Հա

Քաղաքական

20/06/2022 - 14:15

«Պետութիւնը՝ որպէս մէկ մարդու թիկնազօր. յունիսի 20-ից մէկ տարի անց». Վահէ Յովհաննիսեան

Մէկ տարի առաջ այս օրը խորհրդարանական ընտրութիւններ էին։ Հայ ընտրողը դարձեալ իշխանութեան բերեց իրեն պատերազմի, պարտութեան եւ ազգային ստորացման տարած քաղաքական ուժին։ Այս մասին իր յօդւածում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի փորձագէտ Վահէ Յովհաննիսեանը:

«alikonline.ir» - Մէկ տարի առաջ այս օրը խորհրդարանական ընտրութիւններ էին։ Հայ ընտրողը դարձեալ իշխանութեան բերեց իրեն պատերազմի, պարտութեան եւ ազգային ստորացման տարած քաղաքական ուժին։ Այս մասին իր յօդւածում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի փորձագէտ Վահէ Յովհաննիսեանը:

Նա նաեւ նշել է. «680 հազար ընտրող չուզեց ընդունել, որ ունեցել ենք մարդկային եւ տարածքային ահռելի կորուստներ, որ Արցախում ունենք պետականութեան կորուստ, իսկ Հայաստանը վերածւել է կիսապետութեան, չուզեց տեսնել Եռաբլուրը եւ չուզեց շտկել իր մէջքը։ Մօտաւորապէս 700-800 հազար ընտրող չմասնակցեց ընտրութիւններին՝ տարբեր պատճառներով։

Մէկ տարի առաջ տեղի չունեցաւ հայկական գիտակցութեան համախմբում, Հայաստանի եւ սփիւռքի կոնսոլիդացիա՝ ազգային վերածննդի գաղափարի շուրջ։

Հիմա 680 հազարանոց ընտրազանգւածն ակնյայտօրէն նոսրացել է, բայց նրա կատարած ընտրութեան հետեւանքները մնում են.

- Հայաստանը չկարողացաւ փակել պատերազմի եւ պարտութեան էջը։

- Հայաստանը շարունակում է մնալ ծայրայեղ կենսական ռիսկերի առաջ։

- Հայաստանից պահանջում են նորանոր զիջումներ եւ ստորացումներ:

- Հայ հասարակութիւնը շարունակում է մնալ բզկտւած, պառակտւած եւ առանց միաւորող որեւէ առանցքի։ Անտարբեր՝ սեփական պետութեան առաջ։

- Հայաստանի ներքին կառավարումը պարալիզացւած է, չկայ որեւէ բարեփոխում, որեւէ առաջընթաց, կառավարման օղակները գրեթէ չեն գործում։

Անցած տարւայ ընտրութիւնների հետեւանքով ձեւաւորւեց ոչ թէ օրէնսդիր եւ գործադիր իշխանութիւնն, այլ՝ Նիկոլ Փաշինեանի օրէնսդրական եւ գործադիր թիկնազօրը։ Ուրիշ ֆունկցիա ԱԺ-ը, կառավարութիւնը եւ պետական կառավարման միւս մարմինները չունեն։

Պատահական չէ, որ ընտրութիւններից մէկ տարի անց առկայ է քաղաքական խորը ճգնաժամ։ Իշխանութիւնը սա չի ընդունում, եւ ինչ-որ տեղ «իրաւացի» է։ Իրականում մենք գործ ունենք խոր պետակա´ն ճգնաժամի հետ, որի թէ´ ծաւալները, թէ´ ռիսկերը շատ աւելին են քան՝ սովորական քաղաքական ճգնաժամը։

Գործող խորհրդարանը սպառւած է, գործող կառավարութիւնը՝ անիմաստ. սա պարզ է, բայց պետութեան շուրջ առկայ լարւածութիւնը եւ պետութեան ներսում առկայ ազգային-հասարակական բարոյալքումը շատ աւելի բարդ խնդիրներ են, որոնք, ուզենք-չուզենք, թակելու են մեր դուռը, շատ շուտով։

Մնում եմ այն յստակ տեսակէտին, որ չի կարելի թոյլ տալ ներքին չարութեան ծաւալում, պէտք է գնալ միջընտրազանգւածային երկխօսութեան՝ լսել իրար, պէտք է պատրաստ լինել թէ´ նոր ընտրութիւնների, թէ´ ազգային համաձայնութեան կառավարութեան գաղափարին։ Երէկւայ ողբերգական սպանութիւնները հէնց սա են հաստատում։

Պատրաստ լինել՝ նշանակում է բերել նոր գաղափարներ, իրականութեան պրագմատիկ ընկալում, ներքին նոր բարքեր, փոխզիջումներ, եւ ամէն անձնականի ստորադասում՝ պետականութեան գաղափարին։ Մէկ տարի առաջ մենք անորոշ ժամանակով յետաձգեցինք արժանապատւութեան վերականգնման եւ յետպատերազմեան Հայաստանի վերականգնման փուլը։ Մէկ տարին մեզ տրւած էր՝ նաեւ մեր սխալները վերլուծելու եւ հասարակութեան ներսում կատարւողը հասկանալ փորձելու համար։ Ովքեր այդ ժամանակը ճիշտ են օգտագործել եւ արել են եզրայանգումներ, պէտք է անցնեն յաջորդ քայլին՝ սկսեն գործել։

Յ. Գ.

Մօտ օրերս «Այլընտրանքային նախագծեր» խումբը «Հայկական օրակարգ» ծրագրի շրջանակներում կը կազմակերպի քննարկում՝ ընտրութիւններից մէկ տարի յետոյ ստեղծւած վիճակի եւ լուծումների շուրջ»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։