Հա

Քաղաքական

11/06/2022 - 14:30

«Այս իշխանութիւնները գնալու են եւ իրաւական ուժ տան Ադրբեջանի մօտեցումներին. նրանք սպասարկում են թուրք-ադրբեջանական դաշինքի շահը». «Փաստ»

Այս պահին հայ-ադրբեջանական հակամարտութեան կարգաւորման շուրջ ձեւաւորւած բանակցային երկու ֆորմատ կայ՝ Մոսկւայի եւ Բրիւսէլի: Երկու տեղերում բանակցային գործընթացը բացառապէս վերաբերում է Հայաստան-Ադրբեջան յարաբերութիւնների վերականգնմանը: Արցախի խնդիրը երկու տեղում էլ յետին պլան է մղւած:

«Փաստի» հետ զրոյցում նման տեսակէտ է յայտնել քաղաքագէտ Հրանտ Մելիք-Շահնազարեանը՝ անդրադառնալով բանակցային գործընթացներին, նաեւ ՌԴ ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովի այցի շրջանակներում արձանագրւած ազդակներին:

«alikonline.ir» - «Փաստ» օրաթերթը գրում է.

Այս պահին հայ-ադրբեջանական հակամարտութեան կարգաւորման շուրջ ձեւաւորւած բանակցային երկու ֆորմատ կայ՝ Մոսկւայի եւ Բրիւսէլի: Երկու տեղերում բանակցային գործընթացը բացառապէս վերաբերում է Հայաստան-Ադրբեջան յարաբերութիւնների վերականգնմանը: Արցախի խնդիրը երկու տեղում էլ յետին պլան է մղւած:

«Փաստի» հետ զրոյցում նման տեսակէտ է յայտնել քաղաքագէտ Հրանտ Մելիք-Շահնազարեանը՝ անդրադառնալով բանակցային գործընթացներին, նաեւ ՌԴ ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովի այցի շրջանակներում արձանագրւած ազդակներին: «Արցախի խնդիրն այն աստիճանի է յետին պլանում, որ ինձ մօտ տպաւորութիւն էր, թէ նախօրէին, պատասխանելով Փառուխի մասին հարցին, Լաւրովը յստակ չգիտէր, թէ Փառուխը որտեղ է, ու կարծում էր, թէ այն կապւած է սահմանների դեմարկացիայի եւ դելիմիտացիայի խնդրի հետ: Լաւրովի երեւանեան յայտարարութիւններում, ըստ էութեան, մենք տեսանք, որ Արցախի վերաբերեալ հատւածում զուտ լաւատեսական գնահատականներ էին՝ խաղաղութիւն, կայունութիւն:

Մինչդեռ, թէ ինչպէ՞ս կը լուծւի հիմնախնդիրը, եւ յատկապէս ի՞նչ տեղ է միջազգային հանրութիւնը պատրաստ յատկացնել Արցախի ինքնորոշման իրաւունքին, պարզ չէր: Ինչ վերաբերում է հայ-ռուսական յարաբերութիւններին, ապա այստեղ ձեւաւորւած բաւականին մեծ օրակարգ կայ, եւ թէ՛ Լաւրովը, թէ՛ Արարատ Միրզոյեանը շարունակում էին մնալ այդ օրակարգի շրջանակներում: Լաւրովի հետ հանդիպման ժամանակ Միրզոյեանը չբարձրաձայնեց Արցախի համար կարեւորագոյն խնդիրները՝ նոյն ինքնորոշման իրաւունքի հարցը:

Սա թողնում է այն տպաւորութիւնը, որ, ամէն դէպքում, Լաւրովի՝ Հայաստան գալու հիմնական նպատակն իսկապէս ՀԱՊԿ-ն է, կամ էլ՝ տարածաշրջանային զարգացումները, այդ թւում՝ նաեւ Թուրքիայի հնարաւոր քայլերը մեր տարածաշրջանում, որին ասուլիսի ժամանակ ԱԳ նախարարները որեւէ անդրադարձ չկատարեցին»,- ասաց քաղաքագէտը՝ նշելով, որ ամենակարեւոր եւ օրակարգային խնդիրների մասին հանրութիւնը տեղեկութիւն չստացաւ:

Անդրադառնալով Լաւրովի այն յայտարարութեանը, թէ Փառուխում իրավիճակը կը դիտարկւի հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման համատեքստում, եւ այս առումով դիտարկելով Ադրբեջանի արձագանգը, նա շեշտեց Ադրբեջանի կողմից Ռուսաստանին պարտադրւող տեղեկատւական քաղաքականութեան մասին. «Լաւրովը այստեղ Փառուխի խնդիրը որպէս գոյութիւն ունեցող խնդիր ընդունեց, բայց յետոյ ՌԴ ԱԳ նախարարութիւնը, փաստացի, պաշտօնական հաղորդագրութեան մէջ սրբագրեց Լաւրովի խօսքերը:

Բացի այդ, «ՌԻԱ Նովոստի» գործակալութիւնն իր էջերից հեռացրել է ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարեանի հարցազրոյցը (հարցազրոյցում անդրադարձ կար նաեւ Փառուխին ու Քարագլխին-«Փաստ»): Պարզ է, որ Ադրբեջանը Ռուսաստանի վրայ տեղեկատւական քաղաքականութեան առումով ճնշում է գործադրում ու կարողանում է ինչ-որ խնդիրներ լուծել, արդիւնքների հասնել: Մինչդեռ պաշտօնական Երեւանն այդ ամենին ուշադրութիւն չի դարձնում, որեւէ տեղ դժգոհութիւն չի յայտնում, ինչը շատ խնդրայարոյց է»: Խօսելով սահմանագծման, սահմանազատման, նաեւ կոմունիկացիաների շուրջ առկայ գործընթացների մասին՝ քաղաքագէտը շեշտեց. «Այդ գործընթացների շրջանակներում բոլոր յայտնի պայմանաւորւածութիւնները Հայաստանի համար լաւատեսութեան որեւէ առիթ չեն տալիս: Մայիսի 23-ին Բրիւսէլում եռակողմ հանդիպմանը խօսւեց այն մասին, թէ ինչ ճանապարհներ են բացւելու, մաքսային, հողային վճարների վերաբերեալ ինչ պայմանաւորւածութիւններ կան: Բոլոր այս հարցերում չափազանց ակնյայտ է, որ շահող կողմը բացառապէս ադրբեջանա-թուրքական դաշինքն է: Թշնամին աւելին է ստանում, քան Հայաստանը:

Հաշւի առնելով այն փաստը, որ թշնամին իսկապէս թշնամաբար է տրամադրւած մեր երկրի դէմ, դժւար չէ կռահել, որ այն լրացուցիչ ռեսուրսները, որոնք ստանալու են, հետագայում ուղղւելու են հայկական պետութիւնների դէմ: Նոյնը դեմարկացիայի, դելիմիտացիայի հետ կապւած խնդիրներին է վերաբերում: Թշնամուն արդէն յանձնել են ռազմավարական բարձունքներ, ճանապարհներ, նոյնիսկ ՀՀ տարածքից բնակավայրեր: Այդքանը յանձնելուց յետոյ նոր գնում են դեմարկացիա, դելիմիտացիա իրականացնելուն»,- ընդգծեց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ իրականում նպատակի հիմքում բոլոր ենթակառուցւածքները ՀՀ տարածքում պահպանելը պէտք է լինէր:

«Իսկ այսօր առկայ տրամաբանութեամբ ստացւում է, որ գնալու են ու իրաւական ուժ տան Ադրբեջանի մօտեցումներին, որովհետեւ ակնյայտ է, որ այս վիճակում Ադրբեջանը պարտադրողի դիրքերից է հանդէս գալիս: Վերջին 2 տարւայ՝ պատերազմից յետոյ ընկած ժամանակահատւածի փորձը ցոյց է տալիս, որ իրենց պարտադրանքը տեղ է հասնում: Հիմա Ադրբեջանն ուզում է դեմարկացիայի, դելիմիտացիայի անւան տակ որպէս Ադրբեջանի տարածք ամրագրել այն, ինչ զաւթել է պատերազմից յետոյ նաեւ ՀՀ տարածքից: Դրա համար, քանի դեռ կայ այդ ուժի սպառնալիքը, նաեւ նրանց ռազմական ներկայութիւնը մեր երկրի տարածքում, քանի դեռ Ադրբեջանից եւ Թուրքիայից Հայաստանի նկատմամբ քաղաքական ճնշում կայ, դեմարկացիայի ու դելիմիտացիայի գործընթացը չի կարող օգտակար լինել հայկական պետութիւններին»,- ասաց Հ. Մելիք-Շահնազարեանը՝ նշելով, որ խնդիրները շատ են, եւ նշւածները պարզապէս ջրի երեսին երեւացողներն են:

«Քանի դեռ այս սպառնալիքները չէզոքացւած չեն, գնալ եւ Ադրբեջանի հետ ինչ-որ բաներ պայմանաւորւելն անթոյլատրելի է: Այս իշխանութիւնները յստակ ասում են, որ իրենք կողմ են Ադրբեջանի առաջ քաշած կէտերին ու պահանջներին եւ ոչինչ չեն առաջարկում, դիւանագիտական մեխանիզմներ չեն մշակում: Տպաւորութիւնս այն է, որ մեր տարածաշրջանում յստակ սպասարկում են թուրք-ադրբեջանական դաշինքի շահը: Էլ չեմ խոսում այն մասին, որ կապիտուլեացիա ստորագրած իշխանութիւն է, որի առկայութեան պարագայում անհնար է դրական որեւէ բան սպասել Հայաստանի կամ Արցախի համար: Իշխանափոխութիւնը Հայաստանում պէտք է լինի այն պարտադիր պահանջներից մէկը, որից յետոյ միայն մեր ժողովուրդը իր կարծիքը կը յայտնի բոլոր գործընթացների իրականացման տեսանկիւնից»,- եզրափակեց քաղաքագէտը:

 

Աննա Բադալեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։