Հա

Քաղաքական

19/06/2022 - 14:20

Պատմական իրողութեան նոր մանրամասներ

Հայաստանի պատմութեան թանգարանում պահւող ՀԿԿ 1-ին քարտուղար Ա. Քոչինեանի արխիւի ուսումնասիրութեան ընթացքում ի յայտ եկաւ մի փաստաթուղթ՝ քարտուղարի ստորագրութեամբ, որը վերաբերում է 1949 թ. Ալթայի երկրամաս աքսորին, դրան նախորդած եւ յաջորդած իրադարձութիւններին: Փաստաթուղթը ստորագրւած է «06.02.1989 թ.»։ Փաստաթղթում կան աքսորին վերաբերող մանրամասներ, որոնք, կարծում ենք, կը հետաքրքրեն ընթերցողին: Նիւթի ուսումնասիրութեան ընթացքում պարզւեց նաեւ, որ մինչ այս շատ քիչ անդրադարձներ են եղել այս թեմային:

1949 թ. բռնաքսորը հայ ժողովրդի նորագոյն շրջանի պատմութեան մէջ առանձնանում է միւս բոլոր ողբերգական դրւագներից մի շարք հանգամանքներով: Մեծ եղեռնը վերապրած, դրանից կարճ ժամանակ անց անկախութիւնը կերտած ու վերածնւող մեր բազմաչարչար ազգին նոր փորձութիւններ էին սպասւում: 1921 թ. պատմական հայրենիքի սրբազան ու անբաժան հատւածը կորցնելուց ու բոլշեւիկեան տեռորի ենթարկւելուց յետոյ սկսւեցին ստալինեան հալածանքները, այնուհետեւ՝ Երկրորդ աշխարհամարտը: Պատերազմն աւարտւեց ԽՍՀՄ ժողովուրդների յաղթանակով, որում անուրանալի ներդրում ունեցան հայերը` յանձինս իրենց հերոսների, զօրահրամանատարների, թիկունքի աշխատողների։ Սպասւածին հակառակ՝ պատերազմից յետոյ էլ չլուծւեց մեր պատմական հողերի վերադարձի հարցը: Դեռ աւելին՝ վրայ հասաւ նոր փորձութիւն. հայութիւնը յայտնւեց անծանօթ ու իր գենետիկ-կենսական պայմանների համար խորթ Ալթայի երկրամաս աքսորւելու դառն իրողութեան առջեւ: Յաղթանակ կերտած ժողովրդի, այդ ժողովրդի մաս կազմող հայրենադարձների՝ նոր կեանք սկսելու ու երկիրը շենացնելու երազանքները զոհաբերւեցին անարդար պետական քաղաքականութեանը…

Հայաստանի պատմութեան թանգարանում պահւող ՀԿԿ 1-ին քարտուղար Ա. Քոչինեանի արխիւի ուսումնասիրութեան ընթացքում ի յայտ եկաւ մի փաստաթուղթ՝ քարտուղարի ստորագրութեամբ, որը վերաբերում է 1949 թ. Ալթայի երկրամաս աքսորին, դրան նախորդած եւ յաջորդած իրադարձութիւններին: Փաստաթուղթը ստորագրւած է «06.02.1989 թ.»։ Փաստաթղթում կան աքսորին վերաբերող մանրամասներ, որոնք, կարծում ենք, կը հետաքրքրեն ընթերցողին: Նիւթի ուսումնասիրութեան ընթացքում պարզւեց նաեւ, որ մինչ այս շատ քիչ անդրադարձներ են եղել այս թեմային: Գործնականում չուսումնասիրւած խոշոր բռնաքսորը, որին ենթարկւեց հայ ժողովուրդը 1949 թ., մնում է խորհրդային հալածանքների գրեթէ չբացայայտւած էջերից մէկը: Խորհրդային ճնշիչ մեքենայի պրակտիկայում զանգւածային տեղահանութիւնները կիրառւել էին դեռեւս 1920-ական թթ., սակայն սա հայերի զանգւածային արտաքսման 1-ին դէպքն էր, որը չունէր էթնիկ դրդապատճառներ: Փաստաթղթերում հայ աքսորեալների կոնտինգենտը կրում էր «Դաշնակներ» յատուկ անունը եւ բաժանւած էր 3 խմբի՝

ա) ՀՅԴ-ի հետ կապ ունեցող հայաստանցիներ,
բ) պատերազմում գերի ընկածներ կամ հայկական լեգէոնում ծառայածներ,
գ) հայրենադարձներ, զինւորականներ:

Զանգւածային աքսորին առաջին անգամ անդրադարձել է պատմաբան Ամատունի Վիրաբեանը, որի վկայութեամբ՝ Հայաստանից այդ տարիներին արտաքսւել է 2754 ընտանիք՝ աւելի քան 12 հազար մարդ։ Նրանցից շատերը մահացան, միւսները մեծ դժւարութիւններով յաղթահարեցին բարդ փորձութիւնները եւ շարունակեցին ուժերի սահմաններում ծառայել իրենց ժողովրդին ու հայրենիքին: Մենք պարտաւոր ենք յիշել մեր պատմութեան դառը դասերը՝ նոր ողբերգութիւններից խուսափելու համար: Վիրաբեանի պնդմամբ՝ այդ զանգւածային բռնագաղթի վերաբերեալ նոյնիսկ ՀԿ(բ)Կ Կենտկոմի կամ ՀԽՍՀ Նախարարների խորհրդի համապատասխան որոշում չի ընդունւել։

Հիմնականում ՀՀ ՆԳՆ արխիւում պահպանւող 1949 թ. յունիսի 14-ին վերաբերող փաստաթղթերը, մասնաւորապէս՝ մեղադրական նիւթերը, մէկը միւսից գրեթէ չեն տարբերւում, այդ իսկ պատճառով թանգարանային վերոյիշեալ փաստաթուղթը այս բացը նոյնպէս լրացնում է: Հայաստանի ազգային արխիւի 1191-րդ ֆոնդի 6-րդ ցուցակում պահպանւում են բռնադատւածների վերաբերեալ 2998 կարճւած գործեր: Ընդ որում, ինչպէս ընդգծում է պատմաբան Ա. Մանուկեանը, որպէս աքսորավայր «դաշնակցականների» համար նախատեսւած էր «Ալթայի երկրամասը, թուրքերի համար՝ Տոմսկի մարզը, իսկ յոյների՝ Ղազախական ԽՍՀ Հարաւ-Ղազախստանեան եւ Ջամբուլի շրջանները» ։

Յիշեալ փաստաթղթում Ա. Քոչինեանը գրում է այն մասին, որ Առաջին համաշխարհային պատերազմում տարած յաղթանակը ոգեւորել էր սփիւռքահայութեանը, բարձրացել էր ԽՍՀՄ-ի եւ Խորհրդային Հայաստանի հեղինակութիւնը: Հայաստանի ղեկավարութեան դիրքորոշումը հետեւեալն էր՝ բարձրացնել Թուրքիայի բռնազաւթած հայկական տարածքները (Կարսի մարզը, Սուրմալուի գաւառը) Խորհրդային Հայաստանին վերադարձնելու եւ սփիւռքահայերի հայրենադարձութեան հարցերը: Դա իրականացնելու համար մշակւեց յատուկ ծրագիր, որում դեր ունէր նաեւ Սփիւռքը: Հասկանալի է, որ, առանց միութենական կառավարութեան որոշման, Խորհրդային Հայաստանի կառավարութիւնը ոչինչ չէր կարող ձեռնարկել: Հիմք ընդունելով նաեւ արտասահմանից ստացւող հազարաւոր դիմումներն ու նամակները, հաշւի առնելով տիրող իրավիճակը՝ ՀԿ(բ)Կ Կենտկոմի առաջին քարտուղար Գրիգոր Յարութիւնովը այս հիմնախնդիրը ներկայացնում է կենտրոնական իշխանութիւններին: 1946-1948 թթ. ներգաղթած հայերի թիւը կազմում էր շուրջ 90 հազար: 1948 թ. սեպտեմբերին դադարեցւեց ներգաղթը, Ստալինը հրաժարւեց իր մտադրութիւնից:
Նրա վրայ մեծ ազդեցութիւն ունեցան Սառը պատերազմը եւ Թուրքիային ԱՄՆ-ի հովանաւորութիւնը: Չնայած Հայաստանը պատերազմից յետոյ յայտնւել էր ծանր պայմաններում, սակայն ամէն ինչ արւեց հայրենադարձներին օգնելու, կեանքի բարւոք պայմաններ ստեղծելու համար:

Բնականաբար թոյլ տրւեցին նաեւ սխալներ, եղան բացթողումներ, որոնք էլ հետագայ ներգաղթի ծաւալների նւազման պատճառ դարձան: Այդ մասին մանրամասներ է հաղորդում ձեռագիր փաստաթուղթը (ՀՊԹ, նգպֆ 18816, բ/մ 3451), որում անդրադարձ կայ Հայրենական մեծ պատերազմում հայ ժողովրդի քաջագործութիւններին: Հայ մարշալները, ծովակալները, գեներալներն ու միւս զօրահրամանատարները յիշւում էին գլխաւոր հրամանատարների հրամաններում՝ ռազմաճակատներում տարած յաղթանակների առիթով: Ոչ պակաս անձնւիրութեամբ էին մարդիկ՝ կանայք ու երեխաները, աշխատում թիկունքում: Կոտայքի շրջանի Հացաւան գիւղի բնակիչ Գրիգոր Թէոսեանը, որի եղբայրը զոհւել էր ռազմաճակատում օդային մարտեր մղելիս, իր խնայողութիւններից 100 հազար ռուբլի տրամադրեց օդանաւ պատրաստելու համար: Նրա օրինակին հետեւեցին տասնեակ հազարաւոր մարդիկ: Հայ գեղջկուհին իր զարդերն էր նւիրում, որպէսզի որդին յաղթանակած վերադառնայ: Ամենայն հայոց կաթողիկոս Գէորգ Չորեքչեանի գլխաւորութեամբ հայոց եկեղեցու, ինչպէս նաեւ սփիւռքահայ մեր եղբայրների տրամադրած միջոցներով կառուցւեցին «Սասունցի Դաւիթ» եւ «Մարշալ Բաղրամեան» տանկային շարասիւները: Հայի սրտում դեռ չէր մարել 1915 թ. ցեղասպանութեան դաժան արհաւիրքը։ Գուցէ հէնց այդ պատճառով էլ ճակատում անօրինակ սխրագործութիւններ էին գործում՝ քաջ գիտակցելով, որ Խորհրդային Միութեան պարտութեան դէպքում թուրք դահիճը կը փորձի վերջնականապէս բնաջնջել հայութեանը:

Յատկանշական է, որ կռւի տարիներին հայերի կողմից մեր երկրի սահմանի խախտման յիշարժան դէպքեր չեն եղել: Այս հանգամանքը շատ կարեւոր է հետագայ ասելիքի առումով: Երբ աւարտւեց պատերազմը, թւում էր՝ կուսակցութիւնն ու ղեկավարութիւնը պէտք է արժանապատւօրէն գնահատէին խորհրդային ժողովուրդների սխրանքները… Սակայն երկրի ղեկավարները, առաջին հերթին՝ Ստալինն ու Բերիան, արդէն սկսել էին ազգերից ընտրել, այսպէս կոչւած, «անվստահելի անձանց»՝ նրանց հետ հաշւեյարդար տեսնելու համար: Կարծես մարտի դաշտում կրած կորուստները քիչ էին…

Ինչպէս գրում է Ա. Քոչինեանը, պատերազմից անմիջապէս յետոյ հարց դրւեց կազմակերպելու սփիւռքահայերի հայրենադարձութիւնը: ՀԿԿ Կենտկոմի քարտուղար Գ. Յարութիւնովը դիմեց Խորհրդային միութեան կոմունիստական կուսակցութեան քաղբիւրոյին՝ հայրենադարձութեան առիթով Հայաստանին վերադարձնելու Լեռնային Ղարաբաղը, որտեղ հնարաւոր կը լինէր բնակեցնել մեծ թւով հայերի: Երբ այդ մասին զեկուցում են Ստալինին, նա կարգադրում է հարցնել Ադրբեջանի Կենտկոմի քարտուղար Բաղիրովի կարծիքը: Վերջինս նամակով պատասխանում է, որ ինքը կը համաձայնէր, եթէ Ղարաբաղի փոխարէն Հայաստանը Ադրբեջանին տար Բասարգեչարի, Կրասնոսելսկի, Վեդիի եւ Զանգիբասարի շրջանները: Բնական է, որ Հայաստանի ղեկավարութիւնը չէր կարող ընդունել Բաղիրովի աւանտիւրիստական նկրտումները: Հայաստանի ղեկավարութիւնը նոր առաջարկութիւն արեց, այն է՝ թոյլատրել Հայաստանի ադրբեջանցիներին տեղափոխւել Ադրբեջան, իսկ նրանց բնակավայրերում տեղաւորել հայրենադարձներին: Ադրբեջանը նշել է, որ այդ ժամանակ Մուղանի դաշտի հսկայական հողատարածքները դարձրել էին ոռոգելի, բայց մշակող չկար, այդ պատճառով էլ Բաղիրովը խիստ կարիք էր զգում եւ ստիպւած տւեց իր համաձայնութիւնը: Երկու հանրապետութիւնների ղեկավարները սկզբունքօրէն համաձայնութեան եկան, որի հիման վրայ Խորհրդային Միութեան կառավարութիւնը թոյլատրեց ադրբեջանցիներին Հայաստանից տեղափոխւել Ադրբեջան: Մեծ աշխատանք է տարւել հնարաւորինս արագացնելու գործընթացը, որպէսզի դատարկւող գիւղերը նախապատրաստէին հայրենադարձների բնակութեան համար. «Այդ ժամանակ ես աշխատում էի, ՀՀԿ Կենտկոմի երրորդ քարտուղարն էի, որոշ չափով գիտէի ադրբեջաներեն, այդ պատճառով յաճախ էի մեկնում ադրբեջանական գիւղեր՝ տեղափոխումը կազմակերպելու նպատակով: Շատ հաճախ գալիս էին Ադրբեջանի ղեկավարները. 2 անգամ Հայաստան եկաւ Բաղիրովը եւ ելոյթ ունեցաւ Զանգիբասարի շրջանի ադրբեջանցիների առջեւ: Նրա հանդիպումից յետոյ տեղափոխումը շատ արագացաւ: Նշենք նաեւ, որ այդ առիթով մի տարուց աւելի Հայաստանում էր գտնւում Ադրբեջանի Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալը մի խումբ աշխատակիցների հետ: Ադրբեջանցիները տեղափոխւում էին կոլխոզներով ու սովխոզներով՝ իրենց հետ տանելով իրենց ամբողջ ունեցւածքը: Նոյնիսկ քանդում էին տները, տեղափոխում շինանիւթը, չնայած տների համար պետութիւնն արդէն վճարել էր…. Այդ տարիներին Հայաստանից Ադրբեջան տեղափոխւեցին մօտ 40 հազար մարդ՝ իրենց հետ տանելով մոտ 800 հազար ոչխար ու այծ, 300 հազար գլուխ խոշոր եղջերաւոր անասուն: Հետագայում, երբ Գ. Յարութիւնովին փոխարինեց Ս. Թովմասեանը, նախկին ղեկավարութեանը մեղադրեցին նացիոնալիզմի, ազգային քաղաքականութեան լենինեան սկզբունքների խախտման մէջ, կոչ արւեց ադրբեջանցիներին վերադառնալու Հայաստան եւ վերահաստատւելու իրենց բնակավայրերում: Ադրբեջանցիները գրեթէ բոլորը վերադարձան, այս անգամ՝ առանց ունեցւածքի՝ հանրապետութեան համար մեծ դժւարութիւն ստեղծելով: Նախկին բնակավայրերի մեծ մասը զբաղեցւած էր, միւսները վերածւել էին աւերակների: Վերաբնակները յամառօրէն պահանջում էին վարկ, անասուն եւ անասնագոմեր, դպրոցներ եւ մշակութային այլ օջախներ»:

Ըստ փաստաթղթի հետագայ շարադրանքի՝ այնուհանդերձ արւում էր ամէն ինչ, որ պայմաններ ստեղծւէին հայրենադարձների համար, սակայն ստացւեց հակառակը:

Հայ բնակչութիւնը զանգւածաբար ցուցակագրւում էր հայրենիք վերադառնալու համար: Այդպիսի ցանկութիւն էր յայտնել աւելի քան 800 հազար մարդ տարբեր երկրներից՝ Լիբանան, Սիրիա, Եգիպտոս, Յունաստան, Ամերիկա ու Ֆրանսիա: Յետպատերազմեան քայքայւած երկիրն ինքն էր տառապում սովի ու աղքատութեան ճիրաններում, ուր մնաց թէ կարողանար հոգալ արտասահմանից ներգաղթածների հոգսերը: Այնուամենայնիւ, այն ժամանակւայ ղեկավարութիւնը՝ Գրիգոր Յարութիւնովի գլխաւորութեամբ, աներեւակայելի ռիսկի դիմեց՝ խնդրելով թոյլ տալ հայրենադարձութիւնը: Յարութիւնովը քաջ գիտակցում էր, որ պատերազմում մեծաթիւ զոհեր տալու փաստը խիստ բացասաբար կանդրադառնար բնակչութեան վերարտադրութեան վրայ: Խորհրդային կառավարութեան որոշման համաձայն՝ 1946 թ. սկսւեց հայրենադարձութիւնը գրեթէ աշխարհի բոլոր երկրներից: Չնայած դժւարութիւններին՝ հայրենիքն ընդունեց շուրջ 100 հազար հայրենադարձների: Թողնելով տուն ու տեղը, անհամեմատ բարեկեցիկ կեանքը՝ մարդիկ գալիս էին հայրենիք՝ այդպէս նաեւ դրսեւորելով իրենց դրական վերաբերմունքը խորհրդային կարգերի հանդէպ. հայերը միաւորւում էին խորհրդային դրօշի ներքոյ: Քաղաքական այսպիսի նւիրւածութեան պայմաններում դահիճ Բերիայի եւ Բաղիրովի կարգադրութեամբ սկսւեցին ստուգումներն ու ցուցակագրումը՝ հայ «անվստահելի» անձանց աքսորելու նպատակով:

Այդ ժամանակ պետանվտանգութեան նախարարը Ն. Կրեմեանն (Քրիմեան) էր, որը դրեց այդ սեւ գործի հիմքը: Հետագայում նա դատապարտւեց գնդակահարութեան: Աքսորման եւ առհասարակ «քննութեան գործի» մեծ մասը կատարւեց Սերգէյ Կորխմազեանի օրօք, որն իր կատարած յանցագործութիւնների համար հետագայում բանտարկւեց: Ցաւալին այն է, որ ստուգողների մեծ մասը այլազգի էր եւ Արեւմտեան Հայաստանում ծնւածներին համարում էր արտասահմանում ծնւածներ ու նրանց շատ աւելի խիստ էր մօտենում, քան միւսներին: Այդ առումով վիճակն ահաւոր էր Լենինականում, որի բնակչութեան մեծ մասը Արեւմտեան Հայաստանի տարբեր վայրերից էր, յատկապէս՝ Ղարսից, որին աւելի խիստ էին մօտենում: Դաժանաբար էին վարւում այն ընտանիքների հետ, որոնց անդամներից որեւէ մէկը երեսնական թւականներին բանտարկւել էր:

Քոչինեանը գրում է. «Յիշում եմ յունիսի 11-ին՝ կիրակի օրը, Կենտկոմից մեքենան ուղարկեցին իմ յետեւից՝ շտապ ներկայանալու կարգադրութեամբ (նույնիսկ դեռ չէի սափրւել): Վարորդի հետ եկած Կենտկոմի աշխատողը ասաց, որ խորհրդակցութիւն է սկսւում, պէտք է շտապել: Այդ ժամանակ ես աշխատում էի Կենտկոմի կադրերի գծով քարտուղար: Արագ հագնւեցի եւ ներկայացայ Կենտկոմի բիւրոյի նիստերի դահլիճ, որտեղ հաւաքւած էին չեկիստի համազգեստով անծանօթ մարդիկ եւ հանրապետութեան ակտիւը՝ քաղկոմ շրջկոմների առաջին քարտուղարների մասնակցութեամբ: Խորհրդակցութիւնն անցավ հոյժ գաղտնի պայմաններում»: Խորհրդակցութեանը ելոյթ է ունեցել ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Գ. Յարութիւնովը: Նա նշել է, այսպէս կոչւած, «մաքրման» միջոցառման քաղաքական եւ պետական նշանակութեան մասին: Ելոյթ է ունեցել նաեւ պետանվտանգութեան նախարար Ս. Կորխմազեանը, որը մանրամասն բացատրել է, որ արդէն հանրապետութիւն են ժամանել յատուկ զօրամասերի ստորաբաժանումներ, որոնք մէկ գիշերւայ ընթացքում կուսակցութեան ակտիւի օժանդակութեամբ պէտք է աւարտէին իրենց աշխատանքները։ Նախօրօք պատրաստւել էին ցուցակները, թէ ակտիւից ով որ շրջանը, քաղաքը պէտք է մեկնէր. «Ինձ ամրացրել էին Լենինականին: Խորհրդակցութիւնը վերջանալուց յետոյ խնդրեցի տուն գնալ, հագնւել համապատասխան, քանի որ եկել էի անպատրաստ: Կտրականապէս արգելեցին: Մեկնեցի 2 զինւորական ջոկատների ղեկավարների հետ, որոնք կցւած էին Լենինականին: Նրանց յանձնարարւել էր՝ մինչեւ լուսաբաց աւարտւի այդ «օպերացիան»: Ամէն ինչ կատարւում էր խիստ գաղտնի, մեկնեցինք յունիսի 12-ին, Լենինականում քաղկոմի քարտուղարն էր Արմօ Հարենցը» :

Յունիսի 14-ի առաւօտեան քաղկոմի 1-ին քարտուղար Հարենցի հետ Քոչինեանը որոշել է տեսնել աքսորավայր ուղարկւողներին: Տեսարանն աննկարագրելի էր. ամենուր՝ լաց ու կոծ, երեխաների ճիչ, զարմանք ու զայրոյթ, թէ ինչու են իրենց աքսորում: Երբ անցել են վագոնների կողքով, մէկը բարձրաձայնել է Քոչինեան ազգանունը: Քոչինեանը տեսել է մի դեռահաս աղջկայ, որը փորձել է մօտենալ իրեն, սակայն զինւորականն արգելել է: Նա ինքն է մօտեցել եւ հարցրել, թէ ինչ է պատահել: Աղջիկը յուզւած ասել է, որ իր եղբայրը Մանասն է, եւ նա իրեն տեսել է իրենց տանը դեռեւս կոմերիտական աշխատանքների շրջանում. «Մանասին լաւ էի յիշում: Պարզւեց նրանց ընտանիքը աքսորում էին, իսկ Մանասը 1 տարի առաջ զոհւել էր աւտովթարից»: Աղջիկը յուզւած պատմել է, որ հայրը չի թողել որեւէ իր վերցնեն, որովհետեւ վստահ էր, որ թիւրիմացութիւն է եղել. ինչպէ՞ս կարող են անմեղ մարդուն աքսորել: Այդ օրը Քոչինեանին դիմել են շատ շատերը, սակայն Քոչինեանը ոչնչով չի կարողացել օգնել նրանց: Այնուամենայնիւ, 3 ընտանիքների ազգանուններն ու տւեալները վերցրել է: Կուսակցութեան Լենինականի քաղկոմում Պետանվտանգութեան ներկայացուցիչն ու Լենինականի բաժանմունքի պետը՝ Մ. Կարապետեանը, կտրականապէս մերժել են այդ 3 ընտանիքներին ազատելու խնդրանքը. «Ստիպւած հեռախօսով դիմեցի Կենտկոմի 1-ին քարտուղար Գ. Յարութիւնովին: Նա շատ զայրացաւ, թէ ինչու եմ գնացել կայարան եւ խօսել աքսորականների հետ: Ապա ասաց, որ ինքը ոչինչ անել չի կարող. «Դու ես ամրացւած Լենինականին, ինքդ էլ հարցերը լուծիր՝ քաղաքի ղեկավարների հետ խորհրդակցելով»»: Նորից ստուգել են տւել այդ 3 ընտանիքի տւեալները: Նախկին քարտուղարը խոստովանել է, որ, ցաւօք, արդէն մոռացել էր ազգանունները: Իսկ ստուգումները պարզել են, որ նրանք միանգամայն անմեղ, աշխատաւոր մարդիկ էին: «Իմ (Քոչինեանի - Ս. Գ.) պատասխանատւութեամբ կարգադրւեց երեքին էլ վերադարձնել իրենց տները»: Հետաքրքիր մի դիպւած էր եղել, որը զարմացրել էր նրան. «Երբ ստուգողները զեկուցեցին, որ նրանք լիովին անմեղ են, բաժանմունքի պետը՝ Մ. Կարապետեանը, զայրացած ասաց. «Երեւում է՝ լաւ չեն ստուգել, չէ՞ որ նրանք ծնւել են արտասահմանում»: Պարզւեց, որ ընտանիքի տարեց անդամներից մէկը ծնունդով սարիղամիշցի է, միւս երկուսը՝ ղարսեցիներ են: Միայն այդ պահին իմացայ, որ Արեւմտեան Հայաստանում ծնւածների նկատմամբ առանձնակի խիստ վերաբերմունք է դրսեւորւել: Իմ ինքնագլուխ որոշումը էժան չնստեց: Ղեկավարութիւնը լրջօրէն կշտամբեց իմ արարքը՝ այն որակելով օպորտունիստական»:

Փաստաթղթի հեղինակը անդրադառնում է այն տխուր իրողութեանը, որ յիսնական թւականների սկզբներին հայրենադարձ հայերից եղան այնպիսիք, որոնք, չդիմանալով ստեղծւած ծանր պայմաններին, խախտելով պետական սահմանը, անցան արտասահման, վերադարձան իրենց նախկին բնակավայրերը: Այս փաստը շատ մեծ աղմուկ բարձրացրեց հանրապետութեան աշխատաւորութեան շրջանում. նրանք դատապարտում, անարգանքի սիւնին էին գամում փախստականներին: Պարզ է, որ այս երեւոյթի վերաբերեալ իրենց խօսքը պէտք է ասէին կուսակցութեան ղեկավար մարմինները. «1953-ի սկզբներին ՍՄԿԿ Կենտկոմի քաղբիւրոն քննութեան առաւ սահմանախախտման դէպքերը: Հրաւիրել էին կուսակցութեան կենտկոմի քարտուղար Գրիգոր Յարութիւնովին եւ ինձ (այդ ժամանակ Մինիստրների խորհրդի նախագահն էի): Քաղբիւրոյի նիստը ղեկավարում էր Բերիան, իսկ Ստալինը, կողքի սեղանի մոտ կանգնած, զբաղւած էր իր ծխամորճով: Բերիան կարդաց որոշման նախագիծը, որտեղ նախատեսւում էր խիստ նկատողութիւն յայտարարել Յարութիւնովին եւ ինձ` համապատասխան միջոցներ չձեռնարկելու համար: Նախագիծը կարդալուց յետոյ մի քանի րոպէ տիրեց քար լռութիւն, քաղբիւրոյի անդամներից ոչ ոք ձայն չհանեց: Բոլորը սպասում էին Ստալինի խօսքին: Հանկարծ նա մօտեցաւ Բերիային, ապա՝ Յարութիւնովին եւ հարցրեց (Յարութիւնովին), թէ որքա՞ն մարդ է ընդունել: Յարութիւնովը պատասխանեց. «Շուրջ 100 հազար, ընկե՛ր Ստալին», Ստալինը նորից մօտեցաւ իր սեղանին, լցրեց ծխամորճը, վառեց ու մօտեցաւ Մոլոտովին՝ դիմելով. «Եթէ դժոխքից 100 հազար մարդ է տեղափոխւել դրախտ, կը գտնւէ՞ն այնպիսիք, ովքեր կը ցանկանան ապրել դժոխքում»: Ստալինի այս արտայայտութիւնից անմիջապէս յետոյ Բերիան առաջարկեց հարցը հանել քննարկումից, բաւարարւել առաջնորդի դիտողութիւններով: Մենք ազատւեցինք պատժից»: Վերադառնալով Երեւան՝ ՀՀԿ Կենտկոմը լուրջ միջոցառումներ մշակեց հայրենադարձների շրջանում «քաղաքական-մասսայական» աշխատանքներն ուժեղացնելու նպատակով:

1953 թ.՝ Ստալինի մահից յետոյ, Հայաստանի ղեկավարութիւնը հարց յարուցեց 1949 թ. աքսորւածներին արդարացնելու մասին: Բռնադատւածների արդարացման գործերը քննութիւնն աւելի արագացւեցին Բերիային գնդակահարելուց յետոյ: 1955 թ. սկսւեց նրանց վերադարձը հայրենիք: Աքսորւածներից շատերն արդէն ողջ չէին: Կլիմայական դաժան պայմաններին չդիմանալով՝ նրանք բախտ չունեցան նորից տեսնելու իրենց արեւային հայրենիքը:

Գրութեան վերջում 1-ին քարտուղարի ստորագրութիւնն է՝ «Ա. Քոչինեան 6/02/ 1989թ. Երեւան»:

ՍԵԴԱ ԳԱԼՍՏԵԱՆ

Հայաստանի պատմութեան թանգարանի նոր եւ նորագոյն պատմութեան բաժնի վարիչ

«Դրօշակ» թիւ 6 (1667), 2022թ․

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։