Հա

Քաղաքական

20/06/2022 - 14:40

Հայ-ադրբեջանական բանակցութիւնների մոսկովեան եւ բրիւսէլեան հարթակները

2020թ. պատերազմից յետոյ հայ-ադրբեջանական յարաբերութիւնների կարգաւորման եւ արցախեան խնդրի լուծման երկու նոր հարթակ է ձեւաւորւել՝ Մոսկւայում եւ Բրիւսէլում։ Դրանցից առաջինը՝ Մոսկւան՝ որպէս ինքնուրոյն միջնորդ, քաղաքական ասպարեզ է եկել պատերազմի արդէն վերջին օրերին։ Աւելին՝ հէնց Ռուսաստանի միջնորդութեամբ է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ զինադադար կնքւել, որից յետոյ պաշտօնական Մոսկւան ստանձնել է ոչ միայն միջնորդի, այլեւ Արցախում անվտանգութեան ապահովման երաշխավորի դեր։ 

2020թ. պատերազմից յետոյ հայ-ադրբեջանական յարաբերութիւնների կարգաւորման եւ արցախեան խնդրի լուծման երկու նոր հարթակ է ձեւաւորւել՝ Մոսկւայում եւ Բրիւսէլում։ Դրանցից առաջինը՝ Մոսկւան՝ որպէս ինքնուրոյն միջնորդ, քաղաքական ասպարեզ է եկել պատերազմի արդէն վերջին օրերին։ Աւելին՝ հէնց Ռուսաստանի միջնորդութեամբ է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ զինադադար կնքւել, որից յետոյ պաշտօնական Մոսկւան ստանձնել է ոչ միայն միջնորդի, այլեւ Արցախում անվտանգութեան ապահովման երաշխավորի դեր։ Իհարկէ, ռուսական կողմը նախկինում էլ է հանդէս եկել ինքնուրոյն նախաձեռնութիւններով եւ անգամ շատ մօտ է եղել որոշ լուծումների, բայց, վերջին հաշւով, այդ բոլոր ջանքերը մշտապէս համադրւել եւ համատեղւել են ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով մշակւած մօտեցումների հետ եւ նոյնիսկ մաս կազմել դրանց։ Իսկ ահա 44-օրեայ պատերազմից յետոյ Ռուսաստանի միջնորդութիւնը բացարձակապէս ինքնուրոյն եւ միանձնեայ էր դարձել։

Բրիւսէլը՝ որպէս հայ-ադրբեջանական յարաբերութիւնների կարգաւորման նոր հարթակ, յետպատերազմեան շրջանում առաջին անգամ ասպարէզ է եկել 2021թ. դեկտեմբերին, երբ ԵԽ խորհրդի նախագահ Շառլ Միշէլի միջնորդութեամբ տեղի է ունեցել Ալիեւի ու Փաշինեանի հանդիպումը։ Դրանից յետոյ՝ 2022թ. ապրիլի 6-ին եւ մայիսի 22-ին, տեղի են ունեցել եւս երկու եռակողմ հանդիպումներ՝ ԵԽ-ի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների մակարդակով։ Բացի այդ՝ եւրոպական կողմի միջնորդութեամբ տեղի են ունեցել նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի բարձրաստիճան պաշտօնեաների հանդիպումներ, ինչպէս նաեւ դրանց ղեկավարների երկու հանդիպում՝ այս անգամ արդէն Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնի միջնորդութեամբ։ Այս բոլոր հանդիպումներն ու հակամարտութեան կարգաւորմանն ուղղւած եւրոպական կողմի ջանքերն էլ ձեւաւորել են, այսպէս կոչւած, բրիւսէլեան ձեւաչափը, որն այս պահին հայ-ադրբեջանական յարաբերութիւնների վերականգնման ամենաակտիւ գործող հարթակներից է դարձել՝ շատ հարցերում մրցակցելով Մոսկւայի հետ։

2022թ. փետրւարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը յայտարարեց Ուկրայինայում յատուկ ռազմական գործողութիւն սկսելու մասին։ Այդ օրւանից ի վեր Ռուսաստանի եւ Արեւմուտքի յարաբերութիւնները յետխորհրդային ողջ ժամանակաշրջանի կտրւածքով լարւածութեան ամենաբարձր մակարդակին հասան։ Կողմերը սկսեցին մրցակցել հնարաւոր բոլոր հարթակներում, ինչն իր անդրադարձն ունեցաւ նաեւ հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վրայ։ Ուկրայինական ճգնաժամը դարձաւ այն ջրբաժանը, որից յետոյ Մոսկւան եւ Բրիւսէլը սկսեցին մրցակցել նաեւ արցախեան հակամարտութեան կարգաւորման գործում առաջնային դեր ունենալու համար։ Երեւանն ու Բաքուն նախընտրեցին օգտագործել թէ՛ մոսկովեան եւ թէ՛ բրիւսէլեան հարթակները՝ իրենց հերթին նպաստելով այդ մրցակցութեան ակտիւացմանն ու էլ աւելի սրմանը։

Որո՞նք են Մոսկւայի եւ Բրիւսէլի միջնորդութեամբ ծաւալւող բանակցային գործընթացների ընդհանրութիւններն ու տարբերութիւնները, եւ ի՞նչ է սպասւում Արցախին ու հայ-ադրբեջանական յարաբերութիւններին առաջիկայում։ Այս հարցերին պատասխանելու համար առաջարկում ենք առանձին-առանձին դիտարկել մոսկովեան եւ բրիւսէլեան գործընթացները։

Մոսկւա

44-օրեայ պատերազմն աւարտւել է 2020թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից յայտնի եռակողմ յայտարարութեան ընդունմամբ(1)։ Ինը կէտերից բաղկացած այդ յայտնի փաստաթղթի գրեթէ բոլոր դրոյթներն այս կամ այն չափով գրեթէ անմիջապէս կեանքի են կոչւել. դադարեցւել են ռազմական գործողութիւնները, հայկական կողմն Ադրբեջանին է յանձնել Ակնայի, Քարվաճառի եւ Բերձորի շրջանները (նշենք, որ յայտարարութեան մէջ օգտագործւել են դրանց ադրբեջանական անւանումները), Արցախում՝ հայ-ադրբեջանական զինւած ուժերի շփման գծում, տեղակայւել են ռուս խաղաղապահներ, տեղի է ունեցել գերիների եւ զոհւածների մարմինների փոխանակում (իհարկէ, ոչ լիարժէք), ստեղծւել է խաղաղապահ կենտրոն եւ այլն։

Յիշատակւած յայտարարութեան որոշ կէտեր էլ, ցաւօք, գերակատարւել են ի վնաս հայկական կողմի։ Օրինակ՝ պատերազմի աւարտից յետոյ Ադրբեջանի Հանրապետութիւնը կանգ չի առել իր «զբաղեցրած դիրքերում», ինչը նախատեսւած էր յայտարարութեան առաջին կէտով, եւ հետագայում իր զօրքերն առաջ է բերել թէ՛ Արցախի Հանրապետութեան եւ թէ՛ Հայաստանի Հանրապետութեան ուղղութեամբ՝ գրաւելով ոչ միայն ռազմավարական բարձունքներ, այլեւ բնակավայրեր ու միջպետական ճանապարհներ: Կամ՝ պաշտօնական Բաքուն հրաժարւել է լիարժէքօրէն կատարել յայտարարութեան 7-րդ կէտով ստանձնած պարտաւորութիւնները եւ Հայաստանին վերադարձնել բոլոր ռազմագերիներին, պատանդներին ու պահւող անձանց։ Բայց ընդհանուր առմամբ նոյեմբերի 9-ի յայտարարութեան առաջին 8 դրոյթները կեանքի են կոչւել, եւ այժմ կողմերն աշխատում են 9-րդ կէտի կենսագործման, այն է՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղութեամբ։

Այսպիսով՝ 2020թ. նոյեմբերի 9-ին Ռուսաստանի միջնորդութեամբ ձեւաւորւել է հայ-ադրբեջանական բանակցային փաստացի նոր, այն էլ՝ որոշ արդիւնքներ (դրանց դրական կամ բացասական լինելու խնդիրը դուրս է այս յօդւածում քննարկւող հարցերի շրջանակից) արձանագրած ձեւաչափ, որը հետագայում հարստացել է նոր օրակարգերով եւ պայմանաւորւածութիւններով։

2021թ. յունւարի 11-ին Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները կրկին հանդիպեցին Մոսկւայում եւ եռակողմ նոր յայտարարութիւն ընդունեցին(2)։ Այս անգամ 4 կէտերից բաղկացած փաստաթուղթը ամբողջութեամբ նւիրւած էր նախորդ յայտարարութեան վերջին կէտին՝ տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման խնդրին։ ՌԴ նախագահ Վ. Պուտինի առաջարկով կողմերը համաձայնեցին Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների համատեղ նախագահութեամբ եռակողմ աշխատանքային խումբ ձեւաւորել, որի առջեւ դրւեցին յստակ խնդիրներ՝ կազմել նոյեմբերի 9-ի յայտարարութեան 9-րդ կէտի կիրառումից բխող աշխատանքների հիմնական ուղղութիւնների ցանկ՝ որպէս գերակայութիւններ ընդունելով երկաթուղային եւ ճանապարհային հաղորդակցութիւնները, եւ մինչեւ 2021թ. մարտի 1-ը ՀՀ, ՌԴ եւ ԱՀ ղեկավարներին ներկայացնել Հայաստանի ու Ադրբեջանի տարածքներով միջազգային փոխադրումների կազմակերպման, իրականացման եւ անվտանգութեան ապահովման համար անհրաժեշտ նոր տրանսպորտային ենթակառուցւածքների օբիեկտների վերականգնման եւ կառուցման միջոցառումների իրականացման ցանկ եւ ժամանակացոյց։

Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների երրորդ համատեղ յայտարարութիւնն ընդունւել է 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում(3)։ Այս փաստաթղթում կողմերը յղում են անում նախորդ երկու յայտարարութիւնների տեքստերին՝ նշելով դրանց կէտերը կեանքի կոչելու անհրաժեշտութիւնը, եւ առաջին անգամ խօսում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի դելիմիտացիայի եւ դեմարկացիայի գործընթաց սկսելու մասին։ Փաշինեանն ու Ալիեւը համաձայնում են ստեղծել սահմանագծման եւ սահմանազատման երկկողմ յանձնաժողով՝ Ռուսաստանի խորհրդատվական մասնակցութեամբ։
Եռակողմ այս հանդիպման աւարտից եւ յիշատակւած յայտարարութեան ընդունումից յետոյ ՌԴ նախագահ Վ. Պուտինը մամուլին տրւած մեկնաբանութիւններում նշել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքների երկկողմ յանձնաժողովը կը ձեւաւորւի մինչ 2021թ. աւարտը(4)։ Սակայն, ինչպէս շատ այլ հարցերում, այս անգամ եւս երեք երկրների ղեկավարների ընդունած այդ որոշման կեանքի կոչւելու ժամկէտները խախտւեցին։ ՀՀ-ի եւ ԱՀ-ի միջեւ սահմանագծման եւ սահմանազատման հայկական եւ ադրբեջանական կողմերի յանձնաժողովները ձեւաւորւեցին շատ աւելի ուշ՝ 2022թ. ապրիլ-մայիս ամիսներին, արդէն միանգամայն այլ պայմաններում եւ այլ ձեւաչափով՝ Բրիւսէլի ակտիւ մասնակցութեամբ։ Իսկ այդ յանձնաժողովների ղեկավարների առաջին հանդիպումը տեղի է ունեցել նոյն թւականի մայիսի 24-ին։ Այդ հարցին կը վերադառնանք փոքր-ինչ աւելի ուշ։

Այսպիսով՝ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների յիշատակւած երեք համատեղ յայտարարութիւնները դրւել են հայ-ադրբեջանական բանակցութիւնների մոսկովեան ձեւաչափի հիմքում։ Այդ ձեւաչափի հիմնական առաջնահերթութիւններն են արցախեան հակամարտութեան գօտում հրադադարի պահպանման ռեժիմի ապահովումն ու տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակումը։ Մնացած բոլոր հարցերը, որ այս ընթացքում քննարկւել են երեք երկրների ղեկավարների ու բարձրաստիճան պաշտօնեաների կողմից, ստորադասւած են հէնց այս երկու դրոյթներին։

Ընդ որում, պէտք է նշել, որ մոսկովեան ձեւաչափում թէ՛ կայունութեան եւ թէ՛ կոմունիկացիոն խնդիրներն աւելի շատ համապատասխանում են մեր տարածաշրջանի ապագայի մասին այն պատկերացումներին, որոնք տարածւած են Ռուսաստանում եւ որոշ չափով նաեւ Ադրբեջանում ու Թուրքիայում։ Ցաւօք, հայկական օրակարգի այնպիսի կարեւոր հարցեր, ինչպիսին է, օրինակ, Արցախի հայութեան ինքնորոշման իրաւունքը, բանակցային այս ձեւաչափում դեռեւս չեն քննարկւում։ Այս հարցի կապակցութեամբ Ռուսաստանի դիրքորոշումը հետեւեալն է. «Ադրբեջանին պէտք է վերադարձւէին Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնւող եօթ պահւող շրջանները, իսկ բուն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պէտք է անփոփոխ մնայ, այսինքն՝ դա պէտք է թողնւի ապագային։ Լեռնային Ղարաբաղում պէտք է ամրագրել ստատուս քւօ, բայց Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ շփման հնարաւորութեան պարտադիր ստեղծմամբ….»(5)։

Բրիւսէլ

2021թ. դեկտեմբերի 14-ին Եւրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշէլի նախաձեռնութեամբ Բրիւսէլում տեղի ունեցաւ Փաշինեան-Միշէլ-Ալիեւ եռակողմ հանդիպում, որից յետոյ կողմերը հանդէս եկան յայտարարութիւններով։ Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտօնական հաղորդագրութիւններում հիմնական շեշտը դրւած էր 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. յունւարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի եռակողմ յայտարարութիւնների կատարման ընթացքի շուրջ քննարկումների վրայ։ Սակայն Շառլ Միշէլի՝ եռակողմ հանդիպումն ամփոփող յայտարարութիւնից պարզ դարձաւ, որ Բրիւսէլում անցած հայ-ադրբեջանական բանակցութիւններում ի յայտ են եկել նոր տարրեր։ Մասնաւորապէս, առաջին անգամ Շառլ Միշէլը յայտարարեց, որ մեր տարածաշրջանում կայուն խաղաղութիւնը «ի վերջոյ կամրագրւի համապարփակ խաղաղութեան համաձայնագրով»(6)։ Բացի այդ՝ ԵԽ խորհրդի նախագահի աջակցութեամբ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմաններում լարւածութիւնը նւազեցնելու նպատակով ուղիղ կապ է հաստատւել երկու երկրների պաշտպանութեան նախարարների միջեւ։

Բրիւսէլեան եռակողմ առաջին հանդիպման յատկանշական հանգամանքներից մէկն էլ այն է, որ, չնայած Շառլ Միշէլն ինքն էր յղում անում Ռուսաստանի միջնորդութեամբ ընդունւած երեք յայտնի յայտարարութիւններին, այնուամենայնիւ, արդէն իսկ 2021թ. վերջին նկատելի էր, որ եւրոպական դիւանագիտութիւնը փորձելու է իր ձեռքը վերցնել այդ յայտարարութիւններում ամրագրւած կէտերի իրագործման նախաձեռնութիւնը։ Այսպէս՝ դեկտեմբերի 14-ի հանդիպման ընթացքում ԵԽ խորհրդի նախագահը փորձագիտական եւ ներդրումային աջակցութիւն է առաջարկել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին, որպէսզի վերջիններս կարողանան հնարաւորինս անվտանգ միջավայրում արագ իրականացնել սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքները, վերականգնել երկաթուղային կապերը եւ այլն։

Բրիւսէլեան այդ հանդիպման երրորդ կարեւոր առանձնայատկութիւնն այն է, որ Փաշինեանը, Ալիեւն ու Միշելը պայմանաւորւել են շարունակել աշխատանքներն այդ ձեւաչափում, ինչը բացայայտ ակնարկ էր այն մասին, որ բրիւսէլեան ձեւաչափը՝ որպէս Մոսկւայի ձեւաչափը փոխլրացնող, իսկ հնարաւոր է՝ նաեւ այլընտրանք, գոյութիւն ունենալու իրաւունք ունի։ Աւելին՝ ադրբեջանական իշխանամերձ մամուլը հէնց այդ հանդիպումից յետոյ սկսեց շարունակ յօդւածներ հրապարակել այն մասին, որ Բրիւսէլը շատ աւելի անկողմնակալ միջնորդ է, քան Մոսկւան։

2022թ. ապրիլի 6-ին Բրիւսէլում կայացաւ Փաշինեան-Միշէլ-Ալիեւ երկրորդ եռակողմ հանդիպումը։ Այս անգամ պայմանաւորւածութիւնները շատ աւելի առարկայական էին եւ վկայում էին այն մասին, որ հայ-ադրբեջանական բանակցային գործընթացին նոր տեմպ է հաղորդւել։ ԵԽ խորհրդի նախագահ Շառլ Միշէլը հանդիպման աւարտից անմիջապէս յետոյ յայտարարել է, որ ե՛ւ Իլհամ Ալիեւը, ե՛ւ Նիկոլ Փաշինեանը ցանկանում են արագ տեմպերով շարժւել դէպի խաղաղութեան համաձայնագիր։ «Այդ նպատակով պայմանաւորւածութիւն է ձեռք բերւել արտաքին գործերի նախարարներին յանձնարարելու աշխատել ապագայ խաղաղութեան պայմանագրի նախապատրաստման վրայ, որը կը լուծի բոլոր հրատապ խնդիրները»(7),- մասնաւորապէս նշել է Շառլ Միշէլը։

Երկրորդ խիստ շօշափելի եւ առարկայական համաձայնութիւնը, որը ապրիլի 6-ին ձեռք է բերւել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ, վերաբերում էր սահմանագծման եւ սահմանազատման հարցերով հայ-ադրբեջանական համատեղ յանձնաժողով ստեղծելուն, որը պէտք է ձեւաւորւէր մինչեւ 2022թ. ապրիլի վերջը։ Ընդ որում, ի տարբերութիւն 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռք բերւած համանման յանձնաժողովի մասին պայմանաւորւածութեան, որին անդրադարձել ենք յօդւածի առաջին հատւածում, Բրիւսէլում որոշւել է, որ այս նոր յանձնաժողովը պէտք է օժտւած լինի երկու մանդատով՝ սահմանազատել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկկողմանի սահմանը եւ ապահովել կայուն, անվտանգ իրադրութիւն սահմանագծի երկայնքով եւ մերձակայքում:

Նշւած հանդիպումից մէկուկէս ամիս անց՝ մայիսի 23-ին, ԵԽ խորհրդի նախագահ Շառլ Միշէլը Բրիւսէլում կազմակերպեց Հայաստանի, Ադրբեջանի եւ ԵԽ ղեկավարների երրորդ համատեղ հանդիպումը։ Այս անգամ եւրոպացի դիւանագէտի՝ հանդիպումն ամփոփող յայտարարութիւնը շատ աւելի յստակ եւ կոնկրետ էր։ Նախ՝ նա տեղեկացրեց, որ առաջիկայ օրերին Հայաստանի եւ Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի կունենայ սահմանային յանձնաժողովների առաջին համատեղ նիստը։ Միշէլի ազդարարած այդ հանդիպումը տեղի ունեցաւ յաջորդ օրը՝ մայիսի 24-ին(8)։

Երկրորդ՝ ԵԽ ղեկավարը յայտնեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները համաձայնութեան են եկել տարանցման կարգաւորման սկզբունքների, սահմանների կառավարման, անվտանգութեան, միջազգային բեռնափոխադրումների, մաքսային սկզբունքների եւ այլ հարցերի շուրջ(9)։

Միշէլի այդ յայտարարութիւնը վկայում է այն մասին, որ տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման շուրջ հայ-ադրբեջանական բանակցութիւնները մտել են աւարտական փուլ։ Ընդ որում, կարեւոր է նշել այն հանգամանքը, որ քննարկւող այս հարցերի առումով Հայաստանին փաստօրէն պարտադրւում է չհաւասարակշռւած որոշում։ Այսպէս, ըստ Շառլ Միշէլի յայտարարութեան, մեր երկիրը թոյլ է տալիս Ադրբեջանին Հայաստանի տարածքով կապ ունենալ Նախիջեւանի հետ՝ փոխարէնը ստանալով «Հայաստանի տարբեր շրջանների միջեւ Ադրբեջանի տարածքով տարանցման» հնարաւորութիւն։ Հարց է առաջանում՝ միմեանց հետ կապ պահելու համար Հայաստանի այդ որ շրջաններն ունեն Ադրբեջանի տարածքից օգտւելու անհրաժեշտութիւն։ Խօսքն այստեղ կարող է վերաբերել միայն երկու ճանապարհների՝ Երեւան-Նախիջեւան-Մեղրի գծին եւ 2020թ. պատերազմի հետեւանքով Ադրբեջանի վերահսկողութեան տակ անցած՝ Սիւնիքի միջհամայնքային եւ միջպետական ճանապարհի փոքր հատւածներին։ Բայց պէտք է փաստենք, որ նախ՝ ադրբեջանական զինւած ուժերի ներկայութիւնը Սիւնիքի ճանապարհներին անօրինական է (առնւազն որովհետեւ այդ հատւածներում սահմանագծում եւ սահմանազատում դեռեւս չի կատարւել), եւ երկրորդ՝ Հայաստանն իր մայրաքաղաքը Սիւնիքի քաղաքներին կապող այլընտրանքային ճանապարհ էլ ունի (ճիշտ է՝ խայտառակ վատ որակի), իսկ Ադրբեջանը Նախիջեւան տանող այլ ճանապարհ՝ ոչ։

Երրորդ կարեւոր կէտը, որ նշւած էր Միշէլի յայտարարութեան մէջ, վերաբերում էր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքւելիք խաղաղութեան պայմանագրի շուրջ քննարկումներին, «որով կարգաւորւելու են միջպետական յարաբերութիւնները։ Առաջիկայ շաբաթների ընթացքում ԱԳ նախարարների գլխաւորած թիմերը առաջ կը տանեն այս գործընթացը»(10):

Եւ վերջապէս, չորրորդ կարեւոր շեշտադրումը վերաբերում էր «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչութեան իրաւունքներին ու անվտանգութեանը», որոնք, ըստ Շառլ Միշէլի, անհրաժեշտ է ապահովել։

Ամփոփելով Փաշինեան-Միշէլ-Ալիեւ եռակողմ երեք յայտարարութիւնների արդիւնքները, ինչպէս նաեւ նկատի ունենալով այն փաստը, որ նման չորրորդ հանդիպումը կը կայանայ ս.թ. յուլիս-օգոստոս ամիսներին՝ կարելի է վստահ պնդել, որ բրիւսէլեան ձեւաչափը հայ-ադրբեջանական յարաբերութիւնների կարգաւորման բանակցութիւններում արդէն իսկ կայացած փաստ է։ Ընդ որում, այն իր գործունէութեան առաջին իսկ օրւանից նախաձեռնողների ու մասնակիցների կողմից մատուցւել եւ ընկալւել է որպէս Մոսկւայի ձեւաչափին այլընտրանք, որի գործունէութիւնը, ի դէպ, 2022թ. շատ աւելի արդիւնաւէտ է եղել, քան ռուսական միջնորդութիւնը։ Աւելին՝ Բրիւսէլը հայ-ադրբեջանական բանակցութիւնների օրակարգ շարունակ նոր տարրեր ներմուծում, որոնք Մոսկւայում յաճախ մեկնաբանւում են որպէս հակառուսական կամ Ռուսաստանը Հարաւային Կովկասի տարածաշրջանից հեռացնելու փորձ։

Ինչպէս արդէն նշւել է նիւթի սկզբում, հայ-ադրբեջանական բանակցութիւնների բրիւսէլեան ձեւաչափի կայացման գործում մեծ դեր է ունեցել նաեւ Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը, որն իր հերթին Ալիեւի եւ Փաշինեանի հետ երկու հանդիպում է անցկացրել։ Ակտիւ ջանքեր են գործադրում նաեւ եւրոպական տարբեր կառոյցների ղեկավարներն ու ներկայացուցիչները, որոնք իրենց հերթին Հայաստանի ու Ադրբեջանի բարձրաստիճան պաշտօնեաների հանդիպումներն են կազմակերպում։ Սակայն այս բոլոր գործընթացներում, լինեն դրանք Մոսկւայում, թէ Բրիւսէլում, բաց է թողնւում հայկական կողմի համար ամենակարեւորը՝ Արցախի ինքնորոշման իրաւունքի իրացման հնարաւորութիւնը։ Իսկ ամենացաւալին այն է, որ պաշտօնական Երեւանն ինքն է շրջանցում այդ հարցի բարձրացման բոլոր առիթները եւ դեռ աւելին՝ համաձայնութիւն տալիս Ադրբեջանի հետ խաղաղութեան պայմանագրի շուրջ բանակցութիւններ սկսելու համար Բաքւի ներկայացրած 5 յայտնի առաջարկ-պահանջներին (Հայաստանի եւ Ադրբեջանի բանակցային դիրքորոշումների առանձնայատկութիւններին կանդրադառնանք մէկ այլ յօդւածով)։ Եւ սա է այն հանգամանքը, որը, չնայած մոսկովեան ու բրիւսէլեան բանակցային ձեւաչափերի բոլոր նմանութիւններին ու տարբերութիւններին, ինչպէս նաեւ ուկրայինական ճգնաժամի պատճառով Ռուսաստանի եւ Արեւմուտքի՝ աշխարհաքաղաքական նոր թափ ստացած մրցակցութեանը, Հայաստանի եւ Արցախի իրական շահի տեսանկիւնից երկու ձեւաչափերն էլ դնում է նոյն հարթութեան մէջ։

Ճիշտ է, ե՛ւ ռուսական, ե՛ւ արեւմտեան կողմերը յաճախ խօսում են արցախահայութեան իրաւունքների մասին՝ նշելով, որ, առանց տեղի հայութեան կարծիքը հաշւի առնելու, հակամարտութեան կարգաւորումը հնարաւոր չէ, այնուամենայնիւ, թէ՛ Մոսկւայում եւ թէ՛ Բրիւսէլում փաստացի անտեսւում է հայկական երկու պետութիւնների գլխաւոր խնդիրը՝ Արցախի ինքնորոշման իրաւունքը։

 

_______________________________________________

Յղումներ

1. Տե՛ս Հայաստանի Հանրապետութեան վարչապետի, Ադրբեջանի Հանրապետութեան նախագահի եւ Ռուսաստանի Դաշնութեան նախագահի յայտարարութիւնը, 10.11.2020, https://www.primeminister.am/hy/press-release/item/2020/11/10/Announcement/ (մուտք՝ 08․06․2022)։

2. Տե՛ս Նիկոլ Փաշինեանի, Վլադիմիր Պուտինի եւ Իլհամ Ալիեւի հանդիպման արդիւնքներով ընդունւել է համատեղ յայտարարութիւն, 11.01.2021, https://www.primeminister.am/hy/press-release/item/2021/01/11/Nikol-Pashinyan-Moscow-meeting-Announcement/ (մուտք՝ 08․06․2022)։

3. Տե՛ս Հայաստանի վարչապետը, Ռուսաստանի նախագահը եւ Ադրբեջանի նախագահն ընդունել են համատեղ յայտարարութիւն, 26.11.2021, https://www.primeminister.am/hy/press-release/item/2021/11/26/Nikol-Pashinyan-Sochi/ (մուտք՝ 08․06․2022)։

4. Տե՛ս Заявления по итогам трехсторонних переговоров лидеров России, Азербайджана и Армении, 26.11.2021, http://kremlin.ru/catalog/countries/AM/events/67203 (մուտք՝ 08․06․2022)։

5. Путин: статус Карабаха должен остаться неизменным и решаться в будущем, 17.12.2020, https://ria.ru/20201217/karabakh-1589711827.html (մուտք՝ 08․06․2022).

6. Statement of President Charles Michel following the trilateral meeting with President Ilham Aliyev and Prime Minister Nikol Pashinyan, 14.12.2021, https://www.consilium.europa.eu/en/press/press-releases/2021/12/14/statement-of-president-charles-michel-following-the-trilateral-meeting-with-president-ilham-aliyev-and-prime-minister-nikol-pashinyan/ (մուտք՝ 08․06․2022).

7. Statement of European Council President Charles Michel following the Second Trilateral Meeting with President Ilham Aliyev and Prime Minister Nikol Pashinyan, 06.04.2022, https://www.consilium.europa.eu/en/press/press-releases/2022/04/06/statement-of-european-council-president-charles-michel-following-the-second-trilateral-meeting-with-president-ilham-aliyev-and-prime-minister-nikol-pashinyan/ (մուտք՝ 08․06․2022).

8. Տե՛ս Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետները հանդիպել են միջպետական սահմանին, 24.05.2022, https://times.am/?p=308835&l=am (մուտք՝ 08․06․2022)։

9. Տե՛ս Press statement by President Michel of the European Council following a trilateral meeting with President Aliyev of Azerbaijan and Prime Minister Pashinyan of Armenia, 23.05.2022, https://www.consilium.europa.eu/en/press/press-releases/2022/05/23/press-statement-by-president-michel-of-the-european-council-following-a-trilateral-meeting-with-president-aliyev-of-azerbaijan-and-prime-minister-pashinyan-of-armenia/ (մուտք՝ 08․06․2022)։

10. Նոյն տեղում։

ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

Քաղաքագէտ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար

«Դրօշակ» թիւ 6 (1667), 2022թ․

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։