Հա

Քաղաքական

15/06/2022 - 12:20

«Մենք «Ազատութեան» դռները թակելով ենք մտել, իսկ 2018-ին Ռադիոտունը ջարդուփշուր էին անում»․ «Հրապարակ»

Յունիսի 10-ի վաղ առաւօտեան ԱԱԾ աշխատակիցները ներխուժել էին «Երկիր մեդիա» հեռուստաընկերութիւն եւ իրենց հետ տարել հեռուստաընկերութեան նորանշանակ տնօրէն Բագրատ Եսայեանին։ ԱԱԾ-ականները հեռուստաընկերութիւնում որեւէ գործողութիւն չէին կատարել, պարզապէս Եսայեանին տարել էին իրենց հետ։ «Հրապարակ»-ը զրուցել է Բագրատ Եսայեանի հետ:

«alikonline.ir» - Յունիսի 10-ի վաղ առաւօտեան ԱԱԾ աշխատակիցները ներխուժել էին «Երկիր մեդիա» հեռուստաընկերութիւն եւ իրենց հետ տարել հեռուստաընկերութեան նորանշանակ տնօրէն Բագրատ Եսայեանին։ ԱԱԾ-ականները հեռուստաընկերութիւնում որեւէ գործողութիւն չէին կատարել, պարզապէս Եսայեանին տարել էին իրենց հետ։ «Հրապարակ»-ը զրուցել է Բագրատ Եսայեանի հետ:

 

- Ձեզ ձերբակալել էին, տարել ԱԱԾ՝ 2020 թւականի գործի շրջանակներում, երբ նոյեմբերի 9-ին Դուք այլ անձանց հետ մտել էիք «Ազատութիւն» ռադիոկայանի խմբագրութիւն։ Ինչո՞ւ հիմա յիշեցին Ձեզ:

- Պատասխանը յստակ է: Դա կապւած է իմ գործունէութեան հետ, մասնաւորապէս՝ «Երկիր մեդիա»-ում տնօրէնի պարտականութիւնները ստանձնելու եւ մանաւանդ վերջին շրջանում «Երկիր մեդիա»-ի բովանդակութեան, լուսաբանման առանձնայատկութիւնների հետ: Սա խիստ անհանգստացրել է ոմանց, եւ, բնականաբար, սա իր արտացոլումն է տւել ոչ միայն իմ նկատմամբ, այլեւ հէնց հեռուստաընկերութեան նկատմամբ որոշակի գործողութիւններ նախաձեռնելով: Հեռուստատեսութեան եւ ռադիոյի յանձնաժողովը վարոյթներ է սկսել, յանձնաժողովի նախագահն էլ դրա մասին հանրութեանը տեղեկացրել է: Սա պատահական համարել չենք կարող: Նրանց համար, կարծես, անսպասելի էր, որ «Երկիր մեդիա»-ն կարող է այդքան ակտիւօրէն ներգրաււել ներքաղաքական գործընթացների լուսաբանման գործում:

 

- Հիմա գործն ի՞նչ փուլում է:

- Ստեղծւել է 44 հոգուց բաղկացած քննչական խումբ, աւելի քան 20 ամիս առաջ, կարծես, նոր` մէկ ամիս առաջ են գործը կտրուկ ակտիւացրել: Ինչպէս գիտենք, հէնց այս նոյն գործով ձերբակալւել է նաեւ դաշնակցական Գերասիմ Վարդանեանը: 20 ամիս շարունակ մենք տեղեակ էինք, որ կայ նման գործ՝ մեր դէմ յարուցւած, բայց որ այս աստիճան կարող էր ակտիւանալ, որ կարող էին կալանքի սանկցիա կիրառել, զաւեշտալի է: Ի պատիւ իմ փաստաբանների, մենք կարողացանք դատարանում ապացուցել, որ իսկապէս՝ ծայրից ծայր այդ միջնորդութիւնն անհիմն է եւ ունի ոչ թէ իրաւական, այլ քաղաքական ենթատեքստ:

 

- Իսկ գուցէ այս ընթացքում «Ազատութիւն» ռադիոկայանի աշխատակիցների կողմից գործի հետ կապւած դժգոհութի՞ւն է եղել:

- Ես այդ կազմակերպութեան մասին անգամ չեմ ցանկանում խօսել, չեմ ցանկանում անդրադառնալ նրանց: Դժւարանում եմ նոյնիսկ դրան լրատւամիջոց անւանել: Ինձ նրանք ուղղակի հետաքրքիր չեն:

 

- 2018-ին յեղափոխականները՝ Փաշինեանի գլխաւորութեամբ, ջարդուփշուր էին անում Հանրային ռադիոյի շէնքը, ԵՊՀ կենտրոնական մասնաշէնքը: Բայց նրանք պատասխանատւութեան չենթարկւեցին:

- Համեմատութիւնը շատ ուղիղ է: «Ազատութիւն» ռադիոկայանի դռները թակելով, պահակներին արթնացնելով են մուտք գործել, իսկ 2018 թւականին այս խմբաւորումն ուղղակի քացով դռներ էր ջարդում, պետական պահպանութիւնից օգտւող կարեւոր ռազմավարական օբիեկտում, բայց այսօր այդ մասին, բնականաբար, որեւէ մէկը քրէական գործ յարուցելու ցանկութիւն չի դրսեւորում:

 

- Վերջերս էլ ԱԺ-ում նոր նախագիծ էին քննարկում. իրենց համար անցանկալի լրագրողներին զրկել հաւատարմագրումից: Ինչո՞ւ է Փաշինեանն այսքան վախենում լրագրողական համայնքից:

- Սա շատ բնական եմ համարում, մանաւանդ՝ դրանց առաջնորդի գործելակերպը բաւականին կանխատեսելի է: Նախ գրաւեց գործադիր իշխանութիւնը, յետոյ շանտաժով օրէնսդիր իշխանութիւնը գրաւեց, որից յետոյ կոչ արեց՝ շրջափակել դատարանները: Հաւանաբար, բոլորիս յիշողութեան մէջ առկայ է այդ խեղկատակութիւնը: Բնական է, որ այս ամենից յետոյ պէտք է անցնէր նաեւ չորրորդ իշխանութեանը: Հէնց այս տրամաբանութեան մէջ եմ գնահատում ՀՌՀ-ի աննախադէպ ակտիւացումը։ Աննախադէպ, որովհետեւ չի եղել այսպիսի բան, որ ՀՌՀ նախագահն ուղղակի ասի, որ իրեն դուր չի գալիս որեւէ հեռուստաընկերութեան եթերային քաղաքականութիւնը: Եթերային քաղաքականութիւնն ամբողջութեամբ հեռուստաընկերութեան կողմից պէտք է որոշւի:

 

- Հեռուստատեսութեան եւ ռադիոյի յանձնաժողովն այս ընթացքում «Երկիր մեդիա»-ի դէմ ի՞նչ կոնկրետ գործողութիւններ է արել:

- Յարուցւած են վարոյթներ, այդ վարոյթներն ուղարկւել են մեզ, եւ պահանջւել է բացատրութիւն: Մենք տւել ենք բացատրութիւններ: Առաջին վարոյթը վերաբերում է ուղիղ եթերում ոստիկանների անհամաչափ ուժի կիրառման ժամանակ քաղաքացու կողմից հնչած հայհոյանքին: Մեզնից պահանջում են բացատրել, թէ այդ ամէնն ինչու է եթեր հեռարձակւել: Միւս վարոյթն էլ վերաբերում է եթեր հեռարձակւած «Կոռուպցիա» ֆիլմին: Ինչպէս գիտենք, ՀՌՀ-ն յայտարարութիւն է տարածել՝ այդ ֆիլմի հետ կապւած: Կոնտեքստից կտրւած մի կադր դարձել է սուր քննարկման պատճառ, սակայն հեռուստատեսութիւնը բացարձակ կապ չունի այդ ֆիլմի հետ»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։