Print this page
16/06/2022 - 10:10

«Ողորմելի ու խղճուկ են Նիկոլի արդարացումները․ դու ես խաբել ու մոլորեցրել հայ ժողովրդին»․ Արտակ Զաքարեան

ՀՀԿ ԳՄ անդամ, նախկին փոխնախարար Արտակ Զաքարեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«alikonline.ir» - ՀՀԿ ԳՄ անդամ, նախկին փոխնախարար Արտակ Զաքարեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«Կապիտուլեանտ Նիկոլն այսօր (յունիսի 15-ին, Խմբ.) պառլամենտում կրկին յիշել է Սերժ Սարգսեանի խօսքերը, բայց քանի որ ազնիւ չէ ու չի էլ կարող լինել, փորձել է հերթական անգամ Արցախի հարցում իր դաւադիր ձախողումները կապել նախկին տարիների հետ:

Ողորմելի ու խղճուկ են Նիկոլի արդարացումները, իսկ քաղաքական տգիտութեամբ ու ադրբեջանահաճոյ քայլերով միտումնաւոր բերած իր պարտութիւնը, ոչ մի արդարացում չունի:

5000 զոհերը, 9500 ք/կմ կորցւած տարածքը, միլիարդաւոր դոլարների կորուստները, բանակն աւիրելու, պետութիւնը քայքայելու, Հայաստանն աշխարհում թուրքերի կամակատար դարձնելու մեղքն ու քաղաքական պատասխանատւութիւնը Նիկոլի ու իր խունտայի վրայ է: Մենք բազմաթիւ անգամներ ասել ենք, որ պատրաստ ենք կրել մեր բաժին պատասխանատւութիւնը մեր տարիների իշխանութեան համար, բայց ոչ երբեք թրքահաճոյ ՔՊ-ականների ու դաւադիր Նիկոլի կործանարար գործողութիւնների համար:

Դու եթէ Սերժ Սարգսեանի, Ռոբերտ Քոչարեանի, Լեւոն Տէր-Պետրոսեանի կառավարչական ու քաղաքական կարողութիւնների 1 տոկոսի չափ խելք եւ հմտութիւն ունենայիր, այսօր այդ ամբիոնից ոչ թէ ամօթալի ու կեղծ արադարացումներից կը խօսէիր, այլ քո ձեռքբերումներից, որոնք գոյութիւն չունեն ոչ մի ոլորտում:

Դո'ւ ես խաբել ու մոլորեցրել հայ ժողովրդին՝ օտարածին կառոյցների օգնութեամբ, 2018թ. զաւթել իշխանութիւնը եւ երկիրը հասցրել այս վիճակին: Ոչ ոք քեզ չէր խնդրում գալ եւ «փրկել» Արցախը «նախկիններից»: Երբ 2018թ. ապրիլին, Սերժ Սարգսեանն ասում էր, որ Ադրբեջանի ապակառուցողական գործողութիւնները բանակցային յոյս չեն ներշնչում, ի նկատի չունէր, որ քեզ նման մէկը պէտք է գայ եւ ծնկաչոք անի Հայաստանն ու Արցախը:

Նիկո՛լ, դու երեւի մոռացել ես նաեւ, որ դու էիր Ալիեւին ասում, որ կառուցողական ու կիրթ մարդ է: Նաեւ մոռացել ես, որ քո սիրելի Ալիեւը քեզ էր ծաղրում, ասելով՝ «ի՞նչ եղաւ Փաշինեան»: Դու չէի՞ր, որ ասում էիր ինչ պէտք է այն էլ բանակցում ես՝ առանց պարզաբանելու թէ ի՞նչ ես բանակցում: Դու չէի՞ր, որ ՀԱՊԿ-ի միջազգային հեղինակութիւնը դրեցիր վատ վիճակի մէջ՝ յանիրաւի բերման ենթարկելով նրա գլխաւոր քարտուղարին: Դու չէի՞ր հրապարակել միւնխէնեան յիմար սկզբունքները, որով վերջնականապէս արժեզրկեցիր ԵԱՀԿ ՄԽ դերն ու նշանակութիւնը, թէ դա էլ էր Սերժ Սարգսեանն արել: Իսկ գուցէ Սերժ Սարգսեա՞նն է ասել, որ միջազգային հանրութիւնը ստիպում է իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը, թէ՞ էլի դու էիր: Իսկ ով էր Ստեփանակերտում գոչում, որ Արցախը Հայաստան է եւ վերջ, իսկ հիմա վախենում է անգամ Արցախ գնալ:

Երեւի ես եմ սեւացրել, պախարակել, գող ու աւազակ անւանել այն գեներալներին ու հրամանատարներին, ովքեր գիտէին ինչպէս կռւել Ադրբեջանի դէմ ու ինչպէս պաշտպանել սեփական երկիրը:

Նիկո՛լ, հաւատայ, մարդկայնօրէն հասկանում եմ քեզ, նաեւ պառլամենտում այսօրւայ քո ելոյթի իմաստը: Դու այլ տարբերակ այսօր ուղղակի չունես եւ ստիպւած փորձեր ես անում քո ձախողումները ուրիշների վրայ գցել: Դա մարդկային հոգեբանութեան մի մասն է, յատկապէս, որ դու ուժեղ ու պատասխանատու մարդ չես: Թոյլ մարդու համար, միշտ էլ մեղաւոր են ուրիշները:

Այսօրւայ քո ելոյթը խօսում էր նաեւ քո տխրահռչակ իշխանութեան ցայտնոտի մասին: Ոչ մի խօսք չասեցիր ապագայի մասին, Արցախի մասին, հայ ժողովրդի վաղւայ օրւայ մասին, որովհետեւ դու էլ գիտես, հասկացել ես, որ ասելիք ուղղակի չունես: Քեզ մնացել է ընդամէնը ժամանակ ձգել, որն աշխատում է ի վնաս Հայաստանի»:

 

Յարակից լուրեր