Հա

Քաղաքական

13/06/2022 - 13:15

«Քանի դեռ Թալէաթի գերեզմանին ծաղիկ դնող կայ, նրանց հետ գործ չունենք». Արսէն Գրիգորեան

«Արար» հայ ազգային արւեստի պահպանման կենտրոնի հիմնադիր ղեկավար, Հայաստանի վաստակաւոր արտիստ, երգիչ Արսէն Գրիգորեանը վստահ է, որ մասնագիտական ու անձնական սկզբունքները չեն կարող աւելի թանկ լինել, քան հայրենիքի կամ ժողովրդի ապագան, անվտանգութիւնն ու ազգային ինքնութեան պահպանումը։ Նա Sputnik Արմենիայի եթերում խօսել է իր տեսակի, ազգադաւ ծրագրերի ու երկրի արժանապատւութիւնը պահպանելու մասին։

«alikonline.ir» - «Արար» հայ ազգային արւեստի պահպանման կենտրոնի հիմնադիր ղեկավար, Հայաստանի վաստակաւոր արտիստ, երգիչ Արսէն Գրիգորեանը վստահ է, որ մասնագիտական ու անձնական սկզբունքները չեն կարող աւելի թանկ լինել, քան հայրենիքի կամ ժողովրդի ապագան, անվտանգութիւնն ու ազգային ինքնութեան պահպանումը։ Նա Sputnik Արմենիայի եթերում խօսել է իր տեսակի, ազգադաւ ծրագրերի ու երկրի արժանապատւութիւնը պահպանելու մասին։

Ինչո՞ւ է երգիչը մասնակցում ընդդիմութեան հանրահաւաքներին

«Ինձ համար սա պայքար է յանուն Արցախի փրկութեան, Հայաստանի անվտանգութեան, յանուն ազգային արժանապատւութեան»,- հարցին այսպէս է պատասխանում երգիչը։

Նա խոստովանում է, որ շատերը, անձնաւորելով հանրահաւաքը, չեն ուզում գալ այնտեղ։

«Իսկ ես այնտեղ եմ ոչ թէ ինչ-որ անձի համար, այլ որովհետեւ տագնապի մէջ ենք, մեր երկիրը բզկտում են։ Ես այնտեղ եմ իմ ինքնութեան, իմ պետութեան համար,- ասում է երգիչն ու այլընտրանք առաջարկում,- գնացէ՛ք Գայի, Գարեգին Նժդեհի արձանի մօտ կամ որեւէ այլ տեղ եւ յայտնէք ձեր բողոքը, ես կը գամ, ձեր կողքին կը կանգնեմ, ու շատերը կը գան»։

Երգիչն ընդգծում է` այս պայքարը ինչ-որ մէկի մենաշնորհը չէ, այլ ազգային պայքար։

«Այսօր, երբ արնահոսութիւն կայ, չենք կարող անել ֆիզիոթերապիա։ Պէտք է վիրահատական միջամտութիւն լինի՝ կանգնեցնենք արնահոսութիւնը, յետոյ կը մտածենք երկարատեւ բուժման մասին»,- նշում է երգիչը։

Մտաւորականի առաքելութիւնը

Երգչի բնութագրմամբ` «մտաւորական» եզրոյթն այսօր մեզանում հակասական ընկալում ունի։

«Ո՞րն է չափորոշիչը,- հարցնում է Գրիգորեանը,- բարձրագոյն կրթութի՞ւնը, լաւ երաժշտութիւն գրե՞լը, լաւ բժիշկ լինե՞լը»։

Նա վստահ է, որ մտաւորական կարող է լինել իւրաքանչիւր ոք, ով իր ներքին ինտելեկտը, գիտելիքները պատրաստ է նւիրաբերել հայրենիքին եւ ժողովրդին։

«Արդեօք մասնագիտական եւ անձնական բան կա՞յ, որն աւելի թանկ է, քան հայրենիքդ կամ ժողովրդիդ ապագան ու անվտանգութիւնը, ազգային ինքնութեան պահպանումը»,- հարցնում է Գրիգորեանն ու վստահ պատասխանում՝ չկայ։

Արւեստագէտի, մտաւորականի դիրքորոշումը յաճախ միանշանակ չի ընկալւում` երբ խառնւում է քաղաքականութեանը, ասում են` արւեստագէտը պէտք է արւեստով զբաղւի, չի խառնւում՝ ասում են՝ որտե՞ղ է մեր մտաւորականութիւնը։ Գրիգորեանը հակադարձում է այս դիտարկմանը.

«Կարեւորը նպատակն է՝ ազգային եւ պետական շահի համար պայքարելը։ Դրա մէջ ի՞նչ քաղաքականութիւն կայ։ Մեծախօսութիւն չլինի, ես ինչ կարողացել եմ, արել եմ պատերազմների ժամանակ։ Ազգային շտեմարանից իւրաքանչիւր երգ հայրենասիրական է։ Երբ այն մատուցում ես յատկապէս մատաղ սերնդին, բայց այլ կերպ ես ապրում, հակասական է, ազդեցիկ չէ։ Հարկաւոր է ապրել այնպէս, ինչպէս ստեղծագործում ես, եւ ստեղծագործել այնպէս, ինչպէս ապրում ես»,- ասում է երգիչը։

Արւեստագէտը յիշեցնում է, որ մենք դարեր շարունակ պետականութիւն չենք ունեցել. մեր մշակոյթն ու Հայ Առաքելական Եկեղեցին են ստանձնել պետականութեան դերն ու մեզ պահել մեր տեսակի մէջ։ Այսօր մի տարբերութիւն կայ։ Մենք ունենք պետականութիւն, բայց պետականութեան պահպանման խնդիրներն են շատ։

«Երբ ունես պետականութիւն, քո գործն է պահել այն մշակոյթը, որը դարեր շարունակ պահել է քեզ, քո տեսակը։ Մենք պարտաւոր ենք աչքի լոյսի պէս պահել-պահպանել մեր մշակութային ժառանգութիւնը»,- շեշտում է Գրիգորեանը։

Սիրել է պէտք

Արւեստագէտը նկատում է, որ կայ իրականութիւնից կտրւած մի զանգւած, որը չի նկատում արժանապատւութեան կորստի խնդիրը, չի տեսնում, որ ինչ ներկայացնում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, այսօրւայ իշխանութիւնը համաձայնում է։ Երգիչն ուզում է ունենալ այնպիսի ղեկավար, որը կը սիրի հայ ժողովրդին, Հայաստանը, Արցախը եւ տարբերութիւն չի դնի նրանց միջեւ։

Ո՛չ հայերէն է, ո՛չ էլ մարդկային

Իրականութեան հետ որոշ զանգւածի համակերպման պատճառը Գրիգորեանը տեսնում է անձնականը հանրայինից վեր դասելու մէջ։ Երգչի շրջապատից շատերը, որոնք սատարում էին այս իշխանութեանը, այսօր ապրում են Գլենդէլում։

«Առաջ շատ էին զանգում, հիմա` քիչ։ Երբ զանգում են, ասում եմ՝ ինչո՞ւ չէք գալիս, ասում են՝ գանք` ի՞նչ անենք»։

Արւեստագէտն ահազանգում է՝ մեր հայրենիքն այսօր դժւարութիւնների մէջ է, եւ զուգահեռներ է անցկացնում հիւանդ ծնողների հետ, որոնց թողնելը նման պայմաններում ո՛չ հայերէն է, ո՛չ էլ մարդկային։ «Պէտք է տէր կանգնենք Հայաստանին, Արցախին, մեր արժանապատւութեանը։ Ուրիշ տարբերակ չեմ տեսնում»։

Չդաւաճանել տեսակին

Ժողովրդական երգի մեկնաբանը ազգադաւ ծրագիր է տեսնում նաեւ մեր իրականութիւն ներթափանցած մահմեդական, «թուրքաբարոյ» ելեւէջներով մեղեդիներում, սակայն ժողովրդին մեղադրելը սխալ ու անհասցէ է համարում։

«Մեղաւորները նրանք էին, ովքեր գիտէին` որտեղից են վերցնում թուրքական երաժշտութիւնն ու վրան «հագցնում» հայերէն բառեր՝ աղաւաղելով մեր լեզուն։ Կարեւորը` իրենց համար փողաբեր լինէր, ճանաչելիութիւն բերէր։ Չեն մտածել գալիք սերունդների եւ այս վտանգաւոր երեւոյթի մասին։ Մենք մի խնդիր ունենք՝ մեր ֆիզիկական ապահովութեան մասին աւելի շատ ենք մտածում, քան հոգեւոր։ Մատդ փուշ է մտնում՝ վազում ես բժշկի, բայց երբ հոգուդ մէջ սրեր են խրում, ասում ես՝ լաւ, ոչինչ»,- համեմատական է անցկացնում Գրիգորեանը։

Երգիչը շեշտում է, որ պատասխանատւութիւն է կրում իր տեսակի համար։

«Իմ տեսակը միայն Հայաստանում չէ, միայն Արցախում չէ, միայն Ջաւախքում չէ. աշխարհում ամէն տեղ կայ իմ տեսակը, եւ այդպէս էլ դաստիարակել եմ իմ երեխաներին։ Նրանց ասում եմ՝ մեծ նպատակներ ունեցէք, փոքրերը իրենք իրենցով կը ստացւեն։ Մեծ նպատակը մեր ազգն է, մեր պետութիւնը։ Պետականութիւնը ազգի յարատեւման երաշխաւորն է»։

Ռազմատենչ ե՞րգ, թէ՞ պաշտպանութեան կոչ

Հանրահաւաքներում հնչող երգերի բովանդակային բաղադրիչն ու մոտիւացնող ուժը պակաս կարեւոր չեն ընդհանուր պայքարում։

«Մէկ դար առաջ երգում գրւած երեւոյթն այսօր կրկնւում է։ Սուլթանը այն ժամանակ էլ էր ուզում ջնջել հային եւ թողնել մէկ հոգու` որպէս թանգարանային նմուշ։ Հիմա ժամանակները փոխւել են, ցանկութիւնը նոյնն է մնացել։ Դրա համար մենք ասում ենք` հայեր միացէք, Արցախն է մեզ կանչում»,- ասում է հայ երգի նւիրեալը։

Գրիգորեանն օրինակ է բերում Աշուղ Ֆահրատի` մէկ դար առաջ գրած հայրենասիրական երգերը, յիշեցնում Գուսան Հայկազունու «Հայեր, միացէ՛ք», «Պատերազմ էք գնում՝ բարով գնացէք», «Պիտի գնանք վաղ թէ ուշ» ստեղծագործութիւնները, որոնք այսօր էլ են շատ արդիական։

Ու չնայած երգերի մարտակոչին կամ ռազմատենչութեանը` դրանք պաշտպանւելու կոչեր են։ Երգիչը յիշեցնում է, որ մենք ոչ մի պատերազմ չենք սկսել, մենք միշտ պաշտպանւել ենք, եւ պէտք չէ մոռանալ, որ Ադանայում մինչեւ 1915 թիւը զանգւածաբար կոտորեցին ամբողջ քաղաքը, ուստի զարմանալու չէ, թէ ինչու են ասում` Ստամբուլը պէտք է լինի արեան ծով։

Քանի Թալէաթի գերեզմանին ծաղիկ դնող կայ...

Երգիչը մեծ սխալմունք է համարում թուրքի հետ բարեկամ լինելու մտածողութիւնը։ Որպէս նախապայման պահանջում է ընդունել Հայոց Ցեղասպանութիւնը եւ լուծել Արցախի կարգավիճակի հարցը։

«Քանի Թալէաթի գերեզմանին ծաղիկ դնող կայ, մենք իրենց հետ գործ չունենք»,- շեշտում է նա։

Երգիչը ցեղասպանւած, հայրենազրկւած ընտանիքի զաւակ է, որը ոչ իր կամքով ծնւել է Սիրիայում։

«Այսօր աշխարհում ցիրուցան եղած հայերի տարագիր ճակատագրի պատճառը թուրք ցեղասպանն է։ Ինքը թող փոխւի, իր մեղքերը ընդունի, յետոյ մենք կը մտածենք»,- եզրափակում է Արսէն Գրիգորեանը։

 

Յարակից լուրեր

  • «Այս թատրոնից դո՛ւրս եկէք. երկրին տէր է պէտք, վտանգը մօտենում է». Արսէն Գրիգորեան
    «Այս թատրոնից դո՛ւրս եկէք. երկրին տէր է պէտք, վտանգը մօտենում է». Արսէն Գրիգորեան

    2020 թւականի 44-օրեայ պատերազմը հայերիս համար անակնկալ չէր. դրա մասին գիտէինք բոլորս, բայց ոչ բոլորս էինք մեզ հարց տալիս՝ իսկ ի՞նչ ենք արել Արցախեան առաջին յաղթանակից յետոյ, կամ ի՞նչ ենք արել այդ յաղթանակն ամրագրելու համար, կամ ի՞նչ ենք արել առհասարակ, որ այլեւս երբեք պատերազմ չլինի։ Ոչ բոլորս ենք մեր երեխաներին պատրաստել պատերազմի, ոչ բոլորս ենք մեզ հարց տւել՝ իսկ պետութիւնն ո՞ւր ենք տանում, իսկ պետական երկարաժամկէտ ռազմավարութիւն ունե՞նք, փորձե՞լ ենք արդեօք հասկանալ, թէ ուր է գնում մեր պետութիւնը։

  • Հալէպի Նոր Գիւղում մեծ շուքով նշել են Մայիսի 28-ը
    Հալէպի Նոր Գիւղում մեծ շուքով նշել են Մայիսի 28-ը

    Պատերազմի արհաւիրքը յաղթահարած Հալէպի Նոր Գիւղ թաղամասում մեծ շուքով նշել են Մայիսի 28-ը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։