Հա

Քաղաքական

16/06/2022 - 16:30

«Շարժման նպատակն է՝ կանխել Արցախի հայաթափումը, Հայաստանի թրքացումը, Հայաստանի ինքնիշխանութեանը սպառնացող վտանգները»․ Իշխան Սաղաթելեան

Շարժման նպատակն է՝ կանխել Արցախի հայաթափումը, Հայաստանի թրքացումը, Հայաստանի ինքնիշխանութեանը սպառնացող վտանգները Իշխան Սաղաթելեան

«alikonline.ir» - Այսօր, յունիսի 16-ին ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելեանը Ֆրանսիայի հրապարակում հանդէս է եկել մամուլի ասուլիսով։

Մինչեւ լրագրողների հարցերին պատասխանելը, նա մէկ անգամ եւս ամփոփ ներկայացրեց երկու ամիսների ընթացքում «Դիմադրութիւն» շարժման գործունէութիւնը, անցած ճանապարհը, յստակ ձեռքբերումները, խօսեց շարժման կառուցւածքի, մարտավարութեան փոփոխութիւնների եւ անելիքների մասին։

Ըստ Իշխան Սաղաթելեանի՝ մինչ շարժումը տպաւորութիւն կար, որ օրւայ իշխանութեան՝ երկիրը նոր կապիտուլեացիայի տանելու նկատմամբ ժողովրդի կողմից կայ համակերպում, այլեւս Արցախի, Հայաստանի անվտանգութեան հարցերը հետաքրքիր չեն հանրութեանը, ժողովուրդը համակերպւել է առկայ իրավիճակի հետ, Հայաստանից հնչում էր միայն պարտութեան ու յարմարւողականութեան ձայն, որն արձանագրւել էր միջազգային հանրութեան կողմից։

«Փոխւեց իրավիճակ։ Հայ ժողովուրդը ցոյց տւեց, որ օրւայ իշխանութիւնը չունի մանդատ ժողովրդի կողմից երկիրը նոր զիջումների տանելու։ Հայ ժողովուրդը միջազգային հանրութեանը յստակ կոչ յղեց, որ օրւայ իշխանութիւնների կողմից վարւող քաղաքականութիւնը մերժւում է հայ ժողովրդի կողմից։ Շարժման կոչը, որ ժողովուրդ, լաօ, զարթնիր, տէր կանգնի քո երկրին, այդ իրավիճակը մեր երկրում ստեղծւել է»,- ասաց նա։

Նրա խօսքով, իրենց առջեւ խնդիր կայ օր առաջ հասնել իշխանափոխութեան, այդ ուղղութեամբ բոլոր քայլերն արել են, բայց գլխաւոր խնդիրը մնում է չլուծւած։

«Դրա համար անհրաժեշտ է շարժման վերափոխման ու մարտավարութեան նոր մօտեցումներ։ Շարժումը պէտք է տարածենք ողջ Հայաստանով մէկ, շարժումը պէտք է իր օջախները ձեւաւորի մարզերում, Արցախում ու Սփիւռքում, դրա նախադրեալներն արդէն կան։ Շարժման դադարի, յետքայլի մասին խօսակցութիւններն ընդամէնը խօսակցութիւններ են, երկու օր առաջ յայտարարել ենք ոչ թէ դադար վերցնելու, այլ շարժումն ընդլայնելու ծրագրի մասին, եւ աշխատանքներն ամբողջութեամբ մեկնարկած են»,- նշեց Իշխան Սաղաթելեանը։

Անդրադառնալով վրանները Ֆրանսիայի հրապարակից հանելու որոշման մասին հարցին, քաղաքական գործիչն ասաց՝ ոչ թէ շարժումն էր վրանների համար, այլ վրաններն էին շարժման համար։

«Մենք որոշում ենք կայացրել, որ հրապարակում պէտք է ստեղծենք դիմադրութեան առաջին օջախը, այս հրապարակից կազմակերպենք պայքարը, հսկայական արդիւնք ենք ունեցել այդ վրանները տեղադրելով։ Եկել էր մի պահ, երբ պէտք է գնահատէինք ստեղծւած իրավիճակի եւ վրանների արդիւնաւէտութեան հարցը»,- ասաց Սաղաթելեանը։

Նա նշեց, թէ լինում են պահեր, երբ գալիս է ծանր որոշումներ ընդունելու հարցը։

«Մեր խնդիրը ոչ թէ վրաններով մեր վճռականութիւնը ցոյց տալն էր, այլ այս պայքարը արդիւնաւէտ կազմակերպելը, մեզ համար հեշտ չէր այդ որոշումը ընդունելը, բայց մենք պատասխանատու ենք այս շարժման վերջնաարդիւնքի համար, գոյութիւն ունէր նպատակայարմարութեան եւ արդիւնաւէտութեան հարց»,- ասաց Սաղաթելեանը։

Ինչ վերաբերում է քաղաքացիներին, որոնք մտածում են, թէ պայքարը կարող է թուլանալ, Սաղաթելեանն ասաց, որ կը համոզեն հակառակը.

«Վրանները իրենց գործը կատարել են, մեր քաղաքացիների ուժերը հիմա այլ տեղերում են մեզ պէտք, կը համոզւէք, որ պայքարի արդիւնաւէտութիւնը պայմանաւորւած չէր վրաններով»։

Իսկ շարժումը, ըստ Սաղաթելեանի, յետքայլ չի անում, չի դադարում, դրանք միայն խօսակցութիւններ են, պարզապէս մարտավարութիւնն է փոխում։

1,5 տարի ամէն օր Նիկոլը խօսել է տարածաշրջանում խաղաղութեան դարաշրջան բացելու օրակարգից. ինքը խոստացել է խաղաղութիւն, դրա հիման վրայ է եկել իշխանութեան, խօսել է Արցախի ինքնորոշման մասին, բայց երէկ ԱԺ-ում յայտարարեց, որ չկայ երաշխիք, որ խաղաղութեան օրակարգը կարող է յաջողել ասաց նա՝ անդրադառնալով յունիսի 15-ին ԱԺ-ում Նիկոլ Փաշինեանի ելոյթին։

«Հիմա ասում է, որ չկայ երաշխիք, որ խաղաղութեան օրակարգը կարող է յաջողել, չկայ երաշխիք, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Այսինքն պատրաստ են ցանկացած լուծման, որտեղ կապահովւի արցախահայութեան անվտանգութեանը: Եթէ կայ խելամիտ մարդ, որ մտածում է, որ Արցախը լինելով Ադրբեջանի կազմում հնարաւոր է ապահովել արցախցիների անվտանգութիւնը, դա կամ պետական դաւաճան է, կամ իրավիճակից գաղափար չունի:

Նա երէկ ջարդեց իր միակ խաղաթուղթը՝ խաղաղութեան օրակարգը՝ յստակ ասելով, որ այս իմաստով էլ որեւէ երաշխիք չկայ: Եթէ անվտանգութեան առումով երաշխիք չկայ, խաղաղութեան առումով երաշխիք չկայ, էդ մարդը մնում է այլեւս, որ ի՞նչ անի: Ակնյայտ է, որ Նիկոլը Ալիեւի հետ ունի ժամանակացոյց, պայմանաւորւածութիւն երկիրը յանձնելու:

Ակնյայտ է, որ այս շարժման ընթացքում այդ ժամանակացոյցը խախտւել է, բայց պրոցեսը չի դադարել: Քանի սրանք կան, այդ վտանգը կախւած է երկրի գլխին»,- ասաց նա:

Ես շարժման առաջին օրերից յայտարարել եմ, որ ես այս շարժման եւ զինւորն եմ, եւ առաջամարտիկն եմ, եւ պատասխանատուն եմ, եւ շարժման ելքի ու արդիւնքների համար ունեմ եւ քաղաքական, եւ անձնական պատասխանատւութիւն ասուլիսի ժամանակ նշեց Իշխան Սաղաթելեանը:

Հարցին, թէ հնարաւո՞ր է, որ օգոստոսի 2-ից յետոյ «Դիմադրութեան» շարժումը որպէս վարչապետի թեկնածու առաջ քաշի իր թեկնածութիւնը, Իշխան Սաղաթելեանը պատասխանեց. «Որեւէ մէկի համար գաղտնիք չի եղել, որ շարժման աշխատանքները համակարգել եմ ես, վերջնական որոշումներն ընդունելու պատասխանատւութիւնը դրւած է եղել ինձ վրայ: Այդ համաձայնութեանը եկել ենք շարժմանը մասնակցող բոլոր քաղաքական ուժերի հետ խորհրդակցելուց յետոյ:

Ինչ վերաբերում է հետագայ պրոցեսներին՝ առաջնորդ, վարչապետի թեկնածու, մենք հէնց առաջին օրւանից ասել ենք՝ այն մարդիկ, որոնք գալիս են եւ գալու են այս հրապարակ, չեն գալիս ինչ-որ մէկին վարչապետ դարձնելու համար:

Նիկոլ Փաշինեանին հեռացնելը շարունակում է մնալ մեր գլխաւոր օրակարգը, բայց օգոստոսից յետոյ այդ գործիքակազմին աւելանում է եւս մէկը՝ պաշտօնանկութեան գործընթացը: Դրա համար պէտք է երկու ուղղութեամբ աշխատանք։ Առաջին՝ պաշտօնանկութեան համար քաղաքական եւ իրաւական հիմքերի ստեղծում, որն առկայ է, սրա հանրային, ժողովրդական պահանջի դրսեւորում եւ երկրորդ՝ ժողովրդի կողմից վարչապետի թեկնածուի առաջադրում:

Մենք այս գործընթացը կը մեկնարկենք այն ժամանակ, երբ յաջողութեան հասնելու բաւարար հիմքեր կը լինեն: Այդ ժամանակ, օրէնքն է նաեւ պահանջում, որ երբ գնում ես պաշտօնանկութեան գործընթացով, պարտաւոր ես ներկայացնել ժողովրդի կողմից վստահութիւն վայելող թեկնածու: Երբ կը մտնենք այդ օրակարգի մէջ, այդ ժամանակ կը քննարկենք նաեւ այդ հարցը: Այս պահին մեր մէջ վարչապետի թեկնածուի քննարկում տեղի չի ունեցել»:

Այդ մանդատները իրենց հօր տնից չեն բերել, որ զրկեն, այդ մանդատները մեզ տւել է ժողովուրդը ասաց Իշխան Սաղաթելեանը՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամաւոր Արթուր Յովհաննիսեանի՝ այսօր արած այն յայտարարութեանը, թէ հանրային պահանջ կայ իրենց մանդատներից զրկելու եւ այդ հարցը քննարկւում է:

«Անցած տարի 270 հազար քաղաքացի մեզ քւէ է տւել այն ծրագրի համար, որը մենք ներկայացրել ենք: Այսօր մեր երկրի ու ժողովրդի կենսական շահերի օրակարգը փողոցում է: Մեզ մանդատ տւած ժողովրուրդը մեզնից ունի այդ ակնկալիքը: Մենք յստակ յայտարարելենք, որ խորհրդարան վերադառնալու ենք բացառապէս մեր օրակարգով: Կը լինեն օրակարգեր, որոնք կը սպասարկեն մեր յայտարարած նպատակներին, մենք կը լինենք ԱԺ-ում: Հակառակ պարագայում չենք գնալու մասնակցենք անիմաստ, երկրորդական օրակարգերի: Ինչ վերաբերում է մանդատերից զրկելուն՝ կարո՞ղ են, թող անեն»։

Իշխան Սաղաթելեանը նաեւ յայտարարեց, որ իրենք մանդատները վայր դնելու հարց չեն քննարկում, որովհետեւ այդ մանդատները ճիշտ օրերին եւ ճիշտ պահերին անհրաժեշտ են լինելու յաջողութեան հասնելու համար։

«Միշտ իմացէք, վերջին հաշւով այդ փոփոխութիւնը տեղի է ունենալու խորհրդարանում եւ այդ մանդատները այդ օրը, այդ ժամին անհրաժեշտ են լինելու։ Սա չի նշանակում կախւել մանդատներից, մի տարի առաջ, երբ փողոցային պայքարի մէջ էինք, այդ ժամանակ մանդատ չունէինք, մեր պայքարը դրանով պայմանաւորւած չէ, բայց գալու է օր, երբ այդ մանդատները պէտք են գալու վերջնական փոփոխութեան հասնելու համար»,- ասաց նա։

Առաջիկայ հանրահաւաքներից մէկի ժամանակ շատ մանրամասն քարտէզներով կը նկարագրենք այն բոլոր վտանգներն ու աղէտները, որ Բերձորի յանձնման ծրագիրը չոքելու է մեր դռանը: Մենք ամէն բան անելու ենք դրա դէմ, դա խայտառակութիւն է. նշեց Իշխան Սաղաթելեանը` անդրադառնալով մօտ ժամանակներս Բերձորի շրջանի` թշնամուն վերջնական յանձմանը փաշինեանական դաւաճանական իշխանութիւնների կողմից:

«Այդ այլընտրանքային ճանապարհի դէպքում մեր ողջ կոմունիկացիաները` կապ, էլեկտրաէներգիա, գազ, մնալու են թշնամու տիրապետութեան տակ: Այդ ճանապարհի մեր հատւածը դեռ կառուցւած չի: Դրա իրականութիւն դառնալու ժամանակ կորցնելու ենք այս պահին բնակեցւած հայկական բնակավայրեր` օրինակ Աղաւնոն: Եթէ սրանք մնան` վերջը դա է լինելու: Ամէն բան պէտք է անենք, որ դա տեղի չունենայ: Մեր պայքարի հիմնական ուղղութիւններից մէկը նաեւ լինելու է դա, որ մարդկանց տեղ հասցնենք այս ամէն ինչը, այս վտանգները:

Մեր խնդիրներից մէկն էլ այն է եղել, որ չենք կարողացել մեր երկրին սպառնացող վտանգները մտցնել իւրաքանչիւր հայի տուն: Դեռ մարդիկ կան, որ հաւատում են, որ այս պայքարը իշխանութեան համար է:

Վտանգ կա՞յ, որ կարող է յաջողութեան չհասնենք, դա կախւած է մեզնից շեշտեց Իշխան Սաղաթելեանը:

«Այս շարժման պարտութիւնը ժողովրդի պարտութիւնն է: Ընդ որում, ասեմ, որ այս շարժումը եւ այս գաղափարախօսութիւնը իշխանափոխութիւնով չի աւարտւում, աւելին՝ իշխանափոխութիւնից յետոյ սա դառնալու է յաջորդ իշխանութեան հիմնական գաղափարախօսական դրոյթներից մէկը, որովհետեւ այս շարժման նպատակն է կանխել Արցախի հայաթափումը, Հայաստանի թրքացումը, Հայաստանի ինքնիշխանութեանը սպառնացող վտանգները: Սա մի օրակարգ է, որ իշխանափոխութիւնից յետոյ եւս պէտք է իրականացւի: Անհնար է այս շարժումը չյաջողի»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։