Հա

Քաղաքական

13/06/2022 - 14:20

Իշխանի եւ իշխանութեան միջեւ

Հայաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաները տրամաբանօրէն հասել են մի կէտի, որից յետոյ պահանջւում է գրագէտ վերափոխում։ Իրավիճակի միջանկեալ գնահատականները կարեւոր են առաջիկայ ճիշտ որոշումների համար։ Այս մասին յայտարարութիւն է տարածել «Այլընտրանքային նախագծեր» խումբը: 

«alikonline.ir» - Հայաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաները տրամաբանօրէն հասել են մի կէտի, որից յետոյ պահանջւում է գրագէտ վերափոխում։ Իրավիճակի միջանկեալ գնահատականները կարեւոր են առաջիկայ ճիշտ որոշումների համար։ Այս մասին յայտարարութիւն է տարածել «Այլընտրանքային նախագծեր» խումբը:

Յայտարարութիւնում ասւում է.

«Իշխանը, հարթակը եւ հրապարակը

Իշխան Սաղաթելեանը մի խումբ գործիչների հետ ստանձնեց շարժման համակարգողի դերը՝ ցուցաբերելով նկատելի կամք։ Այս մարդիկ իրենց գործունէութեամբ վաստակել են յարգանք։ Այո, որոշ հարցեր վիճելի էին, որոշ ձեւակերպումներ՝ ոչ պատեհ, որոշ բաներ կարելի էր աւելի լաւ անել։ Բայց սա որեւէ կերպ չի ստւերում այն յարգանքը, որ այս խումբը վաստակեց։ Նրանք արեցին մի բան, ինչի մասին շատերը խօսում են իրենց բազմոցներից՝ փորձեցին արթնացնել հասարակութեանը եւ հասան որոշակի յաջողութեան։ Այս փուլում Իշխանը եւ իր հարթակը արել են կարեւոր գործ, կարեւոր ու դժւար։ Ձեւաւորւեց հրապարակ, որը ազգային գաղափարներով մոտիւացւած հանրութիւն է։ Նման հանրութիւնները այս կամ այն կերպ միշտ հասնում են դրւած խնդիրների լուծմանը։

Շարժման՝ այս պահի ձեռքբերումները

Որեւէ լուրջ մարդ չէր կարող հաւատալ, որ մի քանի հանրահաւաքից ու երթից յետոյ Նիկոլը կը հեռանար, միջնորդները կը դառնային հայանպաստ, ու Ադրբեջանը կը մեղմէր իր ագրեսիան։ Անլուրջ էր ժամկէտներ դնելը եւ յետոյ հիասթափւելը։ Նման իրավիճակներում, որտեղ «սեւ կարապի» գործօնը էական է, չի կարող լինել ժամկէտ։ Յաղթում է նա, ով դնում է տրամաբանութիւն, եւ ոչ՝ ժամկէտ։ Շարժումն այս պահի դրութեամբ ունի հետեւեալ յստակ ձեռքբերումները.

Հասարակութիւնն արթացել է (նոյնն է, թէ՝ Լաօն), նոյնիսկ եթէ հրապարակում չէ։

Միջնորդներն առաջին անգամ արձանագրեցին, որ յետպատերազմեան հայ հասարակութիւնը անասնաֆերմա չէ, որ ում ինչ ուզեն կարողանան հրամցնել։

Իշխանութիւնը

Իշխանութեան մէջ տարբեր շրջանակներ առաջին անգամ արձանագրեցին, որ իշխանութիւնը յարատեւ չէ, եւ կան իրական ռիսկեր։

Իշխանութեան մէջ տարբեր շրջանակներ արձանագրեցին, որ երկրում մեծանում է իրենց հանդէպ չարութիւնը, եւ որպէսզի մի պահից այն չդառնա անկառավարելի, պէտք է անել հետեւութիւններ։

Իշխանութեան մէջ տարբեր շրջանակներ հասկացան, որ հնարաւոր չի լինելու ցանկացած փաստաթուղթ կամ ցանկացած որոշում ծախել հայ հասարակութեան վրայ։

Իշխանութեան մէջ տարբեր շրջանակներ հասկացան, որ հէնց իշխանութեան միջից հնչող ձեւակերպումներն են ամենապայթիւնավտանգը, ու դրանք են հիմնական թրիգերները։

Իշխանութեան մէջ տարբեր շրջանակներ հասկացան, որ միաձոյլ իշխանութիւնն էֆեկտիւ չէ. երկրում գործ չի արւում, գնում է լճացում, կառավարութիւնը շատ թոյլ է, համարժէք չէ առկայ ու ահագնացող խնդիրներին։ Առանձին ոլորտներ ուղղակի տապալւած են, եւ այդ ոլորտների պատասխանատուներն իրենց ապահովագրում են Նիկոլ քծնելով կամ ընդդիմութեան վրայ յարձակումներով, ինչը է´լ աւելի է սրում վիճակը։ Մայրաքաղաքի կառավարում գոյութիւն չունի, իսկ դա Հայաստանի գրեթէ կէսն է։ Ոչ էֆեկտիւ կառավարումը բերում է ներքին սուր լարւածութեան։

Շարժման շարունակութիւնը

Իրավիճակի լրջութիւնը ենթադրում է շարժման փուլայնութիւն, ինստենսիւութեան տարբեր աստիճաններ։ Շարժումը պէտք է գնայ կառուցւածքային եւ բովանդակային էական փոփոխութիւնների։

- Ազգային պայքարի իդեան պէտք է լինի ոչ թէ հակաթուրքականութիւնը, այլ Հայաստանի վերելքը, պատերազմից յետոյ պետութեան վերականգնումը:

- Մեր հասարակութիւնը պատերազմից ու պարտութիւնից յետոյ գտնւում է ազգային եւ քաղաքացիական դեմորալիզացիայի վիճակում։ Մենք սա պէտք է ընդունենք որպէս իրողութիւն եւ հասկանանք հրամայականը՝ փոխել աշխատելաոճը։

- Պէտք է յստակ նկարագրւի Նիկոլի կողմից առաջարկւող (կամ չառաջարկւող) Հայաստանի այլընտրանքը. յետնիկոլական Հայաստանի նկարագրութիւն։

- Թոյլ չտալ ներքին չարութեան անկառավարելի աճ, թոյլ չտալ անձնաւորւած ատելութիւն։ Ատելութեան եւ չարութեան կոչերը կարող են ծափեր պոկել, բայց լայն շրջանակների եւ պետութեան օրակարգի համար դրանք վտանգաւոր են։

Ինքնապարփակւելու ռիսկը

Ոչ ոք չի չեղարկել այն կենսական սպառնալիքները, որոնք կանգնած են մեր առաջ։ Կայ մեծ վտանգ, որ մենք կտարւենք «ներքին ձեռնամարտով» ու մի պահ կը թերագնահատենք ռիսկերը։ Իսկ դրանք ոչ միայն շատ սուր են, այլեւ նորերն են աւելացել։ Կայ սուր վտանգ՝ նոր ագրեսիայի, մեր հաշւին տարածաշրջանային կոնսենսուսի՝ ընդհուպ մինչեւ պետականութեան ծայրաստիճան թուլացում կամ կորուստ։

Եթէ մենք Նիկոլի պոպուլիզմին հակադրենք նոր տիպի հականիկոլական պոպուլիզմ, ապա լայն հանրութեան մօտ բթանալու է վտանգի զգացողութիւնը։ Այդպէս մենք կարող ենք մարգինալացնել բարդագոյն կենսական խնդիրները եւ մի պահ կանգնենք փաստի առաջ։ Այս պրոցեսի առաջին նշանները կան. բարձրանում է գոչիւնի, վիրաւորանքի, պարզունակ խօսքի արժէքը, իսկ գրագէտ եւ ծանրակշիռ խօսքը դառնում է ցածր պահանջարկ վայելող։ Նման ազգային եւ պետական ճգնաժամից դուրս գալու համար շատ լուրջ հանրային, համահայկական կոնսոլիդացիա է պէտք։ Մեր խորին համոզմամբ՝ այդ կոնսոլիդացիան հնարաւոր է ապահովել միայն խելամտութեան եւ սոլիդութեան դրօշով։ Հակառակ դէպքում պրոցեսները կը գնան տոտալ մարգինալացման, քաոտիկ թշնամանքի եւ պետութեան սրընթաց թուլացման ճանապարհով»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։