորհրդարանական ընդդիմութիւնը պահանջում է ՀՀ ոստիկանութիւնից, որ այսուհետ հասարակական կարգի պահպանութիւն իրականացնող բոլոր ոստիկանները հաւաքներին ներկայանան օրէնքի պահանջին համապատասխանող համազգեստով եւ տարբերանշաններով, այլապէս նրանք չեն կարող դիտարկւել որպէս ոստիկանութեան այս կամ այն ստորաբաժանման ծառայողներ, եւ հետեւաբար նմանօրինակ ոստիկաններից իւրաքանչիւրի կողմից իրականացւած այս կամ այն գործողութիւնը կամ պահանջը դադարում է լինել օրինական։

- Ոստիկանական բիրտ ու անհամաչափ ուժ է կիրառւել նաեւ խաղաղ հաւաքը լուսաբանող ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ, խոչընդոտւել է նրանց մասնագիտական աշխատանքը։ Այսպէս, սադրանքի արդիւնքում ստեղծւած հրմշտոցի ժամանակ ոստիկանները խլել են լրատւամիջոցներից մէկի օպերատորի տեսախցիկի մոնոփոդը (ձող, որի վրայ ամրացւում է տեսախցիկը), երբ վերջինս ընկած է եղել գետնին, այնուհետեւ այդ ձողով ոստիկանները սկսել են ծեծել ցուցարարներին։ Արդիւնքում օպերատորը ստացել է ոտքի վնասւածք, իսկ ԶԼՄ-ին պատկանող գոյքը՝ վնասւել։ Պռօշեան-Դեմիրճեան փողոցների հատման հատւածում ոստիկանութեան ներկայացուցիչները խոչընդոտել են այն լրագրողների եւ օպերատորների աշխատանքը, որոնք փորձել են նկարահանել ԱԶՍ-40 «Սւիրել» լուսաձայնային նռնակներ նետող ոստիկանին։ Ընդ որում, պէտք է արձանագրել, որ ոստիկանական ուժերի կողմից առանց նախազգուշացման յատուկ միջոցների կիրառումը ինքնին արդէն վտանգ է ստեղծել յիշեալ տարածքում աշխատող ԶԼՄ աշխատակիցների առողջութեան եւ մասնագիտական գործունէութեան ծաւալման համար։

- Խաղաղ հաւաքի մասնակիցների նկատմամբ նման բիրտ ու սադրիչ գործողութիւնները կատարւել են անձամբ Նիկոլ Փաշինեանի ապօրինի հրամանի հիման վրայ։ Սա հերթական կարմիր գծի հատումն էր, երբ սեփական ժողովրդի նկատմամբ Փաշինեանի հրամանով կիրառւում են լուսաձայնային նռնակներ՝ քաջ գիտակցելով, որ հաւաքին ներկայ գտնւողների մեծ մասը 44-օրեայ պատերազմի մասնակիցներ են, իսկ յետպատերազմական շրջանում նման միջոցների ձայնն անգամ բաւական է հաւաքի մասնակիցներին սադրելու համար:

 

«Հայաստան» խմբակցութիւն

«Պատիւ ունեմ» խմբակցութիւն

 

Յարակից լուրեր

  • ԱԱԾ-ի յայտարարութիւնը «Սուրմալու» առեւտրի կենտրոնի վերաբերեալ
    ԱԱԾ-ի յայտարարութիւնը «Սուրմալու» առեւտրի կենտրոնի վերաբերեալ

    Հայաստանի Հանրապետութեան Ազգային անվտանգութեան ծառայութիւնը զանգւածային լրատւութեան միջոցներին եւ քաղաքացիներին յորդորում է զերծ մնալ Հայաստանի Հանրապետութեան տարածքում ահաբեկչական գործողութիւնների սպառնալիքների վերաբերեալ չճշտւած տեղեկութիւններ եւ մեկնաբանութիւններ հրապարակելուց, օգտւել բացառապէս պաշտօնական լրահոսից՝ հանրութեան շրջանում անհարկի խուճապային տրամադրութեան ստեղծումը բացառելու համար: 

  • ՀՅԴ Բիւրոյի յայտարարութիւնը
    ՀՅԴ Բիւրոյի յայտարարութիւնը

    Վերջին օրերին հերթական անգամ առերեսւեցինք դաւադիր պայմանաւորւածութիւնների նոր դրսեւորումների։ Տագնապի ու անընդունելի կորուստների ընթացքը շարունակւում է։ Եւ կրկին հայրենադաւ իշխանութիւնները իրենց բնորոշ դերի մէջ են՝ ստերով եւ կեղծ մտահոգութիւններով քողարկելով սեփական յանցաւոր վարքագիծը։ Ակնյայտ է, սկսւել է սողացող կապիտուլեացիայի նոր գործընթաց, գործընկերների հետ յարաբերութիւններում արձանագրւում են նոր սխալներ եւ կրկին թշնամու պահանջների կատարումը ներկայացւելու է որպէս հաւանական նոր պատերազմի կանխարգելմանն ուղղւած պարտադրւած քայլ։

  • «Հայաստան» դաշինքի յայտարարութիւնը
    «Հայաստան» դաշինքի յայտարարութիւնը

    Վերջին օրերին Ադրբեջանի կողմից իրականացւած ռազմական յանցաւոր ագրեսիայի, հարկադրանքի եւ պարտադրանքի քաղաքականութեան հերթական դրսեւորումների եւ Հայաստանի օրւայ իշխանութիւնների պարտւողական կեցւածքի հետեւանքով հայաթափման ու թշնամուն յանձնելու վտանգի առաջ են հայկական նոր բնակավայրեր։ Փաստացի արձանագրւել է նաեւ կոնկրետ ժամկէտ՝ օգոստոսի 25-ը, որի կանխման պատասխանատու իշխանութիւնները նոյնիսկ որեւէ դիրքորոշում չեն յայտնել:

  • ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամները եւ «Հայաստան» դաշինքի պատգամաւորները մարզային հանդիպումներ են ունեցել
    ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամները եւ «Հայաստան» դաշինքի պատգամաւորները մարզային հանդիպումներ են ունեցել

    ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը շաբաթներ առաջ յայտնել էր, որ «Դիմադրութիւն» շարժումը, Երեւանում ծաւալւող բողոքի ակցիաներին եւ Նիկոլ Փաշինեանի ազգակործան իշխանութեանը հեռացնելու գործողութիւնների զուգահեռ, ակտիւ աշխատանքներ են տարւում շարժումը մարզերում եւս տեղափոխելու ուղղութեամբ եւ արդէն ձեւաւորւել են մարզային խորհուրդներ։

  • «Հայաստան» դաշինքի յայտարարութիւնը
    «Հայաստան» դաշինքի յայտարարութիւնը

    Օգոստոսի 3-ին ողջ աշխարհի եզդիները յարգանքի տուրք են մատուցում 2014 թւականի օգոստոսի 3-ին Իրաքում ԴԱԷՇ ահաբեկչական խմբաւորման գրոհայինների կողմից գազանաբար սպանւած հազարաւոր եզդիների յիշատակին: Հայաստանաբնակ եզդի մեր քոյրերի եւ եղբայրների հետ յիշատակում ենք մարդկային մեծագոյն այդ ողբերգութեան 8-րդ տարելիցը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։