Այսօր երեկոյեան հանդիպեցի իմ սփիւռքահայ բարեկամի հետ։ Սեղանի շուրջ զրուցեցինք հիմնականում Հայաստանում տիրող իրավիճակի, սպասւող ապագայի մասին։ Համեմատութիւններ արեցինք մեր եւ այլ ժողովուրդների մտածողութիւնների միջեւ՝ հրեաներ, ֆիններ, ռուսներ, արաբներ եւ այլն։
ԱՒԵՏԻՔ ԻՇԽԱՆԵԱՆ

Ռուսական հոգեբանութեան մասին խօսելիս, ես յիշեցի մի պատմութիւն։
1983 թւականին էր, մասնագիտական գործուղման էի մեկնել Մոսկւա։ Մի երեկոյ հրաւիրւած էի կոլեգայիս՝ երկրաբան Լենայէնց տուն։ Սեղանի շուրջ նստած ընթրում, օղի խմում եւ զրուցում էինք՝ Լենան, նրա մայրը, հայրը, ով պաշտօնաթող գեներալ էր, եւ ես։ Զրոյցի ընթացքում Լենայի հայրը յանկարծ լրջացաւ, շրջւեց դէպի ինձ եւ հարցրեց․
- Աւետիք, մի հարց տամ, միայն խնդրում եմ անկեղծ պատասխանել։
Ասացի․
- Խնդրեմ, լսում եմ։
- Աւետիք, պատկերացրէք, որ փողոցում ականատես էք երկու հոգու կռւի, որոնցից մէկն ազգութեամբ հայ է։ Դուք ո՞ւմ կը պաշտպանէք։
- Զարմանալի հարց էք տալիս, առաջին հերթին կը փորձեմ նրանց բաժանել միմեանցից, խաղաղեցնել։
- Աւետիք, դուք անկեղծ չէք։ Համոզւած եմ, որ դուք, որպէս հայ՝ կը պաշտպանէք հային, իսկ մենք՝ ռուսներս, նման դէպքում կը պաշտպանենք ոչ թէ ռուսին, այլ արդարութիւնը։
Լսելով այս պատմութիւնը, սփիւռքահայ բարեկամս դառը ժպիտով արձագանքեց․
- Նա լաւատեսօրէն սխալւել է։ Երանի այդպէս լինէր, որ հայը հային պաշտպանէր, թիկունք կանգնէր, ինչպէս շատ այլ ազգեր։ Համոզւած եմ, որ հայը ոչ թէ հային կը պաշտպանէր, այլ իր անձնական շահը...