Հա

Քաղաքական

12/06/2022 - 12:15

«Դատական նիստերն իշխանութեան կողմից ուղղորդւած բեմականացում են՝ կանխորոշւած արդիւնքներով». Աւետիք Չալաբեանը՝ Արմաւիր ՔԿՀ-ից

168.am-ի հարցերին պատասխանել է «ԱրԱր» հիմնադրամի համահիմնադիր, «Համախմբում» շարժման անդամ Աւետիք Չալաբեանը, որը մայիսի 14-ից գտնւում է Արմաւիր ՔԿՀ-ում:

«alikonline.ir» - 168.am-ի հարցերին պատասխանել է «ԱրԱր» հիմնադրամի համահիմնադիր, «Համախմբում» շարժման անդամ Աւետիք Չալաբեանը, որը մայիսի 14-ից գտնւում է Արմաւիր ՔԿՀ-ում:

 

- Պարո՛ն Չալաբեան, մայիսի 14-ից անազատութեան մէջ էք. ինքներդ դատարանի այս որոշումը պայմանաւորել էք իշխանութեան նպատակով՝ պայքարի թէժ փուլում ընդդիմադիր գործչին մեկուսացնել, բայց ինչո՞ւ հէնց Ձեզ. այս փուլում իշխանութեանը քննադատում են շատերը, հետեւապէս՝ ինչո՞վ է հէնց Ձեր քննադատութիւնը վտանգաւոր այս իշխանութեան համար։

- Չեմ կարծում, որ իշխանութիւնը հէնց ինձ է միայն փորձում մեկուսացնել։ Ինձ հետ նոյն կալանավայրում այժմ գտնւում են տասնեակից աւելի քաղբանտարկեալներ՝ մէկը միւսից շինծու եւ անհեթեթ մեղադրանքներով։ Սակայն ամբողջ երկիրը բանտերում լցնել չի յաջողւելու, բանտերում յայտնւածների փոխարէն՝ գալու են նորերը, եւ, ի վերջոյ, այս «ժողովրդավար» իշխանութեան ստի եւ կեղծիքի մեքենան փուլ է գալու։

 

- Ձեզ մեղադրանք է առաջադրւել մի յօդւածով, որը 01.07.2022թ ուժի մէջ մտնող նոր քրօրէնսգրքով այլեւս յանցագործութիւն չի համարւելու։ Չնայած դրան՝ դատարանը որոշեց բաւարարել երկամսեայ կալանքի միջնորդութիւնը: Արդեօ՞ք սա էլ լրացուցիչ փաստ չէ, որ հէնց իշխանութիւններն իրաւապահ մարմինների եւ դատարանի ձեռամբ ձեզ պատժելու նպատակ են հետապնդում։

- Այո՛, այդ յօդւածը, որով ինձ թւացեալ արարք է մեղադրւում, արդէն իսկ ապաքրեականացւած է, այն նաեւ ակնյայտ հակասահմանադրական բնոյթ ունի, ու մեր քրէական օրէնսգրքում յայտնւել է տառացիօրէն մէկ տարի առաջ քաղաքական հակառակորդների դէմ պայքարելու նպատակով։

Թէ՛ դատախազութիւնը, եւ թէ՛ դատարանը դա հիանալի հասկանում են, սակայն ենթադրաբար վերեւից իջեցւած պատւէր են կատարում, ինչ-որ չափով նոյնիսկ սեփական կամքին հակառակ։ Սա արդէն իսկ հակառակ արդիւնք է տւել, եւ որքան շատ այս իշխանութիւնը յամառի, այնքան աւելի է այն խայտառակւելու, ես դրանում կասկած չունեմ։ Իսկ մեր պաշտպանական թիմն էլ օգտւելու է թէ ՄԻԵԴ-ին, եւ թէ միջազգային կառոյցներին դիմելու բոլոր հնարաւորութիւններից։

 

- Ձեր կալանաւորումն առաջացրեց հանրային մեծ դժգոհութիւն, ինչին հետեւեց ինչպէս անձամբ Արցախի նախագահի, ԱԺ նախագահի ու քաղաքական վերնախաւի, այնպէս էլ Հայաստանից ու արտերկրից բազմաթիւ յայտնի եւ արժանաւոր գործիչների կոչը՝ ոչ թէ դատարաններին, որ արդարադատութիւն իրականացնեն, այլ հէնց ՀՀ իշխանութեանը՝ Ձեզ կալանքից ազատելու պահանջով. արդեօ՞ք թէկուզ այս հանգամանքը չի վկայում, որ հայ հանրութիւնը վստահ է՝ մեր երկրում դատական իշխանութիւնն անկախ չէ, եւ, որ Ձեզ դատում է ոչ թէ դատարանը, այլ հէնց Նիկոլ Փաշինեանը։

- Մինչ այժմ ես մասնակցել եմ երկու դատական նիստերի, եւ, իմ ընկալմամբ, դրանք արդարադատութեան հետ աղերս չունէին, ընդամէնը բեմականացում էին՝ կանխորոշւած արդիւնքով, ինչպէս յաճախ է պատահում այս իշխանութեան նախաձեռնութիւնների հետ։ Որեւէ կասկած չունեմ, որ սա իշխանութեան կողմից նախատեսւած եւ ուղղորդւող գործընթաց է, դրա բազմաթիւ ապացոյցները մենք պատեհ պահին կը ներկայացնենք։

 

- Նիկոլ Փաշինեանի՝ իշխանութեան գալուց յետոյ առաջինը հարւածի տակ յայտնւեցին զինւորականները եւ, ըստ պետութեան անվտանգային հարցերով զբաղւող մասնագէտների, Փաշինեանն առաջինը գլխատեց բանակը, ինչին յաջորդեց պատերազմն ու պարտութիւնը։ Դուք եւս կանգնած էք բանակի կողքին, Ձեր մեկուսացումն արդեօ՞ք տեղաւորւում է բանակը գլխատելու համատեքստում։

- Ես դա առնւազն չէի բացառի, հաշւի առնելով, որ իմ գործունէութիւնը հիմնականում ուղղւած է մեր բանակի, Հայաստանի եւ Արցախի պաշտպանական համակարգերի արդիականացմանը։

 

- Մեր պետութեան անվտանգութեան ապահովման վերաբերեալ օրերս Ձեր հրապարակած յօդւածում կոչ էիք արել լծւել հայրենիքում հայահաւաքի գործին։ Տեւական ժամանակ Ռուսաստանում ապրելուց յետոյ Դուք վերադարձել էք հայրենիք, ինչպէս պնդում էք՝ Ձեր կարողութիւնները հայրենիքին ի նպաստ դնելու նպատակով: Ձեր նկատմամբ կիրառւած, Ձեր փաստաբանների բնորոշմամբ՝ ապօրինի քրէական հետապնդումը եւ այդ հիմքով Ձեզ ազատութիւնից զրկելն արդեօ՞ք զգուշացում չի լինի հայրենիք վերադառնալու նպատակներ ունեցող անձանց համար։ Հնարաւո՞ր է, որ վերադառնալու ցանկութիւն ունեցող բոլոր կարող ուժերը չվերադառնան այլեւս Հայաստան, աւելին՝ աւելանայ հայրենիքը լքելու ցանկութիւն ունեցողների թիւը:

- Կարծում եմ, որ ուղիղ հակառակը տեղի կունենայ՝ թէ իմ, եւ թէ մեր ամբողջ թիմի պայքարն օրինակ կը դառնայ բազմահազար մեր հայրենակիցների համար, ցոյց կը տայ, որ նոյնիսկ փորձութիւնների եւ զրկանքների ենթարկւելով՝ կարելի է համակարգւած գործողութիւններով ոչ միայն հասնել արդարութեան, այլեւ արմատապէս փոխել իրականութիւնը հայրենիքում՝ այն դարձնելով աւելի ազատ, արդար եւ անվտանգ

 

- Հայրենիքի հզօրացումը ենթադրում է նաեւ տւեալ պահի իշխանութեան հետ ինչ-որ չափով նաեւ համագործակցութիւն. 42 հազար քառակուսի կիլոմետր տարածք ունեցող հայկական երկու պետութիւններից 32 հազարը թողած իշխանութեան հետ այդ նոյն հայրենիքը հզօրացնելու հարցում համագործակցութիւն արդեօ՞ք հնարաւոր է: Եթէ ոչ՝ ինչպէ՞ս էք պատկերացնում հայահաւաքը, մասնաւորապէս, Փաշինեանի պաշտօնավարման շրջանում։

- Հայահաւաքը հնարաւոր է նոյնիսկ Փաշինեանի պաշտօնավարման շրջանում, բայց այն տեղի է ունենում աւելի շատ ի հեճուկս, քան շնորհիւ այս իշխանութեան, մեր ընտանիքի դէպքը դրա օրինակն է։

Փաշինեանի իշխանութիւնը, սակայն, յաւերժ չէ, նրա աւարտից յետոյ հայահաւաքը պէտք է իրականութիւն դարձնել, մեր երկիրը հզօր ներհոսքի եւ ստեղծարար վերելքի սուր կարիք ունի, եւ ցանկացած յաջորդ իշխանութիւն պէտք է ոչ միայն գիտակցի այդ հրամայականը, այլեւ կոնկրետ ջանքեր գործադրի այն իրականութիւն դարձնելու համար։

 

- Իսկ հնարաւո՞ր է՝ Դուք էլ հեռանաք Հայաստանից՝ մարդու համար շատ թանկ բանից՝ ազատութիւնից այլեւս չզրկւելու համար, կամ որոշէք դադարեցնել Ձեր ակտիւ հանրային եւ քաղաքական գործունէութիւնը։

- Մեր ընտանիքը Հայաստան է վերադարձել պատերազմի առաջին իսկ օրը՝ սեփական երկրին օգտակար լինելու եւ նրա պաշտպանութեանը մասնակցելու յստակ վճռականութեամբ, նոյնիսկ ազատութեան ժամանակաւոր կորուստն այդ վճռականութեան վրայ չէր կարող ազդել, կամ էլ որեւէ կերպ փոխել այն խորը կապւածութիւնը, որը մենք ունենք մեր երկրի հետ։ Ուստի, հեռանալու փոխարէն, մենք կը մնանք եւ կը պայքարենք, այլապէս վտարանդու «ազատութիւնը» ցանկացած բանտից վատ է։

 

Աղաւնի Սուքիասեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։