Հա

Քաղաքական

18/06/2022 - 14:10

«Փաշինեանի ասածի տակ ռումբ է, որը պայթելու է. նա Արցախը նւիրում է Ադրբեջանին». Արմինէ Ադիբէկեան

Ադրբեջանի հարցերով փորձագէտ Արմինէ Ադիբէկեանի կարծիքով՝ Արցախի վերաբերեալ գործող իշխանութիւնների յայտարարութիւններն Արցախը Ադրբեջանի կազմում ընդգրկելու մասին են:

«alikonline.ir» - Ադրբեջանի հարցերով փորձագէտ Արմինէ Ադիբէկեանի կարծիքով՝ Արցախի վերաբերեալ գործող իշխանութիւնների յայտարարութիւններն Արցախը Ադրբեջանի կազմում ընդգրկելու մասին են:

«Նրանք խուսափում են խօսել կարգավիճակի մասին, ինչը նշանակում է, որ, անկասկած դա, խօսքը ադրբեջանանպաստ ելքի մասին է: Նիկոլ Փաշինեանը նւիրում է Արցախն Ադրբեջանին, եւ, բնականաբար, Արցախի ժողովրդի անվտանգութեան եւ իրաւունքների վերաբերեալ անհանգստութիւնն ընդամէնը երեսպաշտութիւն է, որովհետեւ վստահեցնում եմ ձեզ՝ այդ 120 հազար հոգու ապագան եւ ճակատագիրը չի հետաքրքրում եւ չի անհանգստացնում ՔՊ-ի ոչ մի անդամի, այդ թւում՝ Նիկոլ Փաշինեանին»,- 168TV-ի «Ռեւիւ» հաղորդման ընթացքում ասաց նա:

Անդրադառնալով Արցախին սոցիալական օգնութիւն տրամադրելու վերաբերեալ իշխանութիւնների յայտարարութիւններին՝ նա ընդգծեց. «Կոնցլագերում գերմանական նացիստները հաց էին տալիս հրեաներին, որ սովից չմեռնեն, բայց յետոյ վառարաններում այրում էին: Այսինքն՝ այդ սոցիալական օգնութիւնը ոչ մէկին պէտք չէ, եթէ դու այդ մարդկանց մատաղ ես անելու: Մահւան դատապարտեալներին էլ մահապատիժն իրականացնելուց առաջ կուշտ կերակրում են, վերջը ո՞րն է, ու մենք բոլորս գիտենք՝ այդ մարդկանց վերջն ինչ է լինելու»:

Արմինէ Ադիբէկեանը շեշտեց՝ կորուստներից եւ մռայլ ապագայից բացի՝ ուրիշ ոչինչ չի երեւում. «Երբ Նիկոլ Փաշինեանին 2018թ. զգուշացնում էին, որ՝ տղայ ջան, ինչ անում ես՝ սխալ ես անում, վտանգաւոր է, դա բերելու է պատերազմի, մի շարասիւն ոհմակ՝ ՔՊ-ականներ, ՔՊ-ամերձ կիսագրագէտ էքսպերտներ ասում էին՝ պատերազմ չի լինելու, հես ա մենք կը գնանք՝ զրոյից կը սկսենք, Արցախը բերելու ենք բանակցային սեղան, ի՞նչ էք ուզում: Դրանից յետոյ եղաւ ի՞նչ, այն, ինչ ասում էինք մենք, որ՝ տղայ ջան, դու մեր գլխին բերելու ես պատերազմ, եկա՞ւ պատերազմը: Հիմա նա ասում է, որ պատրաստւում է ապահովել Արցախի բնակչութեան անվտանգութիւնը, ուրեմն՝ դա նշանակում է, որ Արցախի բնակչութիւնը բնաջնջւելու է, որովհետեւ Նիկոլ Փաշինեանի բերանից դուրս եկած ոչ մի պնդում իրականութիւն չի դարձել, այլ հակառակը՝ բերել է հակառակ արդիւնքի: Եթէ Նիկոլ Փաշինեանն ասում է՝ ինչ-որ լաւ բան ենք արել, իմացէք՝ տակը մի հատ ռումբ է, որը պայթելու է»:

 

Ռազմիկ Մարտիրոսեան

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։