Հա

Քաղաքական

12/06/2022 - 14:15

«Սա իրականում ոչ թէ ապաշրջափակում է, այլ Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից Հայաստանի վերջնական շրջափակումը». Էդգար Էլբակեան

Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթգիծը կառուցւելու է զրոյից: Այդ երկաթգծի՝ Հայաստանով անցնող հատւածն ունենալու է ընդամէնը 45 կիլոմետր, ինչը Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան-Նախիջեւան-Թուրքիա աւելի քան 700 կմ երկարութիւն ունեցող երկաթգծի չնչին մասն է ու շատ ձեռնտու է Ադրբեջանին։

«alikonline.ir» - Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթգիծը կառուցւելու է զրոյից: Այդ երկաթգծի՝ Հայաստանով անցնող հատւածն ունենալու է ընդամէնը 45 կիլոմետր, ինչը Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան-Նախիջեւան-Թուրքիա աւելի քան 700 կմ երկարութիւն ունեցող երկաթգծի չնչին մասն է ու շատ ձեռնտու է Ադրբեջանին։

«Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթգծի կառուցման մասին պայմանաւորւածութիւնն Ադրբեջանի նախագահի հետ ձեռք է բերւել նախորդ տարւայ դեկտեմբերին Բրիւսէլում տեղի ունեցած հանդիպման ընթացքում: Այդ պայմանաւորւածութիւնն արձանագրւել էր նոյեմբերի 26-ին Սոչիում ՌԴ նախագահի միջնորդութեամբ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, եւ ահա Բրիւսէլում Եւրոխորհրդի նախագահ Շառլ Միշէլի միջնորդութեամբ տեղի ունեցած հանդիպմանը ըստ էութեան այս ամէն ինչը արձանագրւեց: Հայաստանն այս երկաթուղով հասանելիութիւն կունենայ դէպի Իրանի Իսլամական Հանրապետութիւն եւ ՌԴ, Ադրբեջանը երկաթուղային կապ կը ստանայ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետութեան հետ»,- կառավարութեան նիստում յայտարարել է Նիկոլ Փաշինեանը:

Ինչո՞ւ է ապաշրջափակման համար առաջինն ընտրւել հէնց այս ուղղութիւնը, եթէ կարելի էր, օրինակ, վերագործարկել Իջեւան-Ղազախ երկաթգիծը, որի համար աւելի քիչ միջոցներ կը պահանջւէին, պարզ չէ:

Որքանո՞վ է երկաթգիծը ապահովագրւած ռիսկերից եւ որքանո՞վ է ձեռնտու Հայաստանի համար: Ադրբեջանը Նախիջեւանի հետ կապող ճանապարհ ունի Իրանի տարածքով։

Ուրեմն ինչո՞ւ է Ադրբեջանի համար այդքան կարեւոր Մեղրիի երկաթգիծը, ո՞րն է դրա թաքնւած նպատակը: Ադրբեջանը Թուրքիայի հետ երկաթուղային կապ ունի Վրաստանի տարածքով՝ Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս երկաթգծով, որը շահագործման է յանձնւել 2017 թւականին։ Այս երկաթգիծը կառուցելու համար Ադրբեջանը ծախսեց միլիոնաւոր դոլարներ: Նպատակը Հայաստանը շրջանցելն էր, բայց երկաթգիծը փաստօրէն չի գործում ամբողջ հնարաւորութեամբ: Հիմա Ադրբեջանի համար առաւել կարեւոր է դարձել Մեղրիով՝ այսինքն՝ Սիւնիքով անցնող երկաթգիծը: Դրա հեռահար նպատակներն ու վտանգները պարզ են բոլորին, բացի Հայաստանի գործող իշխանութիւններից:

Թեմայի մասին 168.am-ը զրուցել է քաղաքագէտ Էդգար Էլբակեանի հետ:

«Միակ տրամաբանութիւնը գործող, դէ ֆակտօ թուրքամէտ իշխանութիւնների վերարտադրութիւնն է եւ պետական երկարատեւ ազգային շահերը յանուն իրենց կարճաժամկէտ նեղ խմբային շահերի զոհաբերելը: Իրանի հետ եղած ցամաքային իրական կապը յանձնւել է Ադրբեջանին ու ընդամէնը կառուցւում է ճանապարհ, ընդ որում նաեւ, Հայաստանի բիւջէից, որը միացնելու է Ադրբեջանին ու Թուրքիային: Իրականում գործ ունենք ռազմատուգանքի հետ: Երկաթուղին չի անցնելու Իրանի տարածքով, հետեւաբար՝ Իրանի հետ ի՞նչ կապի մասին է խօսքը: Ամէն ինչ առաւել քան պարզ է, պարզապէս ցանկութիւն չունեն հետապնդելու ազգային օրակարգ, որովհետեւ նախ իրենց սոցիալական պատմութեամբ ու ծագմամբ էդպիսին չեն, մինչեւ իշխանութեան գալն էլ ունեցել են ապազգային գաղափարներ, քանի որ քանդել են Հայաստանի արտաքին քաղաքական ընդհանուր ճարտարապետութիւնը՝ ոչ միայն ռազմավարական դաշնակից Ռուսաստանի կամ բարեկամ երկիր Իրանի հետ, այլ՝ բոլորի:

Անգամ հաւաքական Արեւմուտքը կամ Եւրոմիութիւնը, որ էս պահին աջակցում են այս իշխանութեանը /ոչ Հայաստանին/, 2018-ին արժանանում էին մուննաթի, թէ բա մենք յեղափոխութիւն ենք արել, մենք ժողովրդավար են, ինչու չէք մեզ փող տալիս, կամ տալիս էք այնքան, որքան նախկիններին: Այսինքն՝ ընդհանուր առմամբ այս իշխանութիւնը, ու սա բնորոշ է պոպուլիստական ու տհաս իշխանութիւններին, ապազգային է ու քանդել է արտաքին քաղաքականութիւնը եւ չի կարողանում Ադրբեջանին ասել ոչ: Ասել՝ մենք ուզում ենք հասկանալ, թէ այդ երկաթուղին մեզ ինչ է տալու: Դուք Վրաստանի տարածքով Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով կապ ունէք, մեզնից ինչ էք ուզում: Նրանք ուղղակի համագործակցում են Թուրքիայի ու Ադրբեջանի հետ՝ ակնյայտօրէն իրենց կարճաժամկէտ վերարտադրութեան համար, ինչն էլ վերավաճառում են Արեւմուտքին, թէ՝ տեսէք, մենք Թուրքիայի հետ ուղիղ ենք շփւում, քչացնում ենք ռուսական ներկայութիւնը: Այստեղ չկայ տնտեսական ու ազգային որեւէ շահ»,- 168.am-ի հետ զրուցում նշեց քաղաքագէտ Էդգար Էլբակեանը:

Ինչո՞ւ է ապաշրջափակման համար առաջինն ընտրւել հէնց այս ուղղութիւնը, ինչո՞ւ է Ադրբեջանի համար առաւել կարեւոր դարձել Մեղրիով, այսինքն՝ Սիւնիքով անցնող երկաթգիծը, եթէ կարելի էր վերագործարկել Իջեւան-Ղազախ ուղղութիւնը հարցին, քաղաքագէտը պատասխանեց, որ Թուրքիայի ու Ադրբեջանի համար սա ոչ թէ տնտեսական ձեռնարկ է, այլ ռազմական ու ռազմավարական, հեռուն գնացող նպատակ: Սրանով կը կարողանան Սիւնիքը գրաւել եւ ամենակարճ ճանապարհով կապւել Թուրքիայի հետ: Եթէ նպատակն իրականում տնտեսական բաղադրիչը լինէր, կը գործարկւէր Իջեւան-Ղազախ ուղղութիւնը, բայց իրականութեանը պէտք է սթափ նայել ու, օրինակ, հարցնել արտահանողներին, կը ցանկանա՞ն արտահանել իրենց ապրանքները դէպի Ռուսաստան Ադրբեջանի ու Թուրքիայի տարածքով: Եթէ նոյնիսկ դա հնարաւոր լինի ու մի քանի տարի Ադրբեջանը դրան չխոչընդոտի, համբերատար սպասի, մինչեւ Հայաստանի արտահանման ողջ ենթակառուցւածքը տեղափոխւի այդ ուղղութեամբ, որոշի փակել ուղղութիւնը ու Հայաստանի առաջ նոր պահանջներ դնի, ի՞նչ է լինելու:

Էդգար Էլբակեանը համոզւած է, որ սա իրականում ոչ թէ ապաշրջափակում է, այլ Հայաստանի վերջնական շրջափակումն Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից:

Նրա խօսով, անհնար է պայքարել թշնամի երկրի հետ մէկ գործիքակազմով, երբ կայ քանակական մեծ տարբերութիւն: Թուրքիան կարող է հեղեղել հայկական շուկան՝ առանց օրէնք խախտելու: Ադրբեջանը կարող է Սիւնիքում իր քաղաքացիների իրաւունքների իբր խախտման դէպքերի պատրւակով օկուպացնել որոշակի տարածքներ: Այսինքն՝ 21-րդ դարում մրցակցում են պետութիւնները տնտեսական, ռազմական, հոգեւոր-մշակութային, արտաքին քաղաքական, դաշնակցային բաղադրիչներով: Մեր տարածաշրջանում բոլոր բաղադրիչներից աւելի կարեւոր է ռազմականը:

«Ադրբեջանն էսօր յայտարարում է, որ շարունակելու է ուժեղացնել իր բանակը, որ կարողանայ պահել ինքնիշխանութիւնը: Սա հասկանում են բոլոր «խելքը գլխին» երկրները: Ադրբեջանը չունի գոյաբանական խնդիր: Հայաստանն ունի այդ խնդիրը, բայց մեզ մօտ Արեւմուտքի աջակցութեամբ զարկ է տրւում ոստիկանական, պարեկային համակարգին եւ բանակը հզօրացնելու փոխարէն»,- նշեց մեր զրուցակիցը:

 

Աննա Դեմիրճեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։