Հա

Քաղաքական

21/06/2022 - 14:10

Պարտւած ղեկավարների ճակատագիրը պատմութեան մէջ

Համաշխարհային պատմութեան մէջ աւանդաբար պահպանւել են յաղթող ղեկավարների կերպարները։ Պատմութիւնը պահպանում է նաեւ պարտւած ղեկավարների մասին յիշողութիւնը եւ այն, թէ ինչ ճակատագրի են արժանանում նրանք: Հայոց պատմութեան մէջ պարտւած ղեկավարներ շատ քիչ են եղել, եւ այդ քչերն էլ հիմնականում ինքնակամ հեռացել են պետութեան ղեկավարի պաշտօնից՝ այդպիսով հնարաւորինս քիչ դժւարութիւններ ստեղծելով իրենց փոխարինողների համար ոտքի հանելու պարտւած երկիրը:

Համաշխարհային պատմութեան մէջ աւանդաբար պահպանւել են յաղթող ղեկավարների կերպարները։ Պատմութիւնը պահպանում է նաեւ պարտւած ղեկավարների մասին յիշողութիւնը եւ այն, թէ ինչ ճակատագրի են արժանանում նրանք: Հայոց պատմութեան մէջ պարտւած ղեկավարներ շատ քիչ են եղել, եւ այդ քչերն էլ հիմնականում ինքնակամ հեռացել են պետութեան ղեկավարի պաշտօնից՝ այդպիսով հնարաւորինս քիչ դժւարութիւններ ստեղծելով իրենց փոխարինողների համար ոտքի հանելու պարտւած երկիրը:

Աշխարհում քիչ չեն պարտւած ղեկավարները, որոնց երկրների ճակատագրերը մեծապէս կախւած են եղել պարտութիւնից յետոյ դրանց ղեկավարների գործունէութիւնից: Այն երկրները, որոնց ղեկավարները պատերազմում պարտւելուց յետոյ հեռացել են պետութեան կառավարման ղեկից, ճգնաժամից դուրս են եկել հնարաւորինս քիչ կորուստներով եւ հետագայում վերականգնել են իրենց դիրքերը համաշխարհային քաղաքականութեան թատերաբեմում: Հայոց պատմութեան մէջ թերեւս չի եղել մի ղեկավար, որը պատերազմում խայտառակ պարտութիւն կրելուց յետոյ գամւած է մնացել պետութեան ղեկավարի աթոռին՝ նոր արհաւիրքների տանելով երկիրը: Այս իմաստով Հայաստանի մերօրեայ իշխողները անգամ մեր պարտւած ղեկավարներից շատ բան ունեն սովորելու:

Ք.ա. 570-560 թթ. Մեծ Հայքի արքան էր Երւանդ Ա Սակաւակեացը, որը Մարաստանի թագաւոր Աժդահակի դէմ պատերազմում պարտութիւն կրեց եւ ստիպւած էր ընդունել նրա գերիշխանութիւնն ու հարկեր վճարել նրան։ Երկիրն աւելի վատ վիճակի մէջ չդնելու համար Երւանդ Ա-ն հրաժարւեց գահից՝ այն յանձնելով որդուն՝ Աքեմենեան արքայ Կիւրոսի մտերիմ ընկեր Տիգրանին: Յաջորդելով հօրը՝ Տիգրան Երւանդունին (Ք.ա. 560-530-ական թթ.) «Պարսից Աքեմենեան արքայ Կիւրոս 2-րդ Մեծի հետ Ք.ա. 550թ. մասնակցել է Հայաստանի թշնամիներ՝ Մարաստանի, իսկ Ք.ա. 538 կամ 537թ.` Բաբելոնիայի թագաւորութիւնների կործանմանը»)(1) եւ հզօրացրել Հայաստանը: Բաբելոնը գրաւելուց յետոյ Տիգրան Ա Երւանդունին, «Հայոց արքայ լինելուց բացի, դարձաւ նաեւ տէրութեան արեւմտեան կէսի փոխարքան: Որպէս գլխաւոր դաշնակից՝ Հայաստանն արտօնեալ դիրք ունէր Աքեմենեան տէրութեան մէջ»(2): Այսպիսով՝ Հայկազունի արքայ Երւադ Ա-ն, որ Սակաւակեաց է կոչւել կարճատեւ ղեկավարման համար, պատերազմում պարտութիւն կրելուց յետոյ, հասկանալով, որ իր՝ որպէս պարտւած ղեկավարի հետագայ պաշտոնավարումը կարող է ծանր վիճակի մէջ դնել Հայաստանը, յանուն պետական շահերի թողեց պետութեան ղեկավարի պաշտօնը՝ այսօրւայ ապրողներիս հազարամեակների հեռաւորութիւնից ցոյց տալով, թէ ինչպիսին պէտք է լինի պետականամէտ ղեկավարը, անգամ եթէ հանգամանքների բերումով պարտւել է:

Հայոց արքաներից պետականամետութեան մէկ այլ օրինակ է տալիս Արտաշէս Ա Բարեպաշտի որդին՝ Արտաւազդ Ա-ն (Ք.ա. 160-115 թթ.), որը պարթեւների արքայ Միհրդատ Բ-ի դէմ պատերազմում պարտութիւն կրելուց յետոյ հաշտութիւն է կնքում եւ որպէս խաղաղութեան պահպանման երաշխիք պատանդ է տալիս եղբօր որդուն՝ գահաժառանգ Տիգրանին (Տիգրան Բ Մեծ): Այսպիսով՝ խաղաղութեան դիմաց հայրենիքից հող զիջելու փոխարէն հայոց արքան պատանդառութեան է ուղարկում գահաժառանգին՝ թողնելով ոչ մի դէպքում հայրենի հողը չզիջելու իւրօրինակ դաս Հայաստանի մերօրեայ եւ ապագայ ղեկավարների համար:

Հայոց պատմութեան մէջ ողբերգական հետեւանքներ ունեցան Բագրատունեաց Յովհաննէս-Սմբատ արքայի թուլակամութիւնն ու աթոռասիրութիւնը։ Վերջինս, վախենալով Բիւզանդիայի դէմ պատերազմից, Պետրոս Գետադարձ կաթողիկոսի ճնշմամբ հայոց մայրաքաղաք Անին կտակեց Բիւզանդիային։ Սա հայոց պատմութեան մէջ աննախադէպ երեւոյթ էր, երբ հայոց արքան իր կամքով հայրենի հողը նւիրում էր օտարներին, մինչդեռ հայոց պատմութեան մէջ յաճախակի էին դէպքերը, երբ հայոց արքաները զոհաբերում էին իրենց՝ հայրենիքի կայունութիւնն ու ամբողջականութիւնը պահպանելու համար: Այդ արքաներից էին Տիգրան Բ-ի որդի Արտաւազդ Բ-ն, Արշակունեաց արքայ Արշակ Բ-ն, Բագրատունեաց արքայ Սմբատ Ա-ն, որոնք իրենց արքայական փառքի, նոյնիսկ կեանքի եւ հայրենիքի միջեւ ընտրութիւն կատարելիս ընտրել են հայրենիքի բարեկեցութիւնն ու պետական շահը՝ իրենցից յետոյ եկողներին տալով հայրենիքը դժւար վիճակից դուրս բերելու, հզօրացնելու եւ նրա յարատեւութիւնն ապահովելու հնարաւորութիւն: Իսկ Յովհաննէս-Սմբատը, ինչպէս տեսանք, արեց միանգամայն հակառակը եւ, սեփական մայրաքաղաքը թշնամուն կտակելով, իրեն յաջորդած արքայի՝ Գագիկ Բ Բագրատունու համար ստեղծեց չափազանց ծանր պայմաններ։ Ի վերջոյ, Պետրոս Գետադարձի օգնութեամբ 1045թ. Բիւզանդիան ստացաւ Անին, իսկ երիտասարդ արքայ Գագիկ Բ Բագրատունին դաւադրաբար ձերբակալւեց:

Բագրատունեաց թագաւորութիւնն ընկաւ, ինչը ճակատագրական եղաւ Հայաստանի հետագայ աւելի քան 800 տարւայ պատմութեան համար՝ նետելով հայ ժողովրդին պետականազուրկ եւ հալածանքներով ու կոտորածներով լի պատմափուլի մէջ:

Պակաս ուսուցողական չեն համաշխարհային պատմութեան մէջ պարտւած ղեկավարների օրինակներն ու նրանց երկրների ճակատագրերը: Եւրոպայի մեծ նւաճող Նապոլէոն Բոնապարտը 1812-1813 թթ. ջախջախիչ պարտութիւն կրեց նախ Ռուսական կայսրութիւնից, ապա՝ հակաֆրանսիական դաշինքի ուժերից գերմանական Լայպցիգ քաղաքի մօտ։ 1814թ. դաշնակիցների զօրքերը մտան Փարիզ: Նապոլէոն Բոնապարտը հրաժարւեց գահից եւ որպէս տիրոյթ ստացաւ Էլբա կղզին։ Համեմատաբար հանգիստ հեռացած Նապոլէոնը, սակայն, կարճ ժամանակ անց արեց մի բան, որը նրա հեղինակութիւնն ունեցող տիրակալի համար իրական խայտառակութիւն էր. «1815թ. գարնանը Նապոլէոն I-ը փոքրաթիւ զօրաջոկատով մտել է Ֆրանսիա, անհաւանական արագութեամբ աճող զօրքով գրաւել Փարիզը եւ վերականգնել կայսրութիւնը: Սակայն գահակալել է ընդամէնը 100 օր: Դաշնակիցները Վաթեռլոոյի (բնակավայր Բրիւսէլից 20 կմ հարաւ) ճակատամարտում 1815թ.-ի յունիսի 10-ին ջախջախել են ֆրանսիացիներին:

1815թ.-ի յունիսի 22-ին Նապոլէոն I-ը վերջնականապէս գահընկեց է արւել եւ աքսորւել Ատլանտեան ովկիանոսի Ս. Հեղինէ կղզի (որպէս անգլիացիների գերի), որտեղ եւ վախճանւել է»(3): Հետեւանքը եղաւ այն, որ Ֆրանսիան յայտնւեց բաւականին ծանր վիճակում եւ միայն հմուտ դիւանագէտ եւ հայրենասէր արտաքին գործերի նախարար Մորիս Թալէյրանի գերմարդկային ջանքերի շնորհիւ դուրս եկաւ այդ վիճակից հնարաւորինս փոքր կորուստներով:

Այս ամենից բացի՝ համաշխարհային պատմութեան մէջ բազմաթիւ են դէպքերը, երբ ոչ միայն պարտւած, այլ նաեւ կապիտուլացւած ղեկավարները, դրսեւորելով պետական բարձր գիտակցութիւն, հեռացել են պետութեան ղեկավարի պաշտօնից։ Ասւածի վառ օրինակ է Գերմանիան, որը 1918թ. նոյեմբերին ստիպւած եղաւ կապիտուլեացիոն հրադադար կնքել: Բեռլինի փողոցներ դուրս եկած գերմանացիները պահանջեցին կապիտուլացւած ղեկավարութեան հրաժարականը: Կայզեր Վիլհէլմ 2-րդը այդ օրերին շատերի համար պարտութեան խորհրդանիշ էր, որի հրաժարականի պահանջով հանդէս եկաւ նաեւ բանակը:

«Գերմանացի կայզերը, պետականամէտ գործչի պահւածք դրսեւորելով, չյեղեց սեփական ժողովրդի արիւնն ու հրաժարւեց գահից: «Ես ընդմիշտ հրաժարւում եմ Պրուսիայի գահի նկատմամբ իրաւունքներից, ինչպէս նաեւ գերմանական կայսերական գահից»,- յայտարարեց նա: Նրա հետ հեռացաւ նաեւ կանցլեր Մաքս Բադենսկին: Աւելին, նրանք ոչ միայն թողեցին պաշտօնները, այլ նաեւ կայզերը գնացքով հեռացաւ Նիդերլանդներ, որտեղ ապրեց մինչեւ խոր ծերութիւն»(4): -Վիլհէլմ 2-րդը կապիտուլացւած առաջնորդ էր, բայց ոչ պետական դաւաճան, ուստի հեռացաւ՝ այդպէս փրկելով իր երկրի մնացորդներն ու վերակազմաւորւելու, ոտքի կանգնելու հնարաւորութիւն տալով Գերմանիային, հասկանալով, որ իր հետագայ պաշտօնավարման դէպքում Գերմանիան կարող էր դադարել որպէս պետութիւն գոյութիւն ունենալուց, որովհետեւ պարտւած ղեկավարի հետ ոչ թէ բանակցում են, այլ պարտադրում:

Այլ էր իրավիճակը Բոլիւիայում 1930-ականներին, երբ այն Գրան Չակոյի համար պատերազմում էր Պարագւայի դէմ: Բոլիւիայի ղեկավար Դանիէլ Սալամանկան ձախողել էր պատերազմի ղեկավարումը, ինչի պատճառով երկիրը կրեց տարածքային ու մարդկային ահռելի կորուստներ, տապալւեց երկրի ժողովրդավարական կառավարման համակարգը. «Գրան Չակոյի պատերազմում Բոլիւիան պարտւեց բացարձակապէս քաղաքական ապիկար առաջնորդ ունենալու պատճառով. Սալամանկայի վարած արտաքին քաղաքականութեան արդիւնքում Բոլիւիան ողջ պատերազմի ընթացքում չունեցաւ դաշնակիցներ։

Չլինելով զինւորական եւ չունենալով անհրաժեշտ հմտութիւններ՝ Սալամանկան հեռացրել էր փորձառու գեներալներին, նշանակել իր կամակատարներին, իր ձեռքը վերցրել ռազմական ղեկավարումը, իսկ պարտւելիս մեղքը բարդել բացարձակապէս զինւորական համակարգի վրայ՝ հռչակելով վերջիններիս դասալիքներ»(5): Մեզ՝ հայերիս համար չափազանց ծանօթ պատկեր՝ 2020թ. սեպտեմբեր-նոյեմբերից յետոյ:

Դանիէլ Սալամանկան իշխանութիւնից հեռացւեց 1934թ. նոյեմբերին ռազմական յեղաշրջման միջոցով՝ «պատմութեան մէջ մնալով Լատինական Ամերիկայի ամենաարիւնայեղ պատերազմում մօտ 60.000 զոհ, ռազմական եւ տնտեսական նշանակութիւն ունեցող տարածքների կորուստ կրած Բոլիւիայի Հանրապետութեան ամենախայտառակ ղեկավարը»(6): Սալամանկան մահացաւ իշխանազրկւելուց մէկ տարի անց քաղցկեղից:

Մեր կարծիքով՝ յիշատակման է արժանի նաեւ Իսրայէլի վարչապետ Իցհակ Ռաբինի՝ «հող խաղաղութեան դիմաց» արտաքին քաղաքական կուրսը: 1994թ. յորդանանա-իսրայէլեան սահմանում` Վադի Արաբայում, սկսւեցին յորդանանա-իսրայէլեան երկկողմ բանակցութիւնները: Նոյն թւականի հոկտեմբերի 26-ին «Վադի Արաբայում Հուսէյն թագաւորի, Իցհակ Ռաբինի, ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի, Իսրայէլի նախագահ Էզեր Վէյցմանի եւ բազմաթիւ այլ պաշտօնեաների մասնակցութեամբ տեղի ունեցաւ յորդանանա-իսրայէլեան խաղաղութեան համաձայնագրի ստորագրումը»(7): Խաղաղութեան համաձայնագիրը ստորագրւեց ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի 242-րդ եւ 338-րդ բանաձեւերում սահմանւած «հող խաղաղութեան դիմաց» սկզբունքով: «Համաձայնագրով ապահովւեց Իսրայէլի կողմից գրաււած յորդանանեան տարածքների վերադարձը Յորդանանին: Համաձայնագրով ամրագրւեց նաեւ, որ Յորդանանը կը ստանար իր ջրաբաժինը Եարմուկ եւ Յորդանան գետերից»(8): Այսպիսով՝ Յորդանանը ստացաւ իր կորցրած բոլոր տարածքները, իսկ մինչ այդ՝ 1993թ., Իցհակ Ռաբինը ստորագրել էր Օսլոյի պայմանագիրը Եասէր Արաֆաթի հետ, ինչի համար ստացաւ (Եասէր Արաֆաթի եւ Շիմոն Պերէսի հետ մէկտեղ) Խաղաղութեան նոբէլեան մրցանակ։ 1993թ. սեպտեմբերի 9-ին՝ պայմանագրի ստորագրման նախօրեակին, Ռաբինը Պաղեստինի ազատագրման կազմակերպութեան առաջնորդից՝ Եասէր Արաֆաթից, նամակ ստացաւ, որում վերջինս հրաժարւում էր բռնութիւնից եւ պաշտօնապէս յայտարարում իր կազմակերպութեան կողմից Իսրայէլի ճանաչման մասին։ Նոյն օրը Ռաբինը Արաֆաթին պատասխան նամակ ուղարկեց, որում պաշտօնապէս յայտարարում էր Իսրայէլի կողմից Պաղեստինի ազատագրման կազմակերպութեան ճանաչման մասին։ Այդ պայմանագրերի հետեւանքով ստեղծւեց Պաղեստինեան ինքնավարութիւնը, որին փոխանցւեց Գազայիի հատւածի եւ Յորդանան գետի արեւմտեան ափի մի մասի մասնակի վերահսկողութիւնը։ Պաղեստինի ազատագրման կազմակերպութեան հետ համաձայնագիրը յանգեցրեց իսրայէլական հասարակութեան մէջ Ռաբինի հեղինակութեան երկատման. ոմանք նրան հերոս են համարում խաղաղութեան ձգտելու համար, միւսները՝ դաւաճան՝ պաղեստինցիներին հողեր տալու համար, որոնք, նրանց կարծիքով, պատկանում են Իսրայէլին։ Շատ իսրայէլցիներ մեղադրում են Ռաբինին, որ նրա՝ Օսլոյում ստորագրած պայմանագրի պատճառով հազարաւոր հրեաներ են զոհւել։ Ի վերջոյ, 1995թ. նոյեմբերի 4-ին, երբ Թել Աւիւում՝ Իսրայէլի Թագաւորների հրապարակում, յօգուտ «Օսլոյի» գործընթացի բազմահազարանոց ցոյցին ելոյթ ունենալուց յետոյ Ռաբինը մօտենում է իր մեքենային, նրա վրայ 3 անգամ կրակում են։ 40 րոպէ անց նա մահացաւ հիւանդանոցում։ Մարդասպանն Իգալ Ամիրն էր՝ հաւատացեալ ուսանող, որն իր յանցագործութիւնը հիմնաւորեց նրանով, որ «պաշտպանում էր Իսրայէլի ժողովրդին Օսլոյի պայմանագրից»: Ահա այսպիսի ճակատագիր ունեցաւ «հող խաղաղութեան դիմաց» քաղաքականութիւնն իրականացնող Իցհակ Ռաբինը, որը պարզապէս Յորդանանին վերադարձրեց այն, ինչ, պատկանում էր նրան, այլ ոչ թէ Իսրայէլի պատմական հողերը, եւ չներւեց իսրայէլցի երիտասարդութեան կողմից։ Իսկ թէ ինչ ճակատագիր կարող է սպասւել սեփական երկրի պատմական տարածքներից հրաժարւող ղեկավարին, կը խօսենք փոքր-ինչ ուշ, իսկ մինչ այդ խօսենք Հայաստանի ոչ վաղ անցեալի մասին:

1920թ. սեպտեմբերին քեմալական Թուրքիան առանց պատերազմ յայտարարելու յարձակւեց Հայաստանի Հանրապետութեան վրայ: Հոկտեմբերի 30-ին Կարսի անկումը կանխորոշեց պատերազմի ելքը. Հայաստանի Հանրապետութիւնը պարտութիւն կրեց: Երկիրն աւելի ծանր վիճակի մէջ չդնելու եւ կապիտուլեացիայի չտանելու համար նոյեմբերի 27-ին Համօ Օհանջանեանի կառավարութիւնը հրաժարական ներկայացրեց, կազմաւորւեց նոր կառավարութիւն՝ Սիմոն Վրացեանի ղեկավարութեամբ, որն էլ աւարտին հասցրեց բանակցութիւնները ՌԽՖՍՀ-ի հետ:

Ինչպէս տեսանք թէ՛ հայոց, թէ՛ համաշխարհային պատմութեան մի շարք ղեկավարների օրինակով, անկախ իրենց կամքից կրած պարտութիւններից յետոյ առաւել պետականամէտ ղեկավարները ինքնակամ հեռացել են պետութեան ղեկավարի պաշտօնից, թէեւ այդ ղեկավարներից եւ ոչ մէկը, ըստ էութեան, իր պետութիւնը դիտաւորեալ պարտութեան չի տարել, մի երեւոյթ, որը տեղի ունեցաւ Հայաստանում 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին, երբ 44 օր շարունակ հերոսաբար պաշտպանւող հայկական բանակը թիկունքից դաշոյնի հարւած ստացաւ ոչ աւել, ոչ պակաս պետութեան ղեկավարից, որը, ի պաշտօնէ լինելով գերագոյն գլխաւոր հրամանատար, պարտաւոր էր ամէն գնով ապահովել հայոց հերոսական բանակի յաղթանակն ու հայկական երկու պետութիւնների տարածքային ամբողջականութիւնը, սակայն թշնամու ձեռքին գործիք դարձած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը 2020թ. նոյեմբերի 9-ին կապիտուլեացիոն փաստաթուղթ ստորագրեց եւ հազարամեակներ շարունակ Հայաստանի պատմական տարածք եղած Արցախը դաւադրաբար յանձնեց թշնամուն:

Նոյեմբերի 9-ի կապիտուլեացիոն համաձայնագրով «Հայաստանը ոչ միայն կորցրեց Արցախի 75%-ը, այլեւ թուրքը, աւելի քան հարիւր տարի առաջ նախ Արամի, յետոյ Նժդեհի շնորհիւ վիժեցւած պանթիւրքիզմի ծրագրին հետամուտ, յայտնւեց իր համար անհասանելի երազանք դարձած Զանգեզուրում: Շուշիի եւ Արցախի կորստով Հայաստանի Հանրապետութիւնը կանգնած է կործանման վտանգի առաջ, քանի որ Հայաստանի Հանրապետութեան դարպասները բացւած են թշնամու առաջ, թշնամին, փաստօրէն, նոյեմբերի 9-ից յետոյ առանց ջանք թափելու ստանում է այն ամէնը, ինչ ուզում է՝ Սոթք, Որոտան, Երասխ, Նոր Այգեձոր, Կութ եւ ՀՀ այլ գիւղերին իշխող բարձունքները առանց դիմադրութեան յանձնւել են թշնամուն: Այս ամենով չբաւարարւելով՝ թշնամին պահանջում է միջանցք Մեղրիով, ինչը կը կտրի Հայաստանի Հանրապետութիւնը Իրանի Հանրապետութիւնից եւ օղակի մէջ կը վերցնի Հայաստանը»(9): Հայաստանի իշխանութիւնների, մասնաւորապէս վարչապետի աթոռը զբաղեցնողի յանցաւոր անհեռատեսութեան ու դաւաճանական վարքագծի պատճառով սկիզբ է դրւել Հայաստանի Հանրապետութեան՝ այդքան դժւարութեամբ պահպանւած տարածքի բզկտմանը, Հայաստանի ջրային եւ էներգետիկ ռեսուրսների՝ թշնամուն յանձնման գործընթացին, վտանգի տակ է յայտնւել ոչ միայն Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխանութիւնը, այեւ հայ ժողովրդի ֆիզիկական գոյութիւնը:

2020թ. նոյեմբերի 9-ից յետոյ ամէն օր Հայաստանի Հանրապետութեան քաղաքական վիճակն աւելի ու աւելի է վատթարանում, քանի որ թէ՛ Հայաստանի թշնամիները, թէ՛ բարեկամներն ու առհասարակ միջազգային կառոյցները Հայաստանի Հանրապետութեան պարտւած, աւելին՝ կապիտուլացւած ղեկավարին ընկալում են ոչ թէ որպէս բանակցողի, այլ միայն թշնամու պայմանները կատարողի, մինչդեռ եթէ Նիկոլ Փաշինեանը Հայաստանի Հանրապետութիւնը կանխամտածւած պարտութեան տարած չլինէր, եւ պարտութիւնը լինէր անկախ նրա կամքից՝ հանգամանքների բերումով, ապա նա գոնէ մի փոքր պետականամետութիւն կը դրսեւորէր ու կը թողնէր պետութեան ղեկավարի պաշտօնը, սակայն, ինչպէս տեսնում ենք, Նիկոլ Փաշինեանը չունի Վիլհէլմ կայզերի հայրենասիրութիւնն ու պետականամէտութիւնը, որպէսզի պետութեան շահը գերադասի իր պաշտօնից եւ աթոռից, իսկ Հայաստանի զինւորականութիւնը, 2021թ. փետրւարի 25-ին Նիկոլ Փաշինեանի հրաժարականը պահանջելով հանդերձ, չդրսեւորեց Բոլիւիայի զինւորականութեան վճռականութիւնն ու պետականամէտութիւնը՝ չկազմակերպելով զինւած յեղաշրջում եւ պետութեան ղեկից չհեռացնելով երկիրը կործանման տանող ղեկավարին:

Ինչպիսի՞ ճակատագիր կունենայ կապիտուլացւած եւ Հայաստանն իր շահերի համար զոհաբերող Նիկոլ Փաշինեանը. ի վերջոյ կը դրսեւորի՞ մի փոքր շրջահայեացութիւն եւ ինքնակամ կը հեռանա՞յ, օրէնքի առաջ պատասխան կը տա՞յ կազմակերպւած պարտութեան համար, թէ՞, զոհաբերելով պետականութիւնը, հայ ժողովրդի ազգային շահերը, ի վերջոյ կարժանանայ իր գաղափարակցի՝ «հող խաղաղութեան դիմաց» սկզբունքի հետեւորդ Իցհակ Ռաբինի ճակատագրին…

 

——————————————————————————————

Յղումներ

1. http://www.historyofar menia-am.armin.am/am/Encyclopedia of armenian _history_Yervandunineri_Haykazyan_tagavorutyuny (մուտք՝ 5.06.2022).

2. Մովսիսեան Ա., Հայոց 5000-ամեայ պետականութիւնը, Եր., 2016, էջ 28:

3. http://encyclopedia.am/pages.php?hId=1325 (մուտք՝ 5.06.2022).

4. https://antifake.am/am/news/18645 (մուտք՝ 5.06.2022).

5. https://antifake.am/am/news/8394 (մուտք՝ 5.06.2022).

6. Նոյն տեղում:

7. https://antifake.am/am/news/9800 (մուտք՝ 5.06.2022).

8. Ղազարեան Ս., 1994 թ. Յորդանանաիսրայէլեան խաղաղութեան համաձայնագիրը՝ որպէս քեմփդեւիդեան գործընթացի շարունակութիւն, «Կանթեղ», Եր., 2015, էջ 129, http://arts.sci.am/files/pubs/20150709_125756_am_KANTEGH_1_2015.pdf (մուտք՝ 5.06.2022):

9. Մելքոնյան Ա., Կարսից Արցախ, «Դրօշակ», Եր., հոկտեմբեր, 2021, թիվ 10 (1656), էջ 30:

Օգտագործւած աղբիւրների եւ գրականութեան ցանկ

ա) Գրականութիւն

1. Մովսիսեան Ա., Հայոց 5000-ամեայ պետականութիւնը, Եր., 2016:

բ) Մամուլ

1. Մելքոնեան Ա., Կարսից Արցախ, «Դրօշակ», Եր., հոկտեմբեր, 2021, թիւ 10 (1656):

գ) Համացանցային նիւթեր

1. http://www.historyofarmenia-am.armin.am /am/Encyclopedia _of_armenian_history_Yervandunineri_Haykazyan_tagavorutyuny (մուտք՝ 5.06.2022).

2. http://encyclopedia.am/pages.php?hId=1325 (մուտք՝ 5.06.2022).

3. https://antifake.am/am/news/18645 (մուտք՝ 5.06.2022).

4. https://antifake.am/am/news/8394 (մուտք՝ 5.06.2022).

5. https://antifake.am/am/news/9800 (մուտք՝ 5.06.2022).

6. Ղազարեան Ս., 1994 թ. Յորդանանաիսրայէլեան խաղաղութեան համաձայնագիրը՝ որպէս քեմփդեւիդեան գործընթացի շարունակութիւն, «Կանթեղ», Եր., 2015, http://arts.sci.am/files/pubs/20150709_125756_am_KANTEGH_1_2015.pdf (մուտք՝ 5.06.2022):

 

ԱՆԻ ՄԵԼՔՈՆԵԱՆ

«Դրօշակ» թիւ 6 (1667), 2022թ․

 

Յարակից լուրեր

  • Հայ ազգային գաղափարախօսութիւնը
    Հայ ազգային գաղափարախօսութիւնը

    Ապրիլը հայութեան համար Ադանայի կոտորածների եւ Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակութեան ամիսն է, եւ իւրաքանչիւր տարի՝ այս օրերին, մեր ազգը պարտաւոր է վերլուծել սեփական անցեալը եւ փորձել դասեր քաղել սեփական պատմութիւնից, ինչը մեզ մօտ յամառօրէն չի ստացւում, կամ մենք չենք ուզում դասեր քաղել մեր իսկ պատմական սխալներից: Այս համապատկերում կարեւոր ենք համարում խօսել կամայ թէ ակամայ ցեղասպանութեանը նպաստած հայ ազգային գաղափարախօսութեան բացակայութեան, աւելի ճիշտ՝ տարիների ընթացքում դրա անկման մասին:

  • Խլւած յաղթանակների մայիսը
    Խլւած յաղթանակների մայիսը

    Հազարամեակների իր պատմութեան ընթացքում հայ ազգը բազմաթիւ վերելքներ ու անկումներ, յաղթանակներ ու պարտութիւններ է ունեցել:

    Հայոց պատմութեան յաղթանակները եղել են ոգու եւ կամքի յաղթանակ, իսկ պարտութիւնները` հիմնականում դաւաճանութեան հետեւանք, ինչն էլ անջնջելի դրոշմ է դրել մեր երկրի ճակատագրի մի մեծ ժամանակահատւածի վրայ:

  • Արամ եւ Ռոստոմ
    Արամ եւ Ռոստոմ

    Այս տարւայ յունւարին լրացաէ է հայոց նորագոյն պատմութեան մեծագոյն գործիչներից երկուսի՝ Արամ Մանուկեանի եւ Ռոստոմի մահւան 102-րդ տարելիցը, ինչը եւս մէկ առիթ է՝ մէկ անգամ եւս յետադարձ հայեացք գցելու հայոց պատմութեան ոչ վաղ անցեալին, արժեւորելու մեր ազգային-ազատագրական պայքարի եւ հայոց պետականութեան հիմնադիր հայրերի անցած ճանապարհն ու նրանց թողած դասերը:

  • Անի Մելքոնեան. «Այո, ես յոյս ունեմ, որ Դաշնակցութիւնը կարող է ինչ որ բան անել»
    Անի Մելքոնեան. «Այո, ես յոյս ունեմ, որ Դաշնակցութիւնը կարող է ինչ որ բան անել»

    ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» Ուսանողական միութեան անդամ Անի Մելքոնեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է.

  • Լինել սեփական պատմութեան ժառանգորդը
    Լինել սեփական պատմութեան ժառանգորդը

    Սեւրի պայմանագիրը կնքւել է 1920 թ.-ի օգոստոսի 10-ին Ֆրանսիայի Սեւր արւարձանում, այն ստորագրւել է 1920 թ. օգոստոսի 10-ին, Սեւրում (Փարիզի մօտ), Թուրքիայի սուլթանական կառավարութեան եւ 1914-18 թթ. Առաջին համաշխարհային պատերազմում յաղթած դաշնակից պետութիւնների՝ Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա, Բելգիա, Յունաստան, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Հայաստան, Չեխոսլովակիա՝ Սերբերի, Խորւաթների եւ Սլովենների թագաւորութեան եւ, Հեջազի միջեւ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։