Հա

Քաղաքական

17/06/2022 - 13:40

«Ցանկացած կարգավիճակ Ադրբեջանի կազմի մէջ երաշխաւորելու է Արցախի հայաթափումը». Արմէն Ռուստամեան

Ինձ մօտ տպաւորութիւն է, որ նոր-նոր Նիկոլ Փաշինեանը շարունակում է ծանօթանալ այն փաստաթղթերին, որոնք իրեն նախորդող շրջանում ընդունւել են արցախեան բանակցութիւններում, բայց իր բնաւորութեան համապատասխան փորձում է դրանք իւրովի մեկնաբանել:

«alikonline.ir» - Ինձ մօտ տպաւորութիւն է, որ նոր-նոր Նիկոլ Փաշինեանը շարունակում է ծանօթանալ այն փաստաթղթերին, որոնք իրեն նախորդող շրջանում ընդունւել են արցախեան բանակցութիւններում, բայց իր բնաւորութեան համապատասխան փորձում է դրանք իւրովի մեկնաբանել: Այս մասին News.am-ի հետ զրոյցում նշեց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արմէն Ռուստամեանը՝ անդրադառնալով ԱԺ-ում Նիկոլ Փաշինեանի յայտարարութիւններին, թէ 1998-ի նոյեմբերին իշխանութիւնները համաձայնել են բանակցութիւնների հիմք ընդունել «Ընդհանուր պետութիւն» առաջարկը, որից յետոյ բանակցային սեղանին յայտնւեց տարածքների փոխանակման փաթեթը, որով Մեղրիի շրջանը փոխանակւում է Արցախի հետ:

«Մի բան է փաստաթղթերին ծանօթանալը, մէկ այլ բան է հասկանալ այդ փաստաթղթերի էութիւնը, նշանակութիւնը, այդ ձեռքբերման հետ կապւած կոնկրետ մակարդակը, որը կարողացել է մեր դիւանագիտութիւնն ապահովել:

Ինքը բերել է կոնտեքստից հանւած երկու մէջբերում, բայց չի ասում, թէ այդ դէպքում ինչո՞ւ Ադրբեջանը չհիմնւեց այդ փաստաթղթի վրայ եւ չգնաց համաձայնութեան, քանի որ իր ասելով ամէն ինչ յօգուտ Ադրբեջանի էր վճռւած այդ փաստաթղթերով: Այսինքն եթէ այդքանը հասկանար, շատ աւելի ադեկւատ կը վեաբերւէր այդ փաստաթղթին:

Իսկ որպէսզի հասկանանք, թէ ինչու Ադրբեջանը չի գնացել դրան, կարելի է կարդալ միւս մասերը, որոնք Փաշինեանը չի հրապարակել:

Օրինակ, այդ փաստաթղթում ասւում է, որ Ադրբեջանը եւ Լեռնային Ղարաբաղը կը ստորագրեն համաձայնագիր տնօրինման առարկաների եւ պետական իշխանութեան համապատասխան մարմինների միջեւ իրաւասութիւնների փոխադարձ տարանջատման մասին եւ այդ համաձայնագիրը սահմանադրական ուժ կը ստանայ:

Ադրբեջանը եւ Լեռնային Ղարաբաղը կազմաւորում են համատեղ կոմիտէ, որի կազմի մէջ կընդգրկւեն նախագահների, վարչապետների խորհրդարանների նախագահների ներկայացուցիչները՝ սահմանելու համար տնօրինման ոլորտի քաղաքականութիւնն ու գործունէութիւնը:

ԼՂ-ն կունենայ սեփական Սահմանադրութիւն, Ադրբեջանի օրէնքները, կանոնները եւ գործադիր որոշումներն ուժի մէջ են ԼՂ տարածքում, եթէ չեն հակասում վերջինիս Սահմանադրութեանն ու օրէնքներին: ԼՂ-ն կունենայ իր զինանշանը, օրհներգը, դրօշը: ԼՂ-ն համաձայն իր Սահմանադրութեան, ինքնուրոյն է կազմակերպում իր օրէնսդրական գործադիր եւ դատական մարմինները: ԼՂ-ն կունենայ սեփական դրոշմանիշները, կունենայ Հայաստանի եւ Արդրբեջանի հետ ազատ եւ անխափան տրանսպորտային կապի հնարաւորութիւն: Ադրբեջանի բանակը, անվտնգութեան ուժերը եւ ոստիկանութիւնը իրաւունք չեն ունենայ մտնել ԼՂ տարածք առանց ԼՂ իշխանութիւնների համաձայնութեան:

Նաեւ այստեղ ասւում է, որ այս փաստաթուղթը պէտք է ստորագրեն երեք կողմերը:

Այս ամէնն ինչի՞ չի ասել, որովհետեւ յօդս կը ցնդէր բոլոր այն մեղադրանքները, որ Ռոբերտ Քոչարեանի ժամանակ ԼՂ-ն դուրս է մղւել բանակցային գործընթացից»,- յայտարարեց Ռուստամեանը:

Նրա խօսքով, այս «ընդհանուր պետութիւնը» ըստ էութեան, արձանագրում է, որ Ադրբեջանական ԽՍՀ տարածքում առաջացել է երկու սուբիեկտ՝ ԼՂ եւ Ադրբեջան. «Եթէ սա Ադրբեջանը ստորագրէր, կը կանգնէր մի շատ մեծ խնդրի առաջ: պէտք է յայտարարի, որ սրանով վերջ է տրւում Ադրբեջանի որպէս ունիտար պետութեան գոյութեանը: Դրա համար Ադրբեջանը կտրականապէս դէմ է եղել այս տարբերակին, որովհետեւ սրանով Արցախը ձեռք է բերում ինքնուրոյն պետութիւն ձեւաւորելու լեգիտիմ իրաւունք:

Ակնյայտ է, որ հերթական մանիպուլեացիայի հետ գործ ունենք, որի նպատակն ակնյայտ է՝ մատուցել հանրութեանը, որ դուք այլ ճանապարհ չունեք, քան համաձայնւելու Ադրբեջանի պահանջներին: Նա ասում է՝ գնում ենք խաղաղութեան, բայց երաշխաւորւած չէ, որ այդ խաղաղութիւնը կը լինի, իսկ խաղաղութեան գնում են ամէն ինչ յանձնելով, ու անգամ դա լաւ ապագայ չի խոստանում: Բայց դրա հակառակը հաստատ կործանում է:

Մէկը հարց տար Փաշինեանին՝ հիմա չէիր երազի՞ այսպիսի մի փաստաթղթով գնայիր Ադրբեջանի հետ յարաբերւելու:

Այս վարչախումբը անընդհատ փորձում է միկրոսկոպով ծաղկաքաղ անի տարբեր փաստաթղթերից եւ ներկայացնի դա ի պաշտպանութիւն իր ազգադաւ ծրագրերին՝ ի հիմնաւորում իր կորստաբեր զիջումների:

Ի վերջոյ, նախկին բոլոր նախագահները չեն ստորագրել որեւէ փաստաթուղթ Ադրբեջանի հետ, որտեղ Ղարաբաղ չկայ: Միակ փաստաթուղթը, որը ստորագրւել է եւ այնտեղ Ղարաբաղ չկայ, ստորագրել է Հայաստանի այսօրւայ վարչապետ կոչւածը»,- յայտարարեց Արմէն Ռուստամեանը:

Հարցին, թէ համաձա՞ն է տեսակէտին, որ Նիկոլ Փաշինեանը հիմքեր է ստեղծում այն դէպքի համար, երբ խաղաղութեան օրակարգը ձախողւի, Ռուստամեանը պատասխանեց. «Սրա նպատակը մէկն է՝ հիմնաւորել մեր կենսական զիջումների անհրաժեշտութիւնը: Առանց աչքը թարթելու է մարդը կարող է գնալ այնպիսի կենսական զիջումների, որ մեր գոյութիւնն անիմաստ դառնայ այս տարածաշրջանում: Նա ասում է՝ չեմ երաշխաւորում, բայց միւս տարբերակն աւելի վատն է: Ըստ էութեան, նա բերել է մեր ժողովրդին կանգնեցրել է պատմական ընտրութեան առաջ, որ մենք չունենք ընտրութիւն լաւի ու վատի միջեւ, ունենք ընտրութիւն վատի ու վատթարագոյնի մեջեւ: Մենք ասում ենք՝ ոչ, այս ժողովուրդն իրաւունք ունի լաւի մասին մտածել եւ հասնել դրան: Այս վիճակից պէտք է դուրս գալ»:

Ինչ վերաբերում է Փաշինեանի յայտարարութեանը, թէ Արցախի ցանկացած կարգավիճակ, որը երաշխաւորելու է արցախցիների անվտանգութիւնը, մեզ համար ընդունելի է, ընդդիմադիր պատգամաւորն ասաց. «Այդտեղ մի բան է պակասում, պէտք է լինի «ցանկացած կարգավիճակ Ադրբեջանի կազմից դուրս»: Այ դա է, որ ինքը չի ուզում ասի: Իսկ ես կասեմ՝ ցանկացած կարգավիճակ Ադրբեջանի կազմի մէջ երաշխաւորելու է Արցախի հայաթափումը:

Ես վստահ եմ, որ այնտեղ փաստաթուղթը պատաստ է, ինքը գիտի՝ ինչ է պատրաստւում ստորագրել: Ինքը պատրաստւում է էն ինչ որ համաձայնել է ստորագրելու, դա մատուցել հայ ժողովրդին որպէս մեծագոյն ձեռքբերում: Հիմա հող է նախապատրաստում ասելու համար, որ իր առաջարկածը միակ փրկութեան ճանապարհն է, որովհետեւ հակառակը շատ աւելի վատն է: Ինքն ասում է՝ իմ առաջարկածն էլ լաւը չի, բայց աւելի վատից խուսափելու համար պէտք է գնանք այս վատ որոշմանը: Ինքը գիտի, որ էնտեղ վատ բան է սպասւում: Ալիեւն ասում է՝ մէկ տարւայ մէջ պէտք է ստորագրւի:

Հիմա ինքը յայտւել է այս իրավիճակում. ստորագրի, ներսում խնդիրներ կունենայ, յայտնի չէ, թէ հայ ժողովուրդը դա ինչպէս կընդունի, չստորագրի, խնդիր կունենայ դրսում: Էնտեղ էլ միացրել են ժամանակացոյցը, ասում են՝ արի ստորագրի: Ալիեւն ասում է՝ սպասում ենք՝ գաք, էս փաստաթուղթը ստորագրէք, չէք ստորագրելու, ես այլ ձեւեր կը կիրառեմ ստորագրելու համար: Ասում է՝ եթէ դուք կը պահանջէք Ղարաբաղի անկախութիւնը, ես էլ Արեւմտեան Զանգեզուրում կը պահանջեմ ադրբեջանցիների համար համապատասխան կարգավիճակ: Այստեղ ենք հասել: պէտք է սթափւենք ու օր առաջ էս մարդու ձեռքը բռնենք, թէ չէ կը ստորագրի, արդէն պայմանաւորւել է: Կարող է անգամ ստորագրել են, պէտք է մի օր հրապարակւի»,- յայտարարեց Ռուստամեանը:

Ինչ վերաբերում է նրան, որ Փաշինեանը յայտարարում է, թէ ամենաշատ ֆինանսական օգնութիւնն Արցախին իր օրօք է եղել, ՀՅԴ-ական գործիչն ասաց, որ Նիկոլ Փաշինեանը իրականում փող է տալիս արցախցիներին, որ մնան Արցախում, չգան Հայաստան ու իրենից հաշիւ չպահանջեն:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։