Հա

Քաղաքական

15/06/2022 - 14:10

Բաժանիր, որ տիրես

Վերջերս վաղեմի ընկերներով հաւաքւել, սրճում, զրուցում էինք։ Բնականաբար, զրոյցի հիմնական թեման Հայաստանի այսօրւայ իրավիճակն էր, դրա առաջացման պատճառները, հնարաւոր ելքերն իրավիճակից դուրս գալու եւ այլն։ Միանգամից նշեմ, որ հաւաքւածների մէջ, բարեբախտաբար այս դաւադիր իշխանութեան կողմնակիցներ չկային։ Զրոյցի ընթացքում յիշեցինք նաեւ հայոց պատմութիւնից տարբեր դրւագներ, քննարկեցինք մեր ժողովրդի բնաւորութեան գծերը։ 

ԱՒԵՏԻՔ ԻՇԽԱՆԵԱՆ

 

Վերջերս վաղեմի ընկերներով հաւաքւել, սրճում, զրուցում էինք։ Բնականաբար, զրոյցի հիմնական թեման Հայաստանի այսօրւայ իրավիճակն էր, դրա առաջացման պատճառները, հնարաւոր ելքերն իրավիճակից դուրս գալու եւ այլն։ Միանգամից նշեմ, որ հաւաքւածների մէջ, բարեբախտաբար այս դաւադիր իշխանութեան կողմնակիցներ չկային։ Զրոյցի ընթացքում յիշեցինք նաեւ հայոց պատմութիւնից տարբեր դրւագներ, քննարկեցինք մեր ժողովրդի բնաւորութեան գծերը։ Յիշեցինք մեր դասականներին՝ Ռաֆայէլ Պատկանեան, Միքայէլ Նալբանդեան, Ղեւոնդ Ալիշան, Րաֆֆի, Յովհաննէս Թումանեան, Վահան Տէրեան, թէ ինչպիսի ցաւ են ապրել հայ ժողովրդի բացասական տարբեր յատկանիշների համար՝ նախանձ, չարութիւն, չկամութիւն, մեծամտութիւն, օտարամոլութիւն, նիւթապաշտութիւն եւ այլն։ Իհարկէ, նրանք իրենց գեղարւեստական գործերում՝ պոեմներ, բանաստեղծութիւններ, վէպեր, փորձել են բարձրացնել հայ ժողովրդի ոգին, արժանապատւութիւնը, իսկ յօդւածներում ցաւով, տառապանքով ներկայացրել իրական վիճակը։ Այս խօսակցութեան ընթացքում, ընկերներիցս` Գուրգէն Մալխասեանը, շատ դիպուկ միտք յայտնեց,թէ ինչպիսին է այսօրւայ վարչապետի կառավարման ձեւը, որն էլ նրա համաձայնութեամբ, դարձաւ սոյն յօդւածի գաղափարը։

Կարելի է վերը բերւած հայ դասականների յօդւածներից շատ օրինակներ բերել, բայց սկսենք Յովհաննէս Թումանեանի «Դառնացած ժողովուրդ» յօդւածից (1910թ)։

«...Էն մարդիկ, որ երկար ու լուրջ զբաղւել են մեր ժողովրդով, մեր մարդով, միշտ եկել են մի ծանր եզրակացութեան, թէ շատ չարութիւն կայ մեր հոգում։

Էսպէս են ասում նրանք եւ ասում են խորը ցաւով, ինչ ցաւով որ կարելի էր ասել, թէ բարակացաւի բացիլներ կան իմ կրծքում։ Բայց քիչ են էս տեսակ ազնիւ ու քաջ մարդիկը։ Մեծ մասամբ ախտի գոյութիւնը ընդունելով հանդերձ, իրենց առողջ են համարում ու միշտ ուրիշներին են հռչակում հիւանդ։ Ամէն մինը ինքը չար չի, կեղծաւոր չի, հայհոյող չի, ստախօս չի, թայֆայական չի, էդ ամէնը իրենից դուրս ուրիշներն են։

Բայց, իհարկէ, սրանց չպէտք է հաւատալ, ոչ էլ ականջ դնել։ Ճշմարիտը էն է, որ մեր ամբողջութիւնը տառապում է մի ծանր ու խոր բարոյական հիւանդութիւնով»։

«...Մամուլ կայ։ Տասնեակ տարիներով ու անհամար դէպքերով փորձւած է, է՛լ հայհոյանք, է՛լ զրպարտութիւն, է՛լ ափաշկարա սուտ, է՛լ չարախօսութիւն, կեղծաւորութիւն։ Նեղ թայֆականութիւն հօ ոչ մի գիւղում գուցէ էնքան անվայել կերպարանք չի՛ առել, որքան սրա մէջ։ Մի յայտնի հրապարակախօս պատմում էր, թէ պարզ խօսում էին մեր խմբագրատանը, թէ էս կամ էն գրողին, ինչքան էլ լաւ գրւածք հրատարակի, միշտ պէտք է զարկել, ծաղրել կամ լռել, մի խօսքով ամէն կերպ աշխատել սպանել, միայն նրա համար, որ մեզ հետ չի, մեր թայֆիցը չի։

Էդպէս էլ մտէք ազգային, հասարակական, գրական գործիչների մէջ։ Մէկը միւսի հռչակն ու յաջողութիւնը տանել չի կարողանում»։

Եւ վերջապէս.

«...Արդ՝ եթէ մենք ունենք ազգային իմաստութիւն, հոգու արիութիւն եւ առողջ բնազդներ, անկարելի է աչքներս փակենք մեր էս ծանր հիւանդութեան առաջ եւ չզգանք, որ մեր հոգին շատ է դառնացած, մեր ներքին մարդը շատ է փչացած, եւ դրա դէմ կռւելու, առողջանալու առաջին պայմանը էն է, որ մենք ե՛ւ մեր սրտերում, ե՛ւ աշխարհքի առաջ անկեղծ խոստովանենք ու ճանաչենք մեր դժբախտութիւնը։ Ապա թէ էդ փրկարար գիտակցութեանը կը հետեւեն ինքնակատարելագործութեան բարձր ցանկութիւնն ու ազնիւ գործը։

Ուրիշ ճանապարհ չկայ. ներսից է լինելու հաստատ փրկութիւնը, որովհետեւ ներսից ենք փչացած»։

Հարց է առաջանում, միթէ՞ միայն մենք ենք «փչացած», արդեօք միւս ազգերն, այսպէս ասած մաքրամաքուր են եւ երբեւէ չեն եղել «փչացած»։ Իհարկէ՝ ոչ։ Բոլոր ազգերը, կախւած իրենց ուրոյն պատմական, կրօնական եւ այլ աւանդոյթներից, ունեցել են եւ ունեն իրենց առանձնայատկութիւնները։ Սակայն, յատկապէս պետականութեան աւանդոյթներ ունեցող ժողովուրդները, դարերի ընթացքում «յղկւել», կրթւել են եւ դարձել արժանապատւութիւն, հաւաքական բնաւորութիւն ունեցող պետութեան քաղաքացիներ։ Դրանում իրենց ներդրումն են ունեցել, ինչպէս այդ ժողովուրդների փիլիսոփաները, լուսաւորիչները, գրողներն ու արւեստագէտները, այնպէս էլ նրանց պետական այրերը՝ իրենց օրինակով, նաեւ պետական համակարգով՝ դատաիրաւական, կրթական եւ իհարկէ՝ պետական գաղափարախօսութեամբ։

Հարց է առաջանում, ինչպէս շատերի կողմից ընդունւած է, թէ գուցէ այս ամէնի պատճառը, մեր՝ հայերիս դարեր շարունակ պետականութեան բացակայութիւնն է եղել։ Կարելի էր համաձայնել, բայց մէջբերենք Վահան Տէրեանի «Հոգեւոր Հայաստան» (1914թ.) յօդւածից մէկ հատւած. «... Ընդհակառակը, ինչպէս հայ բուրժուազիան, այնպէս եւ ինտելիգենցիան, ապազգայնացած է: Նրա համար գոյութիւն չունի հայ կուլտուրա: Անտեղեակ է այդ կուլտուրայի գլխաւոր գործօններին - լեզւին, գրականութեանը, արւեստին... Արհամարհում է այդ ամէնը:

«Փոքր ազգ ենք» պատճառաբանութիւնը սխալ է: Ո՛չ լեհ, ո՛չ ֆինն, ո՛չ մալոռուս, ո՛չ վրացի ինտելիգենցիան այդպէս չէ: Հայ բուրժուական ինտելիգենցիան, որ ժխտում է մեր ժողովրդի լեզուն, արհամարհում է մեր գրականութիւնն ու մամուլը, տոգորւել է ոգեւորութեամբ, ազգասիրութեամբ: Նա եւս իր լոզունգը դարձրել է «Հայաստանը»… Ստացւում է մի սքանչելի պատկեր. հայութեան բերանը հայերէն չի խօսում: Հնարաւո՞ր է մի այդպիսի պատկեր այլ «փոքր» ազգերի մէջ. որ մի լեհ ինտելիգենտ կամ բուրժուա՝ լեհերէն չիմանայ: Պայմանները, որոնք մատնանշում է հայ ինտելիգենցիան, չեն խանգարում լեհերին ու մալոռուսներին սիրել ու ճանաչել իրենց լեզուն, գրականութիւնը, պատմութիւնն ու արւեստը»:

Փաստօրէն, նոյն ռուսական կայսրութեան այլ ժողովուրդներ, ինչպէս ֆինները, ուկրայինացիները (մալոռուսները), որոնք, ի տարբերութիւն մեզ, ընդհանրապէս պետութիւն չեն ունեցել, շատ աւելի ազգային արժանապատւութեամբ են օժտւած եղել, քան մենք՝ հայերս։

1918-20 թւականների Հայաստանի Հանրապետութիւնը կարճ կեանք ունեցաւ, լինելով պերմանենտ պատերազմների մէջ։ Բայց, այնուամենայնիւ, կարծում եմ, որ Առաջին Հանրապետութեան հիմնադիր հայրերը, հիմնականում եղել են իսկապէս նւիրեալներ, ապրել ասկետական կեանքով, ստեղծել պետական կառոյցներ, Համալսարան։ Առաջին Հանրապետութեան երկու վարչապետեր Յովհաննէս Քաջազնունին եւ Սիմոն Վրացեանը անձնական օրինակով՝ փոխելով իրենց ազգանունները (Գռուզեան, Իգիթխանեան), փորձել են սերմանել ազգային արժանապատւութեան զգացում։ Յովհաննէս Քաջազնունու երեք որդիները կամաւոր մեկնել են ռազմաճակատ, հետագայում 1918թ. մասնակցել Ղարաքիլիսայի ճակատամարտին, որտեղ մէկ որդին՝ Աշոտը զոհւել է, հետագայում, միւս որդին՝ Արամը զոհւել է 1920թ. հայ-թաթարական ընդհարումների ժամանակ, իսկ երրորդ որդին՝ Ռուբէնը, զոհւել է նոյն 1920թ. Կարսի անկումից յետոյ, թուրքական գերութեան մէջ։ Չդիմանալով պանդխտական կեանքին, գիտակցելով թէ ինչ ճակատագրի կարժանանայ հայրենիքում, Յովհաննէս Քաջազնունին վերադարձաւ արդէն Խորհրդային Հայաստան։ Իհարկէ, Արամ Մանուկեանի, Գարեգին Նժդեհի, Դրաստամատ Կանայեանի, Յովհաննէս Քաջազնունու օրինակները, նրանց ապրելակերպը, այսօր շատերի համար անհասկանալի են, իսկ նրանք՝ «հարիֆներ»։

Հետագայում, Հայաստանը դառնալով ԽՍՀՄ հանրապետութիւններից մէկը... վերադարձաւ Վահան Տէրեանի «Հոգեւոր Հայաստան»-ում նկարագրւած իրավիճակին։

Բացի Ռուսաստանից եւ արեւելեան Ուկրայինայից, ոչ մի հանրապետութիւնում այդքան սովետահունչ անւանումներով շրջաններ, քաղաքներ, փողոցներ, էլ չեմ ասում անձնանուններ չկային։ Բա համատարած ռուսականացու՞մը։

Ինչեւէ, 1991թ.ստանալով անկախութիւն, հնարաւորութիւն ստեղծւեց, եթէ ոչ վերականգնելու, ապա սերմանելու ազգային արժանապատւութեան զգացողութիւն։ Դրա հիմնական երաշխիքը պէտք է լինէր նոր իշխանութիւնների անձնական օրինակը, ազգային, նոյնն է թէ՝ պետական գաղափարախօսութեան առկայութիւնը, նրա վրայ հիմնւած կրթութիւնը, պետական կառոյցները։

Բայց ի՞նչ կատարւեց։ Հայաստանի նոր ղեկավարները, իշխանութեան գալու հէնց առաջին օրը, կտրւեցին իրականութիւնից, մոռացան Արցախի միաւորում, խոստումներ եւ «մեկուսացան» կառավարական առանձնատներում։ Եւ սա դարձաւ «պետական» գաղափարախօսութիւն՝ ամէն գնով պահել իշխանութիւնը։ Պատահակա՞ն էր, որ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանը ազգային գաղափարախօսութիւնն անւանեց կեղծ կատեգորիա։ Եւ անկախ Հայաստանում ոչինչ չարւեց փոխելու մեր դասականների նկարագրած հայ ժողովրդի արատաւոր բնաւորութեան գծերը։ Ի տարբերութիւն Յովհաննէս Քաջազնունու որդիների, Հայաստանի պաշտօնեաններն ու նրանց որդիների գերակշիռ մասը չեն ծառայել հայոց բանակում։ Հայաստանում շարունակեց ծաղկել օտարամոլութիւնը։ Խանութները դարձան տարբեր օտարաշունչ անւանումներով «մարկետներ», բա սրճարաններն ու ռեստորաններն ու այլ «օբիեկտնե՞րը», յաճախ առանց հայերէն տառերի։ Խորհրդա-կոմունիստական անձնանունները՝ Վիլէն, Լենդրոշ. փոխարինւեցին արեւմտեան, «ժողովրդավարական» անուններով՝ Ալէն, Սարկոզի եւ այլն։ Խրախուսւեց նիւթապաշտութիւնը, այն հակադրելով հայրենիքին. «Մինչեւ Ղարաբաղի հարցը չլուծւի (այն է՝ մինչեւ չյանձնենք Ա.Ի.), Սերգօ ջան, լաւ չես ապրելու»։

Այսպիսով, մինչեւ 2018թ. Հայաստանի իշխանութիւնները, կտրւած լինելով իրականութիւնից, նաեւ անտեսելով վերոնշեալ հանգամանքները ջանքեր չգործադրեցին փոխելու մեր ժողովրդի հոգեբանութիւնը, բարձրացնելու ազգային արժանապատւութեան զգացումը՝ մշակելով պետական գաղափարախօսութիւն, բարձր մակարդակի ազգային կրթական ծրագրեր։

Իսկ արդէն 2018թ. ստի եւ կեղծիքի յեղափոխութեան արդիւնքում իշխանութեան եկաւ մի երեւոյթ, որը ոչ միայն կիլոմետրերով հեռու էր ազգային մտածողութեան եւ արժանապատւութեան զգացումից, այլեւ կիսագրագէտ եւ տիպիկ այն նախանձ ու չար հայի կերպարը, որին նկարագրել է Յովհաննէս Թումանեանը իր «Դառնացած ժողովուրդ» յօդւածում։ Ի տարբերութիւն, եւ Խորհրդային եւ անկախ Հայաստանի ղեկավարների, որոնք ջանքեր չգործադրեցին փոխելու մեր ժողովրդի հոգեբանութիւնը, այսօրւայ վարչապետ կոչեցեալը յենւեց եւ յենւում է մեր ժողովրդի հէնց ամենաբացասական յատկութիւնների վրայ՝ չարութիւն, նախանձ, չկամութիւն, նիւթապաշտութիւն, նաեւ բանսարկութիւն եւ մատնութիւն։ Աւելին, նրա կողմից խրախուսւում է ատելութիւնն ու չարութիւնը(սեւեր եւ սպիտակներ,նախկիններ,վնգստացող դատաւորներ եւ այլն), նախանձն ու բանսարկութիւնը, հպատակութիւնն ու նիւթապաշտութիւնը։ Յայտնի է, որ նւաճող, կայսերական որեւէ երկիր ունի կարգախօս, նւաճւած երկրներին տիրելու համար, այն է՝ տւեալ ժողովրդին բաժանիր, գտնելով որեւէ յատկութիւն, այն կը լինի կրօնական, լեզւա-բարբառային, թէ անգամ աշխարհագրական, որ՝ տիրես։

Ճակատագրի հեգնանքով, Հայաստանի ղեկավար դարձաւ մէկը, որը փոխանակ միաւորելու հակասութիւններ ունեցող ժողովրդի տարբեր խաւերին, գործեց եւ գործում է որպէս Հայաստանը նւաճող, օտար՝ ներազգային հակասութիւնները խորացնելով, հասցնելով թշնամութեան (հայաստանցիներ-ղարաբաղցիներ)։ Արդիւնքը... պարտութիւն, հազարաւոր զոհեր, հայրենիքի կորուստ։ Նա Հայաստանում ստեղծեց երկու շերտեր. իրեն հպատակ, իր նկարի առջեւ խոնարհւող նախարարներ, պատգամաւորներ, այլ պաշտօնեաներ, նախկին քաղհասարակութեան ներկայացուցիչներ եւ թշնամիներ, բոլոր նրանք ովքեր չեն հաշտւում հայրենիքի կորստի հետ եւ չեն խոնարհւում նրա առջեւ։

 

Յարակից լուրեր

  • «Այն, ինչ կատարւել եւ կատարւում է Արցախում, ինձ համար անսպասելի էր». Աւետիք Իշխանեան
    «Այն, ինչ կատարւել եւ կատարւում է Արցախում, ինձ համար անսպասելի էր». Աւետիք Իշխանեան

    Այն ինչ կատարւել եւ կատարւում է, յատկապէս, շեշտում եմ՝ յատկապէս Արցախում, անկեծօրէն եմ ասում, ինձ համար անսպասելի էր եւ է։ Փաստօրէն, արցախցիները խայտառակ պարտութիւնից յետոյ հանդուրժեցին իրենց ղեկավարին։ Դա դեռ ոչինչ, իսկ հիմա՞...

  • «Այդ մահերի հիմնական մասը քո խղճին է, ա՛յ «խաղաղասէր», մահաբեր պացիենտ»․ Աւետիք Իշխանեան
    «Այդ մահերի հիմնական մասը քո խղճին է, ա՛յ «խաղաղասէր», մահաբեր պացիենտ»․ Աւետիք Իշխանեան

    Ժամանակ առ ժամանակ որոշում եմ չանդրադառնալ քպ-ական ողորմելիների բարբաջանքներին։ Սակայն, այդ ողորմելիները շարունակում են իրենց, նոյնպէս ողորմելի քարոզչութիւնը եւ նրանց սատարող լրատւամիջոցները դրանք տարածում են։ Այնպէս որ, ստիպւած եմ նորից անդրադառնալ դրանց «մտքի գոհարներին»։ Արսէն Թորոսեան անունով մի ողորմելի քպ-ական հերթական ապուշութիւն է դուրս տւել՝ պատերազմի եւ խաղաղութեան, կեանքի եւ մահւան մասին։ Այս տխմարը հայոց յաղթանակները ծաղրանքով չակերտների մէջ է դնում, փաստօրէն յաղթանակին հակադրելով խաղաղութիւնը։

  • «Մերօրեայ մանկուրտները»․ Աւետիք Իշխանեան
    «Մերօրեայ մանկուրտները»․ Աւետիք Իշխանեան

    Վերջին տարիներին այնքան դաւաճանական խօսքեր էի լսել, որ կարծես կորցրել էի զարմանալու ունակութիւնը։ Բայց կարդալով անվտանգութեան խորհրդի քարտուղար կոչւած Արմէն Գրիգորեանի հարցազրոյցը, հերթական անգամ ... ոչ այնքան զարմացայ, որքան ինձ համակեց հայ լինելու ամօթի զգացումը։ Հայաստանի անվտանգութեան խորհրդի քարտուղար կոչեցեալը, ծնւած լինելով Արցախում, ուրանում է իր հայրենիքը։

  • Նախկինները
    Նախկինները

    Հայ հասարակութիւնը, այդ թւում՝ շատ մտաւորականներ, քաղաքական-հասարակական գործիչներ, դէմքի խելոք, մտահոգ, համոզւած արտայայտութեամբ բացատրում են, թէ ինչու 2020թ․ նոյեմբերի  9-ի նւաստացուցիչ պարտութիւնից յետոյ ժողովուրդը չմիաւորւեց եւ չհեռացրեց պարտութեան պատասխանատու իշխանութեանը։ Կարելի է պնդել,  որ նրանց միակ  փաստարկն այն է, որ եւ «Հայրենիքի փրկութեան», եւ «Դիմադրութեան» շարժումները գլխաւորում էին նախկինները․ «Ա՛յ, եթէ նոր քաղաքական ուժեր լինէին․․․ նախկիններն իրենց ներկայութեամբ խանգարում են նոր ուժերի ի յայտ գալուն, եւ այլն»։ Առաջին հայացքից թւում է, թէ փաստարկները տրամաբանական են։ Բայց փորձենք յետհայեացք նետել անկախ Հայաստանի ողջ քաղաքական կեանքին։

  • «Արժեզրկում». Աւետիք Իշխանեան
    «Արժեզրկում». Աւետիք Իշխանեան

    Աւետիք Իշխանեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է. «Սահմանադրութեան կեղծ տօնի առիթով, բռնապետիկը գեներալական կոչումներ է շնորհել իրեն հաւատարիմ ծառայող, իրականում՝ հակապետական գործիչներին։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։