Հա

Քաղաքական

18/06/2022 - 14:35

«Ժողովրդավարութիւնը մեծամասնութեան դիկտատուրան չէ»․ Արմէն Գէորգեանը՝ Եւրոպայի խորհրդի գլխաւոր քարտուղարին

Երկօրեայ պաշտօնական այցով Հայաստանում գտնւող Եւրոպայի խորհրդի գլխաւոր քարտուղար Մարիա Պէյչինովիչ-Բուրիչն այսօր Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովում հանդիպում է ունեցել ԵԽԽՎ հայկական պատւիրակութեան որոշ անդամների հետ: 

Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եւրասիական ինտեգրման հարցերի մշտական յանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ հայկական պատւիրակութեան մշտական անդամ Արմէն Գէորգեանը, ով հանդէս է եկել յայտարարութեամբ:

«alikonline.ir» - Երկօրեայ պաշտօնական այցով Հայաստանում գտնւող Եւրոպայի խորհրդի գլխաւոր քարտուղար Մարիա Պէյչինովիչ-Բուրիչն այսօր Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովում հանդիպում է ունեցել ԵԽԽՎ հայկական պատւիրակութեան որոշ անդամների հետ: Այս մասին յայտնումմ են ՀՀ ԱԺ Տարածաշրջանային եւ եւրասիական ինտեգրման հարցերի մշտական յանձնաժողովից:

Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եւրասիական ինտեգրման հարցերի մշտական յանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ հայկական պատւիրակութեան մշտական անդամ Արմէն Գէորգեանը, ով հանդէս է եկել յայտարարութեամբ:

Ստորեւ ներկայացնում ենք Արմէն Գէորգեանի խօսքն ամբողջութեամբ:

«Տիկին գլխաւոր քարտուղար,

Բարի գալուստ Հայաստան։

Շատ ցաւալի է, որ խորհրդարանական ընդդիմութեան ներկայացուցիչների հետ առանձին հանդիպում չունէք: Վատ աւանդոյթ է ձեւաւորւում, երբ Եւրոպայի խորհրդի ներկայացուցիչները խուսափում են Հայաստանի հիմնական քաղաքական ընդդիմութեան հետ ուղիղ երկխօսութիւնից եւ շփումից: Այնուամենայնիւ կը ցանկանայի ձեր ուշադրութիւնը կենտրոնացնել մի շարք կարեւոր հարցերի վրայ։

Հայաստանում հասարակական-քաղաքական կեանքը հասել է իր եռման կէտին, քանի որ մեծ անարդարութիւն է կատարւում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ ։ Կարծում եմ՝ հայ պաշտօնեաների հետ ձեր հանդիպումների ընթացքում յաճախ էք լսել տարածաշրջանում «խաղաղութեան օրակարգի» մասին։ Կրկնեմ, որ Հայաստանում ոչ ոք նոր պատերազմ չի ցանկանում: Բայց աւելի շատ են մարդիկ, ովքեր չեն ընդունում, որ երեսուն տարւայ ազատ ու անկախ պետականաշինութիւնից յետոյ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կարող է ապրել Ադրբեջանի կազմում։ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը նոյնպէս դէմ է դրան։

Մենք մեծապէս մտահոգւած ենք, օրինակ, նրանով, որ, ի տարբերութիւն Եւրախորհրդարանի, տեսնում ենք Եւրոպայի խորհրդի՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաւասարութեան նշան դնելու ձգտումը՝ փորձելով «աւելի քիչ զայրացնել» Ադրբեջանին եւ Թուրքիային նրանց քաղաքականութեանը վերաբերող քննադատական բանաձեւերով եւ գնահատականներով։ Ի դէպ, այս համատեքստում կը ցանկանայի ձեր ուշադրութիւնը հրաւիրել այն փաստին, որ, խուսափելով ընդդիմութեան հետ ուղիղ երկխօսութիւնից ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ադրբեջանում՝ դուք, ըստ էութեան, անուղղակի հաւասարութեան եւս մէկ նշան էք դնում այս երկու երկրների միջեւ՝ իրենց ժողովրդավարութեան հաւատարմութիւնների առումով։

Հայ հանրութիւնը մինչ օրս Ադրբեջանի կողմից 2020 թւականին հայերի դէմ հրահրւած անհիմն եւ անարդարացի պատերազմ սկսելու վերաբերեալ որեւէ համապատասխան բանաձեւ չի տեսել: Եւրոպայի խորհդին չի յաջողւել պատժամիջոցներ ընդունել 2021 թւականի մայիսից Հայաստանի տարածքային ամբողջականութեան դէմ Ադրբեջանի ագրեսիայից յետոյ։ Ադրբեջանը շարունակում է անտեսել բոլոր ռազմագերիներին եւ միւս կալանաւորներին ազատելու միջազգային հանրութեան կոչերը եւ շարունակում է իր ռասիստական եւ այլատեաց քաղաքականութիւնն ու քարոզչութիւնը հայերի դէմ։ Կարծում եմ, որ դա կը հաստատւի նաեւ Արդարադատութեան միջազգային դատարանում ներկայումս ընթացող համապատասխան վարոյթներով։

Սրանք բոլորը հիմնական մտահոգիչ կէտեր են, որոնք, ըստ էութեան, հարցականի տակ են դնում, թէ արդեօ՞ք մենք ընդհանրապէս կարող ենք պայմանաւորւածութիւն ձեռք բերել Ադրբեջանի հետ որեւէ բանի շուրջ:

Կարող էք հարցնել՝ իսկ ի՞նչ կարող է անել Եւրոպայի խորհուրդը Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան խնդիրն արդարացի լուծելու համար։ Համոզւած եմ, որ առաջին հերթին մեր կազմակերպութիւնը պէտք է սկսի իրավիճակի օբիեկտիւ գնահատականներից, ինչը, կարծում եմ, լաւ զսպող միջոց կը լինի Ադրբեջանի ագրեսիւ նկրտումների դէմ, բայց նաեւ կը պաշտպանի Եւրոպայի խորհրդի անդամ երկրներում ժողովրդավարական կառավարման որակը։ Դա նաեւ կը նպաստի տարածաշրջանում խաղաղութեան համար ապագայ ցանկացած երկխօսութեանը:
Մեր կազմակերպութիւնը պէտք է արդար եւ հետեւողական լինի մարդու հիմնարար իրաւունքների եւ ազատութիւնների եւ առաջին հերթին՝ ժողովուրդների ինքնորոշման իրաւունքի պաշտպանութեան հարցում։

Տիկին Գլխաւոր քարտուղար,

Միեւնոյն ժամանակ մենք խորապէս մտահոգւած ենք, որ Եւրոպայի խորհուրդն անտեսում է մեր երկրում ժողովրդավարութեան նորմերից եւ աւանդոյթներից ակնյայտ շեղումները։ Խօսքի եւ լրատւամիջոցների ազատութեան սահմանափակումները, դատական եւ քննչական մարմինների աճող կախւածութիւնը գործադիր իշխանութիւնից, ընդդիմադիր գործիչների նկատմամբ ապօրինի հալածանքները դարձել են Հայաստանում այսպէս կոչւած ժողովրդավարական աւանդոյթների «նոր նորմա»։ Նոյնիսկ միջազգային կազմակերպութիւնները չէին կարող անտեսել վերջին մի քանի ամիսներին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրութիւնների վիճելի որակը ։
Անցած երկու ամիսների ընթացքում նման անընդունելի երեւոյթների այս երկար ցանկը համալրւել է քաղաքացիների բողոքի խաղաղ ակցիաների իրաւունքի ոտնահարումներով, ինչպէս նաեւ ցուցարարների նկատմամբ ոստիկանութեան կողմից դաժան եւ անհամաչափ ուժի կիրառմամբ։ Յունիսի 3-ին ոստիկանութիւնը խլացուցիչ նռնակներով ցրեց ընդդիմութեան բազմահազարանոց հանրահաւաքը՝ առանց պատշաճ նախազգուշացման եւ անհրաժեշտութեան, որի արդիւնքում բազմաթիւ ոստիկաններ եւ ցուցարարներ ծանր վիրաւորւեցին եւ տեղափոխւեցին հիւանդանոցներ։

Ներկայումս շուրջ 31 ընդդիմադիր գործիչ ձերբակալւած է տարբեր ապօրինի հիմքերով եւ ակնյայտ քաղաքական դրդապատճառներով:

Ուզում եմ յիշեցնել բոլոր ներկաներին, որ Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանում ընդունւել է իրական ժողովրդավարութեան մասին բանաձեւ, որը մէջբերելով՝ կրկնում եմ, որ «ժողովրդավարութիւնը մեծամասնութեան դիկտատուրան չէ»։

Եզրափակելով՝ յաւելեմ, որ մենք մտադիր չենք Եւրոպայի Խորհուրդը դարձնել գլադիատորական մենամարտերի տարածք ո՛չ Հայաստանի իշխանութիւնների, ո՛չ էլ՝ Ադրբեջանի դէմ։ Բայց մտադիր էլ չենք համակերպւելու այն փաստերի հետ, որ մեր կազմակերպութիւնը վերածւում է 44-օրեայ պատերազմի հետեւանքների օրինականացման հարթակի, հարթակ, որը յստակօրէն առաջ է մղում Թուրքիայի եւ Ադրբեջանի գլխաւորած թյուրքական կոալիցիայի շահերը՝ ի հաշիւ հայ ժողովրդի, կամ էլ մեր երկրում հակաժողովրդավարական գործընթացները լուռ դիտարկող կազմակերպութեան։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։