Հա

Քաղաքական

13/06/2022 - 13:50

«Անկեղծ զրոյց Լաոյի հետ...». Ռուբէն Յակոբեան

Ռուբէն Յակոբեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է․

«alikonline.ir» - Ռուբէն Յակոբեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է․

«Անկեղծ զրոյց Լաոյի հետ...

Լաօ, արի նախապէս պայմանաւորւենք, որ մեր զրոյցը լինելու է անկեղծ, պատմական ճշմարտութեան աչքերին ուղիղ նայելով, որովհետեւ զրուցելու ենք մեր մասին, մեր պատմութեան ու կենսագրութեան, հազարամեակների ընթացքում նաեւ մեր իսկ կողմից «ձեռք բերած» բազմաթիւ պարտութիւնների եւ այժմ էլ մեր հրամանատարութեամբ ու ամենաստոր գործիքակազմով՝ մեր պետութիւնը ոչնչացնող ողբերգութեան մասին... Դէ, գիտե՛ս, այդ թեմաների մասին խօսելու համար ուժ ու համարձակութիւն է պէտք... Կան ճչացող, դաժան ճշմարտութիւններ, ինչը բոլոր ժամանակներում փորձել եւ այժմ էլ փորձում ենք յամառօրէն թաքցնել... Իսկ պատմական այդ իրողութիւններին առարկայօրէն նայելու համար ամուր նեարդեր, չգժւելու կարողութիւն, իրական հայրենիք ունենալու չմանդատաւորւած կամք ու ներուժ է պէտք...

Նախ, Լաօ, արի փորձենք միասին պատասխանել շատ կարեւոր մի հարցի՝ ինչպէ՞ս եղաւ, ո՞նց պատահեց, որ առաջին դարում, ունենալով աւելի քան 300 հազար ք/կմ տարածք եւ լինելով տարածաշրջանի կարեւոր դերակատարներից մէկը, այսօր պստիկացել, դարձել ենք մի ափաչափ, նոյնիսկ էն եղածի տասը տոկսից էլ պակաս՝ ամէն օր մետր առ մետր փոքրացող մի շագրենակաշի, որտեղից մարդիկ օր առաջ ուզում են փախչել...

Արի նաեւ հարեւաններին մեղադրելու՝ դարերով անգիր արած տեքստերից հրաժարւենք, որովհետեւ այդ թւերին դեռ թուրք-ադրբեջանական տանդեմ գոյութիւն չունէր։ Իսկ ռուսներն էլ... Դէ, կարծում եմ կը յիշես այդ թեմայով մեր ինքնագոհ ամպագոռգոռ լոպազութիւնը՝ երբ մենք գիր-գրականութիւն ունէինք, նրանք դեռ ծառերի վրայ թռչկոտում էին... Ամերիկայի մասին խօսելն էլ ծիծաղ կը բերի՝ այդ ժամանակ Ամերիկան, որպէս պետութիւն, նոյնիսկ սաղմնաւորման յայտ դեռ չէր ներկայացրել ու յայտնի էլ չէր, թէ երբ սեռական հասունութիւն կապրի...

Հա, Լա՛օ, մեր սովորութեան համաձայն կարող ենք այդ օրերի համար էլ Պարսկաստանին ու Բիւզանդիային մեղաւորներ նշանակել... Բայց, կարծում եմ կը համաձայնես, որ ընթերցողը մեզ միանգամից կը յիշեցնի վատ պարողի մասին ռուսական անեկդոտը...

Լաօ, չե՞ս կարծում, որ դարերի ընթացքում մենք պարտւել ենք հէնց մե՛զ... Թշնամին մեզ չի՛ յաղթել... Այո՛, մենք պարտւել ենք հէնց մե՛զ... Վկայ՝ Աւարայրը... Եւ մեր պարտութիւնների ու ողբերգութիւնների համար միշտ փորձել ենք մեղաւորներ նշանակել դրսի ուժերին ու պետութիւններին։

Լաօ, չե՞ս կարծում, որ թշնամին օգտւել է հէնց մե՛ր ներսի՝ իր տեսակի գոյութիւնից եւ ապահովել իր յաղթանակը... Արդեօք մեր այսօրը հէնց դրա ճչացող ապացոյցը չէ՞...

Յիշում ես, չէ՞, Լաօ, ինչպէս 1045թ. Պետրոս Գետադարձ կաթողիկոսը, իշխան Վեստ Սարգսի հետ գործակցութեամբ, Անիի բանալիները յանձնեց Բիւզանդ կայսր Կոստանդին Մոնոմախին, ձգտելով, որպէս հատուցում, ստանալ Բիւզանդիայի հովանաւորութիւնը՝ աւելի ամրապնդելու կաթողիկոսական իր իշխանութիւնը։ Բայց, ինչպէս կասէր ուսապարկերի մասնագէտ էն թմբլիկ պատգաւորը, նկատի ունենալով իր կուսակից ԱԺ նախագահին՝ մէկ անգամ մարմնավաճառը՝ յաւերժ է մարմնավաճառ... Բիւզանդացիք դեռ էն գլխից ծանօթ էին էս տեսակին, պատմութեան ընթացքում նման յաճախորդներ էլի էին ունեցել... Մի խօսքով՝ նրանք կտրուկ փոխեցին իրենց դիրքորոշումը դաւաճանի նկատմամբ՝ սկսեցին հալածել նրան, առաւել եւս, որ Բիւզանդիան ուզում էր վերացնել Հայ եկեղեցու անկախութիւնը։

Լաօ, կարծում եմ կը համաձայնես, որ մերօրեայ գետադարձն է՛լ աւելի դաժան գտնւեց Արցախի ու մեր պետութեան նկատմամբ, քան նոյնիսկ իր բնօրինակը՝ հեռաւոր 11-րդ դարում։ Նա ոչ միայն Արցախի բանալիները յանձնեց թուրք-ադրբեջանական տանդեմին, այլեւ դահիճին յատուկ արիւնռուշտութեամբ գլխատեց հինգ հազար զինւորի... Եւ, ինչպէս հետագայում կը խոստովանէր, այդ գլխատումը կարող էր եւ տեղի չունենար, եթէ չվախենար իր իշխանութեան կորստից։ Այլ խօսքով՝ հինգ հազար անմեղ զինւորի կեանք՝ իր ազգադաւ իշխանութիւնը պահելու համար։

Լաօ, այս արհաւիրքը այսօր էլ գլխատում է մեր ազգի ու պետութեան արժանապատւութիւ՛նը... 20-ի նոյեմբերի 9-ից թշնամուն բերել մտցրել է մեր պետութեան ննջարան ու բանալու անցքից վախւորած հետեւում է, թէ ինչով է զբաղւում իր թոյլտւութեամբ ննջարան ներխուժած թշնամին...

Գիտես, Լաօ, 90-ականների ազգային զարթօնքին երբեք չէինք կարող պատկերացնել, որ 30 տարի յետոյ Հայաստանը կարող է ունենալ ղեկավար, ով, թիկնապահներով շրջապատւած, ինքնքգոհ կարող էր ընդդիմութեանը սպառնալ, որ բռնելու եւ շինելու է ու փողոցային խուլիգանին վայել պահւածքով էլ ԱԺ ամբիոնից կը յայտարարէր, որ ընդդիմութեան վրայ ոչ միայն մատ, այլեւ, եթէ պէտք լինի՝ նաեւ ուրիշ բան թափ կը տայ...

Այս սինլքորին իր վարքով չի զիջում նաեւ պետութեան երկրորդ դէմքը։ ԳԽ պատգամաւորներից ո՞վ կարող էր ենթադրել, Լաօ, որ 30 տարի անց ԱԺ նախագահի աթոռը կարող էր զբաղեցնէր քաղաքական սկզբունքներից զուրկ ու քաղաքական այլասեռւածութեան բացառիկ նմուշ ինչ որ մի երկոտանի, ով ԱԺ-ում, ՊՊԾ ղեկավարի հետ համագործակցած, կարող էր ծեծ կազմակերպել ընդդիմադիր պատգամաւորների նկատմաբ...

Բայց ԱԺ-ի ուսապարկային մեծամասնութեան արժեհամակարգի ճշգրիտ խորհրդանիշը, թերեւս, ԿԳՄՍ կոչւող՝ ինտելեկտուալ մի շարք ոլորտներ համակարգող յանձնաժողովի նախագահն է, ով այդ նոյն ծեծի ժամանակ ցուցամատը պտտեցնելով սպառնում էր ընդդիմադիր պատգամաւորին՝ մատը նրա մարմնի համպատասխան բացւածքը մտցնել, այնուհետեւ՝ թռչկոտելով միանում է հինգ-վեց մեծամասնական շակալների ոհմակի, ովքեր «տղամարդավարի» ծեծում էին մէկ ընդդիմադիր պատգամաւորի...

Յիշեցի ԳԽ-ի նոյնաբովանդակ մեր յանձնաժողովի կազմը՝ Հրանտ Մատթէոսեան, Վարդգէս Պետրոսեան, Ռաֆայէլ Իշխանեան, քանդակագործ Օհան, Սամուէլ Շահմուրադեան (92-ին զոհւեց դիրքերում) եւ ուրիշներ... Փորձագէտներից՝ Ռաֆոյին Նահապետեան, Ալեքսանդր Թոփչեանին։ Յանձնաժողովի նախագահը Մերուժան Տէր-Գուլանեանն էր...

Գիտես, Լաօ, մենք ունեցել ենք նաեւ փառահեղ յաղթանակներ՝ Սարդարապատը, Շուշիի ազատագրումը, ինչը ռազմական արւեստի բացառիկ նմուշ է... Եւ էլի մէկ-երկուսը։ Բայց դրանք, խոստովանենք, որ եզակի էպիզոդներ են։ Նոյնիսկ չենք փորձել տէր կանգնել մեր այդ եզակի յաղթանակներին։ Խնդրեմ՝ ցաւալի մի օրինակ... 1994թ. մայիսի 12-ին զինադադարի մասին Բիշքեկեան յայտնի արձանագրութիւնը, որով, ըստ էութեան, օրւայ իշխանութիւնը ոչնչացրեց հազարաւոր զոհերի գնով ռազմաճակատում ձեռք բերած մեր փայլուն յաղթանակը։ Դա մեր դիւանագիտութեան կողմից դաժան ու անուղղելի հարւած էր արցախեան ազատամարտին։ Դրանում ես համոզւած եմ... Շատ չմանրամասնելու համար ասեմ, որ այս թեմային բաւականին հանգամանօրէն անդրադարձել եմ վերջերս «Կապիտուլեացիայի յաղթարշաւը»՝ վեց մասից բաղկացած իմ հեռուստահաղորդաշարի առաջին թողարկմանը։

Լաօ, իրար յաջորդող իշխանութիւններն այդպէս էլ համարժէք իրաւական ու քաղաքական գնահատական չտւեցին մեր պետութեան ընտրական համակարգի ողնաշարը սղոցող 1995-96թթ. համապետական ընտրութիւններն աննախադէպ կեղծելու ակնյայտ փաստին։ Եւ պատահական չէ, որ այդ կեղծիքներն իրականացնող նենգ գործիքը բանտում լինելու փոխարէն, մերօրեայ գետադարձի կողմից այսօր նշանակւել է արդարադատութեան ռահվիրայ։

Լաօ, չենք համարձակւում նաեւ խօսել, քննարկել, հասկանալ, թէ ինչպէս ծնւեց Արցախն արիւնածոր վէրքի վերածած ու մեր պետութեան սուբիեկտայնութիւնը զրոյացրած այս արհաւիրքը։ Նա ընկեցիկ չէ՛, անօրինական ծնունդ չէ՛, բիջ չէ՛, Լաօ՛... Մեր հաւաքական կերպարն է տարիների ընթացքում ծնել ու սնել սրան։ Այս չարիքի յայտնութեան համար իւրաքանչիւրս ունենք պատասխանատւութեան մեր չափաբաժինը... Երբեմն անձնական ու կուսակցական շահերից ելնելով ինչ որ քաղաքական խաղերում օգտագործելու համար նրան նոյնիսկ սեւ խաւիարով ենք կերակրել, Լաօ՛...

Քո շուրջ աւելի լայն համախմբում ապահովելու համար քաղաքացին սպասում է այս եւ նման այլ հարցերի անկեղծ պատասխաննեի, Լաօ՛... Ինքնախոստովանութիւնների ու ինքնաքննադատութիւնների... Ուզում է քեզ աւելի համոզիչ տեսնել... Քաղաքացին վախենում է նորից սխալւելուց... Ասում է՝ միայն քո զարթնելը քիչ է, Լաօ՛...

Լաօ, քեզ շատ հետեւողներ ունես... Արի յորդորի, չէ՝ խնդրի լսարանիդ, որ կարդան կամ վերընթերցեն Խորենացու «Ողբը», յետոյ էլ՝ 15 դար անց Քերթողահօր ողբը չափածոյացրած ու նոր փաստերով բարբառած Չարենցի «Պատմութեան քառուղիներով»-ը։ Մեծերը տարածութեան ու ժամանակի մէջ տառապանքներով, ցաւի ու դառնութեան քառուղիներով անցնելով զգացել, արձանագրել ու զգուշացրել են դէպի պարտութիւն ու ողբերգութիւն տանող մեր արատների մասին։ Բայց մեր այսօրը, մերօրեայ պետրոսգետադարձեան դահիճի կործանարար գոյութիւնը ճչում է, որ պատմութիւնից մենք դասեր չենք քաղել...

Լաօ, արի հիմա մեր այս զրոյցն այստեղ ընդմիջենք ու խելք-խելքի տանք, մտածենք, թէ ինչ անենք, ինչպէս անենք, որ դուրս գանք այս ինքնասպան վիճակից։ Այս պահի համար ես լուծումներ տեսնում եմ եւ դրա առաջին պայմանը, որ դու շարունակես զարթնած մնալ, ինչքան էլ քեզ տարբեր կողմերից փորձեն քնեցնել...

Իսկ թէ ինչ լուծումների մասին է խօսքը՝ յաջորդ զրոյցին, որը, կարծում եմ, շատ չի ուշանայ...»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։