Հա

Քաղաքական

19/06/2022 - 13:40

«Օրացոյցից պոկւած օրեր»․ հանդիպում հեղինակի հետ

Յունիսի 17-ին Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց հանրապետական գրադարանում տեղի է ունեցել հանդիպում երիտասարդ գրող Հերմինէ Աւագեանի հետ։ 

«alikonline.ir» - Յունիսի 17-ին Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց հանրապետական գրադարանում տեղի է ունեցել հանդիպում երիտասարդ գրող Հերմինէ Աւագեանի հետ։ Տեղեկացնում է «Ապառաժ»-ը:

Հերմինէ Աւագեանը ներկաների դատին է յանձնել իր 3-րդ՝ «Օրացոյցից պոկւած օրեր» գիրքը. այն 44-օրեայ պատերազմի ընթացքում իր ունեցած ապրումների մասին է։

Գրքի շնորհանդէսը տեղի է ունեցել յունիսի 10-ին Երեւանում։

Հանդիպմանը ներկայ էին ԱՀ նախագահի խորհրդական Արմէն Սարգսեանը, ԱՀ ԿԳՄՍ փոխնախարար Լեռնիկ Յովհաննիսեանը, ԱՀ ԱԺ պատգամաւոր Մետաքսէ Յակոբեանը, բանաստեղծ-գրականագէտ Սոկրատ Խանեանը, արձակագիր-լրագրող Նորեկ Գասպարեանը, Հերմինէ Աւագեանի հարազատներն ու մտերիմները, գրականագէտներ, արցախցի ստեղծագործողներ, երիտասարդներ, ընթերցասէրներ։

Հանդիպումը մեկնարկեց ելոյթներով․

Մ. Մաշտոցի անւան գրադարանի տնօրէն Ալեօնա Գրիգորեանը ողջունեց ներկաներին եւ շնորհակալութիւն յայտնեց գրադարանում հիւրընկալւելու համար։

«Ես Հերմինէի գրչին ծանօթ եմ 17 տարեկանից։ Այդ տարիներից մենք գիտէինք, որ Հերմինէն պէտք է մեծ գրող դառնայ, եւ ուսանողական մեր սենեակներում յաճախ էինք կազմակերպում գեղարւեստական երեկոներ, ընթերցում Հերմինէի ստեղծագործութիւններից։

Երբ այս միջոցառումը նախաձեռնում էի, ցանկանում էի, որ այն հէնց այդ ձեւաչափով լինի․ նորից տրւէինք մեր յոյզերին ու ապրումներին»,- ասաց է Ա․ Գրիգորեանը։

Նրա խօսքով՝ թէեւ Հերմինէ Աւագեանը ստեղծագործում էր իր ապրածի մասին, սակայն երբ ծանօթանում ես ստեղծագործութիւններին, զգում ես, որ այդ գրքի հերոսը նաեւ դու ես։

ԱՀ ԿԳՄՍ փոխնախարար Լեռնիկ Յովհաննիսեանը իր խօսքում նշեց, որ Հերմինէ Աւագեանին ճանաչում է 20 տարուց աւելի։

«Հերմինէն՝ որպէս ստեղծագործող, արդէն իր ուրոյն ձեռագիրն ունի։ Նա բաւականին համարձակ է, եւ կարծում եմ՝ կը կարողանայ աւելի մեծ բարձունքների հասնել»,- ասաց Լ. Յովհաննիսեանը։

Լ․ Յովհաննիսեանի կարծիքով՝ Հերմինէ Աւագեանի ստեղծագործութիւններում արտացոլւած է այն կրթութիւնն ու դաստիարակութիւնը, որ նա ստացել է իր հարազատ գիւղում, ընտանիքում եւ հարազատ միջավայրում։

ԱՀ ԱԺ պատգամաւոր Մետաքսէ Յակոբեանն էլ ասաց, որ թէեւ Հերմինէ Աւագեանի հետ շփւելու շատ առիթներ չի ունեցել, իսկ սա էլ պատերազմից յետոյ առաջին անգամն է, բայց միշտ հետեւել է Հերմինէի ստեղծագործական կեանքին եւ նկատել, որ Հերմինէն տարբերւում է իր խօսքով, իր ոճով։

«Ես շատ լաւ յիշում եմ Հերմինէի ստեղծագործութեան հիման վրայ ներկայացումը։ Ես առաջնախաղին էի եւ երբեք չեմ մոռանայ այդ ապրումներն ու զգացումները։ Այդտեղ Հերմինէի կեանքն էր, Հերմինէի մանկութիւնը, Հերմինէի մայրը, բայց այդտեղ մենք բոլորս էինք»,- նշեց Մ․ Յակոբեանը։

Մ․ Յակոբեանը վստահեցրց, որ Հերմինէն դեռ շատ գրքեր է հեղինակելու, սակայն նա մի մաղթանք ունի, որ այդ ամէնը լինի արժանապատիւ խաղաղութեան մէջ, որովհետեւ Հերմինէն երբեք չդադարեց ստեղծագործել։

«Ըստ էութեան, այս տեսակ մարդիկ են, որ հայրենիքը պահողներն են, եւ մաղթում եմ, որ Հերմինէն արժանապատիւ խաղաղութեան մէջ իր հայրենիքում հնարաւորութիւն ունենայ ստեղծագործելու»,- ասաց Մ․ Յակոբեանը։

Բանաստեղծ-գրականագէտ Սոկրատ Խանեանը շնորհաւորեց Հերմինէին՝ նոր գիրք հեղինակելու առթիւ։

«Նա գալիս է անցեալից, բայց իր հոգու շերտերում կրում է մեր այսօրւայ ե՛ւ տառապանքը, ե՛ւ պայքարը, ե՛ւ յոյզերը։ Դա նշանակում է, որ գիրքն ընթերցելիս մոռանում ես Հերմինէ Աւագեան հեղինակին եւ այնտեղ տեսնում ես քեզ։ Եթէ ընթերցողը գրական ստեղծագործութիւնն ընթերցելիս իրեն չի տեսնում, նշանակում է՝ հեղինակը չի հասել իր նպատակին»,- ասաց Ս․ Խանեանը։

Ըստ Ս․ Խանեանի՝ այս օրերին, երբ նա վերընթերցում է Հերմինէ Աւագեանի ստեղծագործութիւնները, նա տեսնում է, որ Հերմինէն ոչ թէ յաջող պատմւածքներ է ներկայացնում ընթերցողին, այլ նոր թարմ խօսք է ասում։

Նա, գիրքը վերընթերցելով, պարզել է, որ ճիշտ է մեր մեծերի այն խօսքը, որ հայրենիքը սկսում է տան բակից, ճիշտ են նշել աշխարհի բոլոր մեծերը, որ ժողովրդի մէջ չկայ փոքր ու մեծ․ բոլոր ժողովուրդներն ունեն անցեալ, ունեն ներկայ եւ ունեն հայեացք դէպի ապագայ։

«Ինչ մնում է մեր ժողովրդին, ապա այստեղ բացատրելու կարիք չկայ․ գիտէք, որ մեր ժողովուրդը շատ մեծ, երկար արարող ճանապարհ է անցել եւ ունի շատ հարուստ գրականութիւն, այնպիսի գրականութիւն, որ յաճախ տաղանդաւոր մարդիկ մնում են աւելի տաղանդաւորների շուքի տակ»,- իր խօսքում նշեց Ս․ Խանեանը։

Նրա խօսքով՝ Հերմինէն գալիս է կեանքից, որը շատ կարեւոր է, որովհետեւ եթէ գրողը չի ճանաչում կեանքը, ոչ մի բան ստեղծել չի կարող, քանի որ մտացածին ոչ մի բան չի կարող դառնալ հիւսւածք, հիւսւածքի ատաղձ։

ԱՀ նախագահի խորհրդական Արմէն Սարգսեանն էլ նշեց, որ երբ կարդում են ստեղծագործութիւնը, առաջին հերթին մեզ հետաքրքրում է, թէ արդեօ՞ք հեղինակը կրում է այն արժէքները, որոնց մասին գրել է։

«Հերմինէի գրքերը կարդալով՝ ինձ համար կան ե՛ւ հեշտ, ե՛ւ դժւար պահեր։ Հեշտ է այն առումով, որ ես Հերմինէին շատ վաղուց գիտեմ, գիտեմ իր ընտանիքը, իր հօրը, ում հետ միասին 2 կողքի գիւղերի ջոկատների հրամանատարներ էինք, եւ դժւար է այն առումով, թէ Հերմինէն ա՞յն է, ինչ որ գրել է, թէ՞ ոչ, որովհետեւ անգիր գիտեմ իրեն։

Ի զարմանս եւ ուրախութիւն ինձ՝ Հերմինէն այդպիսին է եւ նոյնիսկ աւելին է, քան կայ, որովհետեւ ամէն ինչ չէ, որ կարողանում է գրքի միջոցով արտայայտել»,- ասաց Ա․ Սարգսեանը։

Ա․ Սարգսեանը յաւելեց, որ Հերմինէ Աւագեանն այսօր ամէն մի բանաստեղծութեամբ ու արձակով իւրովի է դաստիարակում ամբողջ սերնդին։

Միջոցառման ընթացքում հնչել են երաժշտական կատարումներ, ընթերցւել գրքից հատւածներ եւ կատարւել որոշ ստեղծագործութիւնների գրականագիտական վերլուծութիւններ։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։