Հա

Քաղաքական

21/06/2022 - 14:30

«Արցախի հարցով նշաձողն իջեցնելու առաջարկը կամ պահանջը յստակ հասցէատէրեր ունի». Խաչիկ Տէր-Ղուկասեան

Արտաքին քաղաքական ինչ ուղղութեամբ է փորձում Հայաստանը գնալ՝ աւելի շատ դէպի Արեւմո՞ւտք, թէ՞ Ռուսաստան: 168.am-ի հետ զրոյցում Արգենտինայի Լանուսի պետական համալսարանի դասախօս Խաչիկ Տէր-Ղուկասեանը նշեց, թէ չի կարծում, որ հարցն այս կտրւածքով պիտի բանաձեւել:

«alikonline.ir» - Արտաքին քաղաքական ինչ ուղղութեամբ է փորձում Հայաստանը գնալ՝ աւելի շատ դէպի Արեւմո՞ւտք, թէ՞ Ռուսաստան: 168.am-ի հետ զրոյցում Արգենտինայի Լանուսի պետական համալսարանի դասախօս Խաչիկ Տէր-Ղուկասեանը նշեց, թէ չի կարծում, որ հարցն այս կտրւածքով պիտի բանաձեւել:

«Աշխարհաքաղաքականօրէն Հայաստանն իր անվտանգութեան առումով կախւածութեան մէջ է Ռուսաստանից: Պատերազմը եւ պարտութիւնն այդ կախւածութիւնը գրեթէ բացարձակացրեցին: Սա նշանակում է՝ ինչ էլ անի Հայաստանը, եթէ Ռուսաստանի կանաչ լոյսի կարիքը չունենայ էլ, նրա կարմիր լոյսը, այնուամենայնիւ, չի կարող անտեսել: Այս իրավիճակն արդէն իսկ առկայ էր նախքան 44-օրեայ պատերազմը: Նրանք, որոնք խաբկանքի մէջ էին, թէ 2018-ի ապրիլի իշխանափոխութիւնից յետոյ այս իրավիճակը փոխւեց, 2020-ի նոյեմբերի 9-ից յետոյ արդէն չէին կարող անտեսել այդ իրողութիւնը»,- ասաց նա` յաւելելով, որ երբ խօսւում է կախւածութեան աշխարհաքաղաքական պայմանի մասին, դա, բնաւ, չի նշանակում ենթարկւածութիւն կամ համաշխարհային մասշտաբով դիւանագիտական ամլացում:

Միւս կողմից, միջազգային յարաբերութիւնների մասնագէտը նշեց, որ արտաքին քաղաքականութեան տրամաբանութիւնը ՀՀ իշխանութիւնները նոյնացնում են մեծամասնութեան քւէով ստացած մանդատի եւ ինչ-որ տեղ բանաձեււած տարածաշրջանային խաղաղութեան դարաշրջան բացելու տեսլականի հետ, որը, ըստ էութեան, զիջողական պատրաստակամութեան քողարկում է միայն։

Նիկոլ Փաշինեանը վստահեցնում է, թէ միջազգային հանրութիւնը պահանջում է իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը, եւ ժամանակ առ ժամանակ հասկացնում, որ Հայաստանը միայնակ է իր խնդիրներում, ո՞ւմ նկատի ունի՝ միջազգային հանրութիւն ասելով, օրինակ, Ֆրանսիան նման ճնշում չի գործադրել:

Խաչիկ Տէր-Ղուկասեանի խօսքով, «միջազգային հանրութիւնը», այսպէս ասած, մոդայիկ բառ է, տերմին (buzzword), որը, յաճախ թւում է՝ ինչ-որ ազդեցիկ դերակատարի է վերաբերում, սակայն իրականում կոնկրետ դերակատարներից ուշադրութիւնը շեղելու նպատակով է գործածւում:

«Արցախի հարցով նշաձողն իջեցնելու առաջարկը կամ պահանջը յստակ հասցէատէրեր ունի` Ադրբեջան եւ Թուրքիա: Ուրիշ ո՞ր պետութիւններն են Արցախի նման առաջարկ արել, եւ կոնկրետ ի՞նչ են ցանկացել ասել, եթէ նման առաջարկ ներկայացւել է… Ի դէպ, որքան գիտեմ, նման կոնկրետ առաջարկ կարող է դրւել բացառապէս Մինսկի խմբի կողմից: Արցախի հարցով Հայաստանը միայն այդ խմբի միջնորդական կոնկրետ առաջարկների հիման վրայ է, որ պիտի արտայայտւի Արցախի հարցով»,- յաւելեց Արգետինայի Լանուսի պետական համալսարանի դասախօսը:

Ադրբեջանն Արցախի հարցը փակւած է համարում, Հայաստանը, ամէն դէպքում՝ ոչ, արդեօք ղարաբաղեան կոնֆլիկտի կարգաւորման գործընթացին հնարաւո՞ր է երկրորդ շունչ հաղորդել:

Խաչիկ Տէր-Ղուկասեանի կարծիքով, ամէն ինչ կախւած է դիւանագիտական ակտիւացումից:

«Բերեմ Մալւինեան կղզիների օրինակը։ 1982-ի պատերազմն աւարտւեց նախայարձակ Արգենտինայի պարտութեամբ։ Երկիրն այն ժամանակ գտնւում էր զինւորական բռնատիրութեան տակ: Բայց սրա արդիւնքում ժողովրդավարութիւնը վերադարձաւ, եւ 1994-ի սահմանադրական բարեփոխմամբ բացառւեց պատերազմի ճանապարհով կղզիների վերադարձը։

Բայց դա պատճառ չհանդիսացաւ, որ Մալւինեան հարցով նշանաձողն իջեցւի, ընդհակառակը՝ տեղի ունեցաւ դիւանագիտական ակտիւացում եւ հարանորոգ նախաձեռնողականութիւն, որ կղզիները տեղաւորեց Հարաւային Ատլանտայի աշխարհաքաղաքական կարեւորութեան տրամաբանութեան մէջ: Օրինակը բերում եմ զուտ օրինակի կարգով, համեմատական չէ, որ կանեմ: Կարեւորը ներազգային կարգով համախոհութեան եւ յանձնառութեան հաստատագրումն է, որի հիման վրայ միայն դիւանագիտութիւնը, թէկուզեւ երկար վազք պահանջող, օրակարգի հետ կապւած ճշգրտումներ կանի պատմաքաղաքական տարբեր ժամանակներում»,- ասաց նա:

Յիշեցնենք, որ մօտ 4 տասնեակ տարի առաջ Արգենտինան, պատերազմելով անգլիացիների դէմ, փորձեց վերահաստատել իր տիրապետութիւնը Մալւինեան (Ֆոլքլենդեան) կղզիներում եւ ձախողեց։

1982 թւականի ապրիլի 2-ին Արգենտինան կառավարող զինւորական խունտան յայտարարեց, որ վերականգնել է արգենտինեան տիրապետութիւնը Մալւինեան, Հարաւային Ջորջիա եւ Հարաւային Սանդւիչեան կղզիներում։

Պատերազմը տեւեց 72 օր եւ աւարտւեց 1982 թւականի յունիսի 14-ին արգենտինեան ուժերի պարտութեամբ:

Այս իրադարձութիւնները նպաստեցին երկիրը 1976 թւականից կառավարող զինւորական խունտայի անկմանը։ Իսկ 1983 թւականին տեղի ունեցան ժողովրդավարական ընտրութիւններ՝ վերջ դնելով եօթնամեայ բռնապետութեանը։

Դիտարկմանը, որ ադրբեջանական կողմը յստակ հասկացնում է, որ խաղաղութեան պայմանագիրը երաշխիք չէ պատերազմ չսկսելու համար, իրականում նմանատիպ պայմանագրերը, փաստաթղթերը մանեւրելու տեղ թողնո՞ւմ են, Խաչիկ Տէր-Ղուկասեանն ասաց, որ ադրբեջանական այդ պատգամը յաղթող կողմի հերթական մեծամտութեան կամ շարունակւող շանտաժի դրսեւորում է, ինչպէս նաեւ՝ Հայաստանն ու հայ ժողովուրդը նոր պատերազմով, եւ ենթադրաբար՝ նոր պարտութեան ուրւականով ահաբեկելու փորձ։

Ըստ նրա, սրանով հանդերձ, անխոհեմութիւն է Ադրբեջանի ասածը լուրջ չընդունելը: Եւ եթէ անգամ Ադրբեջանի այս շանտաժը չլինէր, 2020-ի նոյեմբերի 9-ից անմիջապէս յետոյ պիտի նախաձեռնւէր ՀՀ բանակի վերակազմակերպման գործընթացը:

Խօսելով Հայաստան-Ադրբեջան դեմարկացիայի եւ դելիմիտացիայի գործընթացից եւ այս մասով միջազգային պրակտիկայից, միջազգային յարաբերութիւնների մասնագէտը յիշեց յաջող սահմանագծման մէկ օրինակ՝ Արգենտինայի եւ Չիլիի միջեւ, որը վերաբերում էր «սառցակոյտերի եւ բարձր գագաթների կնճռոտ հարցին 1990-ականների սկզբներին»:

«Խօսում ենք 2 ժողովրդավարութիւնների, միջազգային ոլորտի մէջ մեծ փորձառութիւն ունեցած դիւանագիտական կորպուսների մասին, եւ վերջապէս երկու երկրների, որոնք Հարաւային Ամերիկայի այլ երկրների շարքում 20-րդ դարի սկզբներին նախաձեռնող եղան միջազգային իրաւունքի ամրագրմանը` յատկապէս ԱՄՆ-ի ռազմական միջամտութեան դէմն առնելու կամ այդ ախորժակները կարելի չափով զսպելու նպատակով»,- յաւելեց մեր զրուցակիցը:

Իսկ ո՞ր երկրների հետ Հայաստանը կարող է լուրջ յարաբերութիւններ ստեղծել, արդեօ՞ք Լատինական Ամերիկայի, եւ այն ի՞նչ կարող է տալ Հայաստանին՝ հարցադրումներին ի պատասխան, Խաչիկ Տէր-Ղուկասեանը նշեց, որ դա կախւած է արտաքին քաղաքականութեան ռազմավարութիւնից եւ, բնականաբար, դիւանագիտական ակտիւացման համար անհրաժեշտ միջոցների, այդ թւում՝ մասնագիտացած կամ օժանդակ մարդուժի, առկայութիւնից:

«Հարցը միայն երկրները չեն, այլ նաեւ միջազգային կազմակերպութիւնները եւ քաղաքացիական հասարակութիւնը, այն, ինչը միջազգային յարաբերութիւններում ընդունւած է ասել՝ track two diplomacy, այսինքն, կարեւոր ոլորտներ են դիւանագիտական ակտիւացման համար։ Հետեւաբար, հարցը պիտի դրւի այսպէս՝ Հայաստանը, ոչ միայն ներկայիս, այլ անկախութիւնից անմիջապէս յետոյ, մտածե՞լ է, թէ ինչպէս համաշխարհային մասշտաբով տարբեր հարթակներում կարող է օպտիմացնել իր ներկայութիւնը՝ ե՛ւ ֆորմալ դիւանագիտութեամբ, ե՛ւ դրան զուգահեռ գործօններով ու դերակատարներով»,- եզրափակեց Արգետինայի Լանուսի պետական համալսարանի դասախօս Խաչիկ Տէր-Ղուկասեանը:

 

Մարիամ Պետրոսեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։