Հա

Քաղաքական

09/06/2022 - 12:20

«Հայաստանը երէկ, այսօր եւ վաղը» թեմայով քննարկում Ֆրանսիայի հրապարակում

Յունիսի 8-ին, Ֆրանսիայի հրապարակում «Հայաստան» եւ «Պատիւ ունեմ» խմբակցութիւնների պատգամաւորների մասնակցութեամբ տեղի է ունեցել քննարկում՝ «Հայաստանը երէկ, այսօր եւ վաղը» թեմայով։

«alikonline.ir» - Յունիսի 8-ին, Ֆրանսիայի հրապարակում «Հայաստան» եւ «Պատիւ ունեմ» խմբակցութիւնների պատգամաւորների մասնակցութեամբ տեղի է ունեցել քննարկում՝ «Հայաստանը երէկ, այսօր եւ վաղը» թեմայով։

Քննարկմանը մասնակցում էին պատգամաւորներ Լիլիթ Գալստեանը, Թադէոս Աւետիսեանը, Տիգրան Աբրահամեանը, Աննա Մկրտչեանը, Ասպրամ Կրպէյեանը։

«Ցաւօք, այս իշխանութիւնները չորս տարի այնպէս կառավարեցին, որ երկիրը կանգնեցրել են այնպիսի մի վիճակի առաջ, որ իրենցից յետոյ այլեւս կարող է բան չմնալ երկրից, եթէ մեր հայրենակիցները հանդարտ, առանց անհանգստութեան հետեւեն այն ամենին, ինչ կատարւում է»,– ասաց քննարկումը համակարգող ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանը։

Մենք խօսում ենք անվտանգային համակարգից, որի կարեւոր բաղադրիչներից մէկը հոգեւոր անվտանգութիւնն է, որը խարսխւում է մշակոյթի եւ կրթութեան վրայ։ Այն քաոսացումը կամ կազմաքանդումը, որը տեղի ունեցաւ մեր հայրենիքի եւ պետականութեան հետ մէկ օրում չեղաւ։ Նրանք եկել էին զրոյացնելու, նրանց ուրացումը հայասպանութեան վերածւեց՝ ջնջել, մերժել ամէն ինչ, ինչ կայ, եւ յատկապէս նրանք թիրախաւորեցին այն ամէնը, որոնք էլ աւելի էին սնում մեր ինքնութիւնը մեր դիմադրողականութիւնը․ իր խօսքում ասաց «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանը։

Պատգամաւորը նշեց, որ Հայաստանում կայ արժանապատիւ մտաւորականի տեսակը, որը հակառակ ռեպրեսիւ գործիքներին, գիտակցում է, որ իր երկրի ազգային օրակարգը ձեւաւորւում է այս հրապարակում։ «Կայ մէկ ազգային օրակարգ՝ հայ պետականութեան լինելիութիւնը,եւ այդ օրակարգի հասցէն, դրա ձեւաւորումը, ճակատագիրը վճռւում է այստեղ՝ այս հրապարակում»,– ասաց նա։

Լիլիթ Գալստեանը հակադարձեց իշխանութեան պնդումներին, թէ այս «Դիմադրութիւն» շարժման պայքարի նպատակը իշխանութեան գալն է։ «Ոչ, դուք սխալւում էք։ Մեր պայքարը վաղւայ Հայաստանի համար է, եւ այդ Հայաստանը պէտք է լինի ուժեղ, անվտանգ։ Այդ Հայաստանում զոռբայութիւնը տեղ չունի, ներազգային թշնամանքը տեղ չունի, մտաւորականը գնահատւած պիտի լինի, երիտասարդը ոստիկանական բռնաճնշումների չպիտի ենթարկւի, արտգործնախարարը չի գնալու դռնեդուռ եւ ծուռ վզով բանակցային սեղանին չիմանայ ինչ ասի։ Այդ Հայաստանի վարչապետը պիտի լինի ազգային արժէքների կրողը»,–ասաց նա։

Ըստ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Թադէոս Աւետիսեանի՝ իրենք չեն համակերպւում հայրենիքը կորցնելու մտքի հետ։ Հայ մարդը ունենալու է հայրենիք, տնտեսութիւն եւ բնականաբար կայուն զարգացում։ Հայ մարդը իր կենսագրուեամբ 5000 տարւայ պատմութեամբ միանշանակ ապացուցել է մի պարզ հանգամանք, հայ մարդը ստեղծագործ է եւ հայ մարդը բարեկեցիկ ապրելու բոլոր հնրաւորութիւններն ու իրաւունքներն ունի։ Եթէ հայ մարդու կենսամակարդակ նւազում է, ապա դրա մեղաւորը միմիայն ղեկավարներն են, որովհետեւ ապաշնորհ են կառավարում։

Նա անդրադարձաւ գիւղական մթերքների գնաճին․ Մեր երկրում արտադրւող գիւղատնտեսական մթերքներն ի՞նչ կապ ունեն միջազգային գնաճի հետ. այստեղ առաջարկի գնաճ է։

«Հիմա գիւղացուն պատշաճ չեն կարողանում աջակցել, թողել են իր հոգսի հետ մենակ, աշխարհում գիւղատնտեսութիւնն առաջանցիկ աճում, մեր երկրում նւազում է։ Եթէ քիչ ես արտադրում, պահանջարկը եթէ նոյնիսկ նոյնը մնայ, գները աճում են»,- ասաց նա։

Ըստ Աւետիսեանի՝ տնտեսական ներուժը նոյնպէս նւազում է. «Այսինքն՝ մենք աւելի քիչ արտադրանք ենք թողարկում, հետեւաբար դա ներմուծում ենք։ Վաղը կարտոֆիլը չի բաւականացնելու, սկսելու են ներմուծել։ Հիմա որ մէկ կիլոգրամը դառնայ 2000 դրամ, պիտի ասեն՝ մենք ինչ անենք, միջազգային շուկային կարտոֆիլի գինը բարձր է։ Գլուխներդ պատին տւէք, հնարաւորութիւն ստեղծէք, որ գիւղացին իր մշակաբոյսը ողջ ծաւալով մշակի, կարողանայ ոչ միայն ներքին պահանջարկը բաւարարել, այլ նաեւ արտահանի։ Մենք այս սեզոնին 100 դրամով կարտոֆիլ ենք ունեցել։ Ձեր սառնարանը որ բացում էք, ներսը տեսնում էք, դրան հաւատացէք, ոչ թէ նրան, որ ասում են՝ դուք գիտէք՝ ինչքան լաւ եք ապրում, այսքան հազար աշխատատեղ է բացւել»։

 

Անդրադառնալով անվտանգութեան բաղադրիչին՝ «Պատիւ ունեմ» խմբակցութեան պատգամաւոր Տիգրան Աբրահամեանը շեշտեց․ Հայաստանն ու Արցախը միեւնոյն անվտանգային համակարգում են։

«Շատ կարեւոր է, թէ Արցախի հարցը ինչ ռելսերի վրայ ենք դնում, որովհետեւ դրա ազդեցութիւնից է կախւած, թէ մենք ինչպիսի անվտանգային միջավայր ենք ունենալու եւ անվտանգային ռազմավարութիւնը պլանաւորելիս ինչպիսի խնդիրներ ենք ունենալու։ Մենք պէտք է վերադարձնենք Արցախի հարցով բանակցային գործընթացը, որն ունէինք մինչեւ 2018թ․-ը, երբ ինքնորշման իրաւունքի սկզբունքը շատ յստակ,որպէս փաստաթուղթ, համաձայնեցւած էր։ Համաձայնութիւն կար նաեւ Ադրբեջանից եւ, անկախ նրանից, թէ որ փուլում Ադրբեջանն ինչ էր յայտարարում, կար միջազգային կոնսենսուս՝ ինքնորշման իրաւունքը պէտք է լինի հակամարտութեան կարգաւորման գործընթացի հիմքում»,- ասաց նա։

Ըստ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Ասպրամ Կրպէյեանի՝ Արժէքների անկմանն ենք ականատես լինում վերջին 4 տարիների ընթացքում։ Արժեհամակարգ, որի վրայ խարսխւած է եղել մեր պետականութիւնը եւ որը ամենայն վստահութեամբ պիտի լինի նոր ազգային պետութեան, պետականութեան հիմքը։ Եկան սկսեցին էդ արժէքներին հարւածել, արժէքները արժեզրկել, տեղեկատւական ահաբեկչութեան միջոցով համոզել, որ այդ ժառանգութիւնն իրենցը չէ, իրենք մէկ այլ անհեթհեթ արժեհամակարգի կրող են, եւ մէկ օր առաջ պէտք է դրանից հրաժարւեն։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։