Հա

Քաղաքական

19/06/2022 - 13:10

«Բերձորի յանձնումով՝ Արցախը կը դառնայ արտաքին աշխարհից մեկուսացած միաւոր». Արման Մելիքեան

Ո՛չ պատերազմի ընթացքում, ո՛չ էլ դրանից յետոյ Հայաստանը չկարողացաւ ապահովել մեր դաշնակիցների աջակցութիւնը, եւ նրանք ձեռքերը լւացին արցախեան հիմնահարցի քաղաքական կարգաւորման հարցում։ Առհասարակ, պատերազմի միջոցով Արցախի խնդիրը լուծելու՝ Ադրբեջանի փորձի վերաբերեալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները որեւէ բացասական տեսակէտ չեն հնչեցրել։ Ի վերջոյ՝ նրանք էին շրջանառութեան մէջ դրել մադրիդեան սկզբունքները, որոնք ենթադրում էին խնդրի խաղաղ, բացառապէս քաղաքական ճանապարհով լուծում։ 

«alikonline.ir» - Ո՛չ պատերազմի ընթացքում, ո՛չ էլ դրանից յետոյ Հայաստանը չկարողացաւ ապահովել մեր դաշնակիցների աջակցութիւնը, եւ նրանք ձեռքերը լւացին արցախեան հիմնահարցի քաղաքական կարգաւորման հարցում։ Առհասարակ, պատերազմի միջոցով Արցախի խնդիրը լուծելու՝ Ադրբեջանի փորձի վերաբերեալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները որեւէ բացասական տեսակէտ չեն հնչեցրել։ Ի վերջոյ՝ նրանք էին շրջանառութեան մէջ դրել մադրիդեան սկզբունքները, որոնք ենթադրում էին խնդրի խաղաղ, բացառապէս քաղաքական ճանապարհով լուծում։ Այդ առումով՝ համանախագահները եւս Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի աջակիցը դարձան։ Փաշինեանը չկարողացաւ կանխել պատերազմը, ունենալ դաշնակիցներ, որոնք կը կարողանային կամ կը ցանկանային մեզ աջակցել, սա տապալւած քաղաքականութեան շարունակութիւնն է։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք յայտնեց Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքեանը։

«Եթէ Արցախը չունենայ կարգավիճակ, անվտանգութեան որեւէ երաշխիքի մասին խօսելն աւելորդ է։ Ստեղծւած իրավիճակում Ադրբեջանն Արցախին կարգավիճակ տրամադրելու ո՛չ ցանկութիւն ունի, ո՛չ էլ նպատակ, եւ ամէն կերպ դրան խոչընդոտելու է, յատկապէս որ, ներքին իրաւակարգաւորումներով Ադրբեջանը ոչնչացրել է ԼՂԻՄ-ի կարգավիճակը դեռեւս 1990-ականների սկզբներին եւ դրանից յետոյ այդ տարածքը բաժանել յարակից այլ վարչական միաւորների միջեւ։ Արցախը պէտք է կարգավիճակ ունենայ բոլոր դէպքերում, քանի որ այն տրւած է եղել ԽՍՀՄ-ի ստեղծումից ի վեր, եւ այդ առումով՝ այն Ադրբեջանական հանրապետութեան ինքնիշխան տարածք համարել հնարաւոր չէ։ Արցախն ունեցել է իր Սահմանադրութիւնը, եւ ժամանակին Արցախի վերացումը եւս հակաիրաւական քայլ էր Ադրբեջանի իշխանութիւնների կողմից»,- ասաց քաղաքական գործիչը։

«Բաքուն խօսում է Սիւնիքում նախկինում բնակւած ադրբեջանցիների իրաւունքների մասին, եւ հայկական իշխանութիւնները հաւանաբար համաձայն են Ադրբեջանում հայերին տրւելիք այնպիսի երաշխիքներին, որպիսիք կարող են տրամադրել Սիւնիք վերադառնալու ցանկութիւն ունեցող ադրբեջանցիներին՝ ՀՀ նախկին քաղաքացիներին, եթէ նրանք ընդունեն ՀՀ քաղաքացիութիւն։ Մարդկանց իրաւունքների խնդիրը պէտք չէ շփոթել պետական կարգավիճակ ունենալու իրաւունքի հետ, որն արցախահայութիւնն ունեցել է, իսկ Հայաստանում բնակւող ադրբեջանցիները երբեւէ չեն ունեցել, նման խնդիր երբեւէ չի էլ առաջացել։ Հայաստանն ուրացել է աւելի քան կէս միլիոն ադրբեջանահայ փախստականների իրաւունքները պաշտպանելու իր բնական առաքելութիւնը։ Եւ հիմա, երբ խօսւում է Ադրբեջանում արցախահայութեան իրաւունքների մասին, Բաքուն կարող է խօսել առհասարակ Ադրբեջանի տարածքում բոլոր հայերի իրաւունքների ապահովման երաշխիքների մասին՝ առանց տւեալ դէպքում Արցախին կարգավիճակ շնորհելու հեռանկարի։ Այդ առումով Ադրբեջանն իր խնդիրը լուծում է»,- նշեց Արման Մելիքեանը։

Նախկին դիւանագէտի կարծիքով՝ Ադրբեջանը ստիպում է, որ հայկական կողմերը հրաժարւեն Արցախի ցանկացած կարգավիճակից՝ որպէս սկզբունք, տարրալուծեն որպէս պետական միաւորում արդէն շնորհազրկւած Արցախն Ադրբեջանի այլ շրջանների մէջ եւ թողնեն հայ բնակչութեանը որպէս պատանդ, որը մշտական ոչնչացման սպառնալիքի ներքոյ է լինելու, ինչպէս դա եղել է 1988-ից ի վեր․ «Հայկական շահը ձեւակերպւած չէ։ Նախկինում դա ստատուս-քւոյի սպասարկումն էր, իսկ դրա պահպանումն էլ երաշխաւորւած էր արտաքին աշխարհի կողմից, ոչ թէ մեր սեփական ուժերով։ Սա մեր պետականութեան ամենամեծ խնդիրն է։ Մենք քաղաքականութիւն վարելու ֆորմալ գործիքակազմ ունենալով՝ նախարարութիւններ, պաշտօնեաներ եւ այլն, բովանդակութիւն չենք կարողացել ապահովել, չենք էլ ցանկացել, մինչդեռ այլընտրանքային ճանապարհներ եւ գաղափարներ առաջարկւել են։ Այս իշխանութեամբ դրանք իրագործելու մեխանիզմներ չկան։ Ցաւօք, ինքնիշխանութիւնը վերականգնելու համար տքնաջան, հետեւողական աշխատանք է պէտք, որն ինչ-որ պահից կը կարողանայ ուղիղ անդրադառնալ պետական ինստիտուտների ջանքերի վրայ»:

«Խնդիրները նախանշելու, դրանք լուծելու ուղիների փնտրտուքը պէտք է կատարւի պետական եւ ֆորմալ քաղաքական կառոյցներից դուրս՝ մասնագիտական թիմի կողմից։ Ցաւօք սրտի, Հայաստանում վերլուծական եւ մասնագիտական շրջանակները կա՛մ իշխանութիւններին են սպասարկում, կա՛մ արտաքին ուժերին, երկու դէպքում էլ դա արւում է այս կամ այն գործողութիւնը վերլուծական ճանապարհով «արդարացնելու» միջոցով։ Հայաստանի շահերը սպասարկող ջանքեր չկան, փոխարէնը՝ ինչ-որ վերնախաւերի կամ արտաքին ուժերի են սպասարկում։ Օրինակ, Բերձորը փրկելու համար պէտք է համապատասխան քաղաքական կամք դրսեւորւի իշխանութիւնների կողմից, իրենք պէտք է քայլեր ձեռնարկեն այդ ուղղութեամբ, եւ ոչ այսօր, այդ խնդիրը նոր չէ, պէտք էր վաղուց աշխատել։ Պատերազմը մէկուկէս տարի առաջ է աւարտւել, այդ ընթացքում պէտք է աշխատէին՝ կանխարգելելու նման ընթացքը։ Ի վերջոյ, այդ ճանապարհի եւ էներգետիկ հաղորդակցութիւնների յանձնումով Արցախը դառնալու է արտաքին աշխարհից մեկուսացած միաւոր»,- ամփոփեց Արման Մելիքեանը:

 

Դաւիթ Սարգսեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։