Հա

Քաղաքական

11/06/2022 - 12:20

«Յանուն գազի եւ ՌԴ-ից էներգետիկ կախւածութեան թուլացման՝ ԵՄ-ն գնալու է Արցախի ու Հայաստանի շահերի դէմ». Արտակ Զաքարեան

Պաշտպանութեան նախկին փոխնախարար Արտակ Զաքարեանը ֆէյսբուքեան գրառում է արել, որում ասւում է․

«Եւրոպան ձգտում է ամէն գնով ձերբազատւել ռուսական էներգետիկ կախւածութիւնից, այն աստիճանի, որ պատրաստ է նոյնիսկ աչքերը փակել ժողովրդավարութեան ու մարդու իրաւունքների կոպիտ ոտնահարումների վրայ: Խօսքն այն մասին է, որ Ադրբեջանը ԵՄ-ում դիտարկւում է, որպէս ՌԴ-ին փոխարինող գազամատակարար երկրներից մէկը:

«alikonline.ir» - Պաշտպանութեան նախկին փոխնախարար Արտակ Զաքարեանը ֆէյսբուքեան գրառում է արել, որում ասւում է․

«Եւրոպան ձգտում է ամէն գնով ձերբազատւել ռուսական էներգետիկ կախւածութիւնից, այն աստիճանի, որ պատրաստ է նոյնիսկ աչքերը փակել ժողովրդավարութեան ու մարդու իրաւունքների կոպիտ ոտնահարումների վրայ: Խօսքն այն մասին է, որ Ադրբեջանը ԵՄ-ում դիտարկւում է, որպէս ՌԴ-ին փոխարինող գազամատակարար երկրներից մէկը:

Պատահական չէր, որ 2018թ.-ին ակտիւ աջակցութիւն ստացած, իսկ հետագայում նաեւ ողջունւած «թաւշեայ յեղափոխութիւնը» ԵՄ-ի սրտով էր: Պատահական չէր, որ Նիկոլի քաղաքական յիմարութիւնների եւ դրա արդիւնքում Ադրբեջանի ստացած քարտ բլանշով հրահրւած 44-օրեայ պատերազմի ընթացքում, ժողովրդավարական Եւրոպան առ այսօր չի դատապարտել Արցախի խաղաղ բնակչութեան նկատմամբ կիրառւած անմարդկային ագրեսիան:

Պատահական չէր, որ Հայաստանի իշխանութիւնը զաւթած մի շարք սորոսածին պաշտօնեաներ, պատերազմի նախօրէին, «կրծքով» պաշտպանում էին ադրբեջանական նաւթամուղերն ու գազամուղերը: Պատահական չեն այն խօսակցութիւնները, որ 2021թ. արտահերթ ընտրութիւններում, ՀՀ-ում ԵՄ դեսպանները շունչները պահած հետեւում էին Նիկոլի յաղթանակին, որպէսզի շարունակեն ԵՄ շահերից բխող եւ Ադրբեջանին սիրաշահող քաղաքականութիւնը:

Պատահական չէ, որ բրիւսէլեան բանակցութիւններով ստիպում են, որպէսզի դաւադրութեան մէջ թաթախւած Նիկոլը հրաժարւի Արցախի կարգավիճակի հարցից ու կեղծ խաղաղութեան պայմանագիր ստորագրի:

Պատահական չէ, որ ոստիկանները բիրտ ուժով ճնշում են Արցախի եւ Հայաստանի շահերի համար պայքարող քաղաքացիներին, իշխանութեան քննադատները բանտարկւում են, երկրում ընդդիմադիրների նկատմամբ իրականացւում է պատւիրւած դատավարութիւններ իսկ ԵՄ ներկայացուցչութիւնը ողջունում է ՀՀ կառավարութեանն ու հայկական «ժողովրդավարութիւնը»:

Այս ամէնը, իհարկէ, մենք շատ լաւ հասկանում ենք, որովհետեւ մի փոքր պատկերացում ունենք աշխարհում տեղի ունեցող գլոբալ զարգացումներից, բայց մեր խնդիրն է դիմանալ եւ մինչեւ վերջ չզոհաբերւել օտար քաղաքական, էներգետիկ, կոմունիկացիոն եւ տնտեսական շահերին: Պատմութեան ընթացքում շատ ենք տուժել՝ հէնց զոհաբերւելու պատրաստակամութեան արդիւնքում, ինչպէս նաեւ ներքին դաւաճանների շնորհիւ: Բաւական է, որքան զոհաբերւեցինք՝ տարածքներ, մարդկային կեանքեր, սեփական անվտանգութիւն եւ այլն:

Ուկրայինայի պատերազմից յետոյ, այս գործընթացն աւելի ցայտուն է դարձել: ԵՄ-ում գտնում են, որ Ադրբեջանը կարող է փոխարինել ՌԴ-ից ստացւող գազի որոշ ծաւալը: Մինչ այս ձմեռ, Ադրբեջանի պատճառով Արցախը շուրջ երկու շաբաթ սառչում էր առանց գազի, այդ ընթացքում Ադրբեջանի պետական նաւթային ընկերութիւնը յայտարարեց, որ պատրաստ է 30%-ով աւելացնել դէպի Եւրոպա գազամատակարարումը: Միայն այս տարւայ առաջին եռամսեակում այն կազմել է 2,6 մլրդ խ/մ:

Բրիւսէլի համար ադրբեջանական այդ առաջարկը գտնւած երազ էր: Մայիսի 18-ին Եւրոյանձնաժողովի նոր էներգետիկ պլանով առաջարկւում է 30%-ով կրճատել Ռուսաստանից ստացւող գազի ծաւալները, այն փոխարինելով այլ աղբիւրներով:

2021թ-ին ԵՄ-ն ՌԴ-ից ստացել է 155 մլրդ խ/մ գազ: Ադրբեջանը մօտակայ տարիներին, դէպի ԵՄ իր գազային մատակարարումները կարող է հասցնել մինչեւ 20 մլրդ խ/մ, ինչը կազմում է ՌԴ-ից ԵՄ գազի կախւածութեան 1/8-րդ մասը, այնուամենայնիւ ԵՄ-ն կարծես թէ պատրաստ է յանուն դրա կատարել Ադրբեջանի բոլոր ցանկութիւնները եւ համագործակցել դիկտատոր Ալիեւի հետ, ինչպէս նաեւ աջակցել դիկտատորի վերածւած Նիկոլին:

Երկու ամիս առաջ Եւրոխորհրդարանը 635 կողմ ձայնով դատապարտեց Ադրբեջանին՝ Արցախում հայկական մշակութային ժառանգութեան ոչնչացման համար, սակայն կարճ ժամանակ յետոյ՝ մայիսին այդ բանաձեւը մոռացւեց, ԵՄ-Ադրբեջան բարձր մակարդակով անցկացւած էներգետիկ քննարկումների ֆոնին: Ադրբեջանն, անկասկած, շարունակելու է օգտագործել էներգետիկ լծակները՝ Հայաստանի եւ Արցախի նկատմամբ իր բոլոր պահանջները մէկ առ մէկ կատարելու համար: ԵՄ-ն յանուն գազի եւ յանուն ՌԴ-ից էներգետիկ կախւածութեան թուլացման՝ գնալու է Արցախի ու Հայաստանի շահերի դէմ:

44-օրեայ պատերազմից մէկ տարի յետոյ, 2022թ. Բաքուն աւելացրել է իր ռազմական ծախսերը՝ հասցնելով այն 2,6 մլրդ դոլարի, ինչն իր ՀՆԱ-ի 5%-ից աւելի է: Այսօր էլ մեծ թափով այն վերազինւում է, ձեռք բերելով սպառազինութիւն եւ ռազմական տեխնիկա: Ակնյայտ է, որ Ադրբեջանի նկրտումները չեն սահմանափակւելու եւ օգտւելով իր դերակատարութիւնից ու Թուրքիայի անմիջական աջակցութիւնից՝ շարունակելու է անմիջական սպառնալիք հանդիսանալ նիկոլիզմի պատճառով թուլացած ու անօգնական դարձած Հայաստանի ու Արցախի համար»:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։